Եվրասիական ինտեգրացիայի ֆինանսական բաղադրիչը․ Փաշինյանն ընդունել է ԵԱՏՄ ԿԲ նախագահներին

  • 17.09.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 102

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահներին, ովքեր Հայաստան են ժամանել ՀՀ դրամի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:


Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը ողջունել է հյուրերին կառավարությունում և շնորհակալություն հայտնել նրանց ՀՀ դրամի ներդրման 25-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը՝ հայկական դրամը շարունակել է պահպանել իր կայունությունը, ինչը կարևոր գործոն է տնտեսության զարգացման տեսանկյունից:


Կառավարության ղեկավարը կարևորել է ԵԱՏՄ երկրների Կենտրոնական բանկերի միջև սերտ փոխգործակցությունը՝ ֆինանսական շուկաների զարգացման, տնտեսությունների առաջմղման, նոր մեխանիզմների ներդրման նպատակով: Վարչապետը հույս է հայտնել, որ ֆինանսական կառույցների ղեկավարների միջև կշարունակվեն արդյունավետ ու կառուցողական քննարկումները՝ ի նպաստ համագործակցության զարգացման:


ԵԱՏՄ պետությունների ԿԲ նախագահները վարչապետին են ներկայացրել փոխգործակցության հետագա ընդլայնմանը միտված քայլերը, որոնք կնպաստեն ինտեգրացիոն գործընթացների շրջանակում տնտեսությունների, այդ թվում՝ կապիտալի շուկաների և առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու խորացմանը:


Մտքեր են փոխանակվել նաև ԵԱՏՄ շրջանակում ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկներ իրականացնելու հնարավորությունների վերաբերյալ: