Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ. Օսիպյան

  • 21.08.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 88

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։


«Նարեկ Սարգսյանը միջազգային հետախուզման մեջ է գտնվում։ Մենք համագործակցում ենք Ինտերպոլի կենտրոնական բյուրոյի հետ, թույլ տվեք մանրամասներ չհայտնել, բայց այնպիսի տեղեկություններ կասեմ ձեզ, որ կարծես թե մեր տեսադաշտում շուտով կլինի», – Aysor.am-ի հաղորդմամբ հայտարարեց Օսիպյանը։


Նրա խոսքով՝ Նարեկ Սարգսյանը հատել էր Հայաստանի սահմանը՝ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելուց մեկ-երկու օր առաջ։


Նարեկ Սարգսյանը անցնում է մի քանի քրեական գործերով։


Հիշեցնենք՝ Նարեկ Սարգսյանին պատկանող բնակարանում ԱԱԾ-ի կողմից կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել էին առանձնապես խոշոր չափերի թմրանյութ և զենքեր։ Բացի այդ, Նարեկ Սարգսյանն անցնում է նաև այլ գործով, երբ, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները` խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը:


Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել է վերադարձնել նկարները: Փաստի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «առանձնապես խոշոր չափերով խարդախություն»։ Խուզարկության արդյունքում Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում հայտնաբերվել էին Նարեկ Սարգսյանի կողմից հափշտակված նկարները:


ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման համար։ Մասնավորապես, ՀՔԾ-ն հայտարարել էր, որ քննությամբ հիմնավորվել է, որ Նարեկ Սարսգայնը, նրա հայրն ու քույրը՝ Լյովա և Անի Սարգսյաններն ապօրինի հարստացել են` թաքցնելով հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի` 19.196.608 ՀՀ դրամի, 1.683.851.175 ՀՀ դրամին համարժեք՝ 3.482.269 ԱՄՆ դոլարի, 286.950.000 ՀՀ դրամին համարժեք 600.000 ԱՄՆ դոլարի, 992.978.234,25 ՀՀ դրամին համարժեք 1.928.009 ԱՄՆ դոլարի և 358.858.273 ՀՀ դրամին համարժեք 744.133 ԱՄՆ դոլարի գումարները:


Մեկ այլ դրվագով էլ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է Երևանում բնակվող 49-ամյա մի տղամարդու առևանգելու ու ծեծի ենթարկելու համար։