Մամուլ. կուլիսային պատերազմներ Սահմանադրական դատարանում

2
 26

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ապագա կառավարության կազմը գնալով ավելի որոշակի է դառնում: Հայտնի է, թե ով է զբաղեցնելու վարչապետի, առաջին փոխվարչապետի, այժմ նաեւ փոխվարչապետի պաշտոնը: «Ժամանակ»-ի տեղեկություններով այդ պաշտոնը կզբաղեցնի նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը: Նկատենք, որ Գեւորգյանը արդեն երկու անգամ զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոն, առաջին անգամ, երբ Սերժ Սարգսյանը նոր էր ստանձնել նախագահի պաշտոնը եւ եւս մեկ անգամ 2014 թ. Հովիկ Աբրահամյանի կառավարությունում: Մնում է պարզել, թե ով է լինելու երկրորդ փոխվարչապետը, իսկ դա շատ բանով կախված է այն հանգամանքից,թե արդյոք «Ծառուկյան» դաշինքը կաս կկազմի նոր կառավարությանը»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Հարությունյանի Բարձարգույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո կուլիսային հետաքրքիր զարգացումներ են ընթանում Սահմանադրական դատարանի ապագա նախագահի ընտրության/նշանակման շուրջ: Հիշեցնենք, ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանը, որն օրերս ԱԺ-ի կողմից ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ:


Ըստ մեզ հասած տեղեկությունների, Հրայր Թովմասյանը ոչ միայն ցանկանում է ՍԴ նախագահ նշանակվել, այլեւ խորհրդարանական համակարգին անցնելու վերջին ամսում, երբ դեռ գործում են 2005 թվականին ընդունված Սամանադրության իրավակարգավորումները, հավերժացնել իրեն այդ պաշտոնում: Բանն այն է, որ 2015 թվականին ընդունված Սահմանադրության 166-րդ հոդված 2-րդ ենթակետում նշվում է, որ՝ «Սահմանադրական դատարանն իր կազմից` վեց տարի ժամկետով, ընտրում է Սահմանադրական դատարանի նախագահ եւ փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի»: Մինչ այդ գործող Սահմանադրությամբ նախատեսվում էր, որ ՍԴ նախագահը պաշտոնավարում է ցմահ: Ի դեպ, սահմանադրական դատարանում այս հարցի շուրջ արդեն կուլիսային պատերազմներ են ընթանում: ՍԴ դատավորները խիստ դժգոհ են Հրայր Թովմասյանի ամբիցիաներից»:


Նույն թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից քաղաքացուն բոշա անվանելու հարցով էթիկայի հանձնաժողովում դեռեւս նախնական ուսումնասիրություն է կատարվում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի լրագրող Տիրայր Մուրադյանի հետ զրույցում ասել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը:


Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 13-ին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել՝ առաջարկելով մարդկանց գումար հավաքել վիրավոր զինվոր Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար: Նախարարը հայտարարել էր, որ Դալլաքյանին հնարավոր չի օրենքով սահմանված կարգով արտերկրում վիրահատելու համար փոխհատուցում տալ: Ֆեյսբուքյան օգտատեր Պետրոս Սարգսյանը նախարարի գրառման տակ մեկնաբանություն էր թողել՝ որակում տալով դրամահավաք նախաձեռնելու երեւույթին. «1000 դրամները պրծան, թե թազա բոշության ձեւ է»: Վիգեն Սարգսյանը վիրավորական պատասխան էր տվել օգտատիրոջը. «Բոշան դու ես»: Պետրոս Սարգսյանը, ում հասցեին վիրավորական արտահայտություն էր արել Վիգեն Սարգսյանը, շաբաթներ առաջ դիմել էր էթիկայի հանձնաժողով: Էթիկայի հանձնաժողովը «քնացրել» է նաեւ 2016 թվականին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ լրագրող Սիրանույշ Պապյանի ներկայացրած դիմումը: Սույն դիմում էլ նախնական ուսումանսիրության փուլում է»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Թեեւ ԱԺ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի օրերս արտահայտած տեսակետին, թե՝ Հայաստանում առկա կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճին, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարությանը եւ անգամ՝ ազգային անվտանգությանը, պետք չէ ուշադրություն դարձնել, քանի որ դա ԱՄՆ պաշտոնական տեսակետը չէ, հերթական անգամ ալեկոծել է հասարակությանը։ Նա նաեւ ասել էր, որ կոռուպցիայից խոսող ցանկացած այլ երկրի պաշտոնյա առաջին հերթին պետք է իր երկրի կոռուպցիայից խոսի, նոր ուրիշի: Համաձայնեք, որ ավելի սրամիտ հայտարարություն սպասել հնարավոր չէր եւ մնում է Վահրամ Բաղդասարյանին հարցնել, որ եթե երկրի դեսպանը տվյալ երկրի պաշտոնական տեսակետը չի հնչեցնում, ապա ո՞ւմ կարծիքն է հնչեցնում: Եվ երկրորդ՝ եվրոպական ո՞ր երկրի կոռուպցիոն ռիսկերն են այդքան սասանում պետականությանը, որքան Հայաստանինը, կամ ո՞ր երկիրն է դռները բացել տարբեր հանքարդյունահանողների առջեւ ու ասել՝ եկեք, հանքը թալանեք տարեք, աղբն էլ թողեք մեր ժողովրդին նվեր:


«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանի կարծիքով, զարգացած երկրներում կոռուպցիայի դեմ պայքարող բոլոր մեխանիզմները նորմալ աշխատում են եւ եթե մենք էլ մեզ մոտ կարողանանք նման մեխանիզմներ աշխատեցնել եւ տեսնել, թե վերջին հաշվով այս կամ այն պաշտոնյան ինչ պատժի արժանացավ եւ ինչպես այն կրեց, որեւէ մեկը Հայաստանին չի կարողանա ասել, որ երկրի տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտը կոռուպցիան է:


«ԱՄՆ դեսպանի խոսքի գլխավոր շեշտը նա էր, որ պետք է անկախ դատական համակարգ ունենալ եւ աշխատող իրավապահ համակարգ: Բացի այդ, եթե մեզ մոտ 1000 դեպքից միայն մեկի մասին է հանրությունն իմանում, ապա օրինակ՝ ԱՄՆ–ում կամ ժողովրդավարական շատ ու շատ երկրներում 10 դեպքից առնվազն 9–ի մասին հայտարարվում է: Շատ ու շատ երկրներ հասել են այն մակարդակի, որ օրինակ կարող են երկրի կոնգրեսմենին, նախկին կամ գործող նախագահին, վարչապետին կանչել հարցաքննության եւ մեղքը հաստատվելու դեպքում նրանք կրեն իրենց պատիժը: Դրանով են տարբերվում զարգացած, ժողովրդավարական երկրներն այն երկրներից, որտեղ թեկուզեւ թղթի վրա ամեն ինչ գրված է, բայց՝ չի գործում»,– ասաց Թ. Պողոսյանը:


Նախկին պատգամավորի կարծիքով կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն քրեական գործի մասին հաղորդագրություն տարածելն է, այլեւ իր վերջնական քննությունը` պատժի կրումը: Եվ այն օրը, երբ կկարողանանք նման հետեւողական աշխատանք իրականացնել ու այդ մասին հասարակությանը իրազեկել, այդ ժամանակ այլեւս Հայաստանի մասին չեն ասի, որ կոռուպցիան հասել է նման մակարդակի:


«Որպես ուղենիշ մենք այս ճանապարհը պետք է վերցնենք եւ գնանք մինչեւ վերջ, եթե ցանկանում ենք, որ որեւէ մեկը մեզ չասի, որ կոռուպցիան է մեր երկրի զարգացման գլխավոր խոչընդոտը: Հարկատուները որպես պահանջատեր իրավունք ունեն իմանալու, թե այս կամ այն պաշտոնյան, որը ձերբակալվել է պաշտոնական դիրքը չարաշահելու կամ պետական գումարները յուրացնելու համար, հետագայում ինչ ճակատագրի արժանացավ: Այս մասին իրազեկելն իշխանությունների պարտականությունն է: Պատահում են դեպքեր, որ դատապարտվում են, բայց շատ արագ դուրս են գալիս բանտից կամ վերջնական պատիժն այլ ձեւով են կրում: Այս ամենը բացառելու համար պետք է հետեւողական լինել, որի խնդիրը կա»,– ասաց Թ. Պողոսյանը:


«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահի կարծիքով քանի դեռ հասարակությունը չի ստիպում իշխանություններին լիարժեք աշխատել, պետական որեւէ ինստիտուտ չի ցանկանալու ինքնուրույն դա անել: Բացի այդ, շատ ու շատ ֆունկցիաներ տեղափոխվում են դեպի գործադիր իշխանություն, եւ պետք է հաշվի առնել, որ ԱԺ–ն գործադիրի հանդեպ ունի վերահսկողություն իրականացնելու իրավունքներ: Այսինքն, օրենսդիր մարմինը ձեռք է բերում բոլոր հնարավորությունները գործադիրին հաշվետվության կանչելու:


«Եթե նախկինում շատ խնդիրներ նախագահի լիազորությունների տիրույթում էր եւ ԱԺ–ն վերահսկողության մեխանիզմներ չուներ, ապա հիմա վարչապետից մինչեւ կառավարության բոլոր անդամները, պատգամավորները կարող են եւ՛ վերահսկողություն իրականացնել, եւ պարզաբանումներ պահանջել: Պարզ է, որ ավելի լավ է, երբ այդ լիազորությունները կան, բայց հարց է ծագում, թե ինչպես է դա իրականացվելու: Եվ եթե պատգամավորները չկարողանան բոլոր մեխանիզմներից լիարժեք օգտվել, ապա դա կլինի նրանց թուլությունը»,– ասաց Թ. Պողոսյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` առաջիկայում տեղի ունենալիք Գերագույն հոգեւոր խորհրդի նիստում քննարկվելու է նաեւ հակառակորդի գնդակից զոհված Գրիգոր Եղոյանիհոգեհանգիստն Ախուրյանի եկեղեցում թույլ չտալու հարցը: Հիշեցնենք` զինվորի դին նախ թույլ չտվեցին դնել եկեղեցում, հետո հուղարկավորվեց ոչ թե հոգեւոր, այլ քաղաքացիական ծիսակարգով` մկրտված չլինելու պատճառով: Ըստ մեր աղբյուրի` եկեղեցու քահանան, որը մեծ փորձառություն չունի, փորձել է զգուշավոր լինել, եւ քանի որ Գրիգորը երկար տարիներ Հայաստանում չի ապրել (Ռուսաստանում է եղել), տեղյակ պահել Շիրակի թեմի առաջնորդին։ Վերջինս ասել է` ի՞նչ եք խորացել, զինվոր է, քաղաքացիական կարգ կատարեք: Հոգեւոր խորհրդում քննարկվելու է ընդհանրապես մոտեցումը, թե նման դեպքերում ինչպես պետք է վարվել: Բանն այն է, որ հայր Զաքարիայի «Երկու հարյուր հարց մկրտության մասին» գրքում գրվում է, որ մարդն անգամ կարող է մկրտվել մահվանից հետո, եթե կենդանության օրոք դեմ չի եղել մկրտվելուն, սակայն ինչ-ինչ պատճառով չի կարողացել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը փորձում է հնարավորինս գաղտնի պահել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Շվեյցարիա եւ Ղազախստան այցերի համար պետական բյուջեից հատկացված գումարի ամբողջական չափը: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու չարտերային չվերթներով իրականացված այս այցերին: Եւ ահա, մեր գրավոր հարցմանն ի պատասխան` կառավարությունից տեղեկացրել են, որ Շվեյցարիայում ՀՀ պատվիրակության` կառավարության աշխատակազմը ներկայացնող անդամների ծախսերի համար բյուջեի` արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցներից հատկացվել է 6,7 մլն դրամ:


Իսկ Ղազախստանի Ալմաթի քաղաքում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար բյուջեից ծախսվել է 1,1 մլն դրամ: Անձամբ վարչապետի ծախսերի մասին կառավարությունից չեն հայտնում` պատճառաբանելով, թե արարողակարգային, կեցության, տրանսպորտային սպասարկման ծախսերը, համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի, ներառված են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում եւ հրապարակման ենթակա չեն: Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթին ընդամենը հետաքրքրում էր այդ նպատակով ծախսված գումարի չափը, որը պետական գաղտնիք չէ:


«168 ժամ» թերթը գրում է. «Երկու կողմերի պատմական տարածքային պահանջների վերաբերյալ իմ խորհուրդը հետեւյալն է` ընդունել Մադրիդյան փաստաթղթի հիմնարար սկզբունքների շրջանակը»,- «168 ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Տալինում Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան՝ անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների վերջերս հնչեցրած ռազմատենչ հայտարարություններին:


Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին՝ ելույթ ունենալով Ադրբեջանում, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ Երեւանը, Զանգեզուրը եւ Սեւանը (Գյոչե) «մեր պատմական տարածքներն են, եւ ադրբեջանցիներին պետք է վերադարձնենք այդ հողերը»: «Դա մեր ռազմավարական նպատակն է, մենք պետք է աստիճանաբար մոտենանք այդ նպատակին»,- ընդգծել էր Իլհամ Ալիեւը: Նրա այս հայտարարությանը հաջորդել էր Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունն այն մասին, որ ԼՂ հակամարտության գոտում պատերազմ կարող է սկսվել ցանկացած պահի: Նախ խոսելով Ալիեւի պատմական տարածքային հավակնությունների մասին` Մեթյու Բրայզան փորձեց բացատրել, թե ինչ է, ամենայն հավանականությամբ, նկատի ունեցել Ադրբեջանի նախագահը:


Մեթյու Բրազյայի խոսքով՝ այդ հայտարարություններն արտացոլում են Ռուսաստանի կայսրության կազմում Երեւան գուբերնիայի (մարզ) հիշողությունը, որը ձեւավորվել էր 19-րդ դարի կեսերին: «Իմ ընկալումն այն է, որ մինչ Երեւան գուբերնիայի բնակիչների մեծամասնությունը հայեր էին, որոշ շրջաններ, այդ թվում՝ ինքնին Երեւանը, ուներ ադրբեջանական մեծամասնություն՝ համաձայն 1897 թվականի Ռուսական կայսրության մարդահամարի արդյունքների: Այնուամենայնիվ, երկու կողմերի պատմական տարածքային պահանջների վերաբերյալ իմ խորհուրդը հետեւյալն է` ընդունել Մադրիդյան փաստաթղթի հիմնարար սկզբունքների շրջանակը»,- ասաց Մեթյու Բրայզան:


Անդրադառնալով Հասանովի հայտարարությանն ու այս փուլում ադրբեջանական կողմից պատերազմ սկսելու մասին խոսակցություններին` դիվանագետն ասաց, որ հավանական չէ, որ ադրբեջանական կողմը նոր պատերազմ նախաձեռնի, հատկապես, երբ նախագահական ընտրություններն են մոտենում:


«Միեւնույն ժամանակ՝ չգիտեմ, թե Պաշտպանության նախարար Հասանովն ինչ է ունեցել մտքին՝ անելով հայտարարություն, որը Դուք եք մեջբերում: Ճիշտ է, որ ռազմական հակամարտությունը կարող է բռնկվել ցանկացած պահի շփման գծում: Միեւնույն ժամանակ՝ լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը կպահանջի էական ժամանակ եւ ջանքեր՝ տեղաշարժելու համար ծանր սպառազինությունն ու զորքերի մեծ քանակը նախատեսված վայր: Պատերազմի սպառնալիքը, այնուամենայնիվ, դիվանագիտության ավանդական գործիք է, ինչն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեզ հիշեցնում է Հարավային Կորեայի կոնտեքստում»,- ասաց Մեթյու Բրայզան»:

You may also like

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS