Դա ինձ համար անակնկալ չէ. Հերմինե Նաղդալյանը չի լինի ԵԽԽՎ պատվիրակության կազմում

  • 12.01.2018
  •  

  • Հայաստան
  •  

6
 413

Այն, որ ես չեմ շարունակելու գործունեությունս ԵԽԽՎ պատվիրակությունում, ինձ համար անակնկալ չէր, այդ պայմանավորվածությունը կար վաղուց: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ Հերմինե Նաղդալյանը:


Նշենք, որ այսօր կայացած ԱԺ խորհրդի նիստում քննարկվել է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության կազմում Հերմինե Նաղդալյանին մեկ այլ պատգամավորով՝ ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանով փոխարինելու հարցը: 


«Նոր խորհրդարանի ձևավորման ժամանակ որոշում կայացվեց, որ ես ղեկավարելու եմ ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակությունը, բայց մեր ղեկավարության պայմանավորվածությամբ և խնդրանքով ես մեկ նստաշրջան զուգահեռաբար աշխատեցի ԵԽԽՎ պատվիրակության կազմում: Դա պայմանավորված էր նրանով, որ պատվիրակության կազմում փոփոխություններ կային, նաև նոր մարդիկ, իսկ երկարատև, մեծ փարձառություն ունեցող մարդկանց կարիքը կար և որոշում կայացվեց, որ մեկ նստաշրջան ես կշարունակեմ իմ աշխատանքը զուգահեռաբար և՛ ԵԽԽՎ, և՛ ԵԱՀԿ պատվիրակության կազմերում, մինչ հունվարին կձևավորվի նոր պատվիրակությունը»,- պարզաբանեց Հերմինե Նաղդալյանը:


Այսպիսով, ավելացրեց նա, սա անակնկալ որոշում չէ, առավել ևս իր համար կամ կայացված ԱԺ ղեկավարության կողմից.


«Չգիտեմ՝ ում համար ինչպես, բայց ինձ համար և մեր ղեկավարության համար պայմանավորվածությունն այդպիսին է եղել»,- հավելեց մեր զրուցակիցը:


Նշենք, որ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ պատվիրակության կազմում էր երկար տարիներ: Իսկ 2011 թվականի փետրվարի 25-ին նա ընտրվել էր ԵԽԽՎ տնտեսական և զարգացման հարցերի հանձնաժողովի նախագահ։