Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերական

Հոկտեմբեր 2, 2026

Ռուսաստանը Հայաստանից արձագանք է ակնկալում հայկական երկաթուղու երկու հատվածների՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման, վերականգնման վերաբերյալ առաջարկին: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետը։

«Մենք աջակցում ենք այդ հատվածների վերականգնմանը և պատրաստ ենք մասնակցել ու աջակցել Հայաստանին՝ Երասխից մինչև Նախիջևան և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման տրանսպորտային կապն ապահովելու նպատակով», – ասել է Ալեքսեյ Օվերչուկը՝ պնդելով, թե այդ մասին որոշումները Ռուսաստանում նախագահի մակարդակով ընդունվել են դեռևս հունվարին:

«Մենք սպասում ենք, թե հայկական կողմն ինչպես կարձագանքի դրան։ Կարծում եմ՝ մոտ ժամանակներս շատ կարևոր հանդիպումներ կկայանան, որոնք թույլ կտան այս հարցն առաջ մղել», – նշել է ՌԴ փոխվարչապետը։

2025 թվականի դեկտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին կոչ էր արել հնարավորինս արագ վերականգնել Հայաստանի տարածքում գտնվող՝ դեպի Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթուղային հատվածները։

Նույն ամսին Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ եթե այդ հատվածների վերականգնման հարցում դժվարություններ առաջանան, Հայաստանը պատրաստ է դրանք հետ վերցնել ռուսական կողմի կոնցեսիոն կառավարումից։

Այս տարվա հուլիսին Փաշինյանը չէր բացառել նաև հայկական երկաթուղիների ռուսական կոնցեսիայի հարցով արբիտրաժ դիմելու հնարավորությունը։

«Սա մեր սեփականությունն է։ Հայաստանը պետք է հնարավորություն ունենա երկաթուղիներն օգտագործելու այնպես, ինչպես նպատակահարմար է համարում։ Մենք ցանկանում ենք հարցը լուծել բարեկամաբար։ Ամեն դեպքում, այն լուծվելու է։ Եթե տարաձայնություններ առաջանան, դրանք հետո կքննարկենք արբիտրաժում», – հայտարարել էր Հայաստանի վարչապետը։

Ի պատասխան՝ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզերովը նշել էր, որ ընկերությունը մտադիր է ամբողջությամբ կատարել Հայաստանի հետ երկաթուղային կոնցեսիայի շրջանակում ստանձնած պարտավորությունները։ Միաժամանակ, նա ընդգծել էր, որ կոնցեսիայի պայմանների փոփոխության կամ դրա դադարեցման դեպքում ընկերությունն իրավունք ունի ակնկալելու կատարված ներդրումների վերադարձը։

Բելոզերովի տվյալներով՝ 2008–2025 թվականներին «Ռուսական երկաթուղիների» միջոցներից և «Հարավկովկասյան երկաթուղու» եկամուտներից Հայաստանում կատարված ներդրումները կազմել են շուրջ 396,3 մլն դոլար։ Ըստ նրա՝ բաժնետիրոջը շահաբաժիններ չեն վճարվել, իսկ ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը։

—

«Անհավասարակշռության կործանիչը». Ադրբեջանի կրակային հզորությունն ու Հայաստանի

Հոկտեմբեր 2, 2026

2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը «հետախուզական-հարվածային ԱԹՍ-ներում գերազանցության» մոդելից անցել է բազմոլորտային հարձակողական կարողությունների՝ ավիացիայի, «երկիր-երկիր» բարձր ճշգրտության հրթիռային համակարգերի և ՀՕՊ ինտեգրված ճարտարապետության համալիր աճի, որը հարվածային խմբավորումները պաշտպանում է պատասխան գործողություններից։

Հայաստանը նույն ժամանակահատվածում կառուցում է առավելապես պաշտպանական, էշելոնացված մոդել՝ դիվերսիֆիկացնելով զենքի մատակարարներին։ Պատերազմի ավարտից ի վեր անցած վեց տարիներին պահպանվել և շարունակում է աճել Բաքվի և Երևանի գնումների տեմպերի ու բնույթի անհամաչափությունը։ 

Ադրբեջանը պահպանում է ռազմականացման տեմպը

Ադրբեջանի նախապատերազմյան ծախսերն անշեղ աճ են արձանագրել՝ գրանցելով Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի խոշորագույն աճերից մի քանիսը, ինչը կապված էր Ղարաբաղի շուրջ հակամարտության հետ։ 2025 թվականի համար երկրի պաշտպանական բյուջեն գնահատվել է մոտ 4,9-5 միլիարդ դոլար (ՀՆԱ-ի մոտ 5%-ը), ինչը համաշխարհային չափանիշներով բարձր ցուցանիշ է և ֆինանսավորվում է նավթագազային եկամուտների աճի հիման վրա։ Ռազմական բյուջեի գերակայություններ են համարվել Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում ծախսված զինամթերքի և ԱԹՍ-ների համալրումը, զրահատեխնիկայի արդիականացումը և բարձր ճշգրտության խոցման միջոցների ավելացումը, ինչպես նաև վերահսկողության տակ անցած տարածքներում ենթակառուցվածքային շինարարությունը: Զենքի գնումների հարցում Բաքվի հիմնական մատակարարներն ու առանցքային գործընկերները մնում են Իսրայելն ու Թուրքիան։ 

Կարդացեք նաև

  • Տավուշյան ռազմավարական հանգույցը․ ինչո՞վ էին վախեցրել Բաքվին հուլիսյան մարտերը․ անվտանգության թուրք մասնագետը փակագծեր է բացել
  • Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում բավականին ուշագրավ փաստեր է ներկայացրել, փակագծերը չեմ կարող բացել. Գեղամ Մանուկյան
  • Պատերազմն օրացույցով չի ավարտվում, վերքը փակում ես, բայց չես բուժում. Ռազմական հոգեբան

Ավիացիոն բաղադրիչի որակական թռիչք. «4.5» սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչներ

Առավել նշանակալի ձեռքբերում է դարձել չին-պակիստանյան JF-17C Block III կործանիչների գնումը։ 1,6 մլրդ դոլար արժողությամբ նախնական պայմանագիրը նախատեսում էր 8 ինքնաթիռի մատակարարում՝ ևս 8-ի հնարավորությամբ (օպցիոնով)։ Դրանք պետք է փոխարինեին ռազմաճակատային ՄիԳ-29 կործանիչների և Սու-25 գրոհիչների հնացած նավատորմին։ 2025 թվականի մայիսին գործարքն արմատապես ընդլայնվել է. պատվիրված մեքենաների թիվը 16-ից հասել է 40-ի, իսկ պայմանագրի ընդհանուր արժեքը՝ շուրջ 4,2–4,6 միլիարդ դոլարի, ինչը դարձել է Պակիստանի պատմության մեջ զենքի արտահանման ամենամեծ գործարքը։ Առաջին սերիական մեքենաները հրապարակայնորեն ցուցադրվել են 2025 թվականի նոյեմբերի 8-ին Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ։ Չորս մեկտեղանոց և մեկ երկտեղանոց (ուսումնամարտական մոդիֆիկացիա) JF-17-ներն այն ժամանակ թռիչք կատարեցին հանրապետության մայրաքաղաքի վրայով։ Ադրբեջանը դարձել է այդ կործանիչների չորրորդ շահագործողը՝ Պակիստանից, Մյանմայից և Նիգերիայից հետո։

Վերլուծաբանները նշում են, որ այս ձեռքբերման նշանակությունը դուրս է գալիս նավատորմի պարզ փոխարինման շրջանակներից, քանի որ ինքնաթիռն ի վիճակի է ինտեգրվել թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ների և արտաքին թիրախավորման համակարգերի հետ՝ ցանցակենտրոն պատերազմի ճարտարապետության շրջանակներում, որը միավորում է հետախուզությունը, դիտարկումը և բարձր ճշգրտության խոցումը: Արևմտյան դիտորդները, հաշվի առնելով JF-17C Block III-ի վերաբերյալ պայմանագիրը, ադրբեջանական բանակի ավիացիոն բաղադրիչի արդիականացումը բնութագրել են որպես հանրապետության ռազմաօդային ուժերի ամրապնդում՝ Հարավային Կովկասում որակապես և քանակապես ամենահզորի կարգավիճակում։ 

Թռիչքի երկար տևողությամբ հարվածային ԱԹՍ-ներ

Կործանիչ ավիացիայի հետ մեկտեղ, Ադրբեջանը մեծացրել է ծանր հարվածային ԱԹՍ-ների պարկը։ Բացի նախկինում լրացուցիչ ձեռք բերված թուրքական Bayraktar TB2-ներից, որոնք պատվիրվել էին 2020 թվականին և մատակարարվել մինչև 2023 թվականը, Բաքուն ստացել է ավելի մեծ հեռահարության և բեռնատարողության Bayraktar Akıncı անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են կրել կառավարվող զինամթերք և «օդ-մակերևույթ» դասի հրթիռներ։ 2023 թվականի ապրիլին թուրքական Baykar ընկերության հետ ստորագրվել է այդ ինքնաթիռների համատեղ արտադրության մասին համաձայնագիր (Ադրբեջանի տարածքում ԱԹՍ-ների համատեղ արտադրության մտադրությունների մասին արձանագրություն)։ 

Գրոհային ավիացիայի արդիականացում և տրանսպորտային բաղադրիչ

Բացի այդ, Ադրբեջանը թուրքական ընկերությունների հետ համատեղ արդիականացնում է Սու-25 գրոհիչների պարկը, ինչպես նաև ձեռք է բերել իտալական C-27J Spartan մարտավարական տրանսպորտային ինքնաթիռներ՝ նախ և առաջ՝ համեմատաբար հեռավոր խմբավորումների լոգիստիկ ապահովման, այդ թվում՝ Ղարաբաղյան տարածաշրջան լրացուցիչ ուժերի հնարավոր տեղափոխման համար։ 

Ցամաքային (հրթիռահրետանային) բաղադրիչ 

Օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ

Հարձակողական ներուժի առանցքային տարրն այստեղ մնում է իսրայելական LORA համալիրը (Long-Range Attack), որը ձեռք է բերվել դեռևս 2018 թվականին, բայց շարունակում է արդիականացվել հեռահարության մեծացման ուղղությամբ (մոտ 400-430 կմ՝ շուրջ 10 մետր շրջանաձև հավանական շեղումով, իսկ որոշ տվյալներով՝ մինչև 5 մ՝ համակցված GPS/հեռուստատեսային նշանառությամբ հետագծի վերջնական հատվածում)։ Ընդ որում, հարվածային համակարգը կիրառելի է՝ ինչպես ցամաքային, այնպես էլ՝ ծովային բազավորման համար։ Ադրբեջանին զուգահեռ, մինչև 44-օրյա պատերազմը, գնվել են նաև 301 մմ տրամաչափի և մոտ 200–300 կմ հեռահարության բելառուսական «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ներ (ի սկզբանե ձեռք էին բերվել որպես հակակշիռ ռուսական «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներին, որոնք Հայաստանին մատակարարվել էին նախքան ղարաբաղյան երկրորդ պատերազմը)։ 

Բարձր ճշգրտության ROKETSAN համալիրներ

Զգալիորեն ընդլայնվել է թուրքական «երկիր-երկիր» հարվածային համակարգերի անվանացանկը։ Ցուցադրվել են Roketsan ընկերության արտադրության TRLG-230 և TRG-300 համալիրները, որոնց լազերային և GPS/INS նշանառության (ուղղորդման) համակարգերը թույլ են տալիս գործել հարվածային ԱԹՍ-ների հետ համատեղ։ Ադրբեջանի զինված ուժերի կազմում ընդգրկվել է նաև նույն արտադրողի նոր Kasırga-TRLG 230A մարտավարական հրթիռային համալիրը (230 մմ տրամաչափի հրթիռը կարող է խոցել թիրախները 20-70 կմ հեռավորության վրա՝ կրելով բեկորային-ֆուգասային մարտագլխիկ. լազերային թիրախավորման շնորհիվ հրթիռի շրջանաձև հավանական շեղումը 2 մետրից պակաս է)։ 

ՀՕՊ ինտեգրումը՝ որպես հարձակողական գործողությունների ազատության պայման

Հարվածային հնարավորությունների ավելացումն ուղեկցվում է ՀՕՊ էշելոնի որակական ուժեղացմամբ, ինչը կարևոր նշանակություն ունի հնարավոր պատասխան հարվածի պայմաններում հարվածային ավիացիայի և հրթիռային զորքերի գործողությունների ազատությունն ապահովելու համար։ 2025 թվականին Ադրբեջանն առաջին անգամ հրապարակայնորեն ցուցադրեց չինական HQ-9BE հեռահար համալիրը՝ դառնալով չորրորդ երկիրը Մարոկկոյից, Պակիստանից և Եգիպտոսից հետո, և առաջինը՝ հետխորհրդային պետությունների շարքում, որը ստացավ այս համակարգը։ Այս համակարգը լրացնում են արդեն գոյություն ունեցող ռուսական Ս-300-ները և իսրայելական Barak մարտկոցները՝ ձևավորվող հակաօդային պաշտպանության բազմաշերտ ճարտարապետություն։ 

Հայաստանի պաշտպանական ռազմավարություն. դիվերսիֆիկացիա և էշելոնացում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ Հայաստանի պետական պարտքի կտրուկ աճն ուղղակիորեն կապել էր սպառազինության լայնածավալ գնումների հետ՝ նշելով, որ 2020 թվականից հետո Երևանը ստիպված է եղել «շատ ու միանգամից» զենք գնել։ Ղարաբաղում կրած ցավալի պարտությունից հետո ռազմական ներուժի վերականգնման հայկական հիմնական վեկտորը Ռուսաստանից վերակողմնորոշվել է դեպի զենքի երկու առաջնային մատակարարներ՝ Հնդկաստան և Ֆրանսիա։

Հատկապես առանձնանում է հնդկական ուղղությունը։ Հայաստանը ձեռք է բերել և շարունակում է ստանալ հնդկական համակարգեր՝ ներառյալ Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ), Swathi հակամարտկոցային (զենքի տեղորոշման) ռադարներ, Zen Anti-Drone հակաօդաչու համակարգեր և միջին հեռահարության Akash զենիթային հրթիռային համալիրներ (ԶՀՀ), 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային կայանքներ (քարշակվող հաուբիցների առաջին խմբաքանակը ստացվել է 2023 թվականի օգոստոսին)։ Ըստ հնդկական պաշտոնական աղբյուրների՝ մինչև 2024-2025 ֆինանսական տարվա սկիզբը Նյու Դելիից Երևանի գնումների ընդհանուր ծավալը հասել է 600 մլն դոլարի (իսկ ընդհանուր պայմանագրերի արժեքը գնահատվում է շուրջ 2 միլիարդ դոլար)։

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել Su-30MKI բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերման շուրջ բանակցությունների մասին (Հնդկաստանն արտադրում և արդիականացնում է այս «4+» սերնդի ինքնաթիռները ռուսական լիցենզիայի ներքո HAL կորպորացիայի (Hindustan Aeronautics Limited) ձեռնարկություններում)։ Շուրջ 2.5-3 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրով նախատեսվում է առաջին խմբաքանակի (8-12 միավոր) մատակարարումը մոտավորապես 2027-2029 թվականներին։ Ենթադրվում է, որ Su-30MKI-ի «հայկական տարբերակն» էականորեն կտարբերվի ռուսական բազային մոդելներից՝ հնդկական համակարգերի խորը ինտեգրման հաշվին։ Ինքնաթիռների վրա նախատեսվում է տեղադրել հնդկական Uttam AESA ռադար, DRDO պաշտպանական գործակալության ՌԷՊ (ռադիոէլեկտրոնային պայքարի) համալիր, ինչպես նաև Astra Mk-1 և Mk-2 ժամանակակից հնդկական «օդ-օդ» դասի հրթիռներ։ Արևմտյան դիտորդները շտապեցին կապել հայ-հնդկական այս պոտենցիալ խոշորագույն պայմանագիրը Երևանի ձգտման հետ՝ փոխհատուցելու «Su-30SM ծրագրի ձախողումը», որը հայկական բանակը մինչ օրս ստիպված է շահագործել սահմանափակ՝ համատեղելի զինամթերքի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով։

Ռազմավարական նորարարություն. հակադրոնային բազմամակարդակ պաշտպանություն

Հայկական պաշտպանության նոր մոդելը կառուցվում է էշելոնացման սկզբունքով։ Առաջին էշելոնը (0-10 կմ) հիմնված է տեղական արտադրության էժան FPV անօդաչու թռչող սարքերի (100-300 կմ/ժ արագությամբ և 150-500 գրամանոց մարտագլխիկով) և հակադրոնային համակարգերի համատեղ կիրառման վրա՝ հրետանին ու ՀՕՊ միջոցները պաշտպանելու, ինչպես նաև հակառակորդի հետևակի և զրահատեխնիկայի առաջխաղացումը զսպելու համար։ Երկրորդ էշելոնը (10-80 կմ) ենթադրում է ավելի ծանր FPV անօդաչու թռչող սարքերի և թափառող (բարակող) զինամթերքի օգտագործում՝ օդում 1-3 ժամ հերթապահության (թափառման) ժամանակով։

Հատուկ ուշադրություն՝ ռադիոէլեկտրոնային պայքարին

44-օրյա պատերազմը բացահայտեց Հայաստանի զինված ուժերում ռադիոէլեկտրոնային հակազդման ժամանակակից միջոցների գրեթե լիակատար բացակայությունը։ Ռ-330 «Մանդատ» և ՍՊՆ-30 համալիրները չէին կարող բարձր արդյունավետությամբ պայքարել պաշտպանված կապուղիներով գործող թուրքական և իսրայելական ԱԹՍ-ների դեմ։ Խորհրդային ՍՊՆ-30-ը բարոյապես և տեխնիկապես հնացած էր։ Ինչ վերաբերում է «Մանդատին», ապա պատերազմից մի քանի տարի առաջ հաղորդագրություններ էին ստացվում Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններում ռադիոէլեկտրոնային հետախուզության և ռադիոէլեկտրոնային ճնշման (ՌԷՊ) այս համալիրների խորը արդիականացման մասին։ Նշվում էր, որ համալիրի ամբողջ «միջուկը» փոխարինվել էր եվրոպական և հայրենական բլոկներով, ինչի արդյունքում զգալիորեն ընդլայնվել էին դրա հնարավորությունները։

Այսպես թե այնպես, հայկական կողմի մոտ 2020 թվականի աշնանը Ղարաբաղում գրեթե բացակայում էին ՌԷՊ-ի ժամանակակից միջոցները, իսկ ԱԹՍ-ների տեղակայման վայրերի ու դրանց վերգետնյա կառավարման կետերի դեմ համալիր պայքար չէր տարվում։ Պատերազմի փորձը ՌԷՊ-ը դարձրել է հայկական բանակի արդիականացման առանցքային առաջնահերթություններից մեկը՝ անօդաչու համակարգերի և հետախուզական տվյալների թվային մշակման հետ մեկտեղ։ Այս ոլորտում հետպատերազմյան գնումներն իրականացվում են ոչ թե կետային, այլ որպես «ռադար/հետախուզություն-ՌԷՊ-ՀՕՊ» միասնական փաթեթի մաս (օրինակ՝ հնդկական Swathi / ֆրանսիական GM200 + հնդկական D4/ZADS + հնդկական Akash / ֆրանսիական Mistral)։ Շեշտադրումն այս մոտեցման վրա ավելի արդյունավետ է, քան առանձին համալիրների մեկուսացված ձեռքբերումը։ Ընդ որում, թեկուզ սահմանափակ, ներքին արտադրական կարողությունների (ArmHiTec-ի մշակողներ, «Արսենալ», «Լոկատոր») ի հայտ գալը հեռանկարում նվազեցնում է ամբողջական արտաքին տեխնոլոգիական կախվածության ռիսկը։ Այնուամենայնիվ, ներկա փուլում հայկական ՌԱՀ-ը (ռազմարդյունաբերական համալիր) ՌԷՊ սեգմենտում ընդհանուր առմամբ դեռևս մնում է եզակի նմուշների ստեղծման, այլ ոչ թե սերիական արտադրության փուլում։

Առկա են նաև էական ռիսկեր։ Գնված ՌԷՊ համալիրներից ոչ մեկը չի անցել 2020 թվականի հետ համադրելի ինտենսիվության իրական մարտական բախման ստուգում։ Ադրբեջանի սպառազինության մեջ գտնվող ժամանակակից թուրքական (KORAL դասի) և իսրայելական միջոցների ճնշմանը դիմակայելու դրանց արդյունավետությունը մնում է չհաստատված։ Բացի այդ, տարասեռ սարքավորումների (հնդկական, ֆրանսիական, «մնացորդային» խորհրդային/ռուսական) ինտեգրումը կառավարման միասնական ցանցին ինքնին բարդ խնդիր է, որը չի լուծվում միայն արտաքին մատակարարներից գնումներ կատարելով։

Այս պահին Ադրբեջանի և Հայաստանի միջև ուժերի հավասարակշռության սխեմատիկ համեմատական գնահատականը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ.

Ըստ փորձագիտական գնահատականների՝ Ադրբեջանի կողմից JF-17C Block III կործանիչների ձեռքբերումը հայ ռազմական ծրագրավորողներին ստիպում է վերանայել 44-օրյա պատերազմից հետո ուժերի տարածաշրջանային հավասարակշռության մասին պատկերացումները, որոնք զգալիորեն վերականգնված էին համարվում։ Բաքուն այժմ արդիականացված կործանիչների հնարավորությունները համատեղում է դրոնային պատերազմի կուտակված փորձի հետ։ Այս համատեքստում նշվում է, որ Ադրբեջանում JF-17C Block III հարվածային հարթակների առկայությունը վտանգ է ներկայացնում նախորդ հակամարտություններում կրած կորուստներից հետո Հայաստանի առանց այն էլ փխրուն օդային զսպման ներուժի համար։ 

Եզրակացություններ

Ադրբեջանն իր ֆինանսական հնարավորությունների բերումով ցուցադրում է որակական, այլ ոչ թե միայն քանակական աճ։ Անօդաչու համակարգերից անցումը «4.5» սերնդի (JF-17C Block III) օդաչուավոր բազմաֆունկցիոնալ ավիացիային և ցամաքային զորքերի «ձեռքի» երկարացումը (LORA, «Պոլոնեզ», Roketsan համալիրներ) Ադրբեջանին «ԱԹՍ-ների հաշվին հաղթած երկիր» կարգավիճակից տեղափոխում են Հայաստանի տարածքին ողջ օպերատիվ խորությամբ հարվածներ հասցնելու լիարժեք հարձակողական ներուժ ունեցող պետությունների շարք։

Ադրբեջանական ՀՕՊ-ը նոր պայմաններում դիտվում է՝ որպես հարձակողական գործողությունների ապահովման կարևոր գործիք, այլ ոչ թե միայն պաշտպանության։ Չինական HQ-9BE-ի և իսրայելական Barak-8-ի գնումը ռուսական Ս-300-ների հետ համատեղ ձևավորում է «հովանոց», որը նվազեցնում է հարվածային ավիացիայի և հրթիռային զորքերի ռիսկերը պոտենցիալ հակառակորդի ենթակառուցվածքային օբյեկտների դեմ գործողությունների ժամանակ։

Ադրբեջանական ՀՕՊ-ը նոր պայմաններում դիտվում է՝ որպես հարձակողական գործողությունների ապահովման կարևոր գործիք, այլ ոչ թե միայն պաշտպանության։ Չինական HQ-9BE-ի և իսրայելական Barak-8-ի գնումը ռուսական Ս-300-ների հետ համատեղ ձևավորում է «հովանոց», որը նվազեցնում է հարվածային ավիացիայի և հրթիռային զորքերի ռիսկերը պոտենցիալ հակառակորդի ենթակառուցվածքային օբյեկտների դեմ գործողությունների ժամանակ։

Հայաստանի պաշտպանական դոկտրինն ընդհանուր առմամբ իրատեսական է, բայց ունի սահմանափակումներ։ Անօդաչուների բազմաէշելոն մոդելը ռացիոնալ պատասխան է ներքին սահմանափակ ռեսուրսների պայմաններում, բայց չի ապահովում երաշխավորված պաշտպանություն հագեցած (ինտենսիվ) հարվածներից, հատկապես LORA տիպի հեռահար ՕՄՀՀ-ների (օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների) կիրառման դեպքում, որոնք անհասանելի են հակադրոնային պաշտպանության համակարգերի մեծ մասի համար։

Արդյունքում, գործոնների ամբողջությունը՝ ներառյալ Ադրբեջանի հեռահար հարվածային միջոցների աճը, ավիացիայի ինտեգրումը թիրախավորման ցանցակենտրոն ճարտարապետությանը և հայկական պաշտպանության համեմատաբար դանդաղ, ռեսուրսներով սահմանափակ արդիականացումը, պահպանում է կառուցվածքային անհավասարակշռությունը հօգուտ Բաքվի միջնաժամկետ հեռանկարում (2027-2029 թթ.)։

Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը 2026 թվականի համար նախատեսված են 8,715 մլրդ մանաթի մակարդակում (5,1 մլրդ դոլար) կամ պետբյուջեի բոլոր ծախսերի մոտ 21 տոկոսը։ 2025 թվականի համեմատ աճը կազմել է 3,8%։ Հետպատերազմյան մի քանի տարիների ընթացքում առկա է կայուն բարձր մակարդակ (բյուջեի ավելի քան 20%)։ Հաջորդ տարվա պետբյուջեում պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը կկազմեն 8,8 մլրդ մանաթ։

Այս խորապատկերին Հայաստանը, 2023-2025 թվականներին պաշտպանական ծախսերի կտրուկ աճից հետո (2018 թվականի 245 մլրդ դրամից մինչև 664 մլրդ դրամ, կամ 2025 թվականին՝ 1,74 մլրդ դոլար), ընթացիկ տարվա համար նախատեսել է մոտ 16% կրճատում՝ մինչև 560 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ մոտ 1,5 մլրդ դոլար)։

Այսպիսով, պաշտպանական բյուջեների բացարձակ տարբերությունը կազմում է մոտ 3.5:1 հօգուտ Բաքվի, և 2026 թվականին այդ բացը մեծանում է, քանի որ Ադրբեջանն ավելացնում է ծախսերը, իսկ Հայաստանը կրճատում է դրանք։ Սա ուժեղացնում է ռազմական անհավասարակշռությունը հարևան հանրապետությունների միջև։ Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանի համապատասխան ծախսերը հանրապետության բյուջեում ներկայացվում են ընդլայնված տեսքով՝ որպես «պաշտպանություն և ազգային անվտանգություն»։ Զուտ ռազմական բյուջեն 2025 թվականին կազմել է մոտ 3,1 մլրդ դոլար, բայց ամեն դեպքում Հայաստանի հետ խզումը մնում է տպավորիչ։

ՎՅԱՉԵՍԼԱՎ ՄԻԽԱՅԼՈՎ

eadaily.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

«Մուբարիզի սինդրոմը». ո՞վ է գլխավոր պատասխանատուն ադրբեջանցի զինվորների «այցե

Հոկտեմբեր 2, 2026

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել է, որ ցանկացած հայրենասեր ադրբեջանցի հպարտանում է այսօր իր պետությունով և պատերազմական իրենց հաղթանակներով:

Թե որն է հայրենասիրությունն ալիևյան ռեժիմի չափանիշներով, դեռ կանդրադառնանք:

Նույն ժամանակում Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հավելել է՝ իրենց անհանգստացնում է, որ «ռևանշիզմն ակտիվորեն դրսևորվում է Հայաստանի երիտասարդության շրջանում», ուստի Նիկոլ Փաշինյանին հերթական «տնային առաջադրանքն» է տալիս՝ «շատ լրջորեն աշխատել իր հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ»: Եվ չի բացառվում, որ այս պահանջի կատարման տարբեր դրսևորումները դեռ տեսնենք ՀՀ-ում:

Ստացվում է՝ այն, ինչ Բաքվում համարվում է հայրենասիրություն, Երևանի դեպքում որակվում է՝ որպես ռևանշիզմ:

Կարդացեք նաև

  • Երբ ռեկորդները դառնում են խնդիր. ինչու են բենզինի գները Հայաստանում հասել պատմական առավելագույնի
  • Խենթի պես գոռում էր… Դու էսպե՞ս ես ուզում գնալ Եվրոպա, ինչո՞ւ ես խաբում ժողովրդին. Շառլ Միշելին ասել եմ՝ վաղ թե ուշ դատվելու է. Գասպար Կարապետյան
  • Խաղաղության պատրանքներ, նոր ահաբեկում… Ինչպես են Բաքվի հռետորաբանությունն ու քայլերը կոտրում Փաշինյանի խաղաղության թեզերը

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը, իսկ իրականում ծառայության վայրն ինքնակամ լքած զինվորին Ադրբեջանում, ըստ ադրբեջանական աղբյուրների, փնտրում են սեպտեմբերի 26-ից:

Այս օրերին զինծառայողի ծնողները որևէ տեղեկություն չեն ստացել Ադրբեջանի պատկան մարմիններից, նրանց չի հաջողվել հանդիպել անգամ օկուպացված Լաչինում տեղակայված զորամասի հրամանատարության հետ:

Ադրբեջանի բանակում խայտառակ վիճակ է տիրում, դիրքապահ զինվորներին ծեծում են, նորմալ սնունդ չեն տալիս, կեղտոտ պայմաններում են ծառայում, ամիսներով հերթափոխ չի իրականացվում, ինչին չդիմանալով՝ հաճախ ինքնասպանության դեպքեր են լինում, որոնց մասին չեն հայտնում ադրբեջանական իշխանությունները, դա չի քննարկվում: Եվ նշվածը հանգեցնում է նաև սահմանը հատելու դեպքերի:

Այս «հաղթաթուղթը» հայկական կողմը պիտի օգտագործի, որ Ալիևի՝ սպառազինության ցուցադրական ներկայացումները, էլիտար ստորաբաժանումների ստեղծումն ու բարձրագոչ հայտարարությունները դեռ չեն նշանակում, որ նա լավ և կարգապահ բանակ է պահում:

Մյուս կողմից՝ պետք է գիտակցել, որ ադրբեջանական իշխանություններից դժգոհելը, զորամասի հրամանատարությունից փախուստը բնավ չի նշանակում՝ չատել հայերին և չցանկանալ սպանել կամ վնասել նրանց հարմար առիթի դեպքում, ուստի փաստերի դեպքում չպետք է խորշել ադրբեջանցի զինվորին ներկայացնել որպես դիվերսանտ: Իսկ այդ փաստերը բավարար են՝ հայ կնոջ ուղղությամբ արձակած կրակոց, երեխաներին վնասելու ցանկություն: Այս մասին ադրբեջանցի զինվորի նկատմամբ մի շարք հոդվածներով մեղադրանք է առաջադրված, կալանավորելու որոշում է կայացվել: Թե ինչ կլինի վերջում, չենք կարող ասել, թեև կարող ենք կռահել:

Ի դեպ, կան տեղեկություններ, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմ Մուսաևը մենակ չի եղել, ինչը դեռ չի հաստատվի:

Չմոռանանք, որ նմանօրինակ դեպք եղել էր նաև 2023 թվականին, երբ ադրբեջանցի զինծառայողներ էին հատել սահմանը, մտել Սյունիք՝ Բնունիս, կատարվել էր սպանություն, նրանք դատապարտվել էին Հայաստանում.՝ մեկը՝ ցմահ ազատազրկման: Բայց ավելի ուշ, ըստ էության, փոխանակվել էին Ադրբեջանում պահվող գերիների հետ:

Հայերի հանդեպ ադրբեջանցի զինվորների տրամադրվածությունը և Բաքվի պաշտոնական քաղաքականությունը բնութագրող շատ ավելի ուշագրավ և խորքային դրվագներ կան:

2010 թվականի հունիսի 18-ին Արցախի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած ընդհարման ժամանակ զոհվել էին Պաշտպանության Բանակի զինծառայողներ՝ Ռոբերտ Գասպարյանը, Արայիկ Բարսեղյանը, Էդվարդ Մանուկյանը, Պարույր Մելքոնյանը, ևս 4 զինծառայող վիրավորվել էր:

Ադրբեջանական կողմից սպանվել էր ենթասպա Մուբարիզ Իբրահիմովը, որի դիակը մնացել էր հայկական կողմում, և այն Ադրբեջանին հանձնվել էր միայն նոյեմբերի 6-ին:

Այդ օրը հանձնվել էր նաև ադրբեջանցի մեկ այլ դիվերսանտի՝ ավագ լեյտենանտ Ֆարիդ Ահմեդովի դիակը, իսկ հայկական կողմին հանձնվել էր ԼՂՀ քաղաքացի, Մատաղիս գյուղի բնակիչ 86-ամյա Գավրոշ Խաչատուրի Առուստամյանի մարմինը:

Ֆարիդ Ահմեդովը Մուբարիզ Իբրահիմովի «հերոսությունից» ոգևորված՝ 2010թ. սեպտեմբերի 4-ին Մարտակերտի հատվածում Պաշտպանության Բանակի դիրքեր միայնակ ներթափանցելու փորձ էր կատարել: Խրամատ ներթափանցած ադրբեջանցու հետ ձեռնամարտի բռնված շարքային Արման Մանուկյանը կարողացել էր գետնին տապալել Ահմեդովին, իսկ օգնության հասած Խաչատուր Բաղդասարյանը՝ սպանել դիվերսանտին։ Երկու դեպքում էլ գործ ունենք պրոֆեսիոնալ զինվորականի հետ, որոնք հերոսացվեցին Բաքվի կողմից, մասնավորապես, Իբրահիմովը, դրան դեռ կգանք: Ի դեպ, Մուբարիզ Իբրահիմովը նախ ծառայել էր Ադրբեջանի ներքին զորքերում, այնուհետ՝ ծառայության մտել երկրի զինված ուժերում:

2010 թ. հունիսին և՛ ադրբեջանական, և՛ հայաստանյան հավաստի աղբյուրները հայտնեցին, որ Մուբարիզ Իբրահիմովը գործել է ինքնագլուխ, այլ հարց է, որ Բաքուն դիվերսիայի փաստն օգտագործեց և՛ ներքին, և՛ արտաքին հարթությունում, ու Մուբարիզ Իբրահիմովին Ադրբեջանի ազգային հերոս դարձրեց:

Իսկ դրա կարիքը կար. հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած և հերոսացած Ռամիլ Սաֆարովի ֆոնին՝ պետք էր ցույց տալ «իրական հերոսների»:

Եվ ֆանատիկ մուսուլման ու ինքնագլուխ դիվերսիոն գործողություններ կատարած Իբրահիմովի դեպքը հարմար առիթ էր: Նրա մտադրությունների մասին վկայող նամակ էր հրապարակվել:

Թալիշական աղբյուրները հայտնել էին, որ Իբրահիմովն ազգությամբ թալիշ է, ինչը, բնականաբար, ալիևյան քարոզչամեքենան հերքել էր:

Իսկ «Մուբարիզի սինդրոմն» ունեցավ նաև այլ դրսևորումներ: Խոսքը, մասնավորապես, Գուրբանով Չինգիզ Սալման օղլուի դիվերսիոն փորձի մասին է, որին Ալիևը հետմահու Ադրբեջանի ազգային հերոսի կոչում էր շնորհել:

2016 թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել էին ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ էր շպրտվել՝ տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:

Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել էր կորուստներ, և ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել էին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունն այդ ժամանակ զավեշտ էր համարել Ադրբեջանի՝ սեփական զինվորի անհետ կորելու փաստը և այլ պնդումներ:

2016 թվականի դեկտեմբերի 29-ին ոչնչացված ադրբեջանական դիվերսանտի մարմինը հայկական կողմն Ադրբեջանին հանձնել էր 2017 թվականի փետրվարի 5-ին՝ Տավուշի հատվածում: Ընդ որում, թաղման և մեծարման արարողությունները գրեթե նույնությամբ կրկնում էին Մուբարիզ Իբրահիմովի թաղման և մեծարման արարողությունները։ Գրեթե միաժամանակ ադրբեջանական աղբյուրները հայտնել էին, որ Ադրբեջանի ազգային հերոս Չինգիզ Գուրբանովի եղբայրն աշխատանքի է անցել երկրի Ազգային անվտանգության ծառայությունում:

Մենք գրել ենք, որ Բաքվի «դատավարության» ժամանակ քննվել են Տավուշի հատվածում ՀՀ ԶՈւ կողմից ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականների և դիվերսանտ-Ազգային հերոսի ոչնչացման փաստերը: Իսկ այս օրինակները կարելի է համարել այլ դրվագներով, բայց սահմանափակվենք այսքանով և վերադառնանք վերջին դեպքին այլ համատեքստում:

Ադրբեջանցի զինվորի սահմանը հատելու վերջին դեպքը ցույց տվեց մի քանի խնդիր, որի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, եթե հաշվի առնենք 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների հանձնումն Ադրբեջանին, որն իր հերթին՝ «հեշտացրեց» ադրբեջանական ներթափանցումները ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ուղղությամբ:

Թեպետ, եթե 2021 թվականի մայիսին կանխվեր ադրբեջանական զինուժի ներխուժման առաջին փորձը, կամ՝ հեռացվեր Ալիևի զորքը, չէին լինի հետագա ներխուժումները, սեպտեմբերյան մարտերը, և չէին լինի ադրբեջանցի զինվորների տեսքով անկոչ հյուրեր, քանի որ սահմանից երբեմնի կիլոմետրերով հեռու բնակավայրերը չէին լինի սահմանին այդքան մոտ: Բայց ունենք այն, ինչ ունենք, և պետք է կարողանալ ապահովել սահմանների անխոցելիությունը՝ տեխնիկապես և մարդկային ռեսուրսով, ոչ թե ավելացված սահմանի պարագայում կրճատել ժամկետային ծառայության ժամկետը, չտալ չծառայելու արտոնություններ: Հաշվի առնելով, որ ադրբեջանցի զինծառայողը շրջանցել է զինված ուժերի դիրքերը, պաշտպանության նախարարությունը մի շարք հարցերի պատասխաններ պետք է տա:

Հետաքրքիր է նաև, թե ինչո՞ւ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը կապ չի հաստատել ՀՀ ՊՆ ղեկավարության հետ, որ ԱԱԾ-ների միջև է եղել համապատասխան տեղեկության փոխանակումը, հատկապես, երբ դեռ 2021 թվականից Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի մասին առաջարկ է եղել:

2021-ի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությանը հանձնարարել էր ակտիվորեն օգտագործել Ադրբեջանի հետ ուղիղ կապը:

Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի հաստատման մասին խոսել էր նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

2022 թվականի օգոստոսին ՀՀ ՊՆ-ից 168.am-ին հայտնել էին, որ «Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև հաստատված ուղիղ կապը, մի քանի ամիս է՝ չի գործում»: Սուրեն Պապիկյանի և Զաքիր Հասանովի միջև ուղիղ կապի լինել-չլինելու մասին մեր հետագա հարցումներին ևս նման պատասխան ենք ստացել: Ստացվում է, որ այդ կապը չի գործում մինչև օրս:

Ո՞վ է որոշել՝ Սուրեն Պապիկյա՞նը չի ցանկանում, թե՞ Նիկոլ Փաշինյանը չի թողնում, և գտնում է, որ Բաքվի հետ շփումներ պետք է իրականացնի և տեղեկություններ փոխանակի միայն իր ուղիղ ենթակայության տակ գտնվող ԱԱԾ-ն:

Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը վերջին դեպքից օգտվի և հերթական անգամ սկսի քարոզել, որ սահմանահատումներ չեն լինի, եթե դիրքերը վերածվեն պետական սահմանի, և դրա պաշտպանությամբ զբաղվի ոչ թե բանակի զինծառայողը, այլ՝ ԱԱԾ սահմանապահը: Այսինքն, քանի դեռ կան զինված ուժերի կողմից պահպանվող դիրքեր, չեն կարող խոսել լիակատար խաղաղության մասին:

Այլ հարց է՝ արդյո՞ք Ալիևն ու Փաշինյանն այս դեպքում սինխրոն են գործում, բայց փաստ է, որ զինվորին վերադարձնելու ճնշումներ լինելու են Հայաստանի վրա:

—

Չկա՛ որևէ Ադրբեջան․ սա Թուրքիայի 2-րդ պետությունն է. Կաթողիկոսի դեմ արշավի մե

Հոկտեմբեր 2, 2026

168TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Նախ մի քանի հաղորդագրություն է եղել՝ իմ տեղեկությամբ, և սկզբնական հաղորդագրություններում հայտարարվում էր, որ ուղղակի մի հոգի մոլորվել է։ Այսինքն` փորձում էին ծածկել իրավիճակը, հետո, երբ բացվում էին հանգամանքները, արդեն սկսել են պաշտոնական աղբյուրներով ներկայացնել կատարվածը, բայց էլի մասնակի։ Այսպիսով, ստացվում է, որ այն կեղծ խաղաղության նարատիվը, որը պայթում է ամեն նման լուրից, փորձում են փրկել ստով կամ ծածկելով իրականությունը։ Այս ինցիդենտն ուղղակի ցույց է տալիս Ալիևի մտադրությունը, աշխատաոճը և Փաշինյանի աշխատաոճը, մտադրությունն ու կարողությունը։
  • Մենք երբեք չենք տեսնի, որ Փաշինյանն օտար պետությունների մասին, բացառությամբ Ռուսաստանի, որևէ վատ բան ասած լինի․ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները միշտ դիտարկվում են հնարավորությունների տեսանկյունից։ Վերջերս Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Թուրքիայից վտանգ չկա` նկատի ունենալով, որ 102 -րդ ռազմաբազան պետք է դուրս գա։ Բայց Ադրբեջանից ցանկացած վտանգը նույն Թուրքիայի վտանգն է, հետո՝ Հայաստանի դեմ բոլոր պատերազմների հեղինակը եղել է Թուրքիան, և այն բոլոր խոսակցությունները, թե Թուրքիայի ղեկավարությունը վախենում է Ալիևից և այդ պատճառով Հայաստանի հետ սահմանը չի բացում, սուտ են։

Իրականությունը հետևյալն է`Ադրբեջանն ամբողջությամբ կառավարվում է Թուրքիայից, Անկարայից, Ստամբուլից և ամբողջությամբ իրականացնում է Թուրքիայի ծրագիրը։ Նույնիսկ վերջերս Վրաստանն ունեցել է Ադրբեջանի հետ որոշակի փոքր հակամարտություն մի եկեղեցու շուրջ, և հաջորդ օրը Թուրքիան արձագանքել է։ Այսինքն` նույնիսկ այս հարցում` վրացական եկեղեցիների զավթման հարցում Թուրքիան է ուղղորդում Ադրբեջանին։ Ասել է թե՝ չկա որևէ Ադրբեջան․ սա արդեն Թուրքիայի 2-րդ պետությունն է։ Նախ՝ դրա մասին արդեն բացահայտ ասվել է, ապա նաև՝ ստորագրել են Շուշիի հռչակագիրը, և հաջորդը՝ ադրբեջանցի սպաների մոտ 95 տոկոսը Թուրքիայի բանակում անցել են կրթության, վերապատրաստման, կամ՝ առհասարակ սովորել են, դարձել են սպա։ Այսինքն՝ մենք ունենք ուղղակի 2-րդ թուրքական բանակ։ Վերջերս, ի դեպ, Ադրբեջանը Թուրքիայից 500 միլիոնի նոր զենք է գնել։

Կարդացեք նաև

  • Երեխաներն ու հոգևոր կյանքը
  • Երբ ռեկորդները դառնում են խնդիր. ինչու են բենզինի գները Հայաստանում հասել պատմական առավելագույնի
  • Խենթի պես գոռում էր… Դու էսպե՞ս ես ուզում գնալ Եվրոպա, ինչո՞ւ ես խաբում ժողովրդին. Շառլ Միշելին ասել եմ՝ վաղ թե ուշ դատվելու է. Գասպար Կարապետյան
  • Փաշինյանի բոլոր թշնամիները Հայաստանի ներսում են, բացառությամբ Ռուսաստանի․ դրանք են՝ Դաշնակցությունը, ընդդիմությունը․․․ Եթե դու ձիգ ես, կանգնած ես, պահում ես արտաքին ճակատը, դու այդտեղ ես կռվում, բայց եթե ամբողջ թշնամանքը տեղափոխվում է ներս, ապա դու կռվում ես ինքդ քեզ հետ։ Այսինքն՝ հայերը սկսում են հայերին ատել, իսկ ցանկացած ներքին թշնամանքից օգտվում են Թուրքիան ու Ադրբեջանը, և այն, որ դա նպատակաուղղված իրականացվում է, այդ թվում՝ իրենց դրդմամբ, դա ակնհայտ է։ Հիշեցնեմ՝ քանի անգամ է ատելության խոսքը Հայ եկեղեցու նկատմամբ և Կաթողիկոսի նկատմամբ տարածվել Թուրքիայից ու Ադրբեջանից, ու միանգամից ինչպես է դա շարունակում Փաշինյանը։ Ինչո՞ւ, որովհետև նրա վրա ճնշում են գործադրում, ասում են` այսպես պետք է անես, այնպես պետք է անես։
  • Նույն կաթողիկոսի դեմ արշավի մեկնարկը տրվել է Բաքվից, որովհետև Հայ Առաքելական եկեղեցին իր սկզբունքային դիրքորոշումը հայտնել է՝ Արցախի հանձնումն անթույլատրելի է, արցախահայերի դեմ ատելությունն անթույլատրելի է, ազգի մեջ թշնամանք սերմանելն անթույլատրելի է, և ռազմավարական զիջումներն անթույլատրելի են։ Այս դիրքորոշումը թե՛ էթիկական է, թե՛ բարոյական, թե՛ նաև քաղաքական է։
  • Մենք տարիներ շարունակ ապրում էինք եռամիասնության բանաձևով՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ։ Արցախը կորցրել ենք, Սփյուռքը Հայաստանից պոկում են հենց հիմա՝ նոր օրենքներ են ընդունում, և այլն․․․ տեղի է ունենում Հայաստանի տրամաբանական մասնատումը։
  • Կա միջնադարյան արտահայտություն` ոսկով բեռնված էշը ցանկացած ամրոց կզավթի․ Հայաստանում 8 տարի շարունակ զավթվում են ինստիտուտներ, այդ ինստիտուտները զավթվում են նախ՝ ծաղկման մասին պատմվածքներով, ներառական աճի մասին, եվրոպական ինտեգրման մասին և այլ խոստումներով։ Սկզբից զավթվել է կառավարությունը, հետո՝ խորհրդարանը, Երևանի քաղաքապետարանն ու բոլորը։ Ինչի՞ եմ ասում`զավթվել է, որովհետև բոլորի նկատմամբ կիրառվել են փողոցային հարձակումներ, և հիմա տեղի է ունենում փորձը` զավթել վերջին հայկական ինստիտուտը, որը չի ստորադասվել զավթիչներին` Հայ Առաքելական եկեղեցին։ Ու քանի որ զավթողական այս քաղաքականության նկատմամբ Հայ Առաքելական եկեղեցին «հակապետական» կառույց է, ապա, իհարկե, այս իշխանությունները չեն կարող հանդուրժել։ Հիշեցնեմ նաև, որ Արցախի ներկայացուցչությունը ևս իրենց համար հակապետական կառույց է և պետք է վերացվի։

  • Հիմա ինչո՞ւ է փորձում այս հարցը բարձրացնել եվրոպական մակարդակի։ Իհարկե, որպեսզի էս քաղաքականությունը լեգիտիմացնի, և եկեք ինքներս մեզ չխաբենք․ Արևմուտքն ամեն ինչից լավ տեղյակ է և քաղաքական մակարդակով թույլ է տալիս, որովհետև նրանց ձեռք է տալիս, որպեսզի այս քաղաքականությունն իրականացվի։ Նրանց գլխավոր նպատակը ճանապարհի հարցն է, որն այս պահին կոչվում է Թրամփի միջանցք, իսկ առաջ պետք է լիներ Գոբլի պլանով, կամ՝ մյուս տարբեր ծրագրերով։ Այսինքն` դա շատ վաղուցվա ծրագիր է, իրենց պետք է դա, որպեսզի մուտք ունենան Միջին Ասիա, և այլն։ Հայաստանը դիտարկվում է իրենց համար՝ որպես քար ճանապարհին, որը պետք է հեռացնել․ Փաշինյանը նաև դրա միջոցն է։
  • Բայց բացի իշխանական խմբերից, Արևմուտքում կան տարբեր սոցիալական խմբեր և կան բազմաթիվ քրիստոնեական կազմակերպություններ, որոնք արդեն արտահայտել են իրենց վերաբերմունքը և ասում են՝ սա անթույլատրելի է։
  • Պետությունը կառավարվում է օրենքներով, և կա պետության ու իրավունքի տեսություն, որով ամեն ինչը կարելի է հասկանալ, թե ինչպես պետք է կառավարվի պետությունը։ Դու չես կարող ասել` դե, ես ուզում եմ սա անել, ուրեմն իրավունք ունեմ, որովհետև ինձ ձայն են տվել։ Այսինքն՝ նախ զուտ մեխանիզմը, որ ինքը քվե է ստացել, ոչ մի բան չի նշանակում, որ ինքն ունի իրավունք՝ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ որևէ բան անի։ Հաջորդ հանգամանքը` ինչքանով արդար է ընտրություն եղել։ Ընտրությունների ժամանակ տեղի է ունեցել տոտալ արտաքին միջամտություն Հայաստանի ներքին քաղաքական գործընթացի մեջ անդադար։
  • Հայ քաղաքացին այս ամբողջ ճնշման տակ, պատերազմի սպառնալիքի տակ, բռնաճնշումների, ընդդիմության հալածանքի տակ ու պլյուս տեղեկատվական տեռորի շրջանակներում է գնացել ընտրության։
  • Մարդկանց թելադրում են, որպեսզի հիշողությունը կորցնեն, չմտածեն` երեկ ի՞նչ է տեղի ունեցել, նախորդ օրը, 10 տարի առաջ, 100 տարի առաջ ի՞նչ է տեղի ունեցել, 1000 տարի առաջ․ իրենք ասում են` Հայաստանը սկսում է 2018 թ.-ով։ Եթե մենք մեր հիշողությունը կորցնում ենք, ժողովուրդը չի կարողանում կողմնորոշվել, և նրանց ասում են` դուք ընտրեք Փաշինյանին, որովհետև ինքը ձեր լեզվով է խոսում, և այլն։ Մյուս կողմից էլ, թե՝ եթե դուք ընտրեք ընդդիմությանը, կլինի պատերազմ, մենք ձեզ կբանտարկենք կամ գործից կզրկենք, և այլն։ Այսինքն` նրանց տրվում է սխալ երկընտրանք, և նրանք չեն անում գաղափարական ընտրություն։
  • Սա ժողովրդավար գործընթաց չէ, ժողովրդի ընտրություն չէ ու դրա հետ որևէ կապ չունի։ Սա իրականում թավշյա ժողովրդավարական ձեռնոց է Ալիևի երկաթյա բռունցքի վրա։
  • Մանրամասները՝ տեսանյութում



—

Ոչ ոք չի՛ մոռացվել, ոչինչ չի՛ մոռացվել

Հոկտեմբեր 2, 2026

«Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն Էդգար Ղազարյանը և Դավիթ Սարգսյանը քննարկում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի անարգումը, վարչախմբի կողմից նրանց մոռացման քաղաքականությունը, զոհերի ծնողների հանդեպ պարբերաբար դրսևորվող բռնությունները, անարգանքը, քրեական գործերը, նահատակների փառքի անկյունների ապամոնտաժումը կրթական հաստատություններից, և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում




—

Դատարանը վերացրել է Սերժ Սարգսյանի բացակայելու արգելքը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սերգսյանի գործով դատական նիստը: Այս դատական նիստում Սարգսյանի պաշտպանական թիմը միջնորդել էր, որ Սարգսյանի նկատմամբ քրեական գործը կարճվի:


Դատարանը, սակայն, այս միջնորդությունը չբավարարեց, բայց վերացրեց Սերժ Սարգսյանի բացակայելու արգելքը:


Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա 2000-2007 թվականներին, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, անտեսել է կառավարության համապատասխան որոշումների պահանջները և օտարել ՊՆ հաշվեկշռում գտնվող՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող Գյումրու «Սև բերդ» ամրոցն ու հարակից հողատարածքը։


Մեղադրանքի համաձայն՝ դրա հետևանքով պետության օրինական շահերին էական վնաս է պատճառվել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

—

Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կգործուղվի Վրաստան՝ Թբիլիսի։


Համապատասխան որոշումը հոկտեմբերի 2-ին ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

—

Հայաստանում դեղերն ավելի թանկ են, քան Վրաստանում․ ինչո՞ւ են գներն աճում

Հայաստանում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների թանկացման ֆոնին առանձնահատուկ մտահոգիչ է դեղորայքի գների հարցը։ Շատ քաղաքացիների համար անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերումը դարձել է լուրջ ֆինանսական բեռ, իսկ որոշ դեպքերում՝ լրացուցիչ ծախս, որից պարզապես հնարավոր չէ խուսափել։ Այս մասին գրել է Past.am-ը։


«Խնդրի մասշտաբը պատկերացնելու համար բավական է համեմատել նույն անվանումով դեղերի արժեքը մեր և հարևան երկրում։ Պատկերը, մեղմ ասած, մտահոգիչ է․


Սրտանոթային խնդիրներ ունեցողների համար լայնորեն կիրառվող «Կոնկորը» Հայաստանում արժե 4,900 դրամ, մինչդեռ Վրաստանում այն կարելի է ձեռք բերել 4,322 դրամով։ Նույն խմբի դեղերից «Պրեստանսի» դեպքում հայաստանյան սպառողը վճարում է 5,700 դրամ՝ վրացական 4,354 դրամի դիմաց, «Նեբիլետ Պլյուսը» մեզ մոտ արժե 4,350 դրամ, իսկ Վրաստանում՝ 3,809 դրամ, իսկ «Կո-Ամլեսսան» Հայաստանում վաճառվում է 4,850 դրամով՝ հարևան երկրի 3,522 դրամի համեմատ։


Արյան ճնշման և ռիթմի կարգավորման հանրաճանաչ միջոցներից «Էնապի» գինը Հայաստանում կազմում է 900 դրամ, իսկ Վրաստանում՝ ընդամենը 483 դրամ։ «Կորդարոնի» պարագայում տարբերությունը նույնպես ակնհայտ է՝ 2,700 դրամ՝ 2,098 դրամի դիմաց, իսկ «Կոպլավիքսը» մեզ մոտ արժե 9,400 դրամ, մինչդեռ Վրաստանում՝ 8,670 դրամ։


Ավելի ցնցող են տարբերությունները շաքարային դիաբետի և խոլեստերինի իջեցման համար նախատեսված դեղերի դեպքում։ Օրինակ՝ «Մետֆորմին Դենկի» արժեքը Հայաստանում 4,260 դրամ է, իսկ Վրաստանում՝ գրեթե երեք անգամ էժան՝ 1,596 դրամ։ Խոլեստերինը կարգավորող «Ատորիսը» Հայաստանում արժե 2,800 դրամ, իսկ Վրաստանում՝ 1,546 դրամ, մինչդեռ «Ռոզուլիպի» դեպքում գները համապատասխանաբար կազմում են 7,800 դրամ և 7,660 դրամ։


Ինչ վերաբերում է հակաբիոտիկներին և ստամոքսաղիքային դեղամիջոցներին, ապա լայնորեն կիրառվող «Ամոքսիկլավը» Հայաստանում վաճառվում է 4,140 դրամով, իսկ Վրաստանում՝ 2,472 դրամով։ Ստամոքսի խնդիրների դեպքում նշանակվող «Օմեպրազոլի» ներկայացված գինը Հայաստանում հասնում է 5,360 դրամի, մինչդեռ Վրաստանում այն արժե ընդամենը 1,141 դրամ՝ ավելի քան 4․5 անգամ էժան։ Նույն ոլորտի «Լանզոպտոլ» դեղամիջոցը մեզ մոտ արժե 4,250 դրամ, իսկ հարևան երկրում՝ 1,907 դրամ։


Շնչառական և ալերգիկ խնդիրներ ունեցողների համար պատկերը պակաս մտահոգիչ չէ։ Ասթմայի դեպքում կիրառվող «Սերետայդ» աերոզոլը Հայաստանում արժե 15,050 դրամ, իսկ Վրաստանում՝ 8,823 դրամ (տարբերությունը՝ մոտ 75 տոկոս)։ «Սալբուտամոլը» մեզ մոտ վաճառվում է 2,500 դրամով՝ վրացական 1,674 դրամի դիմաց։ Ալերգիայի դեմ նախատեսված «Ալեր Ջի»-ն (Վրաստանում՝ «Ալերտեկ») Հայաստանում արժե 2,990 դրամ, իսկ Վրաստանում՝ ավելի քան երեք անգամ մատչելի՝ 940 դրամ։


Մաշկային և հակավիրուսային միջոցներից «Ացիկլովիր Դենկը» Հայաստանում արժե 4,100 դրամ՝ Վրաստանի 2,428 դրամի համեմատ, իսկ «Կլոտրիմազոլը» մեզ մոտ վաճառվում է 1,000 դրամով, մինչդեռ հարևան երկրում՝ 726 դրամով։


Ներկայացված տվյալների համաձայն՝ նշված բոլոր 18 դիրքերի դեպքում էլ Հայաստանում արձանագրված գինը նկատելիորեն բարձր է Վրաստանի համեմատ։


Այս թվերը կարևոր հարց են առաջացնում՝ ինչո՞ւ նույն կամ համադրելի դեղամիջոցների համար Հայաստանի քաղաքացիները որոշ դեպքերում ստիպված են զգալիորեն ավելի բարձր գին վճարել։


Պարզվում է՝ խնդրի պատճառներից մեկը Հայաստանի դեղորայքի շուկայի կարգավորման և ներմուծման քաղաքականությունն է։ Գործող քաղաքականությունը սահմանափակում է միջազգային, այդ թվում՝ եվրոպական արտադրողների և մատակարարների համար հայկական շուկա մուտք գործելու հնարավորությունները, ինչն իր հերթին կարող է սահմանափակել մրցակցությունը և գնային ճնշումը։


Դեղորայքը շքեղություն չէ։ Անհրաժեշտ դեղամիջոցների հասանելիությունն առաջին հերթին սոցիալական և առողջապահական խնդիր է»։

—

Հայաստանում ծնելիությունը 7 ամսում նվազել է 2,4%-ով

Հայաստանում 2026 թվականի հունվար-հուլիսին ծնվել է 17 հազար 96 երեխա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 17 հազար 523-ի փոխարեն։ Ծնունդների թիվը նվազել է 427-ով կամ 2.4%-ով։


Տվյալները հրապարակել է Հայաստանի վիճակագրական կոմիտեն։


Հաշվետու 7 ամիսներին Հայաստանում գրանցվել է նաև մեռելածնության 203 դեպք։ Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14.7%-ով։


Միաժամանակ, 2026 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում մահացել է 14 հազար 484 մարդ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 15 հազար 143-ի փոխարեն։ Մահացության ցուցանիշը նվազել է 4.4%-ով։


Այսպիսով, հաշվետու ժամանակահատվածում ծնվածների թիվը մահացածների թվից գերազանցել է 2 հազար 612-ով։ Բնակչության կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 118%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 115.7%-ի դիմաց։


Մահվան հիմնական պատճառների շարքում 2026 թվականի հունվար-հուլիսին առաջին տեղում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները՝ 7 հազար 372 դեպքով կամ մահերի 50.9%-ով։ Երկրորդ տեղում նորագոյացություններն են՝ 3 հազար 209 դեպք կամ 22.2%։

—

Verelq: Հայաստանում վարորդական քննությունների նոր հարցերն ուժի մեջ կմտնեն 30

Վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննությունների նոր հարցաշարերն արդեն հրապարակվել են roadpolice.am հարթակում։ Դրանք հասանելի են հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն և պարսկերեն լեզուներով։


Հարցաշարերը բաժանված են երկու հիմնական խմբի՝ A, B, C և D, T։


• A, B, C կարգերի խմբի հարցաշարը ներառում է 1050 հարց, որոնցից 11-ը նոր են։ Այն նախատեսված է մոպեդներ, մոտոցիկլներ, տրիցիկլներ, քվադրիցիկլներ, ինչպես նաև թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ՝ առանց կցորդի, վարելու իրավունք ստանալու համար։


• D, T կարգերի խմբի հարցաշարը ներառում է 1380 հարց, որոնցից 437-ը նոր են։ Այն նախատեսված է ավտոբուսներ և տրոլեյբուսներ վարելու իրավունք ստանալու համար։


Նոր հարցերը թեստերում կներառվեն հրապարակումից 30 օր անց։


Հարցաշարերում բարելավվել է նաև հարցերին կից պատկերների որակը։ Դրանք մշակելիս հաշվի են առնվել քաղաքացիների դիտարկումներն ու առաջարկությունները, այդ թվում՝ թարգմանություններում նախկինում արձանագրված սխալների վերաբերյալ արձագանքները։ Կատարվել են համապատասխան շտկումներ, վերացվել են նաև իմաստային բնույթի խնդիրները։


Հիշեցնենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն անցկացվում են նոր կարգով․ նախկինում գործող միասնական հարցաշարը տարբերակվել է ըստ տրանսպորտային միջոցների կարգերի խմբերի։


Նոր մոտեցումը հնարավորություն է տալիս առավել հասցեական գնահատել դիմորդների տեսական գիտելիքները, որոնք անհրաժեշտ են համապատասխան տրանսպորտային միջոցն անվտանգ և օրինական վարելու համար։

—