«Իմ և երեխայիս աչքի առաջ՝ առանց որևէ փաստաթղթի, ամուսնուս տարան, նա անազատութ

Հոկտեմբեր 7, 2026

Համացանցում այսօր մի տեսանյութ էր հայտնվել, որտեղ ոստիկանները փորձում էին մի քաղաքացու բերման ենթարկել, սակայն տվյալ քաղաքացին պահանջում էր համապատասխան ծանուցում, որպեսզի գնա ոստիկանների հետ։ Նման փաստաթուղթ ոստիկանները քաղաքացուն ցույց չտվեցին և տարան։

Տեսանյութում երևում է, որ տղամարդու գրկին մանկահասակ երեխա է, ոստիկանները նրան հորդորում են՝ երեխային թողնի և իրենց հետ գնա, սակայն քաղաքացին փաստաթուղթ է պահանջում:

«Ինձ որոշումը ցույց տվեք, իմ ոտքով հենց հիմա գամ»,- ասում է քաղաքացին, ով, ինչպես պարզեցինք, Հարութ Մարությանն է:

Տեսանյութը նկարահանել և հրապարակել էր քաղաքացու կինը՝ Միլա Աբաջյանը։

Կարդացեք նաև

  • Հայ ռազմագերիներին Բաքվում դատում են քաղաքական պատվերով դատական ակտեր կայացրած դատավորները. Սիրանուշ Սահակյան

168.am-ը Միլա Աբաջյանից փորձեց պարզել՝ ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ են ամուսնուն տարել ոստիկանները, ինչին ի պատասխան՝ նա ասաց.

«Ոստիկաններն ապօրինի գործողություններով իմ և երեխայիս աչքի դիմաց՝ առանց որևէ փաստաթղթի և հիմնավորման, տարել են ոստիկանություն, և նա անազատության մեջ է»։

Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն այս դեպքի առնչությամբ 168.am-ին փոխանցեց, որ տեսանյութն ուսումնասիրվում է։

—

«Դեռ երկաթգծի հարց կա, որն ավելի լուրջ է, քան գազի հարցը. Հայաստանն ուղղակի ա

Հոկտեմբեր 7, 2026

Սեպտեմբերի 1-ին Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ասել էր, որ կմեկնի Մոսկվա, որտեղ ՌԴ նախագահի հետ կշարունակի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։ Ոչ պաշտոնական խոսակցությունների մակարդակում նշվում է, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի վերջին։ Թեպետ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ Փաշինյանի այցը Մոսկվա Պուտինի հետ հանդիպման նպատակով դիվանագիտական շփումների շրջանակում առայժմ չի քննարկվում։

Այս ամենին զուգահեռ, Ռուաստանը շարունակում է սանկցիաներ կիրառել հայ արտադրողների նկատմամբ՝ արգելելով հայկական միրգ-բանջարեղենի, կաթնամթերքի արտահանումը ռուսական շուկա, նաև չեն դադարում խոսակցությունները, որ Ռուսաստանը հնարավոր է բարձրացնի Հայաստանին տրվող գազի գինը։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպման, գազի գնի թանկացման վերաբերյալ խոսակցությունների մասին նախ ասաց՝ բոլորը շեշտը դնում են գազի գնի բարձրացման կամ այն սանկցիաների վրա, որոնք Ռուսաստանը կիրառում է Հայաստանի նկատմամբ և որոնք կարող են խորանալ, ինչը շատերը բացատրում են ԵՄ-ԵԱՏՄ երկընտրանքով։

«Ակնհայտ է, որ Հայաստանը ԵՄ չի գնալու և երբեք ԵՄ անդամ չի լինելու, առհասարակ դեռ պարզ էլ չէ, թե ԵՄ-ի ճակատագիրն ինչպիսին է լինելու։ Հարց է՝ մի քանի տարի հետո ԵՄ-ն այս տեսքով կլինի՞, թե՞ առհասարակ չի լինի։

Կարդացեք նաև

  • «Մեր երկրի ղեկավարը պետք է ինքնասիրություն ունենա, 2020 թվականին անհետ կորածներին պահանջի, հետո Ալիևին թույլ տա, որ խոսի 90-ականների անհետ կորածներից». Անահիտ Ադոյան
  • Ալիևը պահանջել է պատասխանատվության ենթարկել ՀՀ-ին՝ ադրբեջանցի պատանդներին խոշտանգելով սպանելու համար․ Փաշինյանը առևանգման «ռիսկ է ստեղծել» հայ զինվորների համար
  • «Д-30»-ները երկու հաղթական պատերազմի են մասնակցել, երևի այդ ատելությունից էր՝ Ալբերտի նկարը ջնջեցիր. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին

Հարց է առաջանում, թե խնդիրը ո՞րն է, խնդիրն այն է, որ Արևմուտքը, առաջին հերթին՝ Եվրոպան, ԵՄ-ն կամ ԵՄ-ի բյուրակրատիան ըստ էության պատերազմի մեջ է գտնվում և ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայում պատերազմի մեջ։ ԵՄ ղեկավարությունն այս պատերազմում հստակորեն ասում է, որ իրենց նպատակն է, որպեսզի Ռուսաստանին կտրեն իր հարևաններից և թշնամանք ստեղծեն՝ անկախ նրանից, ՌԴ-ն կամ ԵՄ-ն լա՞վն են, թե՞ վատը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ստեփան Դանիելյանը։

Ըստ քաղաքագետի, պատերազմի նոր օջախներ պետք է լինեն, ԵՄ-ից հստակ ասվում է, որ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Ռուսաստանի ազդեցության բոլոր հնարավոր միջոցները կտրեն և՛ Հարավային Կովկասից, և՛ Կենտրոնական Ասիայից։ Այսինքն՝ Ռուսաստանը լինի շրջափակման մեջ, այդ թվում՝ տնտեսական։

Ուստի նրա խոսքով, այս համատեքստում, Ռուսաստանն էլ իր հերթին՝ սեփական շահերից ելնելով, փորձում է այդ ամենը թույլ չտալ, հետևաբար՝ խնդիրը ոչ թե ԵՄ գնալը կամ ԵԱՏՄ-ից դուրս գալն է, այլ աշխարհաքաղաքական պայքարի մասնակից լինելը։

«Հիմա Հայաստանն ընդունելով այդ օրենքը՝ «5-րդ շարասյան» կողմից կազմակերպված ստորագրահավաքով, ընդունեց անիմաստ օրենք, մի օրենք, որը որևէ տրամաբանություն չունի։ Բայց այդ օրենքը քաղաքական ակտ էր, որ Հայաստանը մտնում է աշխարհաքաղաքական պայքարի մեջ, և Ռուսաստանը խնդիր է դրել Հայաստանի առաջ, պարզաբանում պահանջելով հետևյալ հարցի մասին՝ Դուք իմ դեմ մղվող պատերազմին մասնակցո՞ւմ եք, թե՞ նեյտրալ եք։

Հարցը հետևյալն է, այսինքն՝ այդ օրենքը սիմվոլիկ նշանակություն ունի, բովանդակային որևէ նշանակություն չունի։ Պայմանական ասած, եթե Հայաստանը փորձում է այդ օրենքով շարժվել, ապա Ռուսաստանն ասում է՝ սանկցիաները կխորացնի իր հնարավորությունների սահմաններում։ Գազը կարող է շուկայական լինել, դեռ երկաթգծի հարց կա, որն ավելի լուրջ է, քան գազի հարցը։ Հայաստանի տնտեսությունը զարգացել է ԵԱՏՄ-ի շնորհիվ, առանց վիզաների մուտքը Ռուսաստան, մարդիկ, որոնք Ռուսաստանում աշխատում են և գումար ուղարկում Հայաստան և այլն»,- հավելեց քաղաքագետը։

Թե Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում այս և մի շարք այլ հարցեր ինչպե՞ս են լուծվելու, քաղաքագետը չի պատկերացնում։

«Ատոմակայանի կառուցում՝ դա նշանակում է կախվածություն, կամ երկաթուղու հարցը պետք է փակվի, նման պայմանավորվածություններ պետք է լինեն։ Մեկ բան հստակ է, որ Հայաստանն ուղղակի այլ տարբերակ չունի։ Մեկ օրինակ բերեմ, 2019 թվականին Ուկրաինայի Սահմանադրության մեջ՝ 5-րդ հոդվածում, նշվեց, որ Ուկրաինան գործընթաց է սկսում՝ գնալ դեպի ՆԱՏՕ և ԵՄ, ինչը բերեց պատերազմի։ Հիմա և՛ Միացյալ Նահանգները, և՛ եվրոպական մյուս երկրները հետընթաց են արձանագրում։ Հիմա Ուկրաինայում այլ գործընթաց է սկսվել, որ այդ հոդվածը փոփոխեն։ Հիմա թե Հայաստանում ինչ կանեն, դժվար է  ասել, քանի որ չգիտենք, թե ինչ պայմանավորվածություններ ձեռք կբերեն»,- ընդգծեց Ստեփան Դանիելյանը։

—

Զինված ադրբեջանցին դիմադրություն ցույց չի տվել, սա ցուցիչ է, որ նա դիվերսանտ

Հոկտեմբեր 7, 2026

Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր, ԱԺ-ում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Պապիկյանի խոսքով՝ թերացումներ, բնականաբար, եղել են. «Այդ թերացումները ունեցել են և կունենան հետևանքներ, բայց ամբողջական հետևանքների մասին կարող ենք խոսել ծառայողական քննությունից հետո»։

Նա նշեց նաև, որ մանրամասներ հնարավոր կլինի տրամադրել ծառայողական քննությունից և քննչական գործողությունների ավարտից հետո։

—

Մինչև 399.000 եվրո․ Հայաստանը 2025 թվականին ևս կլորիկ գումար է վճարել «Rasmus

Հոկտեմբեր 7, 2026

Եվրամիության թափանցիկության ռեգիստրի տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը փակված՝ 2025 ֆինանսական տարում շարունակել է մնալ միջազգային քաղաքական խորհրդատվական «Rasmussen Global» կազմակերպության հաճախորդների ցանկում։ Այս կազմակերպությունը հիմնադրվել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար և Ուկրաինայի նախագահի նախկին ոչ հաստիքային խորհրդական Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից։

Ըստ հրապարակված հաշվետվության՝ Եվրոպական հարևանության քաղաքականություն, Խաղաղության եվրոպական հիմնադրամ և ԵՄ առևտրային քաղաքականություն ծրագրերի շրջանակներում խորհրդատվության համար Հայաստանի Հանրապետությունը 2025 թվականին «Rasmussen Global»-ին վճարել է 300,000-ից մինչև 399,999 եվրո։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը, նախորդ՝ 2024 թվականի տվյալներով, Երևանի և Բրյուսելի միջև կապերի սերտացման տրամաբանության մեջ նույնատիպ թեմաներով խորհրդատվական ծառայությունների դիմաց ընկերությունը որպես ՀՀ-ից ստացած եկամուտ նախանշել էր 400,000-499,999 եվրո գումարը։

ՀՀ կառավարության և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի մասնավոր համագործակցությունը սկսվել է 2023 թվականին։ 2023 թվականի մարտի 13-14-ին Անդերս Ֆոգ Ռասմուսենն աշխատանքային այցով ժամանեց Հայաստան, որի ընթացքում դատապարտեց Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և Ադրբեջանին կոչ արեց անհապաղ բացել Լաչինի միջանցքը։

Կարդացեք նաև

  • ՄԵԾ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ. Իրանը չի թողնի, ռուսները կուլ չեն տա. իսկ չեղարկել TRIPP-ը՝ կնշանակի ապտակել Թրամփին. Բենիամին Պողոսյան
  • «Մեր երկրի ղեկավարը պետք է ինքնասիրություն ունենա, 2020 թվականին անհետ կորածներին պահանջի, հետո Ալիևին թույլ տա, որ խոսի 90-ականների անհետ կորածներից». Անահիտ Ադոյան
  • Ալիևը պահանջել է պատասխանատվության ենթարկել ՀՀ-ին՝ ադրբեջանցի պատանդներին խոշտանգելով սպանելու համար․ Փաշինյանը առևանգման «ռիսկ է ստեղծել» հայ զինվորների համար

2025 թվականի մարտին էլ տեղի է ունեցել Ռասմուսենի վերջին աշխատանքային այցը Հայաստան։ Այցի շրջանակներում նա հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Կողմերը քննարկել էին տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծին և Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր։

—

Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչ

Հոկտեմբեր 7, 2026

Միքայել Մինասյանը գրում է.

Արդեն 3 օր է՝ համացանցում տարածվում է AI-ով գեներացված մի կեղծ լուսանկար, որը ստեղծել ու տարածել են անազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները՝ իբր թե ես Փարիզում հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանին։

Դիմում եմ այն բոլոր մարդկանց, որոնք տեսել են այս «լուսանկարը», կասկածել են դրա իսկությանը կամ տարածել են այն՝ առանց պատվեր կատարելու։

Փաստ 1. Լուսանկարը ֆեյք է, գեներացվել է արհեստական բանականությամբ։

Փաստ 2. Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին։

Փաստ 3. Նիկոլ Փաշինյանն ինձ համար հայրենիքի ու պետության դավաճան է, և նրա հետ անգամ ֆեյք լուսանկարում հայտնվելն անձնական վիրավորանք է։ Ինչպես ինքս եմ խոստովանել, իմ միակ սխալը եղել է տարիներ առաջ նրա թերթին միջնորդավորված գումար տալը՝ տարեկան մի քանի հազար դոլար։ Սա փաստ է, որը խոստովանել եմ ինքս՝ հանրությանը ցույց տալու Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը, երբ շատերը դեռ հեղափոխական էին, իսկ Նիկոլը՝ նրանց հերոսը։ Ես շանտաժի դիմաց թերթին փող տվողներից ընդամենը մեկն էի, բայց այդ մասին բարձրաձայնողներից՝ միակը։

Փաստ 4. AI-ով նկարը ստեղծել են Քոչարյանի աջակիցները՝ այն հրապարակելով իրենց տելեգրամյան ալիքներով, «5-րդ ալիքի» հրապարակումները տարածող կեղծ էջերով և վարձատրվող աջակիցների միջոցով։

Փաստ 5. Ստեղծելու ու տարածելու հրահանգ տվողի և իրականացնողների անուններն ինձ հայտնի են։ Նրանց մտավոր կարողությունների լավագույն ապացույցը Քոչարյանի չդադարող քաղաքական ձախողումներն են, չիրականացած քաղաքական կանխատեսումներն ու անհիմն բանտարկությունները, հետևաբար՝ լուզերներին ասելիք չկա։

Գրառումս ուղղված է այն ազնիվ մարդկանց, որոնց մինչև 2018 թ. միայն նիկոլականներն էին թունավորում ու մանիպուլացնում, իսկ հիմա՝ նաև սրանք։

Լուսանկարը ֆեյք է՝ գեներացված արհեստական բանականությամբ։

Հ.Գ. Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ։

—

Ադրբեջանցի ասկյարներ և մերկ սահմաններ՝ «խաղաղության» փոխարեն

Հոկտեմբեր 7, 2026

Օրեր առաջ Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումն ու տեղի կին բնակչի սպանության փորձը խաղաղության կեղծ թմբիրից արթնանալու հրամայականի հերթական ահազանգն էր։

Այս միջադեպը վկայում է սահմանային պատշաճ վերահսկողության բացակայության մասին։

Զինված ադրբեջանցի զինծառայողը կարողացել է հատել սահմանը, մինչև 20 կմ խորանալ Հայաստանի տարածք և հասնել բնակավայր՝ առանց ժամանակին հայտնաբերվելու և մեկուսացվելու։

Վարչախումբը, թերևս, այսպես է պատկերացնում «խաղաղության դարաշրջանը»։

Մանրամասները՝ տեսանյութում




—

Ալիևը պահանջել է պատասխանատվության ենթարկել ՀՀ-ին՝ ադրբեջանցի պատանդներին խոշ

Հոկտեմբեր 7, 2026

Բաքվի՝ անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները մեր ուշադրության կենտրոնում են, քանի որ այն ալիևյան ռեժիմի արտաքին և ներքին քաղաքական օրակարգում կարևոր գործոն է: Բազմիցս գրել ենք, որ այս համատեքստում Բաքուն ուզում է հասնել Հայաստանի նկատմամբ «արդարադատության»։

Ավելի կոնկրետ՝ Ադրբեջանը պահանջում է, ազգային դատարաններում և միջազգային իրավակիրառ մարմիններում պատասխանատվության ենթարկել հայ հրամանատարներին և ազատամարտիկներին:

Ավելի ուշ նաև այս համատեքստում հայտնել ենք, որ Բաքուն Հայաստանից կոնկրետ գեներալների է պահանջում:

Եվ եթե հիշատակված բոլոր դեպքերում Ալիևի պահանջն անուղղակի էր, ապա այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ադրբեջանի նախագահն Անհայտ կորածների հարցերով 4-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին իր ուղերձում անձամբ է նման պահանջ դրել, շեշտելով, որ չնայած հակամարտության ավարտին՝ անհայտ կորած համարվող Ադրբեջանի քաղաքացիների ճակատագրի պարզման հարցը շարունակում է մնալ երկրի պետական կարևորության հարցերից մեկը: Բնականաբար, խոսքը վերաբերում է ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակաշրջանից անհայտ կորածներին, որոնց թիվն, ըստ Բաքվի ռեժիմի, 4010 է:

Կարդացեք նաև

  • «Մեր երկրի ղեկավարը պետք է ինքնասիրություն ունենա, 2020 թվականին անհետ կորածներին պահանջի, հետո Ալիևին թույլ տա, որ խոսի 90-ականների անհետ կորածներից». Անահիտ Ադոյան
  • «Д-30»-ները երկու հաղթական պատերազմի են մասնակցել, երևի այդ ատելությունից էր՝ Ալբերտի նկարը ջնջեցիր. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին
  • Մինչև 399.000 եվրո․ Հայաստանը 2025 թվականին ևս կլորիկ գումար է վճարել «Rasmussen Global»-ի խորհրդատվական ծառայությունների դիմաց

«Տևական խաղաղություն հաստատելու համար, բացի քաղաքական համաձայնություններից, անհրաժեշտ է հակամարտության հումանիտար հետևանքների լուծում։ Անհետ կորածների ճակատագրի պարզումն այս գործընթացի անբաժանելի մասն է և նրանց ընտանիքների առջև մեր բարոյական պատասխանատվությունը։ Այս պահի դրությամբ հայտնաբերվել է 32 զանգվածային գերեզման։ Մարդկային մնացորդների փորձաքննությունը ցույց է տվել, որ սպանված ադրբեջանցիները ենթարկվել են խոշտանգումների։ Կալանավորվածներին և պատանդներին միջազգային կազմակերպություններից թաքցնելը, նրանց խոշտանգումների իրականացմամբ սպանելը և հանցագործությունների հետքերը թաքցնելը միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ են։ Այս գործողությունները պետք է ենթարկվեն իրավական գնահատականի»,- հայտարարել է Ալիևը:

Նրա այս պնդումներն արտացոլվել են նաև Շուշիի բանտի մասին վավերագրական ֆիլմում, որի հեղինակը լիտվացի լրագրող Ռիչարդաս Լապայտիսն է, ով վաղուց վայելում է Ալիևի հովանավորությունն ու ֆինանսավորումը, անգամ Ալիևի կողմից պարգևատրվել է:

 Շուշիի բանտին առնչվող հայկական կողմին վերագրվող մեղադրանքների ամբողջ շրջանակին և իրականում ադրբեջանական կողմի իրականացրած հանցագործություններին անդրադարձել ենք «Հայերի «պահած» Շուշիի բանտից՝ մինչև Բաքվի բանտ. Ալիևի «ինքնախոստովանական արդարացումը» վերտառությամբ հոդվածում: 

Իսկ Ալիևը շարունակել է, թե անհայտ կորածների որոնման արդյունավետությունն ուղղակիորեն կախված է ճշգրիտ տեղեկատվություն ստանալուց, և Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, պայմաններ ստեղծի համապատասխան արխիվների բացման և վկայությունների հավաքագրման համար։

«Դա կդառնա իրավական պարտավորություն և հումանիտար պատասխանատվություն, ինչպես նաև՝ խաղաղության հանձնառության գործնական արտահայտություն: Մարդկային ճակատագրերին վերաբերող տեղեկատվությունը չպետք է պայմանավորվի քաղաքական հանգամանքներով»,- շարունակել է Ադրբեջանի ղեկավարը:

Այսինքն, մի կողմից՝ Բաքուն անհայտ կորած Ադրբեջանի քաղաքացիների ճակատագրի պարզման հարցը դիտարկում է որպես խաղաղության հաստատման գործընթացի մաս՝ հղում տալով վաշինգտոնյան փաստաթղթերին, ինչի ռիսկերի մասին ահազանգել ենք, մյուս կողմից՝ Ալիևը Հայաստանին սպառնում է իրավական պատասխանատվությամբ, միաժամանակ հայտարարելով, թե չպետք է այս հարցը քաղաքական հանգամանքներով պայմանավորել:

Բայց այստեղ Բաքուն մոռանում է, որ հայկական կողմը ևս ղարաբաղյան առաջին պատերազմի և 2020 թվականի 44-օրյա մարտական գործողությունների ժամանակաշրջաններից անհայտ կորած անձինք ունի: Իհարկե, Ալիևը կարող է դրոշակ դարձնել այն հանգամանքը, որ հայկական կողմին 2000 զինծառայողի մասունք են հանձնել, որոնք, ըստ էության, առնչություն ունեն 2020 թվականի հետ:

Ադրբեջանը նաև կարող է ասել, որ 2026 թվականի հունվարին Հայաստանի փոխանցած՝ հայկական ծագում ունեցող 50 անձանց ԴՆԹ պրոֆիլների փորձաքննությունների ընթացքում հայտնաբերված աճյունների հետ համընկնումներ չեն եղել: Բայց իրականությունում նաև այլ փաստեր և ապացույցներ կան, այդ թվում՝ հայ գերիների խոշտանգումների և սպանությունների հետ կապված:

Ի դեպ, Թուրքիայի նախկին արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ևս անհայտ կորած անձանց ճակատագրերի հարցը կապել է խաղաղության գործընթացի հետ: Այս դեպքում պարտավորություն ունի նաև Բաքուն, և պայմաններ դնելու իրավունքներ ունի նաև Երևանը, այլ հարց է՝ որքանով ենք մենք օգտվում մեր այս իրավունքից:

Փոխարենը՝ Infocom-ի Ctrl Z հաղորդման ժամանակ անդրադառնալով Շաքիի միջադեպին, Նիկոլ Փաշինյանը հայ զինծառայողների՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքերը համեմատել է ադրբեջանցի զինվորների՝ ՀՀ-ում հանցագործ ելքով դեպքերի հետ: Նա, մասնավորապես, ասել է.

«Ադրբեջանի կողմից էլ են անցել, մեր կողմից էլ։ Եվ մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնելու դեպքերն անջատ ենք նայելու բոլոր դեպքերից (նկատի ունի Բաքվում պահվող հայերի հետ փոխանակելը.- Մ.Պ.): Ենթադրենք՝ գերիներից մեզ տվեք, որ այս զինվորին տանք։
Վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք մենք տալու։

Եղել է, որ զինվորն անցել է, ոչինչ չի արել, հանցագործություն չի արել, մենք զինվորին վերադարձնում ենք։ Եթե մենք անցած, մոլորված զինվորին նախապայմանով տանք, որ գերի վերադարձնեն, ծառայություն է, մեր մոտից էլ կարող է զինվոր անցնել, բա մե՞նք ում ենք տալու, որ զինվորին հետ բերենք»:

Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ՞, որ և՛ նախկին, և՛ հենց իր իշխանության օրոք ՀՀ ԶՈւ զինվորները հիմնականում մոլորվել են կամ առևանգվել, ընդ որում՝ ՀՀ ինքնիշխան տարածքում: Միայն 2021 թվականի մայիսյան առաջխաղացումների ժամանակ ՀՀ ինքնիշխան տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարվել էր 6 զինծառայող:

Նույն պատկերը 2021 թվականի նոյեմբերին ՀՀ տարածք ներխուժման և 2022 թ. սեպտեմբերյան մարտերի դեպքում էր: Բացի այս, 2023 թվականի մայիսին ՀՀ տարածքից գերեվարվել կամ առևանգվել էին Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ՝ Կարեն Աշոտի Ղազարյանը (ժամկետային զինծառայող) և Հարություն Յուրիկի Հովակիմյանը (պայմանագրային զինծառայող): Նրանք սնունդ և ջուր են տանելիս եղել ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքեր, երբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից գերեվարվել են՝ ՀՀ Ճակատեն և Շիկահող գյուղերի միջդիրքային ճանապարհից։

Հիշեցնենք, որ 2023 թ. օգոստոսին պահեստազորային Գագիկ Ոսկանյանն ինքնակամ թողել էր մարտական դիրքը և մոլորվել, ավելի ճիշտ՝ ադրբեջանցիներն այդ պահին մոտեցել էին նրան և տարել: Ընդ որում՝ սնունդ տեղափոխած զինծառայողներին և պահեստազորային Գագիկ Ոսկանյանին, որոնք Ադրբեջանի ոչ մի քաղաքացու տուն չէին մտել, ոչ ոքի չէին սպանել, դիվերսանտ էին ներկայացրել, կամ՝ ահաբեկչություն փորձ կատարած, ազատազրկման դատապարտել: Եթե ավելի հետ գնանք, Ադրբեջանը դիվերսանտ է ներկայացրել անգամ ՀՀ տարածքից առևանգված կամ մոլորված ՀՀ քաղաքացիական անձանց, որոնք հետո բանտում սպանվել են և նրանց դիակներն են Հայաստան վերադարձվել:

Բավական է հիշել 2010 թվականի սեպտեմբերին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 20-ամյա հովիվ Մանվել Սարիբեկյանի դեպքը, որը գերեվարվել էր ադրբեջանցիների կողմից, ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու զինդատախազությունը համատեղ հաղորդագրություն էին տարածել, թե Սարիբեկյանը նախնական կալանքի վայրում ինքնասպանություն է գործել, թեև դրանից առաջ նրան ցույց էին տվել Բաքվի հեռուստատեսությամբ, և նաև հասցրել պնդել, որ «հայ հովիվը հետախույզ է, որը գերեվարվել է դիվերսիոն գործողության ընթացքում»: Հայ հովիվը ենթարկվել էր խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, մարմնի վրա ֆիզիկական բռնության և խոշտանգումների բազմաթիվ հետքեր կային:

Ի դեպ, ընդդիմադիր Փաշինյանն այդ օրերին հայտարարում էր.

«Չեմ հավատում, որ քսանամյա Մանվել Սարիբեկյանը մոլորվել է, և ադրբեջանցիները ձերբակալել են հայ սահմանախախտին: Վստահ եմ, որ անհրաժեշտ է եղել «դիվերսանտ» հայտնաբերել, իրենք են խախտել մեր սահմանը և առևանգել հայ երիտասարդին` հակահայկական անհեթեթ առասպել հյուսելու համար: Ուրեմն` Մանվելի ողբերգական մահվան մեղքը ՀՀ իշխանությունների ուսերին է:

Հասկանում եմ, որ այս հայտարարությամբ հարվածում եմ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի հեղինակությանը` կասկած հարուցելով մեր սահմանների հուսալիության նկատմամբ, բայց հո զոռով չի` չեմ հավատում: Գուցեև սխալվում եմ»:

2014-ին ևս մեկ նման սարսափելի դեպք էր արձանագրվել: Այս անգամ գերեվարվել էր Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը, ով ևս դիվերսանտ էր ներկայացվել, այնուհետև սպանվել ադրբեջանական բանտում:

Եվ հիմա, երբ Փաշինյանն ակնարկում է, որ Շաքիում հանցագործություն կատարած Նասիմ Մուսաևն ինչ-որ պահի կարող է հանձնվել, բացառելով փոխանակումը՝ նշելով, որ «մեր մոտից էլ կարող է զինվոր անցնել, բա մե՞նք ում ենք տալու, որ զինվորին հետ բերենք», ըստ էության, առնվազն այս ընթացքում հայ զինվորներին առևանգելու «հիմք» է ստեղծում: Իհարկե, Բաքվում պահվող հայերի դեպքը չի կարելի նույնականացնել Շաքիում տեղի ունեցածի հետ, բայց այստեղ խոսքն այլ բանի մասին է:

Ի դեպ, Փաշինյանը, ով վերևում հիշատակված դեպքում կասկածի տակ էր դրել սահմանների հուսալիությունը, երբ խոսքը քաղաքացիական անձի մասին էր, Infocom-ին տված հարցազրույցում վտանգավոր խոստովանություն է արել, թե խաղաղության պայմաններում հայ զինվորների զգոնությունն այդ առումով թուլացել է, և ոչինչ, որ ադրբեջանական դիրքերն այսօր շատ մոտ են՝ քթի տակ:

Մի կողմից սա «նշմար» է Բաքվին, մյուս կողմից՝ Փաշինյանը վտանգում է բանակի հեղինակությունը և չեզոքացնում իր կուսակից նախարարի՝ պաշտպանողականության ամրապնդման մասին պնդումները: Եվ էական չէ, որ ադրբեջանցի զինվորի սահմանը հատելու և ՀՀ տարածքում օրեր շարունակ պտտվելու դեպքով դեռ ուղիղ և կոշտ բանակի ղեկավարությունը չի մեղադրվում:

Մյուս կողմից՝ ՔՊ-ական պատգամավորներն այս օրերին մեղադրական սլաքն ուղղել են ԱԱԾ-ին, ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկությունը պայմանավորել սրանով, թերևս, մոռանալով, որ ԱԱԾ-ն ուղիղ ենթարկվում է Փաշինյանին:

Իսկ ընդդիմությունը նույն ժամանակ թիրախավորել էր Պաշտպանության նախարարին, թեպետ դեռ հայտնի չէ՝ ով է հայտնաբերել ադրբեջանցի զինծառայողին՝ բանակի՞ց, թե՞ ԱԱԾ-ից…

—

Ղարաբաղից հետո. սպառազինությունների մրցավազքը Կովկասում թևակոխում է նոր փուլ

Հոկտեմբեր 7, 2026

Կդիմանա՞ն արդյոք հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական կապերը քաղաքական քամիների փոփոխության դեպքում

Վերջին շրջանում Բաքվում նկատելիորեն խստացրել են ռազմատենչ հռետորաբանությունը Երևանի հասցեին, ինչն իր արտացոլումն է գտել նաև Իլհամ Ալիևի մի քանի հրապարակային ելույթներում, մասնավորապես՝ իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության հերթական համագումարում:

Անցած տարվա պետբյուջեի կատարման հաշվետվության համաձայն՝ Բաքվում պաշտպանական նշանակության նախագծերին ուղղվել է մոտ 3 մլրդ դոլար՝ գրեթե 40%-ով ավելի, քան մեկ տարի առաջ:

2023 թվականից պաշտպանության ծախսերը միայն ավելանում են, ինչը չես ասի հարևան Հայաստանի մասին, որի զինված ուժերն ակնհայտորեն լավ վիճակում չեն։ Խաղաղասիրություն դրսևորելով՝ 2025 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ պաշտպանական ծախսերի էական աճ չի լինելու, և, իրոք, ընթացիկ տարում իշխանությունները մոտ 18%-ով կրճատել են պաշտպանական բյուջեն՝ 2025 թվականի 664,6 մլրդ դրամից հասնելով 563 մլրդ դրամի։

Կարդացեք նաև

  • «Д-30»-ները երկու հաղթական պատերազմի են մասնակցել, երևի այդ ատելությունից էր՝ Ալբերտի նկարը ջնջեցիր. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին
  • Ասում ենք՝ ադրբեջանցին հատել է սահմանը, ՔՊ-ից ծիծաղում են. սխալ արտահայտություններ չանեք. Նարեկ Կարապետյան
  • «Մուբարիզի սինդրոմը». ո՞վ է գլխավոր պատասխանատուն ադրբեջանցի զինվորների «այցերի» համար, ինչո՞ւ Պապիկյանն ու Հասանովն «ուղիղ կապը» չեն օգտագործում

Այնուամենայնիվ, անվտանգային ռիսկերը պահանջում են միանգամայն այլ մոտեցումներ։ Պաշտպանության նախարարության ծախսերը 2027 թվականին կավելանան 53,4 մլրդ դրամով (147,9 մլն դոլար)՝ հասնելով 616,5 մլրդ դրամի (1,71 մլրդ դոլար), այսինքն՝ մոտ 9,5%-ով, ինչը հետևում է հոկտեմբերի 1-ին հավանության արժանացած պետական բյուջեի նախագծից։ ՊՆ ծախսերը կկազմեն բյուջետային բոլոր ծախսերի շուրջ 15,1%-ը՝ մասնակիորեն փոխհատուցելով նախորդ կրճատումը, սակայն ծախսերը նախկինի պես ցածր կլինեն 2025 թվականի մակարդակից՝ 616,5 մլրդ՝ 664,6 մլրդ դրամի դիմաց։

«Ռազմատեխնիկական կապերի ընդլայնումը և սպառազինությունների դիվերսիֆիկացումը մեր անվտանգության ճարտարապետության հիմնական ուղղություններից են։ Այս համատեքստում է, որ մենք շարունակում ենք զինված ուժերի սպառազինության արդիականացման, նոր գործընկերների հետ համագործակցության աշխատանքները»,- Ազգային ժողովում ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ 2023 թվականից պաշտպանական շփումների կարևոր ուղղություններից մեկը մնում է Ֆրանսիան։

Դեռևս 2022 թվականի հունիսին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի Փարիզ կատարած այցի արդյունքներով հայտնի էր դարձել Հայաստան ֆրանսիական ռազմական կցորդ ուղարկելու մասին։

Այդ ժամանակ պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն հայտնել է՝ դեսպանատանը կից նոր պաշտպանական առաքելությունը «կօգնի Հայաստանի զինված ուժերին և իշխանություններին պաշտպանության և, ընդհանուր առմամբ, անվտանգության հարցերում»։ 2023 թվականի նոյեմբերի վերջին ֆրանսիական Bastion զրահամեքենաները, որոնք նախկինում նախատեսված էին Ուկրաինայի զինված ուժերի համար, ուղարկվեցին վրացական Փոթի նավահանգիստ՝ հետագայում Հայաստան տեղափոխելու համար, որտեղ էլ շուտով ստացվեցին։

Այս մատակարարմամբ Ֆրանսիան վերահաստատեց Երևանի հետ ռազմաքաղաքական գործընկերության վերաբերյալ իր մտադրությունների ողջ լրջությունը՝ հայ-ռուսական հարաբերություններում աճող օտարման, այդ թվում՝ Երևանի և Մոսկվայի ռազմատեխնիկական համագործակցության լճացման համապատկերին (այդ թվում՝ օբյեկտիվ պատճառներով)։

2023 թվականի հոկտեմբերի 3-ին, գտնվելով Հայաստանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան հայտարարել է Փարիզի պատրաստակամության մասին՝ պայմանագրեր կնքելու «այդ երկրի պաշտպանությունն ամրապնդելու համար սպառազինությունների մատակարարման վերաբերյալ»։ Իսկ հոկտեմբերի 23-ին իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Սեբաստիան Լըկորնյուն ընդգծել է, որ թեև Ֆրանսիան և Հայաստանը «միևնույն ռազմական և քաղաքական դաշինքների մաս չեն կազմում, Երևանը պետք է հնարավորություն ունենա պաշտպանելու իրեն և իր քաղաքացիական բնակչությանը»։

ֆրանսիական Bastion զրահամեքենաների խմբաքանակը հասցվել է վրացական Փոթի նավահանգիստ (ռումինական Կոնստանցայի միջոցով)։ Նոյեմբերի 14-ին Թբիլիսիում պաշտոնապես հաստատել են Հայաստանի համար ֆրանսիական զրահամեքենաների առաջին խմբաքանակի՝ Arquus ընկերության 24 մեքենաների երկաթուղային տարանցումը։ Ըստ առկա տեղեկությունների՝ 2025-2026 թվականներին Փոթիով պետք է մատակարարվի ևս 26 նման զրահամեքենա։

Պաշտոնական տեղեկատվություն չկա այն մասին, թե արդյոք «Բաստիոնները» բերվել են որպես ռազմական օգնությո՞ւն (այսինքն՝ անվճար), թե՞ պայմանագրի շրջանակներում։ Վերոնշյալ այցի ընթացքում Կատրին Կոլոնան հայտարարել է, որ գրավոր խնդրել է ԵՄ այն ժամանակվա բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին «Հայաստանը ներառել Եվրոպական խաղաղության մեխանիզմի շահառուների շարքում», որն իրենից ներկայացնում է Եվրամիության կողմից արտաքին ռազմական և հարակից ծախսերի ֆինանսավորման համակարգ։

Բացի այդ, Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հիշյալ հանդիպման արդյունքներով Երևանը պայմանագիր է ստորագրել Thales Group ընկերության երեք միջին հեռահարության Ground Master-200 ռադարների գնման վերաբերյալ (ենթադրաբար՝ մեկ ապարատի արժեքը կազմում է մոտ 16 մլն դոլար), ինչպես նաև հեռադիտակներ և սենսորներ՝ Safran ընկերությունից։ Բացի այդ, ստորագրվել է մտադրությունների հուշագիր՝ 2025-2027 թվականներին Հայաստանի կողմից MBDA ընկերությունից Mistral զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու վերաբերյալ, որոնց արժեքը, ըստ Reuters-ի, կազմում է մոտ 550 հազար դոլար՝ մեկ միավորի համար։

2026ի հուլիսին պաշտպանության նախարար Պապիկյանը հրապարակել է Հայաստանում «Արամազդ» անվանումը ստացած 155 միլիմետրանոց ֆրանսիական Caesar ինքնագնաց հրետանային կայանքի կիրառմամբ զորավարժությունների տեսանյութը։ Երկու տարի առաջ հայտնի դարձավ, որ Երևանը և Փարիզը պայմանագիր են կնքել KNDS ընկերության արտադրության այս 36 մեքենաների մատակարարման վերաբերյալ՝ դրանց համար զինամթերքով, և դրանց գոնե մի մասն արդեն գործում է։

Ավելի վաղ՝ մայիսի 5-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում ստորագրել էին ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր, որն ուղեկցվել է արհեստական բանականության, կիբերանվտանգության, կիսահաղորդիչների, ռազմական տեխնոլոգիաների և պաշտպանական համակարգերի ոլորտում հետազոտությունների, ռազմական համազգեստի մատակարարման և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի մեծ փաթեթով։ Ի թիվս այլ հարցերի՝ համաձայնեցվել է ֆրանսիական վեց Airbus H145M մարտական ուղղաթիռների մատակարարման պայմանագիրը և ռազմական գերատեսչությունների միջև ռազմատեխնիկական նորարարությունների, արհեստական ինտելեկտի և անօդաչու համակարգերի համատեղ զարգացման մասին հուշագիրը։

Այս և այլ սպառազինությունների առաքումը Փոթիով չի նպաստում ադրբեջանա-վրացական երկխոսության և ադրբեջանա-ֆրանսիական երկխոսության դրական մթնոլորտին, ինչպես նաև Փարիզի հրաժարումը՝ համաձայնություն տալ ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի նոր «անհատական հարմարեցված գործընկերության ծրագրին» (ITPP)՝ մերձկասպյան երկրում Ֆրանսիայի քաղաքացու ձերբակալման պատրվակով։

Դա, սակայն, չի խանգարում Ալյանսի լայն համագործակցությանը՝ ինչպես Բաքվի, այնպես էլ՝ Երևանի հետ՝ ներառյալ պաշտպանական պլանավորումը, զորավարժությունները և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը։ ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, Իսրայելի հետ Ադրբեջանի ամրապնդվող համագործակցությունը վկայում է տարածաշրջանային առաջնահերթությունների տեղաշարժի մասին՝ ոչ միայն Հայաստանի, այլև հարևան այլ երկրների հետ հավանական առճակատման ուղղությամբ։

Ինչ վերաբերում է հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությանը, ապա չի բացառվում, որ այն մեծ հարցականի տակ դրվի 2027 թվականին Ելիսեյան պալատից Նիկոլ Փաշինյանի հանդեպ իր համակրանքը չթաքցնող Էմանուել Մակրոնի հեռանալուց հետո։ Շատ հավանական է, որ աջակողմյանները՝ Մարին Լը Պենի գլխավորությամբ, այնքան էլ սենտիմենտալ չեն լինի՝ հեռավոր կովկասյան երկիր ռազմական մատակարարումները դնելով ավելի ռացիոնալ և պրագմատիկ հիմքերի վրա։

Հ. Գ. Հոկտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Զարգացման ֆրանսիական գործակալության (ԱՖԴ) հետ 250 մլն եվրոյի վարկային համաձայնագրի ստորագրմանը: Պաշտոնական նպատակը 2026 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումն է։ Մարման ժամկետը 20 տարի է, առաջին 5 տարին արտոնյալ է, մայր գումարը մարվում է 30 հավասար կիսամյակային վճարումներով, տոկոսադրույքը լողացող է և այժմ կազմում է մոտ 5,12%: Կառավարությունը փոխառու կապիտալ է ներգրավում քաղաքական նպատակների համար տրված ընթացիկ խոստումները ծածկելու համար, փաստում է ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» կուսակցության անդամ Դավիթ Անանյանը. Արդյունքում՝ ֆինանսական բեռը կընկնի ապագա սերունդների վրա:

«Ապագայում Հայաստանը չի ունենա եկամուտներ ստեղծող տնտեսություն, այլ կմնա միայն պարտավորությունների մարման բեռը»:

Տիգրան Բաղրամյան

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

«Մեր երկրի ղեկավարը պետք է ինքնասիրություն ունենա, 2020 թվականին անհետ կորածն

Հոկտեմբեր 7, 2026

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն։

Նա նշել է, թե չնայած հակամարտության ավարտին՝ անհետ կորածների ճակատագրի պարզումը շարունակում է մնալ Ադրբեջանի համար կարևորագույն հարցերից մեկը։

Ադրբեջանի փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը Բաքվի «Անհետ կորած անձանց վերաբերյալ երկխոսության» շրջանակում անցկացված 4-րդ միջազգային համաժողովում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի 9-րդ հոդվածը նվիրված է հակամարտության ընթացքում անհետ կորած կամ բռնի անհետացման ենթարկված անձանց հարցին։

«Գերության, տեղահանության և մահերի վերաբերյալ գրառումները, վկաների ցուցմունքները և անհատական կամ զանգվածային թաղման վայրերի վերաբերյալ տեղեկատվությունը մեծ նշանակություն ունեն անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու համար»,- ասել է նա։

Կարդացեք նաև

  • Ալիևը պահանջել է պատասխանատվության ենթարկել ՀՀ-ին՝ ադրբեջանցի պատանդներին խոշտանգելով սպանելու համար․ Փաշինյանը առևանգման «ռիսկ է ստեղծել» հայ զինվորների համար
  • «Д-30»-ները երկու հաղթական պատերազմի են մասնակցել, երևի այդ ատելությունից էր՝ Ալբերտի նկարը ջնջեցիր. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին
  • Մինչև 399.000 եվրո․ Հայաստանը 2025 թվականին ևս կլորիկ գումար է վճարել «Rasmussen Global»-ի խորհրդատվական ծառայությունների դիմաց

Նույն համաժողովի ընթացքում Թուրքիայի խորհրդարանի անդամ և նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես խոսել է անհետ կորած անձանց մասին, հայտարարելով, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված նախնական խաղաղության համաձայնագրում անհետ կորած անձանց վերաբերյալ դրույթի ներառումը կարևոր ցուցանիշ է։ Այն ցույց է տալիս այս հարցի ճանաչումը՝ որպես ավելի լայն խաղաղության գործընթացի անբաժանելի մաս»։

Ի՞նչ արձագանք պետք է լինի հայկական կողմից, հատկապես այն դեպքում, երբ արցախյան բոլոր պատերազմներից հետո հարյուրավոր անձանց ճակատագրերը մնում են անհայտ։ Բազմաթիվ տեսանյութերում ներկայացվում է, որ հայ քաղաքացին գերեվարվել է ադրբեջանցի զինվորի կողմից, սակայն ադրբեջանական կողմը որևէ հաստատում չի տալիս, հետևաբար՝ ի՞նչ պահանջ պետք է լինի ՀՀ իշխանությունների կողմից՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին։

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ «Քիմիկների զորամասից» անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մոր՝ Անահիտ Ադոյանի խոսքով՝ Ալիևը պահանջում է 90-ականներին անհետ կորածներին, քանի որ 2020 թվականին Ադրբեջանն անհետ կորածներ չունի, միայն անհետ կորած համարում է այն անձանց, որոնք 3 օր առաջ հատում են ՀՀ սահմանը։

«Եթե ինքն ուզում է 90-ականներին անհետ կորած իր զինվորների ճակատագիրը պարզել, ապա նախ մեր երկրի ոչուփուչ ղեկավարը պետք է  թարմ հետքով գնա ու Ալիևից պահանջի 2020 թվականին ու դրանից հետո անհետ կորած տղաներին։ Առաջնահերթ պետք է քննարկվի 2020 թվականի ու դրանից հետո անհետ կորած տղաների հարցը, հետո անցնեն 90-ականների անհետ կորածների հարցերին»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Անահիտ Ադոյանը։

Մեր զրուցակիցը վստահ է՝ 2020 թվականին և դրանից հետո՝ 2023 թվականին անհետ կորած տղաների 90 տոկոսը ողջ է, դրա համար պետք է առաջին հերթին նրանց ճակատագրերը պարզեն։

«Սկզբից մեր երկրի ղեկավարն այնքան ինքնասիրություն պետք է ունենա, որ 2020 թվականին անհետ կորածներին պետք է պահանջի, հետո Ալիևին թույլ տա, որ խոսի 90-ականների անհետ կորածների հարցից»,- շեշտեց Անահիտ Ադոյանը։

168.am-ը փորձեց ԱԱԾ-ից ճշտել, թե ինչպե՞ս կարձագանքեն Բաքվից հնչող այդ հայտարարություններին։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության կազմում է գործում Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը, որի նախագահն ԱԱԾ տնօրենն է:

Ի պատասխան, ԱԱԾ լրատվականից նշեցին, որ հարցը նուրբ է և բանավոր հնարավոր չէ պատասխանել, ուստի պահանջեցին գրավոր հարցում ուղարկել։ Մենք գրավոր հարցում կուղարկենք ԱԱԾ-ին և պատասխանը ստանալու դեպքում անմիջապես կհրապարակենք։

Նշենք, որ օրերս «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» հ/կ նախագահ Ռիմա Առաքելյանը 168.am–ի հետ զրույցում ասել էր, որ գիտեն որոշակի վայրեր, որտեղ իրենց որդիներին ադրբեջանական կողմը հուղարկավորել է։

«Մենք գիտենք որոշակի վայրեր, որտեղ հուղարկավորված են մեր տղաները։ Մենք ակնկալում ենք, որ այդ վայրերից մեր տղաներին հանեն ու բերեն հայրենիք, այստեղ հուղարկավորենք։ Մենք այդ վայրերն ասենք, Ադրբեջանի հետ բանակցեն ու տղաների շիրիմները բերեն հայրենիք»,- շեշտեց Ռիմա Առաքելյանը։

Նա նաև ասաց, որ այս երկար ու ձիգ տարիների ընթացքում սեփական զավակներին որոնելու ճանապարհին բազմաթիվ փորձություններ են հաղթահարել, թրծվել են, գիտեն, որ իրենց զավակները ողջ չեն։

«Այսքան տարիներ են անցել, հասկանում ենք, որ մեր որդիները ողջ չեն, դրա համար եմ ասում՝ Ադրբեջանի կողմից հուղարկավորման վայրը գիտենք, պետք է հանենք, հայրենիք բերենք»,- ասել էր Ռիմա Առաքելյանը։

—

Փաշինյանի քայլերն աղետի են տանում. Զելենսկին պետք է աղոթի Պուտինի առաջ. Յակով

Հոկտեմբեր 7, 2026

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրն իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, ռազմաքաղաքական վերլուծաբան Յակով Կեդմին է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են իրավիճակն Ուկրաինայում և հակամարտության ավարտի հեռանկարները, բանակցային գործընթացը և Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հնարավոր շփումները։

Հատուկ ուշադրություն է դարձվել Եվրոպայում ստեղծված իրավիճակին, Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությանը, ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների հզորացմանը և հետագա էսկալացիայի ռիսկերին։

Կարդացեք նաև

  • Ձեզ խաբում են, ոչ ոք չի գալու օգնության. գործիք մի դարձեք Թրամփի ձեռքին. Զեֆրի Սաքսի ուղերձը
  • Կվախենա… դա կլինի իր իշխանության վերջին օրը. կա՛մ պիտի հանձնվի Ռուսաստանին, կա՛մ ԵՄ-ին. Ավետիք Չալաբյան
  • ՋԵՖՐԻ ՍԱՔՍԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ ոչ ԱՄՆ-ը, ոչ Եվրոպան ձեզ չեն փրկի. Ուկրաինայում պատերազմի, Եվրոպայում կործանարար պատերազմի, Իրանի դեմ ԱՄՆ-ի կայսերական պլանների մասին

Քննարկվել են նաև աշխարհակարգի փոփոխության հեռանկարները, հնարավոր նոր «Յալթան» և Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Չինաստանի դերը միջազգային հարաբերությունների նոր համակարգի ձևավորման գործում։

Առանձին շոշափվել է իրավիճակը Բալթյան տարածաշրջանում, ներառյալ՝ Կալինինգրադը, Լիտվան և միջուկային զենքի հնարավոր տեղակայումը։

Ծրագրում քննարկվել է նաև իրավիճակը Հայաստանում և Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, ինչպես նաև Իրանի շուրջ իրադարձությունների հնարավոր զարգացումը:

Հայկ Դերզյան




—