CC: Pashinyan Outlines Peace Timeline, Constitutional Reforms, and Regional Al

—

168: Խուլ դժգոհություն՝ վճարովի լռողների կողմից

Հոկտեմբեր 23, 2026

Վերջերս բավական պատկառելի թվով՝ հարյուրից ավելի գիտնականների ստորագրությամբ բաց նամակ է հրապարակվել՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին: Դրանում նույնքան պատկառելի գիտնականները զգուշորեն դժգոհություն են հայտնում հաջորդ տարի գիտության ոլորտի պետական ֆինանսավորման չափի առիթով: Ոչ ակադեմիական լեզվով ասած՝ բողոքում են փողի պակասից:

Կրթության նախարարը նախօրեին հանդիպել է մի քանի գիտնականի հետ, իսկ դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հասցրել է մուննաթ գալ գիտնականների նամակի առթիվ՝ հայտարարելով, որ նման նամակները չի կարդում, «իգնոր է անելու» և ջնջելու է։ Գիտնականները դեռևս չեն հրապարակել իրենց դիրքորոշումը՝ իրենց նամակի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի կողմից «թքած ունենալու նուրբ» արվեստը ոճով անդրադարձի կապակցությամբ: Երևի դեռ մտածում են: Ի վերջո, գիտնական մարդիկ են: Հարյուրից ավելի: Մեկը մյուսից պատկառելի:

Իրականում այս պատմությունը քիչ կապ ունի իրական գիտության ու ակադեմիականության հետ՝ հասկացության հանրային ու քաղաքացիական իմաստով: Ճիշտ հակառակը՝ սա պատմություն է Հայաստանում գիտնականների նոմինալ գոյության ու առատության, բայց միևնույն ժամանակ՝ ակադեմիական ազատության, գիտական մտքի ազատության չգոյության մասին:

Գիտնականները միայն գիտական արդյունք ստեղծող մարդիկ չեն, ավելի խոր ու լայն իմաստով՝ նրանք մարդիկ են, ում համար ազատությունը, առաջին հերթին՝ մտքի, գաղափարական, խոսքի ազատությունը պետք է ամեն ինչից վեր լինի: Առանց մտքի ազատության չի կարող իրական ու ազնիվ գիտություն ստեղծվել, որքան էլ պատահում են նաև հակառակի մասին վկայող դեպքեր:

Կարդացեք նաև

  • «Գիտնականների բաց նամակի մասին տեղյակ ենք». «Վաղն այս թեմային անդրադառնալու ենք». Կառավարությունը և ԿԳՄՍ նախարարությունը՝ գիտնականների նամակի մասին
  • Ատեստավորումը թող սկսեն պաշտոնյաններից. պարգևավճարը ընտրութունների նախաշեմին կաշառք է. Գիտության ֆինանսավորումը չի ավելացել. Ատոմ Մխիթարյան
  • Ծնողին պետք է ապացուցենք՝ ձեր երեխան կունենա ապագա, եթե զբաղվի գիտությամբ. Արմեն Օրուջյան

Գիտնականները՝ որպես հավաքականություն, որպես մտավոր շերտի վերնախավ, նորմալ հասարակությունում ազատության, ազատամտության ու ինտելեկտուալ համարձակության մարմնավորողն ու էտալոնն են:

Հայաստանում, չհաշված առանձին վերցրած գիտնականների, գիտական համայնքն իրենից ներկայացնում է իշխանությանը լոյալ, վախվորած, հաճախ կամազուրկ, դրամաշնորհների սպասող մարդկանց միավորում, որոնց անդամների մեծ մասը պատրաստ է խոնարհվել միջին մակարդակի ցանկացած չինովնիկի առաջ, իսկ բարձրաստիճան պաշտոնյային մոտ գտնվելու համար անգամ ուրանալ սեփական ազգանունը:

Ասվածը բառացի տեղի չի ունեցել, իհարկե: Բայց բովանդակային առումով գիտնականների հավաքական լռությունն անցած 6 տարիներին՝ Արցախի կորստից, Հայաստանին պատուհասած աղետներից հետո, նույնն է՝ ինչ ազգանվան կամ հավատամքի ուրացումը:

Չհաշված էլի մի քանի անհատների, անցած տարիներին գիտական համայնքը՝ որպես միասնական շերտ, գրեթե լուռ է մնացել բոլոր ողբերգությունների ժամանակ, հանցավոր անտարբերությամբ հետևել է պետական ինստիտուտների դեգրադացմանը, ազգային ինքնության, հիշողության, պատմության դեմ վարվող քաղաքականությանը, սակայն այսօր միասնաբար դժգոոհում է… փողի պակասից:

Գիտնականների պահանջն իրականում չի վերաբերում գիտության ֆինանսավորմանը: Դա պահանջ է իշխանության կողմից իրենց հավաքական լոյալության, լռության դիմաց վճարի մասին:

Գիտնականները նամակում չեն գրում, բայց հասկացողը հասկանում է, որ նրանք բողոքում են սեփական ազատության դիմաց իշխանության վճարի չափից:

Ասվածը, բնականաբար, չի վերաբերում բոլոր գիտնականներին, այդ թվում՝ այդ նամակը ստորագրած: Նրանց թվում ևս կան բազմաթիվ իրապես պատվարժան ու քաղաքացիական հստակ կեցվածք ունեցող գործիչներ, որոնց լինելիությունը, սակայն, չի ազդում որպես հավաքականության՝ գիտնականների խոսուն լռության վրա, որը Նիկոլ Փաշինյանը, լսելու փոխարեն՝ «իգնոր է անում»:

Հարություն Ավետիսյան




—

Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել

Հոկտեմբեր 23, 2026

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն առանց քննության է թողել Ստեփան Ասատրյանին (նախկինում՝ Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (նախկինում՝ Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը։

Դատարանը որոշել է, որ հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։

Միաժամանակ, դատարանը կարճել է գործերի վարույթները և վերացրել Ասատրյանի՝ Հովհաննավանքի և Թախմազյանին՝ Թալինի եկեղեցու հոգևոր հովվի պաշտոնավարումն ապահովելու համար ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցները։

—

Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության

Հոկտեմբեր 23, 2026

Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում։ Այս մասին գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի նախաձեռնությամբ, այսօր Ստամբուլում հավաքվում են յոթ երկրների արտաքին գործերի նախարարներ՝ քննարկելու Իրանի շուրջ հավանական զարգացումները, Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը, Սաուդյան Արաբիայի վրա հուսիների հարձակումները, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր կարգավորումները:

Հանդիպմանը ներկա կլինեն Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, և Ֆրանսիան։

Reuters գործակալության տվյալների համաձայն՝ Պակիստանի անարդյունք միջնորդական ջանքերից հետո, թուրքական կողմը մտադիր է հանդես գալ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության ինչպես նաև Հորմուզի և Բաբ էլ Մանդեբի նեղուցներում առկա խնդիրների դիվանագիտական կարգավորման օգտին:

Ենթադրվում է, որ առանձին օրակարգային հարց կլինի Սաուդյան Արաբիայի անվտանգությունը։ Արտգործնախարար Ֆիդանը մտադիր է առաջ մղել Էր Ռիադին աջակցելու թեման՝ Մեքքայի համաձայնագրի շրջանակներում։

Օրակարգում են նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը և Ուկրաինայում պատերազմը։ Թուրքիան մտադիր է ստամբուլյամ հավաքի ժամանակ բարձրացնել Սև ծովի տարածաշրջանում ռազմական գործողությունների տարածման ռիսկերի մասին հարցը:

Ակնհայտ է, որ նման հանդիպման քաղաքական նշանակությունը դուրս է գալիս առանձին հակամարտությունների շրջանակներից։ Անկարան կարծես թե փորձում է ձևավորել փոխգործակցության նոր ձևաչափ՝ տարածաշրջանի խոշորագույն տերությունների և Եվրոպայի առաջատար երկրների միջև։

Միևնույն ժամանակ, ուշագրավ ու տարօրինակ է, որ նմանատպ ծավալուն օրակարգի պարագայում հանդիպմանը ներկայացված չեն լինելու ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Իսրայելը և Իրանը։

Թեև առայժմ խոսքը դիվանագիտական-քաղաքական խորհրդակցությունների մասին է, այնուամենայնիվ, նմանատիպ նոր ձևաչափի ի հայտ գալն ինքնին ցույց է տալիս, որ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում»,- նշել է նա։

—

Փաշինյանը հրավիրում է «բլիժնի բոյի». նա ուզում է՝ ընդդիմությունը դեմ լինի, պա

Հոկտեմբեր 23, 2026

Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ չէր բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու սցենարը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, եթե չկարողանան ընդդիմությանը համոզել, որ ՀՀ սահմանադրությունը պետք է փոխվի և ստորագրվի խաղաղության պայմանագիրը, ապա հնարավոր է գնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

«Կփորձենք մեր ընդդիմադիր գործընկերներին համոզել, որ սա շատ սկզբունքային հարց է և սա ՀՀ պետության հարատևությունը որոշելու ու լուծելու հարցն է։ Կփորձենք համոզել, չստացվեց, ուրեմն՝ կգնանք ուրիշ սցենարով, այդ թվում՝ կարող ենք և արտահերթ ընտրություններ անել, իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է։

Ամեն դեպքում ինձ համար խնդիր է, որ ըստ էության ես ունեմ հանձնառություն ՀՀ քաղաքացիների առաջ և Սահմանադրության փոփոխության, և խաղաղության համաձայնագրի ստորագրման ու վավերացման։ Կարծում եմ, եթե ՀՀ ժողովուրդն ուզում է այս հանձնառությունը տեսնել իրագործված, ուրեմն՝ մենք միասին պետք է այդ հանձնառությունն իրագործենք։ Եթե ժողովուրդը չի տեսնում այդ առաքելությունն իրագործելու հանձնառությունը, մի իքս պահի կարող է պարզվել, որ իմ քաղաքական առաքելությունը սպառված է։ Հետևաբար՝ սա ինձ համար չափազանց կարևոր ու սկզբունքային հարց է»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

  • TRIPP-ը և ռազմական բեռների տարանցումը․ ի՞նչ այլընտրանք ունի Ադրբեջանը, արդյո՞ք սահմանափակումների ազդեցությունը հավասարազոր է
  • Աշխատատեղերի «աճ»՝ կես դրույքներով ու հնդիկներով. Ինչպես են ձևավորվում Փաշինյանի թվերը
  • «Մարգարիտա Հովհաննիսյանից կնիքը պահում են»․ Ավանի թիվ 57 մանկապարտեզում դատարանով վերականգնված նախկին տնօրենի գործունեությունն ինչ-ինչ անձինք խոչընդոտում են 

ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանն արտահերթ ընտրությունների գնալու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունում որևէ զարմանալի բան չի տեսնում, տրամաբանական է, եթե նման բան տեղի ունենա՝ քաղաքական գործընթաց է։

«Թե այս ամենի բուն նպատակը որն է, հիմա մի կողմ թողնենք։ Նիկոլ Փաշինյանն այդ գիծն է առաջ տանում, որի արձագանքն «Ուժեղ Հայաստանի» կողմից արդեն կա, ասել են, որ դեմ են լինելու, այնպես որ, կարող է գնալ արտահերթ ընտրությունների։ Այսինքն՝ Փաշինյանն այս պահին իր նպատակին հասավ՝ նա իր ընտրողներին և չընտրողներից որոշներին հասկացնում է, թե՝ «տեսեք, ընդդիմությունը կառուցողական չէ, պետք է գնանք ընտրությունների, ինձ մի քիչ ավելի ձայն կտաք, որ ընտրվեմ, ու խուսափենք պատերազմից»։ Նիկոլ Փաշինյանն իր այդ առաջարկով քաղաքական հակառակորդներին հրավիրում է «բլիժնի բոյի»»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հովիկ Աղազարյանը։

Նախկին պատգամավորի խոսքով՝ ընդդիմությունն ընդառաջ քայլ պետք է կատարի այս առաջարկին ու ասի՝ կողմ են Սահմանադրության փոփոխությանը, բայց ոչ այն տարբերակով, որը Նիկոլ Փաշինյանն է ուզում։ Ավելին՝ ըստ նրա, ընդդիմությունը պետք է ասի՝ այս-այս հոդվածների հետ կապված ունեն առաջարկություններ, եթե ՔՊ-ն կընդունի այդ առաջարկները, ապա կարող են ասել, որ կողմ կքվեարկեն փոփոխություններին, եթե չընդունի՝ չեն քվեարկելու։

Հովիկ Աղազարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի ամբողջ ցանկությունն այն է, որ Սահմանադրությունը փոխի, իսկ Հայաստանում շատ մարդիկ կան, որոնք համաձայն չեն Սահմանադրության այս կամ այն հոդվածի հետ, բայց ամբողջ խնդիրն այստեղ Անկախության հռչակագիրը փոխելու նպատակն է։

«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ուզում Սահմանադրությունից հանի Անկախության հռչակագիրը, քանի որ նա Ադրբեջանի հետ միասին կարծում է, որ այնտեղ կա տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ Բայց այդ խնդիրն ունի հասարակ լուծում, ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին կարող է ասել՝ եկեք մեկ պարբերույթ ավելացնենք, որտեղ հստակ կարող ենք արձանագրել, որ տարածքային պահանջ չունենք աշխարհի որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ։ Այս ամենը գրենք, անցնենք առաջ, ի՞նչ գործ ունեք Հռչակագրի հետ»,- հավելեց Հովիկ Աղազարյանը։

Նա վստահ է՝ եթե ընդդիմությունը հանդես գա նման հայտարարությամբ, ապա շատ քաղաքացիների համակրանքը կշահի, բայց երբ ասում է, որ դեմ է՝ դրանից շահում է միայն Նիկոլ Փաշինյանը։

«Փաշինյանի ուզածը սա է, որ ընդդիմությունը դեմ լինի, վաղը-մյուս օրը պատերազմով կվախեցնի, ընտրություններ կանցկացնի, 7 մանդատ ավելին կտանի ու կանի իր ուզած փոփոխությունը։ Ըստ իս, Նիկոլ Փաշինյանին կհաջողվի մի 6 հոգի իրենով անել, ոչ մեկին չեմ կասկածում, բայց կանի։ Այդպես էլ չլինի, Նիկոլ Փաշինյանը զապաս տարբերակով գնում է առաջ։ Նա «Ուժեղ Հայաստանի» ակտիվին վնասազերծում է ու շարունակելու է այդպես անել և կարող է հասնել իր նպատակին, Աստված ոչ անի։ Իհարկե, ամեն ինչ պետք է անել, որպեսզի նա իր նպատակին չհասնի, բայց դեռ նրան հաջողվում է»,- ընդգծեց Հովիկ Աղազարյանը։

—

Աշխատատեղերի «աճ»՝ կես դրույքներով ու հնդիկներով. Ինչպես են ձևավորվում Փաշինյ

Հոկտեմբեր 23, 2026

Գործազրկության ֆոնին Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ աշխատատեղերի թիվն ավելացել է։ Նկատենք՝ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, սակայն, աճել է ոչ միայն աշխատատեղերի թիվը, այլև՝ գործազրկության ցուցանիշը․ 2026 թվականի 2-րդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 13 տոկոս, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արձանագրել է որոշակի աճ։

«Օգոստոսի համեմատությամբ սեպտեմբերին 15 հազարով աշխատատեղերն ավելացել են, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ՝ 39,751-ով են ավելացել՝ շուրջ 4,9 տոկոսով, ինչպես նաև 28,418 դրամով կամ շուրջ 7 տոկոսով ավելացել է միջին աշխատավարձը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ,- կառավարության հերթական նիստում հերթական «ռեկորդ»-ն է ավետել Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ՊԵԿ-ն ամփոփել է գրանցված աշխատատեղերի ցուցանիշը,- Ընդհանուր առմամբ դա նաև տեսանելի է, վիզուալ էլ երևում է, որ Հայաստանում բավականին լավ տնտեսական ակտիվություն կա»։

Նկատենք՝ նմանատիպ հայտարարություններից հետո տարբեր փորձագետներ նշում են՝ այդ հավելաճի գերակշիռ մասը ստվերից հարկման դաշտ բերված աշխատատեղերն են։

168․am-ի հետ զրույցում տնտեսագետ Հրայր Կամենդատյանն այս հանգամանքին հավելեց նաև մեկ այլ դրվագ․ «Նայեք՝ ի՞նչ են անում հաճախ․ օրինակ, համայնքային սեկտորում ներգրավվածներին աշխատանքի են ընդունում կես դրույքով (եթե ընդունում ես, միանգամից այդ քանակը կրկնապատկում է): Այս դեպքում, ի դեպ, նաև սոցիալական պարտավորություններն են կիսով չափ կատարելու։ Այսինքն՝ նույն քանակի սոցիալական պարտավորություն է կատարվում, բայց ավելի շատ մարդ է երևում ձևակերպված։

Կարդացեք նաև

  • Արժանի չեն․ պետական միջոցների հափշտակում է խմբակի կողմից․ Հարցում՝ պաշտոնյաների աշխատավարձերի սպասվող բարձրացման մասին
  • TRIPP-ը և ռազմական բեռների տարանցումը․ ի՞նչ այլընտրանք ունի Ադրբեջանը, արդյո՞ք սահմանափակումների ազդեցությունը հավասարազոր է
  • Փաշինյանը հրավիրում է «բլիժնի բոյի». նա ուզում է՝ ընդդիմությունը դեմ լինի, պատերազմով կվախեցնի, ընտրություններ կանցկացնի, 7 մանդատ ավելին կտանի ու կանի իր ուզած փոփոխությունը. Աղազարյան

Հաջորդը, որն այս ցուցանիշի վրա ազդում է, ռելոկանտների՝ հատկապես հնդիկների, պակիստանցիների՝ ամենացածր աշխատավարձով որևէ աշխատատեղում ձևակերպելու հանգամանքն է»։

Գալով Փաշինյանի ասած «վիզուալ» դրական տնտեսական միտումներին՝ տնտեսագետը նկատեց՝ իշխանությունները չեն անդրադառնում սոցիալական թեմատիկային։

«Անընդհատ ասում են՝ զարգանում է, զարգանում, զարգանում է, բայց երբ մի քանի ցուցանիշ ենք վերցնում, տեսնում ենք՝ այս իշխանությունը հրաժարվում է սոցիալական պարտավորություն կատարելու մտքից․ օրինակ, սոցփաթեթները հունվարի 1-ից հետո վերանում է։ 162.000 քաղաքացու համար «սոցփաթեթները» վերանում են։ Ի՞նչ է նշանակում․ եթե էկոնոմիկան զարգանում է, այդ «սոցփաթեթի» մոտավորապես 9․6 միլիարդ դրամն ո՞ւմ էր խանգարում։ Կամ՝ եթե պետությունը, էկոնոմիկան զարգանում է, մահվան նպաստներն ինչի՞ կտրեցին։

Այսինքն՝ իրենց ասած թվերի ու իրականության մեջ խզում կա»։

—

Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը

Հոկտեմբեր 23, 2026

Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է․ դեսպանատնից ստացված գրության մեջ մեր մշակութային խմբերը ներկայացվել են որպես «վտանգավոր»: Այս մասին հայտնում է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն:

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին կազմակերպությանն անդամակցող Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի և «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթի մասնակցությունը չեղարկվել է։

Պաշտոնական հրավերի հիման վրա համույթները շուրջ երեք ամիս ինտենսիվորեն պատրաստվել են փառատոնին՝ մշակելով հատուկ ծրագիր։

Հոկտեմբերի 21-ին կազմակերպիչները հայտնել են մասնակցության չեղարկման մասին։ Դրան հաջորդած նամակագրության ընթացքում Համաշխարհային փառատոնների ասոցիացիայի (WOFA) նախագահ Զորան Ստրեզովսկին տեղեկացրել է, որ դեսպանատնից ստացված գրության մեջ մեր մշակութային խմբերը ներկայացվել են որպես «վտանգավոր», և առաջարկվել է չեղարկել նրանց մասնակցության հրավերը։

Հոկտեմբերի 23-ին նա լրացուցիչ պարզաբանել է, որ, իր փոխանցմամբ, մի քանի դեսպանատներ միջամտել են՝ մեր համույթներին վերագրելով մեր երկրում «անջատողական գործունեություն» իրականացնելու մեղադրանք, և առաջարկել են նրանց չհրավիրել փառատոնին։

Մենք կտրականապես մերժում ենք մեր արվեստագետներին վերագրվող այս մեղադրանքներն ու բնորոշումները։

2023 թվականին արցախահայության բռնի տեղահանումից հետո մեր կազմակերպության առաքելություններից է դարձել Արցախի մշակութային համույթների պահպանումը և նրանց մասնագիտական գործունեության շարունակականության ապահովումը։ Այս համույթները Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության կենդանի կրողներն են։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 2003 թվականի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիան կատարողական արվեստները ճանաչում է որպես այդ ժառանգության հիմնական բնագավառներից մեկը։

2025 թվականին մեր արվեստագետները հաջողությամբ մասնակցել են Իտալիայում CIOFF-ի միջազգային փառատոնային ծրագրերին՝ արժանանալով բարձր գնահատականի և պատվոգրերի։ CIOFF-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ պաշտոնական գործընկերություն ունեցող և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ոլորտում խորհրդատվական գործունեություն իրականացնելու համար հավատարմագրված կազմակերպություն է։

Արցախից բռնի տեղահանված արվեստագետներն արդեն զրկվել են իրենց բնական մշակութային միջավայրում ստեղծագործելու հնարավորությունից։ Նրանց միջազգային մշակութային միջոցառումներին մասնակցության սահմանափակումը՝ քաղաքական բնույթի մեղադրանքների հիմքով, լուրջ մտահոգություն է առաջացնում մշակութային իրավունքների հնարավոր խախտման առումով։

Արդյո՞ք մշակութային ժառանգության պահպանումը կարող է համարվել անջատողական գործունեություն, իսկ այդ ժառանգությունը ներկայացնող արվեստագետները՝ վտանգավոր։

WOFA-ի նախագահից պահանջել ենք հայտնել միջամտած դեսպանատների անուններն ու ներկայացված մեղադրանքների փաստական հիմքերը։ Նա խոստացել է տրամադրել համապատասխան մանրամասները, որոնք դեռևս չենք ստացել։

Տեղի ունեցածի հանգամանքները պարզաբանելու և արցախցի արվեստագետների մշակութային իրավունքների պաշտպանությանը նպաստելու նպատակով արդեն դիմել ենք ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։ Հետևողական ենք լինելու այս հարցում՝ պահանջելով միջամտության հանգամանքների ամբողջական բացահայտում և ներկայացված մեղադրանքների վերաբերյալ հիմնավորված պարզաբանում։

Հրապարակմանը կցում ենք Համաշխարհային փառատոնների ասոցիացիայի (WOFA) նախագահ Զորան Ստրեզովսկու և «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ նախագահ Ապրես Մարգարյանի միջև տեղի ունեցած նամակագրության համապատասխան հատվածները»,- նշված է հայտարրության մեջ:

—

«Աբսուրդ է, ինչպե՞ս կարելի է էթնիկ ժողովրդին հարթակ չտրամադրել. Իշխանությունը

Հոկտեմբեր 23, 2026

Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար, «Արցախ միության» նախագահ Արտակ Բեգլարյանն օրերս հայտարարել էր, որ COP17-ի շրջանակներում դիմել են, որպեսզի տաղավար կանաչ գոտում արցախահայերի վերաբերյալ տաղավար ներկայացնեն, սակայն առանց որևէ պատճառաբանության ստացել են մերժում։

««Արցախ միությունը» դիմել էր, որպեսզի ներկայացնեինք Արցախի ժողովրդի հետ կապված հարցերը, Արցախի կենսաբազմազանությունը, ինչպես COP17-ն է ենթադրում, սակայն մերժեցին, տաղավար չտրամադրեցին»,- ասել էր Արտակ Բեգլարյանը։

Մինչդեռ COP17-ի շրջանակներում կանաչ գոտում ներկայացված են եղել տարբեր բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների տաղավարներ, որտեղ ներկայացված են եղել այդ մարդկանց վերաբերող տարբեր խնդիրներ։ Բացի այդ, տարբեր բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ Երևանում կայացած ասուլիսի ժամանակ խոսել են իրենց իրավունքներին առնչվող խնդիրների մասին, այդ խնդիրները նույն ասուլիսում ներկայացնելու հնարավորությունից զրկված են եղել արցախահայերը։

Արցախի Հանրապետության առաջին և երկրորդ գումարումների պատգամավոր Աշոտ Սարգսյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունը պարտավոր է այս միջոցառման ընթացքում բոլոր հնարավոր հարթակներից բարձրաձայնել արցախահայերի խնդիրների մասին՝ որպես բնիկ ժողովրդի։

Կարդացեք նաև

  • Ձեռքերը ներքևում էր ծափ տալիս, որ մարդ չտեսնի․ թույլ ու խեղճ ղեկավարի կեցվածք էր․ Մետաքսե Հակոբյան
  • Պուտինը չի պատասխանում Փաշինյանին՝ Ту…Ту
  • «Արցախի թեմի առաջնորդն իրար հակասող բաներ է խոսում. Փաշինյանը չի ընդունում «Արցախի թեմ» հասկացությունը». Աղաբեկյան

«Հաճախ խոսում են միայն Արցախի ԱԺ-ի մասին, սակայն, բացի ԱԺ-ից, մենք ունենք նաև տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք ընտրված են, և նախագահի հրամանով նրանց լիազորությունները երկարաձգվել են։

Իհարկե, մենք պարտավոր էինք պահանջելու, որ կանաչ գոտում մեզ հարթակ տրամադրեին, դրա համար դիմել ենք ու մերժում ստացել։

Իշխանությունը միջազգային հանրության ուշադրությունը երկու կարևոր խնդրից է շեղում՝ դա վերաբերում է արցախահայերի բնիկ լինելուն ու նրանց իրավունքներին, որը ՀՀ իշխանության կողմից անտեսվում է։ Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ «Արցախի խնդիր գոյություն չունի», մինչդեռ այս խնդիրը կա, ու դրա մասին պետք է բարձրաձայնվի։

Աբսուրդ է, ինչպե՞ս կարելի է էթնիկ ժողովրդին հարթակ չտրամադրել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Սարգսյանը։

Նա հիշեցրեց՝ դեռ 2007 թվականին, երբ ՄԱԿ-ի կողմից ընդունվել է բնիկ ժողովուրդների մասին Կոնվենցիան, այդ ժամանակ Արցախի խորհրդարանին դիմելով հորդորել է, որ Արցախը հայտ ներկայացնի՝ արցախահայերի բնիկ ժողովուրդ լինելու վերաբերյալ։

«Ժամանակին պետք է մենք դիմեինք այդ քայլին, թեպետ դժվար է պատկերացնել, որ ՄԱԿ-ն անմիջապես դրական կարձագանքեր, կամ որոշ երկրներ կարող էին կողմ քվեարկել։  Ինձ համար բոլորովին զարմանալի չէ, որ ՀՀ կառավարությունը նման մոտեցում է ցուցաբերում մեր հանդեպ։ Երբ այս իշխանությունը ներկայացրել էր իր 2021-2026 թվականների ծրագիրը, այդ ժամանակ ասել եմ՝ պետք է դիմենք Մարդու իրավունքների հանձնակատարին և ասենք, որ ՀՀ-ն չի կատարել օրենքով ստանձնած իր պարտականությունները։

2023 թվականին պետական բյուջեով նախատեսվել էր Արցախին 108 կամ 110 մլրդ դրամի հատկացում, բայց ո՞ւր է։ Հիմա էլ ասում են՝ անպայման պետք է ՀՀ քաղաքացիություն ընդունեք, մենք ՀՀ քաղաքացի չե՞նք։ Կամ ես չեմ հասկանում, եթե իրենք մեզ ՀՀ քաղաքացի չենք համարում, ինչո՞ւ ՀՀ նախագահի հրամանով բոլորիս միանգամից չեն տալիս քաղաքացիություն, այդ քաշքշուկները, կապիկություններն ինչի՞ համար են»,- հավելեց Աշոտ Սարգսյանը։

Նա ցավով արձանագրեց, որ այսօր ՀՀ իշխանությունը չի ներկայացնում արցախահայերի շահերը, ինչը պետք է աներ, առավել ևս այն դեպքում, որ միջազգային հանրությանը դեռ հետաքրքրում է Արցախի ու արցախահայերի խնդիրը։

«Այս պարագայում մեզ միայն մնում է, որ Արցախի լեգիտիմ կառույցներն ակտիվ աշխատեն։ Ցավոք, տեսնում եք, որ մինչև այսօր մեզ չի հաջողվում ԱԺ նախագահ ընտրել։ Մենք ավելի ակտիվ պետք է աշխատենք, այլընտրանք չկա»,- ընդգծեց Աշոտ Սարգսյանը։

—

«Գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ թանկանալու է ամեն ինչ, տնտեսությունն ու բ

Հոկտեմբեր 23, 2026

ԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանն օրերս զեկույց էր հրապարակել՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին։

Զեկույցում նշվում են այն բացասական հետևանքները, որոնք կարող է ունենալ ՀՀ տնտեսությունը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու պարագայում։

Զեկույցում ներառված են Հայաստանի` Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ քայլերը, ինչպես նաև ԵԱՏՄ և ԵՄ իրավական համակարգերի համատեղելիության վերլուծությունը։ Փաստաթղթում ներկայացվում են այն իրավական մեխանիզմները, որոնք պետք է կանխեն ԵՄ-ին միանալու որոշմամբ պայմանավորված ռիսկերը, և գնահատվում են ԵԱՏՄ անդամակցության հնարավոր կասեցման հետևանքները։

Մասնավորապես նշվում է, որ Հայաստան գազի ներկրման արժեքը կաճի 69%-ով՝ տարեկան 389 մլն դոլարից հասնելով 657,5 մլն դոլարի, ՀՀ-ում արտադրված ապրանքների արտահանումը կնվազի 30-50%-ով (վերարտահանումը՝ ավելի քան 90%-ով), ներմուծումը կկրճատվի երկու անգամ։

Կարդացեք նաև

  • «Ադրբեջանի ողջ գազն առաջիկա 15 տարիների համար վաճառված է եվրոպական երկրներին. ՀՀ-ն կախված է Ադրբեջանի ուժային ճնշումներից». Արա Մարջանյան
  • Ինչ գին են պատրաստ վճարել ՔՊ վերարտադրության համար
  • Դա ռումբ է, որը պայթելու է… երբ բովանդակություն չունես՝ պիտի պերաշկի ուտես կամ գազար կրծես, «ամուսնալուծության» թատրոն խաղաս. Լևոն Զուրաբյան

Բացասական հետևանքների առումով նաև նշվում է.

երկաթուղային բեռնափոխադրումների սակագների բարձրացման, էներգետիկ ոլորտում համագործակցության դադարեցման` ներառյալ գազի ընդհանուր շուկայի գործունեությանը Երևանի մասնակցության դադարեցումը, պարտադիր մաքսային հայտարարագրման և հսկողության վերականգնման, ավելի քան երկու անգամ կկրճատի ԵԱՏՄ երկրներից կատարվող դրամական փոխանցումները, 15,6%-ով կնվազեցնի երկրի ՀՆԱ-ն, կխստացնի աշխատանքային միգրացիայի պայմանները, կվտանգի ԵԱՏՄ շրջանակում ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի միասնական շուկայի ձևավորումն ու գործունեությունը, կչեղարկի ազատ առևտրի ռեժիմը ԵԱՏՄ գործընկեր երկրների՝ Իրանի, Վիետնամի, Սերբիայի, Մոնղոլիայի և ԱՄԷ-ի հետ։

ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Արմեն Եղիազարյանը խոսելով զեկույցում տեղ գտած, մասնավորապես, գազի գնի թանկացման մասին՝ նշեց, որ գազի գնի 69 տոկոս հնարավոր բարձրացումը միանշանակ շատ բացասական ազդեցություն է ունենալու ՀՀ տնտեսության, ժողովրդի սոցիալական վիճակի վրա։

«Գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ թանկանալու է գրեթե ամեն ինչ, սկսած հացից՝ մինչև տաքսի ծառայություն ու ցանկացած ծառայություն, ՀՀ-ում մեքենաների մեծ մասն աշխատում է գազով։ Այսինքն՝ գազի գնի բարձրացումը մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու բոլոր ապրանքների գների վրա։ Սրանով Հայաստանը որևէ շահ ու օգուտ չի ունենալու՝ նկատի ունեմ ժողովուրդը։ Գուցե վերին շերտերում որոշակի շահեր ունենան, բայց կոնկրետ տնտեսությունն ու բնակչությունն ընկնելու են բացասական ազդեցության տակ ու շատ լուրջ վնասեր են կրելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Եղիազարյանը։

Ըստ նրա, գազի գնի թանկացումն ազդելու է նույն այն թոշակառուի սոցիալական վիճակի վրա, որի թոշակը, ինչպես իշխանությունն է հայտարարարում՝ 1000 դրամով բարձրացրել է։ Բնակչության ծախսը մի քանի անգամ ավելանալու է։

«Այն դիվանագիտությունը, որն այս պահին ՀՀ իշխանությունն իրականացնում է  Ռուսաստանի հետ հարաբերություններում և որի արդյունքում, հնարավոր է՝ ՀՀ-ն դուրս գա ԵԱՏՄ-ից, ու գազի գինը բարձրանա՝ լուրջ խնդիրներ է առաջացնելու մեր երկրի համար։

Ինչ վերաբերում է ռուսական գազի այլընտրանքին, ապա այս մասով խոսքը վերաբերում էր իրանական գազին, բայց գիտենք, որ Իրանի նկատմամբ այս պահին բավականին մեծ սանկցիաներ կան։

Բացի այդ, այստեղ մեկ հանգամանք ևս կա, գազը, որը ՀՀ-ում սպառվում է, մեզ հասնում է ռուսական Գազպրոմի գազատարներով։ Այսինքն՝ դեռ պետք է հասկանանք, թե արդյո՞ք այդ գազատարներով հնարավոր կլինի այլ երկրից գազ մատակարարել բնակչությանը, թե անհրաժեշտ է լինելու նոր գազատարներ կառուցել։ Այստեղ էլ խնդիր կա, որը պետք է ուսումնասիրվի։ Այսինքն՝ սա մի հարթությունում դիտարկվող խնդիր չէ, այն շատ բազմաշերտ է՝ իր բացասական հետևանքներով»,- ընդգծեց Արմեն Եղիազարյանը։

—

TRIPP-ը և ռազմական բեռների տարանցումը․ ի՞նչ այլընտրանք ունի Ադրբեջանը, արդյո՞

Հոկտեմբեր 23, 2026

ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 21-ի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ «ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել», և, որ նման ըմբռնում կա նաև ադրբեջանական կողմում:

Անցած տարի նման համոզմունք էր հայտնել նաև Նիկոլ Փաշինյանը, երբ լրագրողները հետաքրքրվել էին՝ «Թրամփի ուղիով» Ադրբեջանը զենք, զինամթերք կարողանալո՞ւ է տեղափոխել Նախիջևան, զորք անցնելո՞ւ է, թե՞ ոչ, և ի՞նչ ռիսկեր է դա պարունակում։

 «Եթե մի պայման գործում է Հայաստանի դեպքում, այդ պայմանը գործում է նաև Ադրբեջանի դեպքում: Ես բազմիցս ասել եմ, որ այդ մանրամասների շուրջ պայմանավորվածություն չունենք, մենք ունենք սկզբունքներ և մենք մեզ հարց պետք է տանք՝ ուզո՞ւմ ենք, որ մեր զենքը և զորքն անցնի Նախիջևանով: Մենք ուզո՞ւմ ենք դա, թե՞ չենք ուզում:

Մեր իրականության մեջ կա այդ պրոբլեմը, մենք ընդհանրապես խոսում ենք ուրիշների մասին, բայց չենք խոսում մեր մասին: Երբ մենք որոշենք, որ ուզում ենք Նախիջևանի տարածքով դեպի Մեղրի և հակառակ ուղղությամբ զենք տանենք, նման թեմայով բանակցություններ կբացենք: Եթե մենք որոշենք, որ մենք չենք ուզում Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք զենք տանել երկաթուղով և հետ բերել, կորդեգրենք համապատասխան բանաձև, և այդպես շարունակ»,- մասնավորապես, նշել էր Փաշինյանը:

Կարդացեք նաև

  • Անկարայի խաղը՝ գլոբալ ճգնաժամերում. Ինչո՞ւ է Թուրքիան ստեղծում R4+E3 նոր հարթակը
  • Աշխատատեղերի «աճ»՝ կես դրույքներով ու հնդիկներով. Ինչպես են ձևավորվում Փաշինյանի թվերը
  • Փաշինյանը հրավիրում է «բլիժնի բոյի». նա ուզում է՝ ընդդիմությունը դեմ լինի, պատերազմով կվախեցնի, ընտրություններ կանցկացնի, 7 մանդատ ավելին կտանի ու կանի իր ուզած փոփոխությունը. Աղազարյան

Այս համատեքստում մի քանի կարևոր դրվագների մասին հիշեցնենք:

Առաջին, Նախիջևանն Ադրբեջանի՝ Թուրքիայի հետ միակ ցամաքային սահմանն ունեցող հատվածն է: Դրա երկարությունը, ըստ թուրքական աղբյուրների, 17,7 կմ է (11 մղոն): Նախիջևանը ծառայում է որպես Թուրքիայի դարպաս դեպի թյուրքական աշխարհ։

Երկրորդ, 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան, Հայաստանը՝ Ադրբեջանով դեպի ՌԴ, Կենտրոնական Ասիա ու Իրան: Դեռ այն ժամանակ հիշեցրել ենք, որ Ադրբեջանն Իրանի հետ կապ է ապահովում հիմնականում Աստարա քաղաք-նավահանգստի միջոցով՝ ցամաքային, Ադրբեջան-Իրան ծովային կապն ապահովվում է Կասպից ծովի ափին գտնվող Անզալի նավահանգստի միջոցով: Ընդ որում, այս նավահանգստի միջոցով Իրանը ծովային կապ ունի և՛ ՌԴ-ի, և՛ Ղազախստանի հետ, և՛ Թուրքմենստանի հետ: Իսկ Ղազվին-Ռաշթ-Ասթարա երկաթգիծն էլ ապահովելու է երկաթգծային կապը:

2023 թվականին Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Իրանի տարածքով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապ հաստատելու խնդրին՝ նշել էր.

«Դա նոր բան չէ: Իրանի միջանցքը 34 տարի եղել է Ադրբեջանի տրամադրության տակ: Հենց այդ շրջանակներում էլ համագործակցությունը շարունակվում է: Հաշվի առնելով նոր իրողությունները՝ հնարավորություն կա այդ համագործակցությունը հաստատել նոր աշխարհագրությանը համապատասխան: Իրանը ողջունել է համագործակցելու՝ Ադրբեջանի խնդրանքը»:

Ավելին, 2022 թվականին գրել ենք, որ Ադրբեջանի և Իրանի կառավարությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, այսպես կոչված` «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի տարածքով հաղորդակցության նոր կապեր ստեղծելու մասին: Փաստաթղթի նպատակը Նախիջևանի հետ նոր երկաթուղային և ճանապարհային կապեր հաստատելն է, ինչպես նաև կապի և էլեկտրամատակարարման գծեր անցկացնելը:

Ամիսներ առաջ տեղեկություն էր տարածվել, որ Ադրբեջանն ու Իրանը քննարկել են «Արևելյան Զանգեզուրի» և Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի ստեղծման հարցը։

Այստեղ հարկ է հիշեցնել, որ 2021 թվականի հոկտեմբերին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանը Նախիջևանի ուղղությամբ արգելել է ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքներն իր օդային տարածքով։

«Իրանը պաշտոնական ռազմական խողովակներով տեղեկացրել է ադրբեջանական կողմին, որ արգելվում է Ադրբեջանի ռազմական ինքնաթիռներին դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն թռչել Իրանի տարածքով։

Ադրբեջանի ռազմական ինքնաթիռներն այդ չվերթերով ռազմական տեխնիկա են տեղափոխում Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված ստորաբաժանումների համար։

Իրանն իր հերթին՝ հիմնականում օգտագործում է Ադրբեջանի տարածքը տրանսպորտային և տարանցիկ փոխադրումների համար, որոնք իրականացվում են գլխավորապես «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով:

Միևնույն ժամանակ, աղբյուրի փոխանցմամբ՝ Նախիջևան ադրբեջանական զորամիավորումներ ուղարկելու հնարավորությունը սահմանափակելու այս փորձն էական ազդեցություն չի ունենա Ադրբեջանի վրա, քանի որ երկիրը հազվադեպ է օգտվում այդ երթուղուց և նախապատվությունը տալիս է փոխադրման այլ ուղիների»,- գրել էր trend.az-ը՝ հղում անելով իր ռազմական աղբյուրին:

Այստեղ պետք է հիշել, որ 2022 թվականին Ադրբեջանի նախագահ Ալիևը խոստովանել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ օրը մի քանի անգամ Ռուսաստանից Հայաստան զենքով բեռնված ինքնաթիռներ են թռչել, ուստի խնդրել են վրացի գործընկերներին փակել օդային և ցամաքային ուղիները՝ արգելելով Հայաստան զենք բերող ռուսական ինքնաթիռների անցումը:

«Մենք խնդրեցինք մեր վրացի ընկերներին՝ փակել օդային տարածքը, և նրանք դա արեցին: Մենք խնդրեցինք փակել նաև ցամաքային ճանապարհը, որը կարող էր օգտագործվել Ռուսաստանից Հայաստան զենքի տեղափոխման համար՝ Վրաստանի տարածքով: Եվ նրանք կատարեցին նաև դա: Մենք շնորհակալ ենք նրանցից»,- ասել էր Ալիևը և շարունակել, որ նման խնդրանքով դիմել է նաև մերձկասպյան բոլոր երկրներին, սակայն այս անգամ Ադրբեջանին մերժել են:

«Մենք նամակներ ուղարկեցինք Ղազախստան, Թուրքմենստան և Իրան, սակայն, ցավոք, այդ ինքնաթիռներն այդ երկրների օդային տարածքով ներթափանցում էին Հայաստան»,- ասել էր Ալիևը, թեև 44-օրյայից հետո եղան տեղեկություններ, որ Իրանի օդային տարածքը ևս փակվել է:

Այսօր էլ Հայաստանը տարբեր երկրներից ձեռք բերած սպառազինությունը ստանում է Իրանի կամ Վրաստանի տարածքով, և երկու դեպքում էլ ժամանակ առ ժամանակ լոգիստիկ խնդիրներ են առաջանում։ Ընդ որում, նման մատակարարումներն ադրբեջանական կողմի թիրախում են եղել: Եվ եթե անգամ ռազմական բեռները տեղափոխվում են զորավարժության համատեքստում: Թերևս, հիշում ենք 2024 թվականին «Արծիվ գործընկեր» զորավարժությանն առնչվող ադրբեջանական հրապարակումները, թե ԱՄՆ-ին պատկանող Boeing C-17 ինքնաթիռներով ռազմական բեռի հետ մեկտեղ անձնակազմ է բերվել Հայաստան։

Երրորդ, վերադառնանք Ադրբեջանի հնարավորություններին:

Ինչպես նշեցինք, Նախիջևանը Ադրբեջանի՝ Թուրքիայի հետ միակ ցամաքային սահմանն ունեցող հատվածն է: Եվ հաշվի առնելով Թուրքիայի և Նախիջևանի միջև առկա անմիջական ցամաքային սահմանը՝ Ադրբեջանը տեսականորեն հնարավորություն ունի Թուրքիայից Նախիջևան տեղափոխելու ռազմական բեռներ։ Սակայն այս հանգամանքն ինքնին դեռ չի նշանակում, որ հայտնի են նման փոխադրումների ծավալները, պայմաններն ու իրականացման կարգը:

Չմոռանանք նաև հաճախակի իրականացվող զորավարժությունների մասին, որի պատրվակով սպառազինություն է տեղափոխվում և թողնվում Նախիջևանում ու Ադրբեջանի այլ հատվածներում: Բավական է հիշել 2020 թ. հուլիսյան մարտերից հետո Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում տեղի ունեցած զորավարժությունները: Հետո արդեն հայտնի դարձավ, որ Ադրբեջանը «Բայրաքթարներ» է տեղակայել Նախիջևանում և Եվլախում, որոնք հետո կիրառվեցին 44-օրյա պատերազմում:

Ավելին, քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր նաև, որ պատերազմին նախորդող ժամանակաշրջանում` նախիջևանյան զորավարժությունների ընթացքում, թուրքական F16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ։

Այս ամենը հանրագումարի բերելով, երբ նշում ենք, որ ԹՐԻՓՓ-ով կամ Նախիջևանով զորք և զենք չի կարող անցնել, արդյո՞ք մտածում ենք, որ Ադրբեջանը Նախիջևան ռազմական բեռ տեղափոխելու հնարավորություն բացարձակ չունի, երբ այնտեղ գործում է Նախիջևանի առանձին համազորային բանակը, որը, ըստ էության, Ադրբեջանի զինված ուժերի բաղադրիչ է:

Ուստի հարց է առաջանում՝ որքանո՞վ է ԹՐԻՓՓ-ն այս դեպքում վնասելու Ադրբեջանին, որքանո՞վ՝ Հայաստանին, որն առանց այն էլ լոգիստիկ խնդիրներ է ունենում: Այսինքն, նախքան Հայաստանի և Ադրբեջանի համար տարանցման սահմանափակումների հավասար ազդեցության մասին խոսելը՝ պետք է հաշվի առնել Ադրբեջանի այլընտրանքային հնարավորությունները՝ Նախիջևան ռազմական բեռներ տեղափոխելու հարցում:

Ի վերջո, կա՞ հստակ փաստաթղթային ամրագրում, թե ԹՐԻՓՓ-ն աշխարհագրական, քարտեզագրական ի՞նչ տարածք է ընդգրկում՝ ՀՀ ո՞ր մարզը, այդ մարզից որքա՞ն կիլոմետր, և այսպես շարունակ:

—