Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում

 «Ուժեղ Հայաստանում» երեկ երկար են քննարկել՝ հրապարակայի՞ն պատասխանել Փաշինյանի հայտարարությանը, որ եթե չհաջողվի համոզել ընդդիմությանը նոր սահմանադրության հարցում, արտահերթի կգնան, թե՞, այնուհանդերձ, խուսանավել, քանի դեռ հարցն օրակարգ չի մտել։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։ 


«Հիշեցնենք, որ Փաշինյանի հայտարարությանը «ուժեղների» ֆրակցիայի քարտուղարի շուրթերով պատասխան հնչեց, թե «Ուժեղ Հայաստան»-ը չի պատրաստվում աջակցել նոր սահմանադրության հանրաքվեին, որ կուսակցությունը դեմ է Սահմանադրությունն «Ալիեւի պահանջով» փոխելուն եւ պատրաստ է արտահերթ ընտրությունների։


Քննարկումների ժամանակ ընդդիմադիրները ենթադրել են, որ կտրուկ պատասխանը կարող է անցանկալի հետեւանքների հանգեցնել, եւ Փաշինյանը կարող է նորից ռեպրեսիվ գործիքակազմ կիրառել իրենց դեմ, սակայն եկել են եզրահանգման, որ չի կարելի չվերցնել նետված ձեռնոցը:


Նրանք վստահ են, որ Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում, քանի որ այլեւս չի կարողանում դիմադրել Ալիեւի ճնշումներին: Առհասարակ, մտել ենք մի փուլ, երբ բոլոր կողմերից Փաշինյանին ճնշում են. Ռուսաստանը՝ ԵՄ-ԵԱՏՄ դիլեմայի, Արեւմուտքը՝ ՌԴ-ից պոկվելու, Ալիեւը` անկլավներ, սահմանադրություն թեմայով», – նշված է հրապարակման մեջ։


«Ժողովուրդ» օրաթերթը այս առնչությամբ գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, իշխանության ներսում լուրջ անհանգստություն է առաջացրել։


Բանն այն է, որ իշխանության ներկայացուցիչներից շատերը, ըստ տեղեկությունների, կարծում էին, թե նոր ընտրություններից հետո առնվազն չորս-հինգ տարի ժամանակ ունեն՝ իրենց պաշտոններում մնալու և հանգիստ աշխատելու համար։ Սակայն Փաշինյանի հայտարարությունը ցույց է տվել, որ իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի, և իշխանականների քաղաքական ապագան այնքան էլ երաշխավորված չէ, որքան նրանք կարող էին պատկերացնել։


Մեր տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում առնվազն երեք տարբեր խմբերում քննարկումները բավական թեժ են եղել։ Իշխանության ներկայացուցիչները փորձել են հասկանալ՝ ինչ է սպասվում իրենց, ինչ քայլերի կարող է դիմել Փաշինյանը, և արդյոք պետք է պատրաստվել նոր ընտրական գործընթացի։


Իրավիճակն ավելի է բարդանում այն հանգամանքով, որ Փաշինյանը, ինչպես կարծում են իշխանական շրջանակների որոշ ներկայացուցիչներ, կարող է բավական կտրուկ որոշում կայացնել և գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ նույնիսկ այն դեպքում, երբ իր թիմի մի մասը նման զարգացումներին պատրաստ չէ»։

—

Բաքվի և Անկարայի միջև լարվածության ներկայիս մակարդակը աննախադեպ է

Ինչպես գրել էի արհեստածին Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ բողոքի գործողությունների առաջին օրը, դրանք իրենց կազմակերպվածությամբ, ապակենտրոնությամբ և համեմատական զանգվածայնությամբ վերջին տարիների ընթացքում աննախադեպ էին։


Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչության ոչ պաշտոնական խոսնակներից մեկը նույնպես խոստովանում է դա՝ անկախ իրենից, մատնելով դրանց վտանգավորության աստիճանը, ինչը խնամքով փորձում էր թաքցնել նույն այդ վարչախումբն արհեստածին Ադրբեջանի ամբողջովին փակ և վերահսկվող ներքին տեղեկատվական դաշտի առավելությունն օգտագործելով։


Զուգահեռաբար, նույն այս խոսնակը, փաստորեն խոստովանում է լարվածության նույնպես աննախադեպ այն մակարդակը, որին հասել էին պաշտոնական Բաքվի և Անկարայի հարաբերությունները։


Դրանք Բաքվի բռնապետի և Էրդողանի իշխանության հետագա տարիներին, կարծում եմ՝ այլևս երբեք չեն կարողանալու ամբողջովին ազատվել այդ լարվածության հետեւանքով առաջացած դառը նստվածքի հաստ շերտից, եթե նույնիսկ այլ տեղերում էլ ճաքեր չտան։

Իրանագետ Վարդան Ոսկանյան




—

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Սեդրակ Քոչարյանի կալանքը

Հակակոռուպցիոն դատարանը, դատախազության միջնորդության երկարատև քննությունից հետո, ևս 2 ամսով երկարաձգել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքը։ Այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Հակոբ Կյուրեղյանը։ Որոշումը կայացրել է դատավոր Արամ Գրիգորյանը։


Իրավաբանը կարծիք է հայտնել, որ այս փուլում դժվար էր որևէ այլ բան ակնկալել՝ հաշվի առնելով դատական համակարգի վրա ընդհանուր ճնշումը և (իշխանությունների) մեկնաբանությունները մեղադրյալի համար բարենպաստ դատական որոշումների վերաբերյալ։ Դատարանի որոշումն անպայման կբողոքարկվի, ընդգծել է Կյուրեղյանը։ Սեդրակ Քոչարյանին նիստի չեն բերել։


Երբ փաստաբանին հարցրին կալանքի երկարաձգման հիմքերի մասին, նա նշեց, որ դատական նիստերն ընթանում տրամաբանության մեջ, որ պաշտպանության կողմը ներկայացնում է, թե ինչու չպետք է երկարաձգվի կալանքը, մինչդեռ պետք է լինի հակառակը՝ մեղադրող կողմի պարտականությունն է ապացուցել, թե ինչու պետք է երկարաձգվի խափանման միջոցը, այն էլ այդքան ինտենսիվ։ «Պաշտպանության կողմի փաստարկները իրավական առումով ուժեղ են, այլ հարց է, որ դրանք հաշվի չեն առնում», – նշել է փաստաբանը։


Հարցին, թե արդյոք պաշտպանության կողմը խնդրել է գրավի դիմաց ազատ արձակում, Կյուրեղյանը դրական է պատասխանել՝ նշելով, որ գրավի չափը թողնվել է դատարանի հայեցողությանը։

—

Մենք պատրաստ ենք. Կարապետյանն արձագանքել է Փաշինյանին

 


«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ կարապետյանն արձագանքել է երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների։


Կարապետյանը գրել է. «Մենք պատրաստ ենք։


Միա՛յն օրն ասեք։


Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»։

—

«Երրորդ փորձի» առասպելը

 


Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ չորս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հրապարակած զեկույցը ներկայացնում է որպես Հայաստանի անկախության դեմ ուղղված հերթական դավադրության դրսևորում։ 


Ըստ նրա՝ սա Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու երրորդ փորձն է, որի վերջնական նպատակը Հայաստանի նկատմամբ վերահսկողություն հաստատելն ու մեր պետությանը նախ դե ֆակտո, ապա նաև դե յուրե անկախությունից զրկելն է։


Փաշինյանի մեկնաբանությամբ՝ առաջին փորձը տեղի է ունեցել 2023 թվականին՝ Արցախի հայաթափման ժամանակ, երկրորդը՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում, իսկ երրորդը նախապատրաստվում է հիմա։


Գործ ունենք սեփական արտաքին քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից խուսափելու հերթական ամոթալի փորձի հետ։


ԵԱՏՄ զեկույցում ներկայացված տնտեսական գնահատականների արժանահավատությունը, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ հնարավոր սահմանափակումների իրավաչափությունը կարող են և պետք է դառնան առարկայական քննարկման թեմա։ Հեռու եմ այն մտքից, որ որևէ զռկույց պետք է ընդունել որպես «հալած յուղ»:


Սակայն այս ամենը չի կարող ստվերել այն իրողությունը, որ տարիներ շարունակ Փաշինյանի իշխանությունը վարել է արտաքին քաղաքականություն, որի հռչակված նպատակները հաճախ հակասել են Հայաստանի տնտեսական կախվածություններին և անվտանգության համակարգի իրական կառուցվածքին։


Հայաստանը շարունակում է օգտվել ԵԱՏՄ տնտեսական հնարավորություններից, մինչդեռ իշխանությունը հայտարարում է եվրոպական ինտեգրման հեռանկարի մասին՝ հանրությանը չներկայացնելով վերակողմնորոշման իրատեսական ճանապարհային քարտեզ, հնարավոր տնտեսական կորուստները փոխհատուցելու և դրանց հետևանքները մեղմելու հստակ մեխանիզմներ։


Երբ այդ ամենը հարուցել է համապարփակ քաղաքական ճգնաժամ, Փաշինյանը փորձում է դրա ողջ պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա։ Ընդ որում, վարչապետի այն պնդումը, թե ԵԱՏՄ զեկույցում տնտեսական բաղադրիչ ընդհանրապես գոյություն չունի, պրիմիտիվ ու մանիպուլյացիոն պնդում է, որի միակ նպատակը հասարակությանը մոլորեցնելն է:


Առանձնապես ուշագրավ է 2023 թվականի արցախյան ողբերգության վերաբերյալ Փաշինյանի մեկնաբանությունը։
Անդրադառնալով Արցախի հայաթափմանը՝ նա իր քաղաքական մեղադրանքների հիմնական հասցեատեր է դարձնում ռուսական խաղաղապահ առաքելությունը՝ փաստացի երկրորդ պլան մղելով Ադրբեջանի անմիջական պատասխանատվությունը։


Որևէ ողջամիտ մարդ արցախյան ողբերգության հարցում չի անտեսում Ռուսաստանի պատասխանատվությունը. այս և այլ զգայուն հարցերն անպայման ու անպատճառ պետք է դառնան հայ-ռուսական քննարկումների մաս:
Սակայն անառարկելի է, որ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ ռազմական գործողություններ իրականացնողն Ադրբեջանն էր, որն էլ կրում է արցախահայության բռնի տեղահանման հիմնական պատասխանատվությունը։


Մինչդեռ Փաշինյանի մեկնաբանության առանցքում ոչ թե Ադրբեջանի գործողություններն են, այլ Ռուսաստանի ենթադրյալ մտադրությունը՝ արցախահայության տեղահանությունն օգտագործելու Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու նպատակով։


Այսպիսով, ազգային ողբերգությունը տեղավորվում է Փաշինյանի իշխանության պահպանման շուրջ կառուցված քաղաքական պատումի մեջ։ Արցախի կորուստը ներկայացվում է ոչ թե Հայաստանի պետական քաղաքականության և անվտանգության համակարգի աղետալի ձախողման համատեքստում, այլ որպես Փաշինյանի իշխանության դեմ կազմակերպված դավադրության դրվագ։ Սա սեփական պատասխանատվությունը երկրորդ պլան մղելու փորձ է(ընդ որում, Փաշինյանը «մոռացել» է իր բազմաթիվ հայտարարությունների մասին, որոնց իմաստն այն է, որ Արցախը թոկ է եղել Հայաստանի վզին՝ կաշկանդելու համար մեր անկախությունը):


2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Փաշինյանն, ըստ էության, վերարտադրում է Ռուսաստանից եկող «հիբրիդային պատերազմի» մասին նախկինում շրջանառված թեզը։
Դարձյալ քարոզչական «փրփուր»՝ զրո փաստական հենքով:


Փաստորեն, իշխանությունն իրեն է վերապահում իրավունք՝ որոշելու, թե ով է պաշտպանում Հայաստանի անկախությունը, և ով է գիտակցաբար կամ անգիտակցաբար սպասարկում արտաքին ուժերի շահերը։


Սա վտանգավոր քաղաքական տրամաբանություն է, որի հետևանքով անկախության պաշտպանության գաղափարը կարող է վերածվել ներքաղաքական մրցակիցներին վարկաբեկելու, քաղաքական բազմակարծությունը սահմանափակելու և հասարակության ներսում նոր բաժանարար գծեր ձևավորելու գործիքի։
Փաշինյանի հայտարարությունները պետք է դիտարկել նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության մասին նրա երեկվա ակնարկի համատեքստում։


Այս հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ Փաշինյանն արդեն սկսել է նոր ընտրական կամպանիայի քաղաքական նախապատրաստությունը։ Մեծ է հավանականությունը, որ դրա «գաղափարական» առանցքը կրկին դառնալու է հակառուսականությունը։


Եթե նախորդ ընտրություններում Փաշինյանը քաղաքական մրցակցությունը կառուցում էր «խաղաղություն կամ պատերազմ» կեղծ երկընտրանքի վրա, ապա առաջիկայում դրան ավելանալու է նոր՝ «անկախություն կամ Ռուսաստանի վերահսկողություն» դարձյալ կեղծ երկընտրանքը։ Երկու դեպքում էլ քաղաքական տեխնոլոգիան նույնն է՝ բովանդակային, ծրագրային մրցակցությունը փոխարինել հասարակության վախերի ընտրական շահագործմամբ։
Փաշինյանի քաղաքականության մեջ խաղաղությունը ոչ թե ինքնուրույն ռազմավարական նպատակ է, այլ միջոց՝ Հայաստանի աշխարհաքաղաքական վերակողմնորոշումն առաջ տանելու և դրա շուրջ հասարակական աջակցություն ապահովելու համար։


Փաշինյանի քաղաքականության առանցքային հակասությունն այն է, որ արտաքին քաղաքական յուրաքանչյուր նոր ճգնաժամ ներկայացվում է որպես իր իշխանության դեմ ուղղված դավադրություն, իսկ այդ ճգնաժամի առաջացման հարցում սեփական քաղաքականության պատասխանատվության քննարկումը դուրս է մղվում հանրային օրակարգից։
Հայաստանի անկախությունն ու գործող իշխանության քաղաքական վերարտադրությունը նույնական հասկացություններ չեն։ Հայաստանի անկախության պաշտպանությունը չի կարող նույնացվել Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման հետ: Ճիշտ հակառակը՝ ուժեղ պետության տեսլականը հուշում է, որ իշխանությունը չի կարող խուսափել սեփական քաղաքականության հետևանքների համար պատասխանատվությունից։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց




—

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Ավելի քան 200 բեռնատար ավտոմեքենա սպասում է էլեկտրոնային հերթում՝ Հյուսիսային Օսիայում՝ ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետով անցնելու համար։


Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։


«Ռազմավարական ճանապարհը բաց է տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Էլեկտրոնային հերթում 262 ծանրաքաշ բեռնատար կա, ևս 560-ը գտնվում են կայանատեղիներում», — գրել է Մենյայլոն «Մաքս» մեսենջերի իր ալիքում։


Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հոկտեմբերի 21-ի՝ չորեքշաբթի օրվա տվյալներով, էլեկտրոնային հերթում գրանցված էր 117 բեռնատար ավտոմեքենա։


Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և Հայաստանի հետ։

—

Թալան՝ հարսանիքի ժամանակ. Մրգավետ գյուղում տնից գումար և ոսկի են հափշտակել

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, բնակարանային գողություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Մրգավետ բնակավայրի Կոմիտասի փողոցի տան բնակիչները, հարսանեկան արարողությունից վերադառնալով տուն, անակնկալի են եկել։


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ամուսինները և ընտանիքի մյուս անդամները հայտնաբերել են տան սենյակները տակնուվրա արված, որտեղից հափշտակել են խոշոր չափի գումար՝ ընդհանուր մոտ 45 հազար ԱՄՆ դոլար, որի մեջ մտնում են նաև խոշոր չափի եվրո, ռուսական ռուբլի և ոսկյա զարդեր։


Իրավապահներն աշխատում են մի քանի ուղղությամբ, այդ թվում, որ տունը թալանվել է նշված տուն ներս ու դուրս անողի տված տվյալներով կամ նշված տան ընտանիքի անդամների հետ շփում ունեցողի կողմից, քանի որ հավանաբար գողը կամ գողերը տեղեկացված են եղել, որ ընտանիքի անդամները այդ օրը երկար ժամանակով բացակայելու են տանից։

—

Դպրոցի տարածքը՝ 23.4 մլն դրամով. քննությունը բացահայտել է կեղծ գործարքների սխ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:


Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Էջմիածնի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, սահմանված կարգի խախտմամբ 2006 թվականին օտարել են Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող միջնակարգ դպրոցին հարակից՝ 23 մլն 409 հզր 960 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող կիսակառույց մասնաշենքերն ու հողամասերը, որոնք փաստացի ձեռք են բերվել քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Կ.Գ.-ի մոր՝ Ն.Մ.-ի կողմից, սակայն առանձնապես խոշոր չափերով գույքի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով դրանց նկատմամբ գրանցվել է վերջինիս հետ փոխկապակցված անձի՝ Ս.Ս.-ի սեփականության իրավունքը:


Նշված գույքերի հանցավոր ծագումը և պատկանելությունը թաքցնելու նպատակով Ս.Ս.-ն 2020 թվականին նախնական համաձայնություն է ձեռք բերել Էջմիածնի բնակիչ Ա.Հ.-ի հետ՝ նշված գույքերի վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեում ձևական բնույթ կրող գործարքներ կնքելու միջոցով դրանց հանցավոր ծագումն ու իրական պատկանելությունը խեղաթյուրելու շուրջ: Ա.Հ.-ի խնդրանքով վերջինիս մտերիմ, ՀՀ կադաստրի կոմիտեի «Սպիտակ» սպասարկման գրասենյակի պետ Մ.Պ.-ն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր ենթակա, նույն գրասենյակի ավագ մասնագետ Ա.Մ.-ին հանձնարարել է կազմել և շրջանառության մեջ դնել նվիրատվության կեղծ պայմանագրեր, որոնց համաձայն՝ Ս.Ս.-ն իբրև նվիրատվությամբ Ա.Հ.-ին է փոխանցել հանցավոր ծագում ունեցող անշարժ գույքերը:


Ավագ մասնագետ Ա.Մ.-ն, կատարելով վերադասի հանձնարարությունը, կազմել է հանցավոր ծագում ունեցող գույքերը նվիրատվությամբ Ա.Հ.-ին փոխանցելու վերաբերյալ կեղծ պայմանագրերը: Այնուհետև՝ 2020 թվականի հունիսի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, Ա.Հ.-ն և Ս.Ս.-ն, վերջինին իբրև գույքերի իրական սեփականատեր ներկայացնելու նպատակով դիմումներ են հասցեագրել ՀՀ կադաստրի կոմիտեի տարբեր ստորաբաժանումներ՝ կնքված կեղծ պայմանագրերից բխող իրավունքների գրանցումը կատարելու, ապա՝ կատարումից զերծ մնալու խնդրանքով: Բացի այդ, Մ.Պ.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են ռազմամթերք հանդիսացող շուրջ երեք տասնյակ տարբեր տրամաչափի փամփուշտներ:


Քրեական վարույթի նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, Ա.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն oժանդակելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), Ա.Մ.-ի նկատմամբ՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), Մ.Պ.-ի նկատմամբ՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը)։ Մ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, Ա.Մ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը, իսկ Ա.Հ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

—

Թմրանյութի իրացում Թաիրովում. 59-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է ափիոն և մ

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները թմրանյութի իրացման վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին հոկտեմբերի 12-ին։


Թաիրովի տարածքում նրանք ձերբակալեցին և իրենց վարած ավտոմեքենայով հանդերձ բաժին տեղափոխեցին երեք տղամարդու։


«Օպել» մակնիշի մեքենան, որի մեջ իրավապահները նկատել էին ներարկիչ, կնիքվեց պահպանվող հատուկ տարածքում։


Ուղևորներից մեկի՝ Թաիրովի բնակիչ 59-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց սուբուտեքսի նմանվող հաբ։


Հետագա միջոցառումներով հիմնավորվեց համայնքային ոստիկանների օպերատիվ տեղեկությունը, որ հենց նա էր փորձում մյուս երկուսին իրացնել թմրանյութը՝ ինչի դիմաց արդեն ստացել էր 20 հազար դրամ։


Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 15-ին կատարված խուզարկություններով «Օպելում» հայտնաբերվել է կոտրված երկու սրվակ, դեղահաբ և թմրանյութի նմանվող հեղուկով ներարկիչ, իսկ 59-ամյա տղամարդու տանը՝ չմշակված ափիոն, մոտ 28 գրամ մարիխուանա և հոգեմետ դեղահաբեր։


Տղամարդը կալանավորվել է, նախաքննությունը շարունակվում է։

—

Verelq: Թուրքիան նոր դիվանագիտական հարթակ է առաջ մղում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի նախաձեռնությամբ, այսօր Ստամբուլում հավաքվում են յոթ երկրների արտաքին գործերի նախարարներ՝ քննարկելու Իրանի շուրջ հավանական զարգացումները, Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը, Սաուդյան Արաբիայի վրա հուսիների հարձակումները, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր կարգավորումները:


Հանդիպմանը ներկա կլինեն Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, և Ֆրանսիան։


Reuters գործակալության տվյալների համաձայն՝ Պակիստանի անարդյունք միջնորդական ջանքերից հետո, թուրքական կողմը մտադիր է հանդես գալ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության ինչպես նաև Հորմուզի և Բաբ էլ Մանդեբի նեղուցներում առկա խնդիրների դիվանագիտական կարգավորման օգտին:


Ենթադրվում է, որ առանձին օրակարգային հարց կլինի Սաուդյան Արաբիայի անվտանգությունը։ Արտգործնախարար Ֆիդանը մտադիր է առաջ մղել Էր Ռիադին աջակցելու թեման՝ Մեքքայի համաձայնագրի շրջանակներում։


Օրակարգում են նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը և Ուկրաինայում պատերազմը։ Թուրքիան մտադիր է ստամբուլյան հավաքի ժամանակ բարձրացնել Սև ծովի տարածաշրջանում ռազմական գործողությունների տարածման ռիսկերի մասին հարցը:


Ակնհայտ է, որ նման հանդիպման քաղաքական նշանակությունը դուրս է գալիս առանձին հակամարտությունների շրջանակներից։ Անկարան կարծես թե փորձում է ձևավորել փոխգործակցության նոր ձևաչափ՝ տարածաշրջանի խոշորագույն տերությունների և Եվրոպայի առաջատար երկրների միջև։


Միևնույն ժամանակ, ուշագրավ ու տարօրինակ է, որ նմանատիպ ծավալուն օրակարգի պարագայում հանդիպմանը ներկայացված չեն լինելու ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Իսրայելը և Իրանը։


Թեև առայժմ խոսքը դիվանագիտական-քաղաքական խորհրդակցությունների մասին է, այնուամենայնիվ, նմանատիպ նոր ձևաչափի ի հայտ գալն ինքնին ցույց է տալիս, որ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում։


ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան




—