168: «ՌԴ-ում Նիկոլ Փաշինյանից հստակություն են ուզում՝ Հայաստանը գնո՞ւմ է ԵՄ,

Նոյեմբեր 27, 2026

Նոյեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում տեղի ունեցած հանդիպման ընթացքում անդրադարձել էր ԵՄ, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններին, շեշտելով, որ դեկտեմբերին Ռուսաստան կայցելի 3 անգամ։ Առաջին այցը նախատեսված է դեկտեմբերի 3-ին։

«Մենք չենք ուզում խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար։ Հուսամ՝ դա չէ Ռուսաստանի մտադրությունը։ Ես այցելելու եմ Ռուսաստան բանակցությունների համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Քաղտեխնոլոգ Վաիգեն Հակոբյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն այցելելով՝ պետք է շատ հստակ պատասխան տա՝ ԵՄ ուղղությունն ուժի մե՞ջ է, թե՞ ոչ։

«Անձամբ Վլադիմիր Պուտինի մակարդակով այդ հարցը երկու անգամ դրվել է, նաև ԵԱՏՄ-ի մակարդակով չորս երկրի կողմից ստորագրված հարցն է դրվել։ Նիկոլ Փաշինյանից հստակություն են ուզում՝ Հայաստանը գնո՞ւմ է ԵՄ, թե՞ ոչ։ Պուտինն ասում է, որ ՌԴ-ի համար այն փաստը, որ Հայաստանն օրենք է ընդունել ԵՄ գնալու համար, այդ փաստն արդեն նշանակում է, որ նա ԵԱՏՄ-ից դուրս է գալու։ Այսինքն՝ վեկտորը, որի մասին օրենք են ընդունել, եթե ուժի մեջ է, ուրեմն՝ ԵԱՏՄ-ից որոշել են դուրս գալ։ Նիկոլ Փաշինյանը ինչ էլ ուզում է ՌԴ-ում ասի, մեկ է՝ հստակ պատասխան պետք է տա, որպեսզի Պուտինն ունենա դեմք ինչ-որ բաներ «մեղմացնելու» համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վիգեն Հակոբյանը

Կարդացեք նաև

  • Փաշինյանի քաղաքական որոշման չբացահայտված 4 պատճառը և գեներալ Կարեն Գրիգորյանի պաշտոնանկության հնարավոր շարժառիթները
  • Արմեն Աշոտյանի սկանդալային բացահայտումը. Փաշինյանի սահմանադրական ծուղակը․ ի՞նչ է թաքնված նոր նախագծի հետևում
  • Հայաստանն ուղեղային մորմոքի վերածելու նուրբ արվեստը

Մեր զրուցակցի կարծիքով՝ ՀՀ իշխանությունը ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի վերաբերյալ հստակ պատասխան չունի։ Հետևաբար՝ ՌԴ այցի ընթացքում հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության հարցը չի լուծվելու։

«Ռուսական կողմը շատ հստակ է հարցը դրել, որովհետև սա ռուսների և անձամբ Պուտինի ռեպուտացիոն հարցն է։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մենք գնում ենք ԵՄ, թեկուզ 20 տարի հետո, այսինքն՝ ԵԱՏՄ-ի բարիքներից կօգտվեն, երբ հարմար պահ եղավ՝ կգնան ԵՄ։

ՌԴ նախագահը հասկանում է, որ եթե հիմա թուլություն ցուցաբերի, ԵԱՏՄ անդամ երկրները նույնպես կարող են նման բաներ անել՝ «լևի» գնալ»,- շեշտեց Վիգեն Հակոբյանը։

Խոսելով ԹՐԻՓՓ նախագծի մասին, որի մեկնարկը Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես տվեց նոյեմբերի 23-ին, և հարցին՝ այս նախագիծը որևէ կերպ կարո՞ղ է երաշխավորել ՀՀ անվտանգությունը, քաղտեխնոլոգը պատասխանեց՝ ՀՀ անվտանգությունը որևէ բան չի երաշխավորում առհասարակ։

«Այն, ինչը նախկինում երաշխավորում էր ՀՀ անվտանգությունը՝ բանակը և ճիշտ ռազմաքաղաքական դաշինքը, հիմա գոյություն չունեն։ Իսկ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ մենք մինչև հիմա չգիտենք, թե այն ինչ է իրենից ներկայացնում, որովհետև այս պահի դրությամբ, իր նկարագրությամբ այն միջանցք է, «ֆրոնտ օֆիս» և «բեք օֆիս», այս բոլոր արտիբուտներով՝ ունի միջանցքային տրամաբանություն։

Պատահական չէ, որ հայ-ամերիկյան այս նախագծում առանց Ադրբեջանի գործուն մասնակցության որևէ բան տեղի չի ունենում։ Պատահական չէ, որ ադրբեջանցի պաշտոնյաները՝ Հաջիևը, Բայրամովը, առիթը բաց չեն թողնում ասելու, որ այս նախագիծը սկսվում ու ավարտվում է Ադրբեջանով»,- ընդգծեց Վիգեն Հակոբյանը։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Babken Chilingarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/28/168-%d5%bc%d5%a4-%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b6%d5%ab%d5%af%d5%b8%d5%ac-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab%d6%81-%d5%b0%d5%bd%d5%bf%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8/

Leave a Reply