18 հազար անորակ ներդիր բանակի համար. նախկին նախարարի գործն ուղարկվել է դատարա

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Դ. Տ.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության նախկին պետի օժանդակությամբ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։


Մասնավորապես՝ պարզվել է, որ Դ. Տ.-ն Պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրով մատակարարման ենթակա 18.000 կոշտ բալիստիկ ներդիրները տեխնիկական բնութագրի համեմատ տարբերություն ունենալու պայմաններում, առանց բավարար հիմքերի, առանց տեխնիկական բնութագրում նշված և փաստացի մատակարարված ապրանքի գնային արժեքի տարբերությունը մատակարարի կողմից փոխհատուցելու կամ դրան ուղղված միջոցներ ձեռնարկելու, համաձայնել և թույլատրել է ենթակա ստորաբաժանումների ծառայողներին ընդունել որակյալ չհամարվող վերը նշված ապրանքը, որը 2020 թվականի հուլիսի 20-ին մատակարարվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչությանը:


Նախկին պաշտոնատար անձի հանցավոր արարքի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերին հատկացվել են պայմանագրի տեխնիկական բնութագրից տարբերվող և որակյալ չհամարվող 18.000 կոշտ բալիստիկ ներդիրներ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 20.268.000 ՀՀ դրամի գույքային վնաս:


Դ. Տ.-ին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրան օժանդակած պաշտոնատար անձին՝ նույն օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 20.268.000 ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է:


Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Emma Jilavian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/27/18-%d5%b0%d5%a1%d5%a6%d5%a1%d6%80-%d5%a1%d5%b6%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b6%d5%a5%d6%80%d5%a4%d5%ab%d6%80-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80-%d5%b6%d5%a1%d5%ad/

Leave a Reply