Նոյեմբեր 21, 2026
168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Նիկոլ Փաշինյանն օրակարգ թելադրող է զուտ այն պատճառով, որ ստեղծել է ավտորիտար համակարգ: Խորհրդարանի մեծամասնությունն ուսապարկերի հավաքածու է: Նրանք վաղօրոք որևէ բանից տեղյակ չեն լինում: Ընդդիմությունն ավելի նախաձեռնողական և ակտիվ լինելու կարիք ունի:
- Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը գործարք է առաջարկում՝ պետության ապամոնտաժման օրակարգով: Եվ ասում է՝ էդ պայմանով ես կհեռանամ: Բայց դա պետության լուծարման օրակարգ է, և ակնհայտորեն որևէ մեկն այդ օրակարգը չի կիսելու: Էս երեք օրվա աղմուկի մեջ «հեռանալ» բառը բանալի բառն է: Այդ բառի գլխավոր հասցեատերը ոչ միայն Հայաստանի ընդդիմությունն է, այլև միջազգային դերակատարները: Նիկոլ Փաշինյանի առաքելությունը մոտենում է ավարտին, և նա անձնական անվտանգային երաշխիքներ է մուրում: Իրեն ասել են՝ դա կստանա, եթե գլուխ բերի Սահմանադրության փոփոխության օրակարգը: Այս երեք օրը Նիկոլ Փաշինյանը նման է քաղաքական դիակի վերածված իշխանության և ակնկալում է, որ իր քաղաքական հուղարկավորությունը պատշաճ կերպով կկազմակերպեն:
- Երեկ առաջին անգամ ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյան՝ Ալեն Սիմոնյանը, հայտարարեց՝ ամեն պաշտոնի կարող եմ գնալ, այդ թվում՝ վարչապետի պաշտոնին: Սա այն Ալեն Սիմոնյանն է, ով ամիսներ առաջ ասում էր՝ միշտ կլինեմ Նիկոլ Փաշինյանից կես քայլ հետ: Իսկ հիմա վարչապետական ամբիցիաներ է դրսևորում: Թիմում էլ են տեղյակ, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակն ավարտված է:
- Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ ստրատեգիական սխալ է արել՝ խաղադրույք դնելով Ռուսաստանի պարտության վրա, ու վաղ թե ուշ դրա համար պատժվելու է: Բացի դրանից, Դուբլինում Ալիևը Նիկոլ Փաշինյանի շուրջ օղակը սեղմել է: Իսկ արտաքին պարտադրանքը միշտ ներքաղաքական շանտաժի է վերածում: Մոսկվայում իրեն շատ ծանր զրույց է սպասվում, դրա համար իրեն փորձում է վստահ զգալ՝ ներսում նման կերպ իրեն պահելով: Բացի դրանից, Շենժենում Սի-Պուտին-Թրամփ հանդիպումն ու դրա արդյունքում համաձայնությունը կարող են վերջ դնել ծաղրածու ղեկավարների դարաշրջանին:
- Մոսկվա Փաշինյանը մեկնում է զրոյական արդյունքով: Հակառուսական քվեարկությանը չմիանալով՝ նա ժեստ արեց Պուտինին, բայց դա բավարար չէ: Դեկտեմբերի 3-ը մոտ է, և նա Մոսկվա է գնալու դատարկ ձեռքով: Ռուսները որպես զրույցը շարունակելու երաշխիք՝ պահանջում են 2025թ. Եվրամիությանն անդամակցության մեկնարկի մասին օրենքը չեղարկելը: Դա տեղի չի ունեցել, և ռուսներն այլև չեն հավատում Փաշինյանի «Պապայի արև» երդումներին:
- Ռուսները կգնան մինչև վերջ. կսառեցնեն Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ սանկցիաների խստացումով: Չեն հեռացնի, բայց կսառեցնեն անդամակցությունը:
- Եթե գնա, Ռուսաստանում էլ փորձի լեկցիա կարդալ, իրեն կասեն, որ չեն ճանաչում ոչ մի ուրիշ պետության ղեկավարի, որն իր արտաքին քաղաքականության հիմքում դնում է շիզոֆրենիան:
- 2024թ. արևմտյան դեսպանատներից մեկում մասնավոր զրույցի ժամանակ իմ ուղիղ հարցին՝ ինչու Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, երբ անդադար խոսում է ԵՄ մտնելու մասին, ինձ ուղիղ ասացին՝ մեր հորդորն է կատարում, որովհետև մենք նրան ասել ենք, որ Հայաստանին անվտանգության երաշխիքներ չենք տալու:
- Արմեն Գրիգորյանի հոդվածից ՔՊ-ական գարշահոտ է փչում: Այդ տեքստն ինքը չի գրել: Ենթադրում եմ՝ հին դիվանագետներից մեկն է գրել (Ժիրայր Լիպարիտյան.- Ս.Ս): Արմեն Գրիգորյանը փխրուն ուսեր ունի, նրանից Նիկոլ Փաշինյանին փոխարինող չեն կերտի, «պետականամետ» ընդդիմություն՝ այո:
- Չեզոք պետության գաղափարի հեղինակն Արմեն Գրիգորյանը չէ, այլ նրա կառուցողական գործընկեր Հիքմեթ Հաջիևը, ում հետ Գրիգորյանն ամենաշատն էր հանդիպում: Չեզոք պետության համար զրոյական սպառնալիք պետք է լինի հարևաններից և ինքնաբավություն: Մեր պարագայում 4 հարևաններից երկուսի հետ մենք, մեղմ ասած, ունենք չկարգավորված հարաբերություններ, հետևաբար՝ պատերազմի ռիսկ: Բացի դրանից, չեզոք պետություն դառնալու համար աշխարհաքաղաքական կոնսենսուս է պետք, իսկ դա բացառված է: Ռուսաստանը երբեք չի հանդուրժելու, որ չեզոք պետության գեղեցիկ հովանու տակ դու դառնաս թուրքական ֆորպոստ: Արմեն Գրիգորյանի ասած չեզոք պետությունը Հայաստանի՝ ադրբեջանական ֆորպոստ դառնալն է:
- Մի գիշերվա մեջ ԵԱՏՄ մտնելու թեզը միֆ է, որովհետև ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հավակնություններ չի ունեցել:
- Նիկոլ Փաշինյանի ոչ մի առաջարկի ընդդիմությունը չպետք է արձագանքի: Ընդդիմությունը հստակ պետք է ասի՝ 6 մանդատ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չի ստանալու:
- Միայն ընտրական ճանապարհով Նիկոլ Փաշինյանին հեռացնել հնարավոր չէ: Միայն ընտրական ճանապարհով, բայց անպայման փողոցի ճնշմամբ է հնարավոր միայն նրա հեռացումը: Ընտրության օրը պիտի հանրային դժգոհության քաղաքական կապիտալիզացիան լինի:
- ՔՊ-ականների վիճակը պատկերացրե՛ք. Իրենց թիմակից Տիգրան Ավինյանին Աննա Հակոբյանը թիրախավորում է: Հիմա չգիտեն՝ ում կողքը կանգնեն, էդ թիրախավորման հետևում Նիկոլ Փաշինյանը կա՞, թե՞ չէ:
- Աշխարհում չեք կարող գտնել որևէ երկու երկրների հարաբերություն, որոնցում Սահմանադրությունը կարող է դառնալ այդ երկրների միջև հարաբերությունների վատացման պատճառ: Ալիևին զսպողը մեր զիջումները չեն, այլ տարածաշրջանային գլոբալ գործոնները՝ մեր կամքից անկախ: Սահմանադրությունը մերժենք-չմերժենք, Ալիևն այսօրվա ստատուս-քվոյի պայմաններում պատերազմ սկսել չի կարող: Ընդհակառակը, հանրաքվեի կանխումն ազդակ կլինի Ալիևին, որ մենք միակողմանի զիջումներին պատրաստ չենք, իսկ միջազգային դերակատարների մոտ կբարձրացնի մեր կշիռը:
- Դուբլինում մի վտանգավոր բան էլ է տեղի ունեցել: Բացի Դեբեդից, մնացած բոլոր գետերը հոսում են դեպի Ադրբեջան: Իսկ անդրսահմանային ջրերի մասին ձևակերպում Դուբլինում հայ-ադրբեջանական շփումներում եղել է: Սա առաջին անգամ, ի դեպ: Այսինքն՝ եթե վաղը մեկն ուզի մեր գետերի վրա ՀԷԿ կառուցել, Ադրբեջանը թույլ չի տալու, ասելու են՝ ջրերի պակաս ունեմ:
- Եթե Նիկոլ Փաշինյանը գնաց արտահերթ ընտրությունների, բոլոր կուսակցություններն արգելելու է՝ որպես խաղաղությանը դեմ գնացող կուսակցությունների: Ահավոր ցենզուրա է մտնելու: Եթերում Արցախ ասելը հանցանք է լինելու:
- Սի-Թրամփ-Պուտին հանդիպման փաստը և 4 կետերից բաղկացած հռչակագրի տարածումն արդեն պատմական փաստ է, որովհետև եթե այդ սկզբունքները համաձայնեցված չլինեին, այդ հռչակագիրը չէր տարածվի: Գուժում էին, որ Ռուսաստանը միջազգային մեկուսացման մեջ է: Դուք միջազգային մեկուսացման երկրի ղեկավար տեսե՞լ եք, որ հայտնվում է աշխարհի ճակատագիրը որոշողների թվում: Այդ հանդիպումն ապալեգիտիմացրեց Միջազգային քրեական դատարանի որոշումը Պուտինի վերաբերյալ:
- Եթե ТRIPP-ը դառնա մեգանախագիծ, որտեղ հաշվի կառնվեն տարածաշրջանային բոլոր խաղացողների շահերը, ոչ ոք դրա գործարկմանը դեմ չի լինի: Այդ ժամանակ Հայաստանն էլ կարող է վերագտնել իր իրավունքները ժամանակի ընթացքում: Այս պահին Հայաստանի իշխանության որևէ արգումենտի Իրանում չեն հավատում:
Մանրամասները՝ տեսանյութում:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Maral Takmazian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/22/%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%a1%d5%b6%d5%b1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%be%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a5%d6%80%d5%a1%d5%b7/