Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից հետևողականորեն իրականացվող միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 18-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գյումրի քաղաքի Մարմաշեն խճուղուց Աշոցք թաղամաս տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել։
Քաղաքացու նշած վայրում քրեական ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, «ՏՕԶ» տեսակի մեկփողանի որսորդական հրացան, նռնակի 14 պայթուցիչ,
ծխահան և տարբեր տրամաչափի փամփուշտներ։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։
Օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Գյումրիի գերեզմանատան հարակից կիսաքանդ շինության մոտ, որտեղ էլ համայնքային ոստիկանները հայտնաբերել են թմբուկավոր և գազային ատրճանակներ, նռնակ, ինքնաձիգի պահեստատուփ՝ 3 փամփուշտով, տարբեր տրամաչափի 68 փամփուշտ և ծխահան։
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքն է գրանցվել Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։
Նոյեմբերի 18-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Ամասիա-Բանդիվան ճանապարհի հարակից մատուռի մոտ։
Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ, նռնակ, նռնակի պայթուցիչ և փամփուշտներ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/21/verelq-%d5%b4%d5%a5%d5%af-%d6%85%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a6%d5%a5%d5%b6%d6%84%d5%ab-%d5%a5%d6%80%d5%a5%d6%84-%d5%a9%d5%a1%d6%84%d5%bd%d5%bf%d5%b8%d6%81%e2%80%a4-%d5%b7%d5%ab%d6%80%d5%a1%d5%af/