«Հրապարակ» թերթը գրում է.
Չորեքշաբթի օրը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը գործարք առաջարկեց ընդդիմությանը՝ աջակցեք, որ նոր սահմանադրությունը հանրաքվեի դրվի, եւ եթե հանրաքվեի արդյունքում ժողովուրդը դեմ լինի նոր սահմանադրությանը, հրաժարական կտամ: Եթե կողմ լինի, կստորագրեմ խաղաղության համաձայնագիրն ու այդ դեպքում եւս հրաժարական կտամ։ Այսինքն՝ ցանկացած ելքի դեպքում հրաժարականն անխուսափելի է։
Պարզվում է՝ Փաշինյանի այս հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում։ Մեզ հետ զրույցում որոշ ՔՊ-ականներ սրտնեղեցին, թե ընտրությունից 5 ամիս է անցել, իսկ իրենք առաջիկա 5 տարիների հետ կապված պլաններ ունեն, ի՞նչ է նշանակում` հրաժարական կտամ կամ կգնամ արտահերթի: Այս սցենարի մեջ նրանք իշխանության վախճանը, ըստ այդմ` իրենց մշուշոտ ապագան են տեսնում եւ անհանգստացած են: Սա նշանակում է` ավարտվում է ՔՊ-ի ոսկե դարը, եւ իրենք, որ բավականին երիտասարդ են, պետք է մտածեն իրենց ապագայի մասին, ուստի որոշում են կայացրել առաջիկայում պասիվանալ` իրենց հայտարարություններում զուսպ լինել, որ Նիկոլի հետ չոչնչանան, Նիկոլից հետո էլ կյանք ունենան։ Գուցե նաեւ այս անհանգստությունն է պատճառը, որ հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը խոսքը փոխեց, թե սահմանադրությունը փոխելու դեպքում ինքը հաջորդ ընտրություններին, այսինքն` 2031 թվականին չի առաջադրվի:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Jirair Kafian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/20/%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%ad%d5%b8%d6%82%d5%b3%d5%a1%d5%ba-%d5%a7/