Ծեծ, խեղդելու փորձ և սպանության սպառնալիք․ Երևանում տղամարդ է ձերբակալվել

Նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Գ-1» թաղամասի հասցեներից մեկում գտնվող տանը ամուսինը, գտնվելով տնային կալանքի տակ, ծեծի է ենթարկել կնոջը, փորձել է խեղդել, ինչպես նաև իր մոտ ունի անհայտ տեսակի հրազեն, հաղորդում է Shamshyan.com—ը։


Տեղում իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12։30-ի սահմաններում, Աջափնյակ վարչական շրջանի հասցեներից մեկում գտնվող տանը կենցաղային և անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վարչական հսկողության տակ գտնվող 37-ամյա Տ․ Թ․-ն, անչափահաս որդու՝ 5-ամյա Տ․ Թ․-ի ներկայությամբ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը՝ 34-ամյա Մ․ Ս․-ի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով աջ ձեռքի դաստակի արտաքին հատվածի վնասվածք։


Նա նաև փորձել է խեղդել կնոջը, ինչի հետևանքով վերջինիս պարանոցի աջ և ձախ հատվածներում առաջացել են քերծվածքներ և կարմրածություն։


Մաշտոցի համայնքային ոստիկաններին կինը հայտնել է, որ ամուսինը իր մոտ առկա ատրճանակն ուղղելով իր վրա՝ սպառնացել է սպանել իրեն, ինչն ինքը իրական է ընդունել։


Առողջությանը վնաս պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Տ․ Թ․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։


Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։


Քրեական վարույթի շրջանակներում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս «Գ-1» թաղամասի տներից մեկի հարակից բակում՝ աստիճանների տակ, հայտնաբերվել է մարտական «Մակարով» տեսակի, առանց գործարանային համարների ատրճանակ՝ լիցքավորված 8 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներով։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Lilit Nahapetian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/20/%d5%ae%d5%a5%d5%ae-%d5%ad%d5%a5%d5%b2%d5%a4%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d6%83%d5%b8%d6%80%d5%b1-%d6%87-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a1/

Leave a Reply