Նոյեմբերի 18-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։
Ողջունելով դեսպանին՝ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հաստատության հետ ձևավորված բարձր մակարդակի համագործակցության համար՝ ընդգծելով երկկողմ կառուցողական երկխոսության կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման համատեքստում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել քրեական վարույթի շրջանակներում իրավունքների երաշխիքների ապահովմանը, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությանը, պահման պայմաններին, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտներում առկա մարտահրավերներին, կալանքի կիրառման պրակտիկային, Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի, անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքներին առնչվող հարցերին։
Դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և իրականացված աշխատանքները համապարփակ ներկայացնելու համար՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության և խթանման նպատակով երկխոսության և համագործակցության շարունակականության կարևորությունը։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/19/%d5%b0%d5%b0-%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b7%d5%be%d5%a5%d5%b5%d6%81%d5%a1%d6%80%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%bd%d5%ba%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf-%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d6%80/