Նոյեմբեր 18, 2026
Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովն իրավաբանորեն ամրագրեց այն, ինչի մասին Երևանը ավելի լավ կիրառման արժանի համառությամբ պնդում էր երկու տարի. Հայաստանը, Փաշինյանի և նրա շրջապատի բանաձևով, «սառեցրեց» իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, իսկ իրականում ինքնամեկուսացավ (ինքնահեռացավ)։
Համառությունը, հայտնի է, էշերի արժանապատվությունն է։ Հիմա Փաշինյանի վարչակարգը ստացել է այն ամենի պատասխանը, ինչի մասին պնդում էր, ընդ որում՝ ստացել է ոչ թե խոսքով, այլ գործով՝ պաշտոնապես և հետևանքներով։ Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից։ Ձևական հիմքը կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածն է՝ անդամավճարների բազմամյա չվճարումը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը պարզաբանել է՝ պատճառը հենց ներկայիս հայկական ղեկավարության գործողություններն են, որը տարիներ շարունակ չի կատարել կազմակերպության շրջանակներում ստանձնած պարտավորությունները։
ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հստակեցրել է գագաթնաժողովում ընդունված որոշման էությունը. խոսքը ՀԱՊԿ քարտուղարության Հայաստանի քաղաքացիների առաջադրումը սահմանափակելու և նրան ձայնի իրավունքից պաշտոններում զրկելու մասին է։ Ընդ որում, Երևանը պահպանում է հիմնական իրավունքները՝ առաջին հերթին՝ հավաքական պաշտպանության իրավունքը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովն ընդգծել է՝ Հայաստանի հեռացման հարցն օրակարգում չի եղել. լիիրավ մասնակցությունը կվերականգնվի պարտքի մարումից և պետությունների ղեկավարների որոշումից հետո։
Քաղաքագետ Կարեն Իգիթյանը Ленте.ру-ին տված մեկնաբանության մեջ կատարվածը որակել է որպես հարկադրված միջոց և Երևանի ինքնահեռացման տեխնիկական ձևակերպում. ըստ նրա՝ Հայաստանը վերածվում է դիտորդի՝ առանց ձայնի իրավունքի, իսկ անդամակցության պահպանումը վերադարձի դուռը բաց է թողնում, չէ՞ որ, ըստ քաղաքագետի, Փաշինյանի իշխանությունը հավերժ չէ։
Ինչպե՞ս Երևանը հասավ դրան։ Ժամանակագրությունն ինքն է խոսում այդ մասին։ 2022 թվականի մայիսին Հայաստանի վարչապետը հրապարակավ մեղադրեց ՀԱՊԿ-ին Լեռնային Ղարաբաղ զորք մտցնելու խնդրանքներն անտեսելու մեջ, այն դեպքում, երբ ինքը Ղարաբաղը չէր ճանաչում Հայաստանի ինքնիշխան տարածք և հրաժարվում էր աջակցել ԼՂՀ-ին։ 2023-ի նոյեմբերին նա բաց թողեց Մինսկի գագաթնաժողովը։ 2024 թվականի փետրվարին France 24-ին տված հարցազրույցում հայտարարեց ՀԱՊԿ-ում մասնակցության «սառեցման» մասին, մարտին հնարավոր համարեց դուրս գալը, իսկ հետո Երևանը սառեցրեց կազմակերպության տարեկան բյուջեի 10%-ի՝ անդամավճարների վճարումը։
2024-ի սեպտեմբերին Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը՝ ոչ ավել, ոչ պակաս, «սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, գոյության և ինքնիշխանության համար»։ 2026-ի օգոստոսին ասում էր, որ գոհ կլիներ կազմակերպությունից հեռացվելուց, իսկ նոյեմբերի 5-ին՝ որ ՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը «սպառվել է»…
Ընդ որում, նշում են քաղաքագետները, Երևանը հրաժարվում է ինքնուրույն դուրս գալ միավորումից. Փաշինյանին ավելի ձեռնտու է մնալ «անորոշ վիճակում» և ՀԱՊԿ-ին մեղադրել անգործության մեջ, քան պաշտոնապես դուրս գալ և պատասխանատվություն կրել, եթե Ադրբեջանի հետ մարտական գործողությունները վերսկսվեն։ Արևմուտքից անվտանգության ամուր երաշխիքներ, որոնց հետ կարելի կլիներ փոխանակելու դուրս գալը, նա, նույն փորձագետ Իգիթյանի գնահատմամբ, դեռ չունի։
Այդ իսկ պատճառով ՀԱՊԿ-ի որոշումը ոչ թե «դուրս մղելն» է, ինչպես հիմա կփորձեն ներկայացնել Երևանում, այլ հայելին։ Կազմակերպությունը միայն արձանագրել է այն, ինչ հայաստանյան իշխանություններն իրենք են արել՝ դադարել են վճարել, դադարել են մասնակցել, դադարել են ճանաչել պարտավորությունները։
Ինչո՞ւ է ձայնից զրկելը ճիշտ քայլ
Նախ, դա տարրական կարգապահության խնդիր է։ Չի կարելի տարիներով անդամակցել (հաշվառված լինել) ակումբին, չվճարել անդամավճարները և միևնույն ժամանակ պահանջել դրա օրակարգի վրա ազդելու իրավունք։ Հայաստանի միայն 2026 թվականի պարտքը կազմում է մոտ 57 մլն ռուբլի, ընդհանուրը կարող է գերազանցել 165 մլն ռուբլին։ Սա վերացական բան չէ. անդամավճարներն ուղղվում են զորախմբերի առաքելություններին։ Ուզում ես օգտվել հավաքական պաշտպանությունից՝ բարի եղիր ֆինանսավորել այն ապահովող կառույցներն ու մեխանիզմը։
Երկրորդ՝ դա սթափեցնող ազդանշան է։ Փաշինյանի դիրքորոշումը՝ «Ես կազմակերպությունում դեռ անդամ եմ, բայց կարծում եմ, որ այն սպառնալիք է ստեղծում իմ ինքնիշխանության համար», ոչ թե գործընկերություն է, այլ քաղաքական սաբոտաժ՝ անդամակցության քողի տակ։ Պաշտպանության իրավունքը պահպանելով՝ ձայնի իրավունքից զրկելը հնարավորինս մեղմ արձագանք է. Երևանին դռնից դուրս չեն հանել (չեն վռնդել), պարզապես դադարել են նրան ղեկը տալ։
Երրորդ՝ հեռացումը նվեր կլիներ հակառուսական ուժերին։ Փաշինյանի վարչակարգին դա առիթ կտար դատողություններ անելու Հարավային Կովկասում Մոսկվայի ազդեցության թուլացման մասին, իսկ Արևմուտքի համար, որը հայտարարում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու մտադրության մասին, նվեր կդառնար։ Հայաստանը «սառեցված» կարգավիճակում պահելն ամենաիրատեսական ընտրությունն է. դուռը բաց է, բայց աթոռները հանված են՝ մինչև հաշիվների վճարումը։
Չորրորդ՝ դա հենց Հայաստանի ապահովագրությունն է։ Դե յուրե անդամակցությունը ՀԱՊԿ-ին մնում է անվտանգության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների ճարտարապետության մի մասը, իսկ դուրս գալը կկործանի այն։ Քանի դեռ Երևանը կազմակերպության կազմում է, նա հավաքական պաշտպանության հիպոթետիկ իրավունք ունի։ Կապերի ամբողջական խզումը նրան կզրկեր նաև դրանից։
Հայաստանի ներկայիս իշխանությունների արևմտամետ գիծը քաղաքականություն է, որը կառուցված է այն պատրանքի վրա, թե անվտանգությունը կարելի է գնել նրանցից, ովքեր չեն պատրաստվում այն վաճառել։ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, հրաժարվել է վճարել անդամավճարները, հրապարակայնորեն նվաստացրել է կազմակերպությունը և դրա դիմաց Արևմուտքից անվտանգության ոչ մի երաշխիք չի ստացել՝ բացի արևմտյան հեռուստաալիքներին տված հարցազրույցներից և կլիմայական համաժողովների (կոնֆերանսների) այցելություններից։ Հատկանշական է, որ նոյեմբերի 11-ին՝ գագաթնաժողովի օրը, երբ որոշվում էր կազմակերպությունում իր երկրի ճակատագիրը, Փաշինյանը մեկնեց Անթալիա՝ մասնակցելու COP31-ին։
Արդյունքն ակնհայտ է։ ՀԱՊԿ-ում ազդեցությունը կորսված է. երկիրը դարձել է դիտորդ՝ առանց ձայնի իրավունքի։ Հավաքական պաշտպանության իրավունքը պահպանվել է միայն ձևականորեն, իսկ օրակարգի վրա Երևանն այլևս չի կարող ազդել։ Դուրս գալու պատասխանատվությունը ոչ ոք իր վրա չի վերցնում. հանրապետության խորհրդարանը, պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով, ՀԱՊԿ-ից դուրս գալը չի դիտարկում, ամեն ինչ սահմանափակվում է վարչապետի և իշխող կուսակցության հայտարարություններով։ Արևմուտքից անվտանգության երաշխիքներ չկան։ Իսկ ՀԱՊԿ-ի դուռը բաց է մնացել, բայց արդեն առանց դրա հետևում ձայնի իրավունք ունենալու։
Սա է գլխավոր դասը. կազմակերպությունը Հայաստանին չի վռնդել։ Այն պարզապես դադարեց ձևացնել, որ անդամը, որը չի վճարում և չի մասնակցում, լիարժեք մասնակից է։ Եթե Երևանն ուզում է վերադարձնել ձայնը, ճանապարհը հայտնի է՝ մարել պարտքը և վերադառնալ աշխատանքի։ Եթե ոչ, դե, «անորոշ (կախյալ) վիճակը» կբավարարի Փաշինյանին ուղիղ այնքան ժամանակ, քանի դեռ ստիպված չի լինի պատասխան տալ հետևանքների համար։ Իսկ պատասխան տալ, ցույց է տալիս փորձը (պրակտիկան), ստիպված կլինի, ընդ որում՝ ոչ միայն նա։
Սերգեյ Անդրեև
ritmeurasia.ru
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Ara Felekian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/19/168-%d5%a4%d5%b8%d6%82%d5%bc%d5%a8-%d5%a2%d5%a1%d6%81-%d5%a5%d5%b6-%d5%a9%d5%b8%d5%b2%d5%a5%d5%ac-%d5%ab%d5%bd%d5%af-%d5%a1%d5%a9%d5%b8%d5%bc%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8%d5%9d-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a5/