Նոյեմբեր 17, 2026
Մինչ իշխանությունները փորձում են կոծկել ռուսական սահմանափակումների պայմաններում Հայաստանի տնտեսության ու հատկապես հայկական ապրանքների արտահանման վնասները, մեր երկրի արտաքին առևտրի վիճակը շոկային տեմպերով վատանում է։ Եթե անցած տարի արտաքին առևտրի շրջանառության բացասական հաշվեկշիռը կազմել էր 3.328 մլրդ դոլար, այս տարի արդեն հասել է 4.627 միլիարդի։
Մեկ տարվա ընթացքում արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը հասցրել է խորանալ գրեթե 1.3 մլրդ դոլարով կամ շուրջ 40 տոկոսով։
Սա խոսում է Հայաստանի ոչ միայն արտաքին առևտրի հաշվեկշռի, այլև տնտեսության արտահանման հատվածի վատ ու վատացող վիճակի մասին։
Կրկնակի ավելի քիչ ապրանք ենք արտահանում, քան ներմուծում։ Ներմուծումը գալիս է փոխարինելու տեղական արտադրությանը։ Ու դրա հիմնական պատճառներից մեկն էլ ազգային արժույթի շարունակվող արժևորումն է, ինչը թուլացնում է հայկական ապրանքների մրցունակությունը։
Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել դրամի արժևորման հետևանքով։ Եթե մի քանի տարի առաջ արտահանվող յուրաքանչյուր 1000 դոլար ապրանքի դիմաց արտադրողը, այդ թվում՝ գյուղացին, ստանում էր 485 հազար դրամ ու դրանով կատարում իր ծախսերը, հիմա ստանում է ընդամենը 360 հազար դրամ, գրեթե 26 տոկոսով ավելի քիչ, քան մինչև դրամի վերջին տարիների արժևորումն էր։ Միայն այս մի գործոնի պատճառով արտահանվող յուրաքանչյուր 1000 դոլար ապրանքի մեջ արտադրողը կորցնում է 125 հազար դրամ։
Սա մեծապես հարվածում է տեղական արտադրողին։ Փոխարենը՝ այդքանով էժանացնում է ներմուծումը։
Այլ բան, որ ներմուծվող ապրանքներն էլ, դրամի ամրապնդման հաշվին, ոչ միշտ են էժանանում։ Վկա՝ համատարած թանկացումները, որոնք, չնայած պաշտոնապես արձանագրվող ոչ շատ բարձր գնաճին, տեսնում ենք սպառողական շուկաներում։ Զարմանալի չէ, որ տարածաշրջանում Հայաստանը դարձել է ամենաթանկ երկիրը։ Բազմաթիվ, այդ թվում՝ ներմուծվող ապրանքներ, Հայաստանում շատ ավելի թանկ են, քան հարևան երկրներում, որոնք նույնպես ներմուծում են այդ ապրանքները։ Թեև ազգային արժույթի այսպիսի արժեզրկման պայմաններում հակառակը պիտի լիներ։ Ներմուծվող ապրանքները պիտի էժան լինեին կամ առնվազն ոչ այդքան թանկ։ Բայց անհամեմատ թանկ են։
Իշխանությունները սրան մատների արանքով են նայում, առիթի դեպքում՝ մի բան էլ արդարացնում են թանկացումները, համարում են, որ դրանք հիմնավորված են ու չարաշահումներ չկան։ Նախկինում պիտի լիներ, որ Նիկոլ Փաշինյանը վայնասուն բարձրացներ։ Վերջին անգամ ե՞րբ եք լսել, որ նա խոսի թանկացումների մասին, ժողովրդին թալանելու ու մարդկանց գրպանը մտնելու մասին։ Չկա նման բան, որովհետև հիմա արդեն Նիկոլ Փաշինյանն իշխանության է, ու նրան քիչ է հետաքրքրում, թե ինչ է կատարվում շուկայում։ Հիմա արդեն քաղաքացուն թալանող օլիգարխները լավ տեղավորվել են նրա գրպանում, ու կապ չունի, որ էժան ներմուծվող ապրանքները թանկ գնով վաճառում են քաղաքացու վրա։
Ազգային արժույթի ամրապնդումը մի կողմից՝ ոչինչ չի տալիս սպառողներին, մյուս կողմից՝ վնասում է տնտեսությանը, տեղական արտադրողին, արտահանմանը։
Արտաքին առևտրի հաշվեկշռի վատացման խորացումը, որը տեղի է ունենում, արտահանման կրճատման ու ներմուծման ավելացման հետևանք է։
Այս տարվա 9 ամսում Հայաստան է ներմուծվել գրեթե 9.8 մլրդ դոլարի ապրանք։ Մինչդեռ՝ արտահանումը կազմել է ընդամենը 5.2 միլիարդ։ Ներմուծումն ավելացել է, արտահանումն ընդհակառակը՝ նվազել։
Կրճատվել է Հայաստանից բազմաթիվ ապրանքների մատակարարումը։ Անգամ պատրաստի սննդի արտահանումն է նվազել, որը սովորաբար աճում էր։ Նախորդ տարի արտահանվել էր 878 միլիոնի պատրաստի սնունդ, այս տարի 850 միլիոնի է արտահանվել։ Ու սրա մեջ չեն մտնում բուսական ծագման ապրանքները կամ նույն գյուղմթերքները, որոնց նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել ռուսական շուկայում։
Բուսական ծագման ապրանքների արտահանումը հասցրել է նվազել 38.5 տոկոսով։ Գրեթե 30 տոկոսով էլ կրճատվել է կենդանական ծագման ապրանքների արտահանումը։
Արտահանման նվազումները համատարած են, երբեմն էլ՝ շատ կտրուկ։ Ու դրանք ամենևին էլ, այսպես կոչված, «ֆեյք» արտահանումները չեն. վերաբերում են հայկական արտադրության ապրանքների արտահանմանը։
Կոշկեղենի արտահանումը կրճատվել է 44 տոկոսով, փայտյա իրերինը՝ 31.5 տոկոսով, կաշվի հումքի ու դրանից պատրաստված իրերինը՝ ավելի քան 21 տոկոսով, պլաստմասսե իրերինը՝ գրեթե 9 տոկոսով, մանածագործական իրերինը՝ 7.4 տոկոսով։
Թղթե, ինչպես նաև քիմական ապրանքների արտահանումն է նվազել։ Նվազել է նաև մեքենաների, սարքավորումների ու մեխանիզմների արտահանումը։
Նվազումները համատարած են, իսկ աճերը՝ հատուկենտ։ Ավելացել է ոչ թանկարժեք մետաղների, տրանսպորտային միջոցների, որոշ սարքերի ու ապարատների արտահանումը։ Իսկ ամենանշանակալին հումքային ապրանքների արտահանման աճն է, ինչով իշխանությունները փորձում են ծածկել այն խնդիրները, որոնք կան տնտեսության մեջ ու արտահանման ոլորտում։ Չնայած այն հանգամանքին, որ գյուղմթերքից սկսած՝ պատրաստի սննդամթերքով վերջացրած, բազմաթիվ ապրանքների մատակարարումները դրսի շուկաներ կրճատվել են, հայտարարում են, թե զուտ հայկական ապրանքների արտահանումները ոչ միայն չեն նվազել, այլև մի 28-30 տոկոսով ավելացել են։ Բայց չեն ասում, որ այդ աճը ոչ թե գյուղմթերքի, սննդամթերքի կամ մշակող արդյունաբերության շատ այլ ապրանքների, այլ գերազանցապես հումքային ապրանքների, մասնավորապես՝ մետաղների հաշվին է։
Հումքային ապրանքների արտահանման աճը գրեթե 70 տոկոս է։ Շուրջ 587 միլիոնով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Պարզապես նախկինի նման Նիկոլ Փաշինյանն այլևս մեղադրանքներ չի հնչեցնում, թե մեծ բան չէ ընդերքը քանդել-ծախելն ու արտահանման աճեր ցույց տալը։ Չնայած անգամ այդ պայմաններում է արտահանումը նվազել. 8 տոկոսով ավելի քիչ ապրանք է դուրս եկել Հայաստանից, քան անցած տարի։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emma Jilavian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/18/168-%d5%be%d5%ab%d5%b3%d5%a1%d5%af%d5%a8-%d5%be%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7%d5%9d-%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1/