ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել TRIPP նախագծի օրենսդրական փոփոխություններ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ու կից օրենքների նախագծերի փաթեթը։


ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ներկայացրել է Կառավարության գրավոր առաջարկները։


Օրենքով առաջարկվում է «միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված ընկերություն» հասկացությունը։ Հստակեցվում է, որ ամենակարևոր որոշումների ընդունման համար չեն կարող ընկերության համար սահմանվել ավելի քիչ ձայներ, քան պահանջում է օրենքը, այսինքն՝ այդ հարցերում շեմը կարող է միայն բարձրացվել, բայց ոչ իջեցվել։ Դրանով պետության՝ որպես բաժնետիրոջ իրավունքներն ավելի երաշխավորված լինեն։


Հստակեցումներ են առաջարկվել նաև նման ընկերությունների կողմից ստեղծվող դուստր ընկերությունների մասով․ Կառավարությունն իր որոշմամբ հավանություն պետք է տա այդ ընկերության նկատմամբ տարբերվող կարգավորումների կիրառմանը։ Եթե հետագայում կոնցեսիոն պայմանագրեր կնքվեն, ապա նաև կոնցեսիոն պայմանագրով կսահմանվի այդ կարգավորումների շրջանակը։


Մրցակցության պաշտպանության օրենսդրությամբ ևս որոշակի հստակեցումներ են առաջարկվում։ Փոխնախարար Տիգրան Դադունցի խոսքով առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում կարգավորումները վերաբերում էին միայն համակենտրոնացման դրսևորումներին, սակայն լրամշակման ընթացքում պարզ է դարձել, որ միջպետական ծրագրի առանձնահատկություններով պայմանավորված՝ ծրագրեր իրականացնող ընկերությունը (տվյալ դեպքում ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը) կարող է համակարգել կապալառուների աշխատանքը կամ ստանալ պետական աջակցություն, արտոնություններ ու ունենալ բացառություններ, օրինակ՝ գնումների օրենսդրության առումով։ Նման կարգավորումների նպատակն է կանխել հակամրցակցային դրսևորումներ պարունակող ռիսկային իրավիճակները։


«Կարևոր է ընդգծել, որ այս բացառությունները բացարձակ չեն։ Դրանք գործելու են այն դեպքում, երբ առկա է ՀՀ վավերացրած միջազգային պայմանագիր, և այդ գործողությունները կամ վարքագիծը պետք է բխեն ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրով սահմանված ու այդ ընկերության կանոնադրական նպատակներից»,- պարզաբանել է Տիգրան Դադունցը։


Քննարկումների արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Antranik Varosian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/13/%d5%a1%d5%aa-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b1%d5%b6%d5%a1%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a7-%d5%bf%d5%be%d5%a5%d5%ac-tripp/

Leave a Reply