Նոյեմբեր 12, 2026
Մոսկվան և Բաքուն ստորագրել են ադրբեջանական բանակի սպառազինության մեջ գտնվող զրահատեխնիկայի վերանորոգման օբյեկտների կառուցման և արդիականացման ծրագիր։
Համաձայնագրի մասին, որի մանրամասները չեն բացահայտվում, հայտնի է դարձել նոյեմբերի 1-ին՝ Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գագաթնաժողովից երկու օր անց, որն անտեսվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից՝ Թուրքիայի հետ հարաբերություններում նկատվող լարվածության համապատկերին։
«Ստորագրվել է մի ամբողջ ծրագիր, որը նախատեսում է արդիականացնել և կառուցել զրահատեխնիկայի վերանորոգման օբյեկտներ, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի սպառազինության մեջ»,- «Զվեզդա» հեռուստաալիքին հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը՝ հավելելով, որ Ռուսաստանն այսօր ոչ միայն գործընկերներին է առաջարկում վերջնական արտադրանք, այլև մասնակցում է ռազմատեխնոլոգիական համագործակցությանը։
Նրա խոսքով՝ պատվիրատուների շրջանում մեծ հետաքրքրություն կա «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային-թնդանոթային համալիրների նկատմամբ, որոնք «շատ պահանջված են», և ապագայում հնարավոր են պայմանավորվածություններ Ադրբեջանի հետ դրանց մատակարարման վերաբերյալ։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 30-ին, ADEX-2026 ցուցահանդեսի ժամանակ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ռազմատեխնիկական համագործակցությունը քննարկել էր ռուսական պատվիրակության հետ՝ պաշտպանության նախարարի տեղակալ Վասիլի Օսմակովի գլխավորությամբ։
Ըստ SIPRI-ի տվյալների՝ 2011-2020 թվականներին ռուսական տեխնիկային բաժին է ընկել Ադրբեջանի հիմնական զինատեսակների ներմուծման շուրջ 60%-ը և Հայաստանի ներմուծման 94%-ը։
Մասնավորապես, Բաքուն գնել է Т-90С տանկեր, БМП-3 հետևակի մարտական մեքենաներ, БТР-82А զրահափոխադրիչներ, հրետանային համակարգեր և հակաօդային պաշտպանության միջոցներ։ Հասկանալի է, որ այս տեխնիկայի սպասարկման համար անհրաժեշտ են պահեստամասեր, մասնագիտացված վերանորոգման հզորություններ և տեխնիկական փաստաթղթեր։
Դեռևս 2014 թվականին Բաքուն «Ռոսօբորոնէքսպորտին» առաջարկել էր առաջարկներ պատրաստել Ադրբեջանում զրահատեխնիկայի սպասարկման կենտրոն ստեղծելու վերաբերյալ։
2016-ին «Ուրալվագոնզավոդը» Բաքվում ներկայացրեց շարժական սպասարկման և վերանորոգման կենտրոնի նախագիծը։ 2017-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր անվավոր զրահամեքենաների վերանորոգման կենտրոնի բացման մասին, իսկ 2023 թվականի սեպտեմբերին Ալիևն ու Էրդողանը մասնակցել են Նախիջևանի վերականգնողական-արտադրական ռազմական համալիրի բացման արարողությանը։
Հայտնի է՝ Թուրքիան Բաքվին վաճառել է Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքեր և TRG-300 կառավարվող հրթիռներ, մինչդեռ Իսրայելը՝ Hermes անօդաչու թռչող սարքեր և Harop շրջագայող զինամթերքներ, որոնք թիրախը խոցում են ուղիղ հարվածով։ Իսրայելական մատակարարումների թվում եղել են նաև Spike հակատանկային հրթիռները, LORA (Long-Range Artillery) բալիստիկ հրթիռները և Barak-8 զենիթահրթիռային համալիրները։
SIPRI-ի գնահատմամբ՝ 2016-2020 թվականներին Իսրայելին բաժին է ընկել հիմնական զինատեսակների ադրբեջանական ներմուծման մոտ 69%-ը։
2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղում Բաքվի գործողություններից հետո Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունն ընդլայնվել է։ 2024 թվականի փետրվարին Ալիևն այցելել է ավիաբազա, որտեղ նրան ցուցադրել են թուրքական արտադրության Bayraktar Akıncı ծանր հարվածային անօդաչու թռչող սարքերը, որոնք կարող են ավելի ծանր սպառազինություն կրել, քան TB2-ը։
Ռուսական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի մատակարարումը կովկասյան գործընկերներին բարդացել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Ադրբեջանը մտադիր է շարունակել ռուսական զենքի գնումները, սակայն այս պահին գործընթացը կասեցվել է օբյեկտիվ պատճառներով, 2024 թվականի դեկտեմբերին հայտարարել է Իլհամ Ալիևը. «…պետք է ասեմ, որ վերջին առնվազն երեք տարվա ընթացքում ռուսական զենքի գնման նոր պայմանագրեր չեն ստորագրվել։ Դրա պատճառն այն է, որ ռուսական պաշտպանական արդյունաբերությունն աշխատում է ներքին սպառողի համար։
Չորս տարի առաջ Բաքվի կողմից ՌԴ-ի հետ կնքված ռազմական պայմանագրերի իրականացման ժամկետները տեղափոխվել են ռուսական կողմի խնդրանքով։ Միևնույն ժամանակ, Բաքուն ուշադիր հետևում է ռուսական ռազմարդյունաբերական համալիրի նորույթներին. «Ունեցել ենք արդեն նոր հայտեր, համեմատաբար վերջերս ենք դրանք ուղարկել: Եվ ըստ այնմ, թե որքանով ռուսական պաշտպանական արդյունաբերությունը պատրաստ կլինի, մենք, բնականաբար, նոր պայմանագրեր կկնքենք»։
Ուրախանալով վերսկսվող «հաջող համագործակցությամբ»՝ տելեգրամյան ալիքներից մեկը վստահություն է հայտնում, որ ռուսների կողմից վերանորոգված սպառազինությունը «հետո մեր ուղղությամբ չի կրակելու»։ Թվարկելով վերջին տարիներին Ռուսաստանի նկատմամբ Ադրբեջանի անբարյացակամ քայլերը՝ պատմաբան և քաղաքագետ Վադիմ Տրուխաչովը հետաքրքրվում է երաշխիքներով, թե այդ սպառազինությունը չի հայտնվի Ուկրաինայի զինված ուժերի տրամադրության տակ։
Ընդհանրապես, հարցը բավականին հետաքրքիր է Բաքվի և Կիևի սերտ գործընկերության համատեքստում, որը ներառում է ոչ միայն տնտեսական, այլև ռազմատեխնիկական բաղադրիչը (անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ պայմանավորվածություններ, տեխնոլոգիաների փոխանակում և սպառազինությունների ու ռազմական տեխնիկայի համատեղ արտադրության հեռանկարներ)։
Նոյեմբերի 5-ին Ուժգորոդում կայացել է Ադրբեջանի և Ուկրաինայի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը և դրան զուգահեռ անցկացված համատեղ գործարար համաժողովը։ Երկրների կառավարությունների ներկայացուցիչներ Դենիս Շմիգալն ու Փարվիզ Շահբազովը ստորագրել են 2026-2027 թվականների գործողությունների պլանը։
Քննարկվել են ձմեռային շրջանում էլեկտրացանցերի համար սարքավորումների մատակարարման, համատեղ արտադրության և Տրանսբալկանյան երթուղով դեպի Եվրոպա գազի տարանցման ընդլայնման հարցերը։
2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է 10,5%-ով, ինչն ուղղակիորեն կապված է Ուկրաինա ադրբեջանական արտահանման 17% աճի հետ։ Փոխադարձ ներդրումների ընդհանուր ծավալը հասել է 513,5 միլիոն դոլարի (460 միլիոն եվրո)։ Երկու երկրների կառավարություններն ակտիվորեն զարգացնում են արդյունաբերական տեղայնացումը և տեխնոլոգիական գործընկերությունը՝ Ուկրաինայի ծանր արդյունաբերությունը վերականգնելու համար։
Հատուկ ուշադրություն է դարձվում էներգետիկ ենթակառուցվածքների կայունությանը և անդրսահմանային առևտրային կապերին՝ պատերազմական ժամանակաշրջանի լուրջ լոգիստիկ խնդիրների պայմաններում։ Շմիգալն ու Շահբազովն այցելել են Ուկրաինայի արևմուտքում գտնվող էներգետիկ օբյեկտ՝ զննելով «երկրորդ մակարդակի պաշտպանության» համակարգերը, որոնք հատուկ մշակված են կրիտիկական ենթակառուցվածքները պաշտպանելու համար՝ ՌԴ օդատիեզերական ուժերի շարունակվող հարձակումների համապատկերին։
Միայն 2026 թվականի հոկտեմբերին Բաքուն Կիևին է փոխանցել 1,5 մլն դոլարի էներգետիկ սարքավորումներ, հայտնել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևը։ Հերթական մարդասիրական բեռի կազմում ընդգրկվել են 9 տրանսֆորմատոր, 186 կմ մալուխ և 12 կՎ լարման բաշխիչ սարքեր, որոնք անհրաժեշտ են էներգահամակարգի օպերատիվ վերանորոգման համար։
Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրամադրված մարդասիրական օգնության ընդհանուր գումարը, հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր, կազմել է 52 մլն դոլար։
Ավելի վաղ՝ ապրիլին, Գաբալայում Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել էր «գերազանց հնարավորությունների» մասին՝ «ընդհանուր առմամբ արդյունաբերական ոլորտում համատեղ արտադրության համար»։ 2025 թվականի հուլիսին Ադրբեջանի նախագահն Ուկրաինային կոչ էր արել չհամաձայնել «օկուպացիային»։
Նույն ամսին չհաստատված տեղեկություններ հայտնվեցին Բաքվի «Ավիա-ագրեգատ» գործարանում 122 մմ և 152 մմ տրամաչափի հրետանային արկերի սերիական արտադրություն հիմնելու մասին՝ Ուկրաինա մատակարարելու նպատակով։
«Պաշտոնապես Բաքվի աջակցությունը նախկինի պես հումանիտար բնույթ է կրում, սակայն արդեն վաղուց հարց է ծագում՝ արդյոք Ուկրաինան ռազմական օգնություն ստացել է նաև ավելի քիչ հրապարակային խողովակներո՞վ՝ ուղղակիորեն, թե՞ միջնորդների միջոցով,- գրում է ոչ անհայտ Լյուկ Քոֆին։ -Այսպես, սոցցանցերում հայտնվել են ուկրաինական զորքերի կողմից օգտագործվող՝ ադրբեջանական արտադրության 82 մմ-անոց ականանետերի և այլ զինամթերքի լուսանկարներ։ Բաքուն հերքում է, որ ռազմական օգնություն է ցուցաբերել։ Բաց հասանելիության մեջ չկան ապացույցներ, որ Ադրբեջանի կառավարությունը թույլատրել է այդ մատակարարումները, սակայն նման սպառազինության և զինամթերքի հայտնվելը մարտի դաշտում ուշադրության է արժանի»։
Պետք է ենթադրել, որ, հետևելով պրագմատիկ շահերին, Բաքվում այսուհետ ևս ակտիվորեն կզարգացնեն փոխգործակցությունը՝ ինչպես Մոսկվայի, այնպես էլ՝ Կիևի հետ։
Ալեքսանդր Գրիգորև
vpoanalytics.com
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/13/%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ba%d6%80%d5%a1%d5%a3%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a8%d5%b6%d5%af%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82/