Նոյեմբեր 12, 2026
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտնել էր, որ ՀԱՊԿ-ում որոշում են կայացրել ՀՀ-ին զրկել ձայնի իրավունքից։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի բարձրացվել։ Միաժամանակ նա ասել է.
«Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանը չի վճարել անդամավճարները և իր աշխատակիցներին ՀԱՊԿ քարտուղարություն կամ ՀԱՊԿ միացյալ շտաբ չի ուղարկել։ Եթե Հայաստանը վճարի անդամավճարները, կկարողանա վերականգնել իր ձայնի իրավունքը կազմակերպությունում, Հայաստանի ղեկավարությունը պետք է որոշում կայացնի»։
Ցանցային հետազոտությունների երևանյան ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը գնահատելով իրավիճակը՝ վստահ է, որ ՀԱՊԿ անդամ երկրները փորձում են այնպես անել, որ Հայաստանի հետ եղած կապերն ամբողջովին չկտրեն, որպեսզի հետագայում հնարավորության դեպքում Հայաստանի հետ կրկին ակտիվ գործողություններ սկսեն։
«Հայկական կողմում, ի դեմս իշխանությունների, կա մտահոգությունների, վախի մթնոլորտ, այդ պատճառով էլ առաջինը չեն հայտարարում ՀԱՊԿ-ից առհասարակ դուրս գալու մասին։ Այսինքն՝ իրենց թվում է, որ պաշտոնապես չհայտարարեցին ու դուրս չեկան ՀԱՊԿ-ից, «դիվանագիտական մոտեցում» են ցուցաբերում հարցին, մինչդեռ այս մոտեցումը շատ պարզունակ ու ոչ արդյունավետ է։
Առհասարակ, եթե իրատես լինենք, ապա սա ոչ թե ՀԱՊԿ-ի, այլ հայ-ռուսական հարաբերությունների հարցն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը։
Ըստ քաղաքագետի, այս տեսանկյունից վերջին շրջանում ռուսական կողմը բավականին ակտիվացել է ռուսական դաշտում։ Հաճախ ռուսական լրատվությունը ներկայացնում է տարբեր տեղեկատվություն Հայաստանի վերաբերյալ, ինչը, բնականաբար, Հայաստանի համար հաճելի չէ։ Բայց սրանով ռուսական կողմը մեկ բան է սկսել, որը դեռ 1-2 տարի առաջ չկար։
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ռուսական կողմը դեռ հույս ունի որոշակի առիթներ ստեղծել ու միջամտել այն խայտառակ իրավիճակին, որը տիրում է և մեր երկրում, և հայ-ռուսական հարաբերություններում»,- շեշտեց Գագիկ Հարությունյանը։
Հարցին՝ արդյո՞ք հայկական կողմն իրավացի չի լինի, եթե դուրս գա ՀԱՊԿ-ից, հաշվի առնելով, որ կառույցը 2022 թվականին չի աջակցել Հայաստանին, Գագիկ Հարությունյանը պատասխանեց՝ իհարկե, կա նման գործոն, որ արդարացի չի վարվել, սակայն չպետք է մոռանալ, թե ի սկզբանե ՀՀ իշխանություններն ինչպես վարվեցին կառույցի հետ։
«ՀԱՊԿ-ի նման դիրքորոշումը կապված է եղել այն քաղաքականության հետ, որը վարել է ՀՀ իշխանությունը։
Կարծում եմ՝ ՀՀ-ում պետք է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Հայաստանը վերականգնի իր դերն ու տեղը ՀԱՊԿ-ում, իսկ դրա համար պետք է տեղի ունենա իշխանափոխություն։ Խնդիրն այն է, որ օրվա իշխանությունները ծառայում են Արևմուտքին, որն էլ իր հերթին՝ մանդատ է տվել Թուրքիային ու Ադրբեջանին իշխելու ՀՀ-ի վրա։ Ցավոք, այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ եթե չլինի աջակցություն ՌԴ-ի կողմից, կարող ենք մի քանի տարի հետո կորցնել մեր պետականությունը եղած ճնշումների տակ»,- ընդգծեց Գագիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ դեռևս 2 տարի առաջ՝ 2024 թվականին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գործնականում Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին։
Նշենք նաև, որ 2018 թվականի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը հետ կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Aram Torosian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/13/%d5%bd%d5%a1-%d5%b8%d5%b9-%d5%a9%d5%a5-%d5%b0%d5%a1%d5%ba%d5%af-%d5%ab-%d5%a1%d5%b5%d5%ac-%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d6%80%d5%a1%d5%a2%d5%a5/