Նոյեմբեր 10, 2026
6 տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը, ով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Արցախ էր մեկնել իր իրերը վերցնելու համար, գերեվարվել էր։ Նրա հետ էր եղել նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը, ադրբեջանցիները նրան ևս գերեվարել էին ու տեղափոխել Բաքու։ 2021 թվականին Մարալ Նաջարյանն ազատ էր արձակվել ու վերադարձել Բեյրութ, իսկ Վիգեն Էուլջեքյանին Բաքուն առաջադրել էր ահաբեկչության ու վարձկանության կեղծ մեղադրանք ու դատապարտել 20 տարվա ազատազրկման։
2020 թվականից մինչև 2025 թվականի հունվարի սկիզբ տարբեր փաստաբաններ հայտարարում էին, որ Բաքվի բանտում ապօրինի պահվող Վիգեն Էուլջեքյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, նա նույնիսկ չի կարողանում քայլել։
Նախորդ տարի հունվարի 14-ին Բաքվից Երևանին փոխանցած 4 գերիներից մեկն էլ Վիգեն Էուլջեքյանն էր, ավելի քան 5 տարի Բաքվի բանտերում անցկացնելուց հետո, նա հայրենիք է վերադարձել առողջական տարբեր խնդիրներով։
Այսօր 168.am-ի հետ զրույցում Վիգեն Էուլջեքյանը պատմեց, որ բուժվում է, ոտքերի ու մեջքի խնդիր ունի, այդ բուժումներն անցնելուց հետո պետք է նաև ողնաշարի վիրահատության ենթարկվի։ Թեպետ 3-րդ կարգի հաշմանդամություն ունի և պետության կողմից 46 հազար դրամ թոշակ է ստանում, սակայն բուժման համար անհրաժեշտ բազմաթիվ դեղերի համար չի կարողանում վճարել, իսկ դրանք անվճար չեն տալիս։
«Պոլիկլինիկայից ուղարկում են հիվանդանոց, որ բուժում ստանամ, հիվանդանոցում ասում են, որ 25 հազար պետք է վճարում կատարես, ասում եմ՝ հաշմանդամության կարգ ունեմ, թոշակ եմ ստանում, ասում են՝ չէ, պետք է վճարես։ Վերադառնում եմ պոլիկլինիկա, ասում եմ՝ ինձանից գումար են ուզում, պոլիկլինիկայից էլ ասում են՝ դե սպասիր, ուրիշ տեղ բժիշկ կգտնենք։ Ես ցավերի մեջ մեռնում եմ, ինձ ասում են՝ սպասիր ուրիշ տեղ բժիշկ նայենք։
Պետությունն ինձ ընդամենը 46 հազար դրամ է տալիս, տան վա՞րձ տամ, կումունալնե՞ր վճարեմ, բժշկի՞ն տամ, դե՞ղ առնեմ, ո՞րն անեմ։
Մեջքս ու ոտքերս խնդիր ունեն, ոտքերս թմրում են, այնքան, որ չեմ կարողանում քայլել։ Ասում են՝ դեղերն անվճար է, բայց շատ դեղեր կան, որոնց համար ես պետք է վճարեմ»,- նշեց Վիգեն Էուլջեքյանը։
Ըստ նրա, գերությունից վերադառնալուց հետո այլևս չի կարողանում աշխատել, քանի որ ժամանակ է լինում, որ ոտքի վրա առհասարակ չի կարողանում կանգնել։ Վախենում է, որ ցրտերը սաստկանալուն զուգահեռ՝ չկարողանա անկողնուց վեր կենալ, հատկապես այն դեպքում, որ իր վարձակալած բնակարանում մենակ է ապրում, ընտանիքը վերադարձել է Բեյրութ։
«Ես շատ եմ ուզում աշխատել, որտե՞ղ դիմեմ, որ այս վիճակով ինձ աշխատանք տան։ Ես շատ եմ ուզում Հայաստանում ապրեմ, հիմա որ ընտանիքս էլ գա, որտե՞ղ ապրենք, գոնե մի փոքր տան մեջ ապրում եմ, ընտանիքիս գալու համար պետք է մեծ տուն վարձակալեմ, մեծ տունն էլ 250 հազար դրամից է սկսվում, որտեղի՞ց տամ այդքան գումար»,- նշեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ գերությունից վերադառնալուց հետո ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ հաճախ էիք տեսանյութեր տարածում, Հայկ Սարգսյանը այս պահին չի՞ աջակցում ձեզ, Վիգեն Էուլջեքյանը պատասխանեց, որ նախկինում Հայկ Սարգսյանը խոստացել էր, որ կաշխատի, որպեսզի վարձակալած տան գումարը, գոնե մի մասը պետությունը տա՝ քաղաքապետարանը, սակայն չի ստացվել։
«Իմ առողջական խնդիրներն առաջացել են գերության ընթացքում, ապրիլին սիրտս եմ ստենդավորել, դեղեր են նշանակել, որ մեկ տարի պետք է խմեմ, մեկ տարի հետո նորից պետք է անցնեմ ստուգումներ, գուցե նորից ստենդավորման կարիք լինի։
Պետությունից ակնկալում եմ, որ գոնե ինձ տնով ապահովեն, ինչ ունեի Հայաստանում, ամեն ինչ կորցրեցի, 8 հազար դոլարով մեքենա էի գնել, պատերազմի օրերին կորցրեցի, Ադրբեջանը տարավ, խանութ ունեի, դա էլ փակվեց, այս պահին որևէ սոցիալական աջակցություն չունեմ»,- ընդգծեց Վիգեն Էուլջեքյանը։
Նշենք, որ այս պահին ադրբեջանական գերության մեջ շարունակում են ապօրինի պահվել հայեր, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարները, որոնց մի մասին Բաքվի ռազմական դատարանն ապօրինի դատապարտել է ցմահ ազատազրկման։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Greg Madatian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/11/%d5%ba%d5%b8%d5%ac%d5%ab%d5%af%d5%ac%d5%ab%d5%b6%d5%ab%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d6%81-%d5%b8%d6%82%d5%b2%d5%a1%d6%80%d5%af%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%b0%d5%ab%d5%be%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1/