Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ Ղարաբաղում. կհաջողվի՞ արդյոք հալեցնել Թուրքիայի և Ադրբե

Նոյեմբեր 10, 2026

Նոյեմբերի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այցելել է Ղարաբաղ։ Շուշիում կայացած բանակցությունների արդյունքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Էրդողանն ու «եղբայրական թուրք ժողովուրդը» եղել են իր երկրի կողքին, իսկ «Ադրբեջանի և Թուրքիայի միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»։

«Նրանք, ովքեր փորձում են թուլացնել երկու երկրների եղբայրությունը, չեն հասնի իրենց նպատակներին ոչ այսօր, ոչ վաղը»,- հավաստիացրել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ Անկարան աջակցում է տարածաշրջանում «կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Ադրբեջանի ջանքերին»։ Արտասանելով բանաստեղծություններ՝ Էրդողանը նաև ակնհայտորեն ձգտել է հարթել երկու դաշնակից պետությունների միջև առաջացած լարվածությունը, որի մասին մենք մանրամասն պատմել ենք նախորդ նյութերում։

Չնայած խորհրդականի պաշտոնանկությանը, որն իրեն թույլ էր տվել քննադատել Բաքվի իշխանությունների որոշ քայլերը, ինչպես նաև հաշտեցմանն ուղղված այլ ժեստերին՝ նախագահ Իլհամ Ալիևն այդպես էլ չմասնակցեց հոկտեմբերի 29-30-ը Անկարայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։

Կարդացեք նաև

  • Երբ Մոսկվայում տեղի ունենա ՀԱՊԿ գագաթնաժողովը, Փաշինյանը կլինի Թուրքիայում. Սա պատահական չէ… Սերգեյ Մարկեդոնով
  • «Ինձ համար անհասկանալի է՝ ինչպե՞ս ադրբեջանցիները Հադրութից եկան ու հասան Շուշի». Շուշիի քաղաքապետ
  • Շուշիից հնչած մեսիջներն ու կադրից դուրս մնացած գեներալները․ ի՞նչ մեսիջներով էր Էրդողանը գնացել Շուշի, և ի՞նչ վախեր ունի Ալիևը բանակից

Նոյեմբերի 5-ին Էրդողանը լրագրողներին հայտնել էր, որ զանգահարել է Ալիևին, ինչպես նաև Ադրբեջան է ուղարկել Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարին և արտաքին գործերի նախարարին։ «Բացի այդ, «հեռախոսային դիվանագիտությունը» վարվել և շարունակում է վարվել ինչպես պարոն Իլհամի, այնպես էլ՝ մեր տիկնանց միջև»,- ասել է Էրդողանը։

«Նրանք նույնպես մեծ նշանակություն են տալիս նոյեմբերի 8-ի օրվան։ Ես միշտ պնդել եմ, որ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները դուրս են սովորական դիվանագիտական կապերի շրջանակներից»։ Երկու ժողովուրդների միջև գոյություն ունի «անխախտ կապ», որը հիմնված է ընդհանուր պատմության, մշակույթի և ճակատագրի վրա, հիշեցրել է Թուրքիայի առաջնորդը։

Այնուամենայնիվ, Բաքվում շարունակում են հրապարակվել Անկարայի հասցեին քննադատական հոդվածներ, իսկ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ վերջերս Բաքու կատարած այցը մեկնաբանվել է որոշակի արհամարհանքի երանգով։ Թուրք պաշտոնյաները պնդում են, որ այս ամբողջ պատմությունը թյուրիմացություն է, մինչդեռ Բաքվում դժգոհում են, որ Անկարան իրեն պահում է այնպես, կարծես Ադրբեջանը ևս մեկ թուրքական նահանգ լինի։

«Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա այդ մասին»,- ասում է ադրբեջանցի զրուցակիցներից մեկը MYE-ին։ Թուրքիայում կցանկանային, որ Ալիևը մասնակցեր այս ամսվա վերջին Անթալիայում կայանալիք COP31-ի կլիմայական գագաթնաժողովին, սակայն Բաքվում դեռևս վերջնական պատասխան չեն տվել։

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT), Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալության (TİKA), ինչպես նաև Ադրբեջանում գործող կրոնական բարեգործական կազմակերպությունների գործունեությունը դարձել է սուր քննարկումների առարկա, շարունակում է Nordic Monitor-ը։ Ակնհայտ է, որ նախագահական նստավայրի ներկայացմամբ՝ Բաքվի լրատվամիջոցներն այդ կազմակերպություններից մի քանիսին անվանում են Թուրքիայի կողմից քաղաքական միջամտության և հետախուզական տեղեկատվության հավաքման գործիքներ։ Այս վեճը հատկապես տհաճ իրավիճակ է ստեղծել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի համար, որը 2010-2023 թվականներին ղեկավարել է MIT-ը, իսկ մինչ այդ՝ TİKA-ն։

Բազմափորձ հատուկ ծառայության հետ ունեցած կապերի պատճառով երկու կազմակերպություններում նրա նախկին պաշտոնավարումը նրան դարձրել է Ադրբեջանի քննադատության թիրախ։ Բաքուն քննադատում է Անկարայի հետախուզական ցանցերի գործունեությունը, ինչպես նաև հումանիտար, կրոնական և կրթական ոլորտներում գործող թուրքական կառույցների ազդեցությունը։ Շարունակվող տարաձայնությունները մեծացնում են հավանականությունը, որ հարաբերությունների հետագա վատթարացման դեպքում թուրքական կազմակերպությունների նկատմամբ կխստացվի վերահսկողությունը, կսահմանվեն գրանցման նոր պահանջներ կամ այլ սահմանափակումներ կկիրառվեն։

Բաքուն չի հայտարարել TİKA-ի կամ թուրքական կրոնական հիմնադրամների գործունեության ամբողջական արգելքի մասին, սակայն Անկարայի համար տագնապի ազդանշաններ հնչում են տարբեր կողմերից։ Այսպես, կառավարամետ Qafqazinfo պարբերականը մեղադրել է թուրքական հետախուզությանը՝ հումանիտար կազմակերպությունները տեղեկատվություն հավաքելու, տեղի բնակիչների հետ կապեր հաստատելու և քաղաքական ազդեցությունն ուժեղացնելու նպատակով օգտագործելու մեջ։

Հետագայում ջնջված հրապարակման մեջ հիշատակվում են Ֆիդանի շփումները Երիտասարդության օգնության հիմնադրամի (YHM) հետ, որը ադրբեջանական բարեգործական կազմակերպություն է՝ հիմնադրված 1994 թվականին թուրք բարերարների աջակցությամբ։ Ըստ հրապարակման՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն այդ հանդիպումն օգտագործել է հրահանգներ փոխանցելու համար, ինչը հարցեր է առաջացնում այն մասին, թե արդյո՞ք YHM-ը ծառայում է թուրքական հետախուզության ավելի լայն շահերին։ Չեն շրջանցվել նաև Անկարայի ազդեցության ցանցի փոխկապակցված բաղադրիչներ հանդիսացող TİKA-ի, Մարդու իրավունքների, ազատությունների և մարդասիրական օգնության հիմնադրամի (IHH), ինչպես նաև Ազիզ Մահմուդ Խուդայի հիմնադրամի հասցեին հնչող քննադատությունները։

Ֆիդանի դեմ հարձակումներն ավելի են սրել երկու երկրների միջև լարվածությունը։ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի՝ սոցիալական ցանցերում կատարած հրապարակումը, որում Ֆիդանը պատկերված է գլուխը կախ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողքին, հոկտեմբերի 15-ին Բաքվում կայացած Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների 7-րդ գագաթնաժողովի նախօրեին կազմակերպված ընթրիքի ժամանակ, քննադատության է արժանացել թուրքական իշխանամետ լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից։ Նրանք այդ պատկերը վիրավորական են համարել, իսկ դրա հրապարակումը՝ Անկարային ուղղված միտումնավոր քաղաքական ուղերձ։

Բաքվում Թուրքիայի դեսպանատունը կտրականապես հերքել է գաղտնի հանդիպումների, հետախուզական գործողությունների և ազդեցության գործակալներ հավաքագրելու փորձերի մասին մեղադրանքները։ Դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնել են, որ Ֆիդանը պարզապես լուսանկարվել է պաշտոնապես գրանցված կազմակերպության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հերքել են նրան վերագրվող փաստաթղթի գոյությունը։

TİKA-ի գործունեության հետ կապված մտահոգություններ վաղուց են առաջացել։ Նույն Nordic Monitor-ի՝ 2021 թվականի հրապարակման ետագայում ջնջված՝ Ֆիդանն օգտագործել է իր աներորդուն՝ Ալի Օզգյուն Օզթուրքին, որը պատասխանատու էր TİKA-ի Կենտրոնական Ասիայի և Կովկասի դեպարտամենտի համար, զարգացման և մշակութային գործունեության նախագծերի շրջանակում գաղտնի հետախուզական գործողություններին աջակցելու նպատակով։ Արտասահմանյան նախագծերը հնարավորություն են տվել կապեր հաստատել օտարերկրյա պաշտոնյաների հետ, ընդլայնել շփումների շրջանակը և ներգրավել իրազեկիչների։

Վերը նշվեց՝ նախքան հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակվելը՝ Ֆիդանը ղեկավարել է TİKA-ն, ինչը նրան հնարավորություն է տվել լավ ուսումնասիրելու գործակալության անձնակազմն ու միջազգային գործունեությունը։

Գործակալությունը Կասպից ծովի ափերին լայնորեն ներկայացված է 1990-ական թվականների սկզբից։ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 1992-2025 թվականներին գործակալությունն իրականացրել է 1748 նախագիծ և միջոցառում՝ կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և մշակութային ժառանգության ոլորտներում։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2026 թվականին ավարտին է հասցվել 26 նախագիծ, ևս 24 նախագիծ ընթացքի մեջ է։

Սեպտեմբերի 10-ին TİKA-ն համագործակցության համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանի Միջազգային զարգացման գործակալության (AIDA) հետ և շարունակում է աջակցել Ղարաբաղում ու Արևելյան Զանգեզուրում մշակութային ժառանգության պահպանման ծրագրերին։

Հնարավոր սահմանափակումները կարող են ազդել զարգացման ոլորտում արդեն հաստատված համագործակցության վրա։ Եթե Բաքուն որոշի իր քաղաքական դժգոհությունն արտահայտել վարչական միջոցներով, կարող է խստացվել անձնակազմի, ֆինանսական գործունեության և կրթական նախագծերի նկատմամբ վերահսկողությունը։

Թուրքական իսլամիստական կազմակերպություններն ու բարեգործական հիմնադրամները հայտնվել են ուշադրության կենտրոնում։ Վերոհիշյալ IHH-ն գործում է հակամարտությունների գոտիներում և արտասահմանյան օգնության ծրագրերի միջոցով կապված է իսլամական ցանցերի հետ։

Էրենքյոյի կրոնական համայնքի հետ կապված Ազիզ Մահմուդ Խուդայի հիմնադրամն ուշադրություն է գրավել հոկտեմբերի 13-ի աղմկահարույց հայտարարությամբ, որում քննադատել է Թուրքիայում ներդրումային հիմնադրամի շուրջ ծագած սկանդալը, կոռուպցիան, հովանավորչությունն ու կարգավորող մարմինների կողմից անբավարար վերահսկողությունը։ Այս անսովոր վճռական դեմարշը հարցեր է առաջացրել կրոնական-պահպանողական շրջանակներում աճող հակասությունների վերաբերյալ։

Թուրքիայի միջազգային կրոնական ներկայությանն առնչվող մեկ այլ կառույց է Կրոնական գործերի վարչությունը (Diyanet), որը պետական մարմին է և պատասխանատու է իսլամական կրոնական ծառայությունների մատուցման ու արտերկրում գործող կրոնական հաստատությունների հետ համագործակցության համար։

Թուրքական հատուկ ծառայությունները համակարգել են իրենց գործունեությունն արտերկրում աշխատող կրոնական գործիչների հետ՝ տեղեկություններ հավաքելու նպատակով, այդ թվում՝ Կրոնական գործերի վարչության միջազգային ցանցերի միջոցով։ Թուրքիայի Կրոնական գործերի վարչությունը պաշտոնական հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի կրոնական վարչության հետ։ Ստամբուլի մուֆթի Սաֆի Արփագուշը սեպտեմբերի 14-ին Բաքվում մասնակցել է Թյուրքական պետությունների կազմակերպության կրոնական առաջնորդների ժողովին, իսկ հաջորդ օրը նրան ընդունել է Ալիևը։

2026 թվականի հոկտեմբերի 30-ին Անկարայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հասցեին Թուրքիայի նախագահ Էրդողանի կատարած ժեստը նույնպես միանշանակ չի ընկալվել։ Բացի այդ, Բաքուն միջոցներ է ձեռնարկել նաև Թուրքիայի առանձին քաղաքացիների նկատմամբ։

Հաղորդվում է՝ Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի 31 քաղաքացու ներառել են երկիր մուտքի արգելք ունեցող անձանց ցուցակում՝ երկրի կրոնական քաղաքականությունը քննադատելու պատճառով, ինչը դժգոհություն է առաջացրել թուրք օրենսդիրների շրջանում։ Հոկտեմբերի 27-ին Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում փոխարտգործնախարար Զեքի Լևենթ Գյումրյուքչյուն խոստովանել է, որ Անկարան Ադրբեջանի պաշտոնյաների հետ քննարկում է վերջին շրջանում առաջացած տարաձայնությունները։

Նրա խոսքով՝ զգայուն հարցերը պետք է լուծել դիվանագիտական ուղիներով, այլ ոչ թե հրապարակային առճակատման միջոցով։ Գյումրյուքչյուն հերքել է այն պնդումները, թե Թուրքիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ անկախ այն բանից՝ խոսքը պաշտոնակա՞ն, թե՞ ոչ պաշտոնական կանչի մասին է։ Այսպիսով, դիվանագիտական շփումները շարունակվում են, սակայն դեռևս հիմքեր չկան ենթադրելու, որ հիմնական տարաձայնությունները կարգավորվել են։

Վեճն ավելի է բարդանում Էրդողանի ընտանիքի և Ադրբեջանի իշխող վերնախավի միջև առկա լայն գործնական կապերի պատճառով։ Էրդողանի հարազատներն ու մերձավոր համախոհները ներգրավված են Ադրբեջանի հետ կապված ֆինանսական շահերում, այդ թվում՝ գյուղատնտեսության, նավագնացության, պաշտպանության և շինարարության ոլորտներում։ Հաշվի առնելով, որ 1995-2025 թվականներին Ադրբեջանը Թուրքիայում ներդրել է ավելի քան 21 մլրդ դոլար, այդ սերտ փոխկապակցվածությունը կարող է սահմանափակել Անկարայի մանևրելու հնարավորությունները դիվանագիտական լարվածության հետագա սրման պայմաններում։

Առաջացած տարաձայնությունները բարձր մակարդակի երկխոսության միջոցով կարգավորելու կողմերի մտադրությունները միանգամայն տրամաբանական են, սակայն այս հարցում դրական արդյունքն առայժմ ակնհայտ չէ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐԵՎ

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Karagyozian Lena. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/11/%d5%bc%d5%a5%d5%bb%d5%a5%d6%83-%d5%a9%d5%a1%d5%b5%d5%ab%d5%a2-%d5%a7%d6%80%d5%a4%d5%b8%d5%b2%d5%a1%d5%b6%d5%a8%d5%9d-%d5%b2%d5%a1%d6%80%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b2%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af%d5%b0%d5%a1/

Leave a Reply