Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության կրթության, սպորտի և երիտասարդության նախարար Աթենա Միխայիլիդուի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Իննա Թորգոմյանը, ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության դեսպան Միքայել Մավրոսը և երկու նախարարությունների ներկայացուցիչներ։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստան-Կիպրոս պատմական ու բարեկամական կապերը՝ վստահություն հայտնելով, որ այցը նոր խթան կհաղորդի կրթության, երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության խորացմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը։ Աթենա Միխայիլիդուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունների ամրապնդման և ոլորտային փոխգործակցության զարգացման կարևորությունը։
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումները, այդ թվում՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրման, ուսուցիչների մասնագիտական զարգացման, դասագրքերի արդիականացման և կրթական ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները։ Աթենա Միխայիլիդուն ևս անդրադարձել է Կիպրոսում ընթացող կրթական բարեփոխումներին՝ կարևորելով այս ուղղությամբ փորձի փոխանակումը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կրթության համակարգում արհեստական բանականության գործիքների կիրառմանը։ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է FAST հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագիրը, ԵՊՀ Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի գործունեությունը, ինչպես նաև ՀՀ երեք բուհերում ներդրվելիք Ֆիզիկական արհեստական բանականության (Physical AI) զարգացման յոթամյա կրթական ծրագիրը։ Կիպրոսի ԿՍԵ նախարարը ներկայացրել է եվրոպական գործընկերների հետ ուսուցիչների համար ԱԲ կիրառման ուղեցույցների մշակման փորձը՝ պատրաստակամություն հայտնելով դրանք փոխանցելու հայկական կողմին։
Քննարկվել են նաև համալսարանների միջև գործընկերության, ակադեմիական փոխանակումների, համատեղ հետազոտությունների և կրթական ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել Կիպրոսի համալսարանում հայագիտական ուսումնասիրությունների զարգացման նախաձեռնությանը։ Կողմերը քննարկել են նաև միջին մասնագիտական կրթության զարգացմանն ու աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը, ոչ ֆորմալ կրթության զարգացմանը վերաբերող հարցեր։ Այս համատեքստում ներկայացվել է ԹՈՒՄՈ և ՔՈԱՖ կենտրոնների, ինչպես նաև ավելի քան 600 դպրոցներում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գործունեությունը։
Կարևորվել են նաև երիտասարդության ոլորտում համատեղ ճամբարների և փոխանակման ծրագրերի իրականացումը, սպորտի ոլորտում համատեղ ուսումնամարզական հավաքների անցկացումը։ Անդրադարձ է եղել նաև 2027 թվականին Հայաստանում նախատեսվող սպորտային խոշոր միջոցառումներին, այդ թվում՝ մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը, Ֆրանկոֆոնիայի խաղերին և ծանրամարտի աշխարհի առաջնությանը։
Հանդիպման ավարտին Ժաննա Անդրեասյանը և Աթենա Միխայիլիդուն ստորագրել են կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որը նոր հնարավորություններ է ստեղծում համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների ոլորտային կառույցների միջև գործընկերային կապերի ամրապնդման համար։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emma Jilavian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/07/%d5%b0%d5%b0-%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%af%d5%ab%d5%ba%d6%80%d5%b8%d5%bd%d5%a8-%d5%af%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a1%d5%af%d6%81%d5%a5%d5%b6-%d5%af%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9/