Նոյեմբեր 6, 2026
Նախօրեին «Եվրոնյուզ» հեռուստաընկերության կազմակերպած քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե 2027 կամ 2028 թվականներին Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական դառնալ:
Նա, այսպիսով, դիմել է հերթական արկածախնդիր քայլին, որը կարող է նպաստավոր լինել սեփական իշխանության պահպանման տեսանկյունից, և նոր ռիսկեր առաջացնել՝ Հայաստանի համար անվտանգային ու տնտեսական հարթություններում: Ավանտյուրայի հիմքում, ըստ ամենայնի, ընկած է հաջորդ տարի Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու ու դրանից հետո Ալիևի պահանջած նոր Սահմանադրությունն ընդունելու հաշվարկը:
«Ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում գեներացնելու» փաշինյանական առաջարկն առանձնապես խանդավառություն չի առաջացրել ոչ հանրության, ոչ էլ նույնիսկ իրեն սատարող պսևդոքաղաքացիական հասարակության շրջանում:
Այսինքն՝ ամեն դեպքում, արտահերթ ընտրությունների հարցը մնում է Փաշինյանի օրակարգում: Իսկ դրա համար անհրաժեշտ է արդեն այսօրվանից «գեներացնել» այն մեծ սուտը, որը նախընտրական շրջանում վաճառվելու է հանրությանը: «Նախկինների», «թալանածը վերադարձնելու» նարատիվներն այլևս նախկին էնտուզիազմը չեն առաջացնում ու հիմա պետք է հորինել պոզիտիվ խաբկանք:
«Միլանում սուրճ խմելու», «20 եվոյով Եվրոպա հասնելու» քարոզչական պատումները զարգացման մեծ հեռանկար ունեն, և եթե այսօր Փաշինյանը հայտարարում է, որ առաջիկա մեկ-երկու տարում Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել, ապա մեծ է հավանականությունը, որ արդեն այսօրվանից նախապատրաստվում է «Ենոքավան-Միլան» քարոզչական փուչիկի հիմքը:
Քաղաքական տեսանկյունից սա ամբողջությամբ ավանտյուրա է, քանի որ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելն անգամ ամենաարագացված ընթացակարգով անդամակցություն կարող է դառնալ 1-2 տասնամյակից ոչ շուտ: Բայց ԵՄ-ում Հայաստանին, մեղմ ասած, չեն սպասում և քաղաքավարական ժպիտներով հասկացնում են դա. որևէ մեկը նույնիսկ չի հրավիրում:
Ի տարբերություն ԵԱՏՄ-ի ու Ռուսաստանի, որտեղ ամենևին ոչ քաղաքավարական ժպիտներով սպասում են, որպեսզի Հայաստանն առաջիկա դեկտեմբերին վերջնական դիրքորոշում հայտնի՝ շարունակո՞ւմ է մնալ ԵԱՏՄ անդամ, թե՞ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե է կազմակերպում: Այդ պահանջը հնչել է ԵԱՏՄ-ի կողմից վերջերս հրապարակված փաստաթղթում, իսկ առաջինն այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Բրյուսելից, այսպիսով, Փաշինյանը պատասխանել է առաջին հերթին Պուտինին ու ԵԱՏՄ-ին, որը գործականում կարելի է համարել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն: Դա կունենա շոշափելի տնտեսական, սոցիալական, հնարավոր է՝ նաև անվտանգային ծանրագույն հետևանքներ՝ սկսած գազի թանկացումից ու ԵԱՏՄ շուկաների փակումից, մինչև անվտանգային պայմանագրերի վերանայում:
Բայց դա հիմա Փաշինյանին պակաս է հետաքրքրում, քան Ադրբեջանի առջև ստանձնած պարտավորությունների կատարման համար արտահերթ ընտրությունների անցկացումն ու ամեն գնով իր իշխանության պահպանումը, որի համար «հես ա դառնում ենք Եվրոպա» քարոզչական փուչիկն ամենաարդյունավետն է թվում:
Այս հարցում Հայաստանի ընդդիմադիր, մտավորական շերտերի պատասխանը, սակայն, պետք է լինի ոչ թե Եվրոպայի սևացումն ու ԵԱՏՄ-ի, Ռուսաստանի սրբադասումը, ինչպես սովորաբար պատահում է, այլ հասարակությանն ամենօրյա ռեժիմով մատչելի բացատրելը, որ ԵՄ-ին անդամակցությունը որքան էլ ցանկալի ու գայթակղիչ, այդուհանդերձ իրատեսական չէ, տեսանելի ապագայում անհնարինության մակարդակի անիրատեսական: Հակառակ դեպքում՝ նախկինում ծեծված քարոզչական կլիշեներով հանդես գալու պարագայում, իշխանական պրոպագանդան նաև ներկայացնելու է, որ «հինգերորդ շարասյունը» պայքարում է Հայաստանի եվրոպական հեռանկարի դեմ:
Հարություն Ավետիսյան
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Khoyetsian Rose. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/07/168-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ad%d5%a1%d5%b6%d5%a5%d6%81-%d5%ba%d5%b8%d6%82%d5%bf%d5%ab%d5%b6%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1/