Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է սփյուռքի գործերի հանձնակատարներին, ովքեր Երևանում են գտնվում Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
Վարչապետ Փաշինյանը ողջունել է ներկաներին և նշել. «Մենք իրար հետ, ըստ էության, վերջին տարիներին նոր ինստիտուտ և նոր համակարգ ենք ներդնում, և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ներգրավվածության համար: Մենք պետք է մեր համագործակցության առանցքում դնենք Հայաստանի Հանրապետության զարգացումը, Հայաստանի պետական ինստիտուտների, ընդհանուր առմամբ՝ պետականության, տնտեսության զարգացումը, և Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա հայության կյանքի էպիկենտրոնը: Պիտի արձանագրեմ, որ ըստ էության, զուգահեռ այդ պրոցեսը տեղի է ունենում, որովհետև տեսնում ենք, որ Սփյուռքի ավելի ու ավելի շատ ներկայացուցիչներ ավելի ակտիվ ներգրավվածություն են ունենում Հայաստանում տնտեսության, կրթության զարգացման գործում, և այդ ոլորտում մենք ունենք հանրահայտ, նույնիսկ՝ աշխարհահռչակ նախագծեր: Բայց կարևոր է նաև, որ մենք մեր ուղերձը հասցնենք հայության բոլոր շերտերին, բոլոր քաղաքացիներին»: Վարչապետն ընդգծել է, որ այս գործում չափազանց կարևոր է Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի դերակատարումը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ղեկավարության ներքո:
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև նոր Սահմանադրության նախագծի մասին և ընդգծել, որ այնտեղ անդրադարձ կա Հայաստան-սփյուռք հարաբերություններին. «Ես ուզում եմ ևս մի նրբության վրա հրավիրել ձեր ուշադրությունը, որովհետև, գիտեք, ըստ ամենայնի, որ մենք նոր Սահմանադրության տեքստի վրա ենք աշխատում և նախագիծը, որը հետագա մշակումների կենթարկվի, նոյեմբեր ամսվա ընթացքում կհրապարակվի: Այնտեղ շատ կարևոր անդրադարձ ունենք Հայաստան-սփյուռք հարաբերություններին և այդ հարաբերությունների նպատակին:
Իհարկե, այդ հարաբերությունները միաշերտ չեն, բայց մենք կարևոր համարեցինք, որպեսզի այդ թվում՝ նոր Սահմանադրության նախագծում հստակ ձևակերպվեն, թե որն է ի վերջո Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը, որովհետև կարող են լինել ընթացիկ նպատակներ, բայց պետք է լինի նաև վերջնանպատակ: Եվ մենք եկել ենք այն եզրակացության, որ վերջնանպատակն, ի վերջո, հայրենադարձությունն է, որպեսզի մարդիկ իրենց կյանքի և կենսագործունեության կենտրոնը համարեն Հայաստանի Հանրապետությունը:
Մեզ համար կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն Հայաստանի Հանրապետության հետ՝ որպես իրենց ինքնության շատ կարևոր և անբաժանելի մաս, որն իհարկե, կարտահայտվի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ և Հայաստանի Հանրապետությունում որոշակի գործունեություն ծավալելով»:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան–սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցեր, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ հանձնակատարների արդյունավետ փոխգործակցության խթանմանը, Հայաստան-սփյուռք համակարգային և արդյունավետ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Chalian Meline. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/06/%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%bd%d6%83%d5%b5%d5%b8%d6%82%d5%bc%d6%84%d5%ab-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a5%d6%80/