Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում, 2026 թվականի հոկտեմբերի 19-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Իջևան համայնքի և ֆիզիկական անձանց՝ Գետահովիտի համայնքապետարանի՝ 329 քմ մակերեսով վարչական շենքի և 0.15927 հա հողամասի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջներով:
«Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելելով ցանկացած եղանակով օտարել կամ գրավադրել նշված գույքը:
Պետշահերի ուսումնասիրության արդյունքում պարզված հանգամանքների հիման վրա Տավուշի մարզի դատախազության կողմից ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. Հաղորդման հիման վրա՝ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը), 296-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (փողերի լվացում) և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակությունը) հատկանիշներով:
2026 թվականի օգոստոսի 20-ին վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ա.-ի նկատմամբ: Ա.Ա.-ի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, կիրառված է վարչական հսկողություն և գրավ՝ 5.000.000 դրամի չափով»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Karabekian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/06/%d6%83%d5%b8%d5%b2%d5%a5%d6%80%d5%ab-%d5%ac%d5%be%d5%a1%d6%81%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a3%d5%a5%d5%bf%d5%a1%d5%b0%d5%b8%d5%be%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4%e2%80%a4-%d5%a1%d6%80%d5%a3%d5%a5%d5%ac%d5%a1/