Մերձավոր Արևելք. ի՞նչ է նշանակում «Մեքքայի դաշնագրի» պետությունների ռազմական

Նոյեմբեր 5, 2026

Եգիպտոսն ու Լիբիան կարող են ինտեգրվել տարածաշրջանային անվտանգության ընդհանուր տարածքին, որը դեռ պետք է ստեղծվի

Հոկտեմբերի 26-ին Մերձավոր Արևելքում տեղի ունեցավ տարածաշրջանայնացման տեսանկյունից նշանակալի իրադարձություն։ «Մեքքայի դաշնագրի» ստորագրող պետությունների՝ Պակիստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան զինվորականների և հետախուզական շրջանակների պատվիրակությունը ժամանել է Թեհրան՝ բանակցելու Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար արքայազն Խալիդ բին Սալմանը, Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի պետ Ասիմ Մունիրը և թուրքական հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը բանակցություններ են վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի և Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Իմիջիայլոց նկատենք՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների ղեկավար Իբրահիմ Քալընը հայտնի է ոչ միայն նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ իր մտերմությամբ, այլև ամերիկյան էլիտաների հետ սերտ կապերով։

Բանակցությունների ընթացքում ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել իսլամական երկրներին համակարգված դիրքորոշում որդեգրել իսրայելական «ագրեսիայի և սպանությունների» վերաբերյալ։ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ մասնակիցները համաձայնել են, որ Իսրայելը պետք է զորքերը դուրս բերի Լիբանանի և Սիրիայի հարավային շրջաններից, Գազայից և Արևմտյան ափից՝ ներկայացնելով բանակցությունները՝ որպես տարածաշրջանային իրադրության փոփոխության վկայություն, հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Կարդացեք նաև

  • Էդքան խելք ուներ՝ գեղջուկ ենոքավանցու ինտրիգներին չտրվեց․ վերջում ստանալու է հայկական հեղափոխություն. Սուրեն Սուրենյանց
  • Թեհրանի համբերության բաժակը լցվել է. Իրանը բացահայտ նախազգուշացնում է Հայաստանի իշխանություններին
  • Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան

ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումը «գործնական քայլ» է տարածաշրջանային անվտանգության մեխանիզմների ստեղծման ճանապարհին՝ հիմնված ընդհանուր շահերի վրա։ Կարելի է ենթադրել՝ խոսքը խաղի ընդհանուր կանոնների մասին էր, որոնք դեռ պետք է մշակեն տարածաշրջանային խաղացողները։

Իրանցի պաշտոնյաների հետ հանդիպումները մաս են կազմում մերձավորարևելյան ճգնաժամի դեէսկալացիային, երկխոսությանն ու դիվանագիտական լուծումներին աջակցելուն և Քաթարի ու Պակիստանի կողմից ակտիվորեն առաջ մղվող միջնորդական ջանքերին։ Իսկ առայժմ Դոհայի և Իսլամաբադի համատեղ միջնորդական ջանքերը նկատելի հաջողությամբ չեն պսակվել։

Հայտնի է, որ հանդիպման նախաձեռնողն Իսլամաբադն է՝ Թեհրանի աջակցությամբ, տարածաշրջանում սուր ճգնաժամի, ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ ռազմական բախման սպառնալիքի, ինչպես նաև Իսրայելի գործողությունների համապատկերին։ Պակիստանը խիստ շահագրգռված չէ էսկալացիայի մեջ, քանի որ այն հղի է նաև ներքաղաքական ապակայունացմամբ։ Պակիստանի տարածքում բնակվում է էթնիկ փոքրամասնություն՝ բելուջները, որոնք որոշակի հանգամանքներում կարող են բարձրացնել պետության կազմից դուրս գալու և իրանական բելուջների հետ առանձին պետություն կազմավորելու հարցը։

Պահը, ընդհանուր առմամբ, պատմական է։ Իրանի համար սա առաջին բարձր մակարդակի անմիջական շփումն էր 2026 թվականի օգոստոսին ստորագրված «Մեքքայի պաշտպանական համաձայնագրի» մասնակիցների հետ, որը հավաքական պատասխան է ենթադրում նրա անդամներից որևէ մեկի վրա հարձակման դեպքում։

ԶԼՄ-ների և աղբյուրների տվյալներով՝ չհրապարակված, բայց, այնուամենայնիվ, առանցքային թեմաներից մեկը դարձել է Եմենում տիրող իրավիճակի քննարկումը, մասնավորապես՝ քննարկվել են հրադադարին և եմենյան հութիների գծով փոխգործակցությանը վերաբերող հարցեր (որոշ տվյալներով՝ Էր Ռիադը դիտարկել է իրադրության կայունացման տարբերակներն «Արևելք-Արևմուտք» խողովակաշարի գծով պոմպակայաններին և Ռիադում Խալիդ թագավորի անվան միջազգային օդանավակայանին հարվածելուց հետո)։

Կարևոր է ընդգծել՝ տարածաշրջանային անվտանգության ապահովման թեմայի առաջխաղացումն սկսում է ավելի արմատավորվել քաղաքական շրջանակներում, ինչպես, ի միջի այլոց, տարածաշրջանայնացման բուն գործընթացը։ Խոսքը հայեցակարգի ձևավորման մասին է, որի դեպքում Մերձավոր Արևելքի անվտանգությունը պետք է ապահովվի հենց տարածաշրջանի պետությունների կողմից՝ առանց արտաքին (արևմտյան) միջամտության։

Իրանն ավանդաբար և ողջամտորեն դեմ է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի ներկայությանը, որը միայն անկայունություն է սերմանում, և ժամանակի ընթացքում դա ավելի ակնհայտ է դառնում տարածաշրջանի երկրների համար՝ դրդելով համատեղ գործողությունների ակտիվացմանը։ Դրա հետ մեկտեղ՝ Իրանում պահպանողական տրամադրված որոշ դիտորդներ նախազգուշացնում են, որ «Մեքքայի դաշինքի» մասնակիցները նախկինի պես խորապես ինտեգրված են ԱՄՆ անվտանգության համակարգում, և նրանց մոտեցումների հնարավոր վերանայումն ամենևին չի նշանակում Վաշինգտոնի հետ հարաբերությունների խզում։

Պաշտոնապես կողմերը չեն ստորագրել անվտանգության կամ ակնթարթային հրադադարի նոր խոշոր պարտավորեցնող համաձայնագրեր, բայց պայմանավորվել են շարունակել կանոնավոր խորհրդակցությունները և պահպանել քառակողմ հաղորդակցության ուղի։

Թեհրանում հաստատել են, որ չեն փակում դռները դիվանագիտության առջև՝ զուգահեռաբար շփումներ պահպանելով այլ միջնորդների (այդ թվում՝ Քաթարի) հետ։ Այս տեսանկյունից «Մեքքայի դաշնագրի» ստորագրողների դիվանագիտական ջանքերը կարելի է դիտարկել որպես վերահաս փոթորկի համապատկերին անկախ դիրքորոշում որդեգրելու փորձ։

Չէ՞ որ, եթե հավատանք որոշ արևմտյան ԶԼՄ-ների և ինտենսիվորեն տարածվող լուրերին՝ ամերիկյան Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո կոալիցիան պատրաստ է նախաձեռնել Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը՝ շարունակելով փետրվարին սկսված գործողությունները։

2026 թվականի օգոստոսին Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի կազմում «Մեքքայի դաշնագրի» ի հայտ գալուց հետո միջազգային ԶԼՄ-ներն ու փորձագետներն ակնկալում էին, որ Իրանը կարող է դառնալ դաշինքի մասնակիցների հավանական թիրախը։ Բացի այդ, Թուրքիան և Պակիստանն արդեն ունեն Սաուդյան Արաբիայի օգտին հանդես գալու ձևական առիթ՝ Իրանի հետ կապված «Անսար Ալլահ» շարժման (հութիների) հարձակումների տեսքով՝ ուղղված նավթային և տրանսպորտային ենթակառուցվածքների դեմ։

Նրբությունը, սակայն, կայանում է այն բանում, որ միշտ չէ, որ Մերձավոր Արևելքի խաղացողները (և նրա սահմաններից դուրս) առաջնորդվում են ձևական, բլոկային տրամաբանությամբ, ինչը միայն սնում է փոխադարձ անվստահությունը և բազմապատկում մարտահրավերները։ «Ուժի տարածաշրջանային կենտրոնների» պարտավորեցնող կարգավիճակին հավակնող պետությունները փորձում են ձևավորել սեփական անվտանգության ճարտարապետությունն ու համապատասխան հովանավոր-հաճախորդ հարաբերությունները։ Դրանում բավական է համոզվել՝ հաշվի առնելով վերջին երկու նորությունները։

Այսպես, Թուրքիայի ռազմական գերատեսչությունը հայտարարել է Եգիպտոսի հետ ծովային իրավասությունների մասին համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին, որը նման է Լիբիայի հետ ստորագրված համաձայնագրին։ Գերատեսչության գնահատականներով՝ նման համաձայնագիրը կարող է Կահիրեին բերել 15 հազար քառակուսի կիլոմետր ծովային տարածք, և հազիվ թե Աբդել Ֆաթթահ աս Սիսիի կառավարությունը հրաժարվի նման նախանձելի հեռանկարներից։

Միևնույն ժամանակ, Լիբիայի Ներկայացուցիչների պալատը (որը գտնվում է Լիբիայի արևելքում գտնվող Բենգազիում և Տոբրուկում և կապված է գեներալ Խալիֆա Հաֆթարի հետ) միաձայն հավանություն է տվել Թուրքիայի և այն ժամանակվա Ազգային համաձայնության կառավարության միջև 2019 թվականի նոյեմբերի 27-ի փոխըմբռնման հուշագրին՝ Միջերկրական ծովում ծովային իրավասությունների սահմանազատման վերաբերյալ, և միաժամանակ չեղյալ է հայտարարել իր 2020 թվականի որոշումները՝ թուրք-լիբիական երկու հուշագրերի վավերացումից հրաժարվելու և Անկարայի հետ քաղաքական հարաբերությունները խզելու մասին։

Այսպիսով, այժմ և Տրիպոլիի իշխանությունները, և նախկինում Կիրենաիկայի խիստ ընդդիմախոս կառույցները պաշտպանում են 2019 թվականի համաձայնագիրը, ինչն ամրապնդում է Թուրքիայի դիրքերն Արևելյան Միջերկրական ծովում։ Նույն օրն Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը Տրիպոլիում հանդիպել է Ազգային միասնության կառավարության վարչապետ Աբդուլհամիդ Դբեյբայի հետ։

Այս ամենից հետևում է, որ բացի Իրանից և «Մեքքայի դաշնագրի» ստորագրողներից, դրական տարածաշրջանայնացման գործընթացում ներգրավված են նաև Եգիպտոսն ու Լիբիան։ Չի բացառվում այն սցենարը, որի դեպքում եվրոպական Արևմուտքի առևտրային ուղիները կախված կլինեն «Մեքքայի պակտի» մասնակիցների բարի կամքից և նրանցից, ովքեր այս կամ այն ձևով կմիանան դրան։

ՅՈՒՐԻ ՄԱՎԱՇԵՎ

fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Boris Nahapetian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/06/%d5%b4%d5%a5%d6%80%d5%b1%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%a1%d6%80%d6%87%d5%a5%d5%ac%d6%84-%d5%ab%d5%9e%d5%b6%d5%b9-%d5%a7-%d5%b6%d5%b7%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b4%d5%a5%d6%84/

Leave a Reply