Նոյեմբեր 5, 2026
Հայաստանի հանքարդյունաբերությունը կրկին հայտնվել է ադրբեջանական լրատվամիջոցների և իրենց բնապահպան հռչակած՝ հասարակական կազմակերպությունների՝ կեղծ էկոակտիվիստների թիրախում։ Այս անգամ առիթն Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկն ու Երևանում COP17-ի անցկացումն է։
Ադրբեջանի, այսպես կոչված՝ բնապահպանների վայնասունը Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ, իհարկե, նորություն չէ։ Դա ո՛չ առաջին, ու ո՛չ էլ հաստատապես վերջին անգամ է։ Սակայն այդ աղմուկի հետևում ոչ թե իրական բնապահպանական մտահոգություններն են, այլ Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերից մեկին վնասելը։ Ցավոք, ինչպես մինչև 2018 թվականը, այնպես էլ հիմա, շատ հաճախ հայ և ադրբեջանցի էկոակտիվիստների սրացումները հաճախ սինխրոն են լինում:
Հոկտեմբերի 10-ին Ամուլսարի հանքավայրի շահագործման պաշտոնական մեկնարկից հետո, ադրբեջանական մամուլը կրկին շրջանառության մեջ դրեց տարիներ շարունակ հնչեցվող անհիմն ու կեղծ մեղադրանքները։ Իսկ հոկտեմբերի 24-ին Report.az-ում հրապարակված՝ «COP17-ը Երևանում և «կանաչ երկերեսանիությունը»» վերնագրով հոդվածում փորձ արվեց արդեն ամբողջ Հայաստանի բնապահպանական քաղաքականությունը ներկայացնել որպես տարածաշրջանային սպառնալիք։ Հոդվածում մեկտեղվել էին Ամուլսարը, Սյունիքի հանքերը, Մեծամորի ատոմակայանը, անդրսահմանային գետերն ու Արցախի վերաբերյալ քաղաքական մեղադրանքները՝ այդպիսով փորձելով ստեղծել բնապահպանական աղետի տպավորություն։
Այս ամենն, անշուշտ, դժվար է դիտարկել որպես զուտ պատահական համընկնում։ Դեռ 2023թ. հուլիսին էին ադրբեջանական մի շարք հասարակական կազմակերպություններ բաց նամակ հղել Նիկոլ Փաշինյանին՝ հայտնելով իրենց մտահոգությունները շրջակա միջավայրի և տարածաշրջանի ջրային ռեսուրսների վրա Հայաստանի հանքարդյունաբերական գործունեության հնարավոր ազդեցության վերաբերյալ։ Ու այդ «մտահոգություններից» բխող եզրակացություն էին արել. Եզրակացությունն էլ այն էր, որ պետք է դադարեցնել Ամուլսարի հանքավայրի շահագործումը։
Նույն այդ կազմակերպությունները 2023թ. ձևավորել էին «Environmental Protection First» կոալիցիա, որի հրապարակային նպատակներից մեկը Հայաստանի հանքարդյունաբերական գործունեության դեմ պայքարն է։ Այսինքն՝ խոսքը բոլորովին էլ մեկ հանքավայրի վերաբերյալ առանձին անհանգստության մասին չէ։
Տարիներ շարունակ հետևողականորեն թիրախավորվում է Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող մի ամբողջ ոլորտ։ Չեղած փաստերը ներկայացվում են՝ որպես կատարված իրականություն։ Պնդում են, թե իբր Ամուլսարի շահագործումը կործանարար վնաս է հասցնում Ջերմուկի հանքային աղբյուրներին։ Այն պարագայում, որ Ամուլսարի շահագործումը դեռ նոր է մեկնարկել, իսկ ծրագրի վերաբերյալ 2019թ. իրականացված միջազգային փորձագիտական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ամուլսարի ստորերկրյա ջրերի և Ջերմուկի ջերմային աղբյուրների միջև կապ չի հայտնաբերվել։
Նույնպիսի կեղծիքներից մեկն էլ այն է, թե չի ներկայացվել Ամուլսարի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն։ Մինչդեռ Ամուլսարի շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման փաստաթղթերը հրապարակվել են դեռևս 2016 թվականին, հասանելի են եղել նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պաշտոնական կայքում։ Դրանք ներառում են ծրագրի նկարագրությունը, բնապահպանական ազդեցությունների գնահատումը, մեղմման միջոցառումներն ու կառավարման ծրագրերը։
Բայց այս ամենը չի խանգարում, որպեսզի ադրբեջանական «բնապահպանները» հերթական վայնասունը բարձրացնեն Հայաստանի հանքարդյունաբերության, այդ թվում՝ օրերս շահագործման մեկնարկը տված Ամուլսարի դեմ, փորձելով բնապահպանական օրակարգի տակ քողարկել քաղաքական նպատակները։ Սա բոլորովին էլ տարօրինակ չէ, եթե հաշվի առնենք՝ ինչպես ընդհանրապես հանքարդյունաբերության, այնպես էլ՝ Ամուլսարի կարևոր տնտեսական ու սոցիալական նշանակությունը Հայաստանի համար։
Ամուլսարը Հայաստանի վերջին տարիների ամենախոշոր ներդրումային ծրագիրն է։ Կատարված ներդրումները հասնում են 750 միլիոն դոլարի։ Կանխատեսվում է տարեկան շուրջ 210 հազար ունցիա ոսկու արտադրություն, մոտ 130 միլիոն դոլարի հարկի և ռոյալթի վճարումներ, ինչպես նաև հազարավոր ուղղակի ու անուղղակի աշխատատեղեր։
Սրանք, անշուշտ, առայժմ ծրագրային գնահատականներ են, որոնք, սակայն, հստակ ցույց են տալիս այդ խոշոր ներդրումային նախագծի տնտեսական, ֆինանսական ու սոցիալական կարևորությունը։
Փաստ է, որ հանքարդյունաբերությունը եղել ու Հայաստանի տնտեսության համար ունի համակարգաստեղծ նշանակություն։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հանդիսանում է արդյունաբերական և արտահանման ներուժի կարևոր բաղադրիչներից մեկը։ Դրա զարգացումը կարող է ավելացնել պետական եկամուտները, ներգրավել ներդրումներ և ամրապնդել Հայաստանի տնտեսական ու անվտանգային հիմքերը։
Հենց այս պատճառով են Հայաստանի հանքարդյունաբերության դեմ ուղղված ադրբեջանական տեղեկատվական ճնշումները։ Դրանք բխում են ոչ թե բնապահպանական մտահոգություններից, այլ ուղղված են առաջին հերթին Հայաստանի տնտեսության դեմ։ Այդ ճանապարհով փորձում են միջազգային հանրության շրջանում ձևավորել պատկերացում, թե Հայաստանում հանքարդյունաբերական գործունեությունն ի սկզբանե անօրինական է կամ վտանգավոր, ինչը կարող է ազդել հետագա ներդրումային որոշումների, ծրագրերի ֆինանսավորման և երկրի գործարար հեղինակության վրա։ Ու որքան էլ տարօրինակ լինի, միտումնավո՞ր, թե՞ չիմացությամբ, երբեմն այս ամենին մասնակից են դառնում նաև հայաստանյան որոշ բնապահպանական կազմակերպություններ՝ ջուր լցնելով ադրբեջանցիների ջրաղացին։
Ադրբեջանից եկող բնապահպանական վերջին մեղադրանքների արժանահավատության մասին շատ բան է ասում Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ հնչեցված այն պնդումը, թե 1988թ. երկրաշարժի ժամանակ վնասվել է կայանի ռեակտորներից մեկը։ Մի բան, ինչը հերքել է անգամ Համաշխարհային բանկը։ ՀԲ հրապարակած փաստաթղթերը վկայում են, որ երկրաշարժի ժամանակ ատոմակայանը վնասներ չի կրել, իսկ հետագա կանգնեցումն իրականացվել է զուտ նախազգուշական նկատառումներով։
Ատոմակայանի աշխատանքը վերականգնելուց հետո, մշտապես իրականացվել և շարունակում են իրականացվել անվտանգության բարձրացման բազմաշերտ միջոցառումներ։ Դրանց մասին պարբերաբար տեղեկություններ են հրապարակում նաև միջազգային միջուկային ոլորտի մասնագիտական կառույցները։
Իսկ այն, ինչ փորձում են պետական մակարդակով անել Ադրբեջանը, ինչպես նաև Թուրքիան, Հայաստանի ատոմակայանը փակելու, պատասխանատու հանքարդյունաբերության զարգացմանն ու տնտեսության ամրապնդմանը վնասելու ակնկալիքով, նորություն չէ։ Այդպիսի փորձեր արվում են տասնյակ տարիներ, բայց այդ փորձերը գոնե մինչև այժմ ապարդյուն են եղել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Lilit Nahapetian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/06/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d5%9e%d6%82-%d5%a5%d5%b6-%d5%be%d5%a1%d5%b5%d5%b6%d5%a1%d5%bd%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a2%d5%a1%d6%80%d5%b1%d6%80%d5%a1%d6%81%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5/