Մերձավոր Արևելք. Իրանը՝ դիվանագիտության և նոր պատերազմի սպառնալիքի արանքում

Նոյեմբեր 3, 2026

Միջնորդները փորձում են դադարեցնել էսկալացիան

Վերջին օրերին Պակիստանը, Քաթարը և մի շարք այլ պետություններ ակտիվացրել են ջանքերը՝ ԱՄՆ-ին և Իրանին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար։ Դիվանագիտական շփումները զարգանում են ամերիկյան ռազմական ներկայության աճի և Իսրայելի կողմից նոր հարվածներ նախապատրաստելու մասին հաղորդագրությունների համապատկերին։

Ամերիկյան The Wall Street Journal թերթի տվյալներով՝ միջնորդները ձգտում են հաղթահարել մի քանի ամիս տևած փակուղին։ Քննարկվող առաջարկների թվում են իրանական արտասահմանյան ակտիվների մասնակի ապասառեցումը՝ միջուկային ծրագրի շուրջ զիջումների դիմաց, միջազգային տեսուչների վերադարձը և հարստացված ուրանի պաշարների մի մասի հնարավոր փոխանցումը Ռուսաստանին։

Իրանի համար նման առաջարկները հեշտ չեն։ Չի կարելի միջուկային հարցը դիտարկել պատժամիջոցներից, ռազմական հարձակման սպառնալիքներից և նավթի արտահանման սահմանափակումներից առանձին։ Եթե Թեհրանից զիջումներ պահանջեն՝ առանց անվտանգության համոզիչ երաշխիքներ և տնտեսական թեթևացում առաջարկելու, կայուն համաձայնության հասնելը դժվար կլինի։

Կարդացեք նաև

  • Կար երկու սցենար՝ կա՛մ իշխանությունը պետք է հանձնվեր, կա՛մ արյուն կթափվեր. ԶԳՈՒՇԱՑԵՔ, ժողովրդին էլի հանում է իրար դեմ. Հայկ Նահապետյան
  • Սարսափելի սցենար կա՝ Իսրայելի միջուկային հարվածը… ԱՄՆ-ի հեղինակությանը մեծ հարված է հասցվել. Լանա Ռավանդի-Ֆադայի
  • ԱՄՆ-Իրան հակամարտության ընդլայնման ռիսկերը. Տարածաշրջանային անվտանգությունը և TRIPP-ի ապագան

Միևնույն ժամանակ, ցանկացած փոխզիջումից հրաժարվելը նույնպես վտանգ է պարունակում։ Որքան երկար է շարունակվում հակամարտությունը, այնքան մեծ է հավանականությունը, որ քաղաքական տարաձայնությունները կլուծվեն ռազմական միջոցներով։

Պակիստանը և Քաթարը բանակցությունների հիմնական ուղիներն են

Հատուկ նշանակություն է ձեռք բերել Իսլամաբադի դիվանագիտական ակտիվությունը։ Հոկտեմբերի 20-ին Պակիստանի բանակի շտաբի պետ, գեներալ Ասիմ Մունիրը ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի ղեկավարության հետ։ Այցը տեղի է ունեցել Իրանի պաշտոնատար անձանց հետ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի բանակցություններից հետո։ Քաթարը շարունակում է մասնակցել Վաշինգտոնի և Թեհրանի միջև առաջարկների փոխանցմանը։ Հոկտեմբերի 27-ին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մասուդ Փեզեշքիանի բանակցությունները։

Իրանական տեսանկյունից մի քանի միջնորդների մասնակցությունն օգտակար է. այն թույլ է տալիս պահպանել շփումները նույնիսկ այն ժամանակ, երբ ուղղակի բանակցություններն արգելափակված են։ Պակիստանը Վաշինգտոնի և Թեհրանի հետ հաղորդակցման ուղիներ ունի, իսկ Քաթարը տարածաշրջանային ճգնաժամերում միջնորդության փորձ ունի։

Սակայն միջնորդները չեն կարող փոխարինել հակամարտության մասնակիցների քաղաքական կամքը։ Եթե Վաշինգտոնն Իրանից պահանջում է նախ համաձայնել ամերիկյան պայմաններին, իսկ Թեհրանը պնդում է ռազմական սպառնալիքի նախնական վերացման և սահմանափակումների ռեժիմի փոփոխման հարցում, ապա բանակցությունները կարող են մնալ փոխադարձ պահանջների փոխանակում։

Ամերիկացիները մեծացնում են ճնշումը

Միաժամանակ Միացյալ Նահանգները մեծացնում է ռազմական հնարավորությունները տարածաշրջանում։ Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ երկու ավիակիր հարվածային խմբերին կարող է միանալ երրորդը, ինչպես նաև ծովային հետևակայիններով լրացուցիչ նավերը։ Դա ընդլայնում է Վաշինգտոնի հնարավոր գործողությունների շրջանակը՝ ուժի ցուցադրումից մինչև լայնածավալ ռազմական գործողություն։

Իսրայելը, ըստ հրապարակումների, դիտարկում է նաև հարվածների վերսկսման տարբերակները և վերանայում հավանական թիրախների ցանկը։ Ընդ որում, կոնկրետ ծրագրերի մասին տեղեկությունները հիմնականում ստացվում են քննարկումներին ծանոթ աղբյուրներից և չեն նշանակում, որ հարձակման մասին քաղաքական որոշումն արդեն ընդունված է։

Կարևոր է ռազմական պատրաստվածությունը չխառնել պատերազմի անխուսափելիության հետ։ Նավերի տեղակայումը կարող է ծառայել որպես բանակցային ճնշման միջոց, բայց միևնույն ժամանակ նվազեցնում է քաղաքական մանևրի ժամանակը և մեծացնում է մյուս կողմի մտադրությունները սխալ գնահատելու ռիսկը։

Իրանի համար առանձնահատուկ վտանգ է ներկայացնում հակամարտության հնարավոր ընդլայնումն էներգետիկ ենթակառուցվածքների, նավահանգիստների, տրանսպորտային հանգույցների և այլ օբյեկտների վրա, որոնցից կախված է բնակչության առօրյա կյանքը։ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար վտանգը կայանում է պատասխան գործողությունների, ռազմական օբյեկտների սպառնալիքի և ամբողջ տարածաշրջանում ճգնաժամի հնարավոր տարածման մեջ։

Հորմուզի նեղուցը դիմակայության կենտրոնական հարցն է

Վաշինգտոնի և Թեհրանի միջև գլխավոր տարաձայնությունը կապված է ոչ միայն միջուկային ծրագրի, այլև Պարսից ծոցում անվտանգության պայմանների հետ։ ԱՄՆ-ը պնդում է, որ վերսկսվեն բանակցությունները միջուկային հարցի շուրջ, մինչդեռ Իրանը հետագա պայմանավորվածությունները կապում է ռազմական ճնշման դադարեցման և ծովային շրջափակման խնդրի լուծման հետ։

Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մոգադամը հոկտեմբերի 24-ին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցությունների՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ Նրա խոսքով՝ Իրանն առաջարկել է վերսկսել նավարկությունը Հորմուզի նեղուցով՝ ամերիկյան ծովային շրջափակումը վերացնելու պայմանով։ Այս դիրքորոշումը ցույց է տալիս, որ դիվանագիտական ալիքը վերջնականապես փակված չէ։ Այնուամենայնիվ, տարաձայնությունները քայլերի հաջորդականության վերաբերյալ, թե ինչը պետք է տեղի ունենա առաջինը՝ շրջափակման վերացո՞ւմը, թե՞ նավարկության վերականգնումը, մնում են լուրջ խոչընդոտ։

Իրանի համար Հորմուզի նեղուցը ոչ միայն տնտեսական ուղի է, այլև ռազմավարական զսպման գործոն։ Համաշխարհային տնտեսության համար սա էներգառեսուրսների մատակարարման կարևորագույն միջանցքներից մեկն է։ Երկարատև ընդհատումները կարող են բարձրացնել նավթի գները, փոխադրումների և ապահովագրության արժեքը, այնուհետև ազդել սպառողների վրա շատ երկրներում։

Բայց նեղուցը որպես ճնշման գործիք օգտագործելը նաև հակառակ կողմն ունի. այն ուժեղացնում է միջազգային անհանգստությունը և կարող է այլ պետություններին մղել ԱՄՆ-ի հետ ավելի սերտ ռազմական համագործակցության։ Հետևաբար՝ կայուն լուծումը պետք է ապահովի նավարկության անվտանգությունը և միաժամանակ հաշվի առնի կողմերի փոխադարձ պարտավորությունները։

Արաղչիի նախազգուշացումը և նոր հակամարտության գինը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է՝ Հորմուզի նեղուցի շուրջ կամ տարածաշրջանի այլ հատվածներում հետագա էսկալացիան կվտանգի խաղաղ բնակչությանը, պետությունների բարեկեցությունն ու համաշխարհային տնտեսությունը։ Նա նաև Թեհրանի պատրաստակամությունը կապել է ռազմական սցենարից ԱՄՆ-ի հրաժարվելու հետ։ Նման հայտարարությունները միաժամանակ ընկալվում են որպես նախազգուշացում և որպես դիվանագիտության համար տարածություն պահպանելու փորձ։ Թեհրանը ձգտում է ցույց տալ, որ նոր հարվածն անպատասխան չի մնա։ Սակայն լայնածավալ պատասխան հարվածի սպառնալիքն ինքնին չի երաշխավորում հակառակորդի զսպումը. այն կարող է ուժեղացնել հարևան երկրների մտավախությունները և արագացնել հակամարտության նախապատրաստումը։

Հատկապես վտանգավոր է, եթե ռազմական դիմակայությունն ազդի Պարսից ծոցի պետությունների էներգետիկ օբյեկտների վրա։ Նույնիսկ հարձակումների սահմանափակ շարքը կարող է շղթայական ռեակցիա առաջացնել՝ պատասխան հարվածներ, նավագնացության նոր սահմանափակումներ, էներգակիրների գների աճ և հակամարտության աշխարհագրության հետագա ընդլայնում։ Նման իրավիճակում տնտեսական կորուստներ կկրեն ոչ միայն կառավարություններն ու ռազմական կառույցները, այլև սովորական ընտանիքները՝ Իրանում, արաբական երկրներում և Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս։

Ի՞նչ կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում

Հնարավոր է երեք հիմնական սցենար

Առաջինը բանակցությունների շարունակությունն է՝ առանց արագ համաձայնության։ Պակիստանն ու Քաթարը պահպանում են կապի ուղիները, կողմերը փոխանակվում են առաջարկներով, սակայն պատրաստ չեն հրաժարվել հիմնական պահանջներից։ Ռազմական լարվածությունը շարունակում է բարձր մնալ, սակայն անհապաղ լայնածավալ հարձակումից հնարավոր է խուսափել։

Երկրորդը սահմանափակ պայմանավորվածությունն է: Կողմերը կհամաձայնեցնեն ծովային շրջափակման, նավագնացության, ստուգումների և հետագա միջուկային բանակցությունների գործողությունների հաջորդականությունը: Սա չի վերացնի բոլոր հակասությունները, բայց կարող է ստեղծել նոր պատերազմը կանխելու մեխանիզմ։

Երրորդը դիվանագիտության ձախողումն է և հարվածների վերսկսումը։ Եթե բանակցություններն արդյունք չտան, իսկ կողմերից մեկը որոշի, որ հետագա սպասումը վատթարացնում է իր վիճակը, ռազմական սցենարն ավելի իրական կդառնա։ Այս դեպքում հետևանքները կարող են ավելի լայն լինել, քան գործողության սկզբնական նպատակները:

Իմ կարծիքով՝ ամերիկյան ուժերի տեղափոխման փաստը չի ապացուցում, որ հարվածն անխուսափելի է։ Սակայն ռազմական ուժերի ավելացման, կոշտ հրապարակային հայտարարությունների և բանակցությունների համաձայնեցված պայմանների բացակայության համադրությունը վտանգավոր իրավիճակ է ստեղծում, որում նույնիսկ սահմանափակ միջադեպը կարող է լայնածավալ էսկալացիայի առիթ դառնալ։

Իրանի համար ներկա պահն ընտրություն է դիվանագիտական բարդ փոխզիջման և նոր ավերիչ պատերազմի ռիսկի միջև։ Բանակցությունները չպետք է ընկալվեն որպես կապիտուլյացիա, բայց երկխոսությունից հրաժարվելը չի կարող համարվել անվտանգության ինքնուրույն ռազմավարություն։

ԱՄՆ-ը և Իսրայելը պետք է հաշվի առնեն, որ ռազմական գործողությունը կարող է հանգեցնել պատասխան գործողությունների և տարածաշրջանային անկանխատեսելի հետևանքների։ Իրանի ղեկավարությունն, իր հերթին, պետք է գնահատի ոչ միայն զսպման հնարավորությունները, այլև էսկալացիայի գինը երկրի բնակչության և տնտեսության համար։

Մերձավոր Արևելքում խնդիրների կարգավորման հարցում ԱՄՆ-ի վրա հույս դնել պետք չէ, հայտարարել է Մասուդ Փեզեշքիանը՝ շնորհակալություն հայտնելով ռուսական կողմին քաղաքական և դիվանագիտական օգնության համար։

Միջնորդական ջանքերն առայժմ դիվանագիտական ելքի հնարավորություն են թողնում, բայց պայմանավորվածության պատուհանը կարող է նեղանալ, եթե ռազմական ճնշումը շարունակի աճել։ Նոր պատերազմը կանխելու իրական հնարավորություն կլինի միայն այն ժամանակ, երբ երկու կողմերը համաձայնեն քննարկել ոչ միայն հակառակորդին ներկայացվող պահանջները, այլև անվտանգության փոխադարձ երաշխիքները, սահմանափակումների վերացումը և լարվածության նվազեցմանն ուղղված ստուգելի քայլերը։

ԲԵՀՐՈՒԶ ԶԱՐԻՖԻԱՆ

fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/04/%d5%b4%d5%a5%d6%80%d5%b1%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%a1%d6%80%d6%87%d5%a5%d5%ac%d6%84-%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a8%d5%9d-%d5%a4%d5%ab%d5%be%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9/

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS

Leave a Reply