Բաքուն պատմություն է հորինում՝ Հայաստանի դեմ, Փաշինյանը սպառնում է ընդդիմությ

Նոյեմբեր 2, 2026

Մինչ Նիկոլ Փաշինյանը կեղծ «խաղաղության» անվան տակ Հայաստանում կատարում է Իլհամ Ալիևի պահանջները (ՀՀ Սահմանադրության փոփոխություն, և այլն), ընդդիմությանը սպառնում նոր Սահմանադրությանը դեմ լինելու դեպքում ճնշում գործադրել ընդդիմության դեմ՝ օգտագործելով ժողովրդին, Ադրբեջանում Կովկասի մուսուլմանների վարչության (ԿՄՎ) և «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» համատեղ նախաձեռնությամբ հրատարակվել է «Երևանի ղազիաթի պատմությունը» խորագրով գիրք, որի շնորհանդեսը տեղի է ունեցել  այսօր:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումների, այդ միջոցառմանը մասնակցել են ԿՄՎ նախագահ, Հայ Առաքելական եկեղեցու և Վեհափառ հայրապետի հասցեին վիրավորական արտահայտություններով հայտնի Ալլահշուքյուր Փաշազադեն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վարչության նախագահ Ազիզ Ալեքբերլին, Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԱԳԱԱ) նախագահ Իսա Հաբիբբեյլին և Միլլի Մեջլիսի պատգամավորներ։

Ալլահշուքյուր Փաշազադեն իր ելույթում շեշտել է, որ ԿՄՎ-ն հատուկ ուշադրություն է դարձնում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանին» վերաբերող տեղեկատվական գործունեությանը։ Նա նշել է, որ այդ նախաձեռնությունն ուղղված է իբրև թե «Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների» վերադարձի պետական քաղաքականությանը:

«ԿՄՎ-ի և «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» համատեղ հրատարակած  գիրքը հիմնված է վավերագրական նյութերի վրա, որոնք հավաքվել են Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Ռուսաստանի արխիվներից»,- հայտարարել է Փաշազադեն՝ հավելելով, որ, այսպես կոչված, «Երևանի պատմական ղազիաթի» գործունեության վերականգնումը «ժամանակի պահանջ» է։

Կարդացեք նաև

  • Գազի ներկրումը Հայաստան. կիրականանա՞ն արդյոք դիվերսիֆիկացման երազանքները
  • Միջանցքային և անվտանգային թյուրքական մեծ օրակարգը՝ Բաքվի և Անկարայի փոխադարձ դիվանագիտական ժեստերի ստվերում. ի՞նչ հետևություններ պետք է անի Հայաստանը
  • Ժամասլաքների ճշգրտո՞ւմ Բրյուսելում՝ Մոսկվային ընդառաջ. Փաշինյանի այցն ու ԵՄ ընդլայնման «հեռավոր» հորիզոնները

«Արևմտյան Ադրբեջանում ղազիաթի գործունեության հարկադիր դադարեցումը դարձել է էթնիկ զտումների և ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողերից նպատակաուղղված տեղահանության ուղղակի հետևանքը»,- այսպիսի խեղաթյուրված գնահատականներով է հանդես եկել Կովկասի մուսուլմանների վարչության (ԿՄՎ) նախագահ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդը։

Միջոցառման ընթացքում ադրբեջանցի գործիչները կրկին հանդես են եկել հայկական պատմամշակութային ժառանգության և Հայ Առաքելական եկեղեցու հասցեին ուղղված մեղադրանքներով՝ պատմական իրողությունները հարմարեցնելով Ադրբեջանի քաղաքական նպատակներին։

Ցուցադրվել է նաև հորինված «Երևանի ղազիաթի պատմությանը» նվիրված պատմական փաստերն աղավաղող տեսահոլովակ։

Շինծու «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին էլ կրկնել է Բաքվում շրջանառվող այն թեզերը, թե իբր հայերը զավթել են ադրբեջանական կրոնական ու մշակութային ժառանգությունը:

«Ռուսական օկուպացիայից հետո տարբեր երկրներից այստեղ վերաբնակեցված հայերը զավթել են մեր նախնիների կրոնական տաճարները և վերանորոգման պատրվակով դրանք վերածել հայկական եկեղեցիների»,- նշել է Ալեքբերլին՝ օգտագործելով Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ պարունակող ձևակերպումներ։

Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Իսա Հաբիբբեյլին իր հերթին նշել է, որ իբրև թե գրքում ներկայացված պատմական աղբյուրներն ու արխիվային փաստաթղթերը, որոնք նվիրված են «Երևանի տարածաշրջանում ղազիաթի ինստիտուտի» գործունեությանն ու զարգացմանը, ըստ նրա՝ հաստատում են Երևանի նահանգի պատկանելությունն ադրբեջանական հողերին։

«Երևանի ղազիաթի պատմությանը նվիրված այս գիրքն առանց որևէ կասկածի կարելի է անվանել նաև Երևանի նահանգի պատմություն և Երևանի պատմություն։ Այս հրատարակությունը նպաստում է Ադրբեջանի հոգևոր-մշակութային ժառանգության և նրա պատմական տարածքների մասին պատկերացումների խորացմանն ու ամրապնդմանը»,- ասել է նա՝ փաստացի արտացոլելով ադրբեջանական գիտական շրջանակների այն միտումը, երբ պատմագրությունն օգտագործվում է Հայաստանի դեմ պետական մակարդակով տարվող քարոզչության համար։

Ադրբեջանական հոգևոր-պետական շրջանակների այս նախաձեռնությունը հերթական անգամ ցույց է տալիս, որ պետական մակարդակով հետևողականորեն շարունակվում է Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների արմատավորումը։ Պատմական փաստերի կամայական խեղաթյուրումն ու հարևան երկրի ինքնիշխան տարածքների նկատմամբ հավակնությունները փաթեթավորվում են «վերադարձի» և «մշակութային ժառանգության» կեղծ թեզերով։ Նման քարոզչական քայլերը ոչ միայն հեռու են խաղաղության օրակարգից, այլև փաստում են, որ պետական մակարդակով շարունակում է սնուցվել ագրեսիվ հռետորաբանությունն ու տարածքային նկրտումները, հայատյացությունը։

Նշենք, որ ղազիաթը (արաբերեն՝ քազի՝ դատավոր բառից) իսլամական հոգևոր-վարչական միավոր է, որը գործում է մուֆթիության կազմում և զբաղվում տվյալ տարածաշրջանի մուսուլմանների կրոնական, հոգևոր և իրավական հարցերով:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Chakhmakhchian Vatche. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/11/03/%d5%a2%d5%a1%d6%84%d5%b8%d6%82%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a7-%d5%b0%d5%b8%d6%80%d5%ab%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4%d5%9d-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd/

Leave a Reply