Հայաստանում կաթնաշոռի ստուգումներ են իրականացրել 10 արտադրողների ապրանքներում, և բոլորի դեպքում լուրջ խախտումներ են հայտնաբերվել։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, գրում է Sputnik-ը:
Վերցված նմուշներում ստուգվել են աղիքային ցուպիկի, խմորասնկերի եւ բորբոսասնկերի առկայությունը, ինչպես նաեւ կաթնաթթվային բակտերիաների պակասը։ Բոլոր նմուշներում, բացի «Մարիլա» կաթնաշոռից, արձանագրվել է աղիքային ցուպիկի առկայություն։
«Տարբեր խախտումներ են հայտնաբերվել բոլոր 10 ընկերությունների կաթնաշոռում։ Օրինակ` «Մարիլա», «Մարիաննա», «Չանախ» եւ «Միլկին» ընկերությունների կաթնաշոռում կաթնաթթվային բակտերիաների պակաս է գրանցվել։ Իսկ «Արզնի կաթ», «Մարիլա», «Չանախ», «Անի պրոդուկտ», «Բոնիլաթ» և «Բիոկաթ» ընկերությունների արտադրության կաթնաշոռներում հայտնաբերվել են խմորասնկեր և բորբոսասնկեր»,– ասաց Պիպոյանը։
Լաբորատոր ստուգումների արդյունքներից ելնելով՝ նա հանրությանը կոչ արեց կաթնաշոռն օգտագործել բացառապես ջերմային մշակումից հետո։
Փորձագետը նաև նշեց, որ հետազոտվել են բոլոր ընկերությունների կաթն ու թթվասերը, և «Աշտարակ կաթ» ընկերության, ինչպես նաև «Երեմյան պրոդուկտ» (25%), «Արզնի կաթ» (20%) և «Բոնիլաթ» (17%) ընկերությունների թթվասերում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ: Նա նշեց, որ երեք արտադրողների մոտ խախտումների հայտնաբերումը մտահոգիչ է և վկայում է պետական վերահսկողության անարդյունավետության մասին:
Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորը» հուլիսի 27-ից սահմանափակումներ է մտցրել Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներկրման համար: Նշվում էր, որ դա արվել է՝ հաշվի առնելով հայտնաբերված խախտումները, որոնց առկայությունը թույլ չի տալիս «առանձնապես վտանգավոր վարակների մուտքը Ռուսաստան և ոչ անվտանգ կաթնամթերքի վաճառքը ներքին շուկայում»:
«Ռոսսելխոզնադզորը» դիմել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով հուլիսի 27–ից դադարեցնել Հայաստանի բոլոր ձեռնարկություններից կաթնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը՝ ուղղված ռուս սպառողներին: ՍԱՏՄ–ում ռուս գործընկերների որոշման հետ համաձայն չեն։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Anna Tamamian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/31/%d5%b0%d5%b0-%d5%b8%d6%82%d5%b4-10-%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d6%80%d5%b8%d5%b2%d5%ab-%d5%af%d5%a1%d5%a9%d5%b6%d5%a1%d5%b7%d5%b8%d5%bc%d5%b8%d6%82%d5%b4-%d5%ad%d5%a1%d5%ad%d5%bf%d5%b8/