Հոկտեմբեր 30, 2026
Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստերից մեկում հայտարարեց՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքում Երևանում «հայտնաբերել են» Հաղթանակ կամուրջն Արշակունյաց պողոտային միացնող մի ճանապարհ, որը երկար տարիներ չի գործել։ Նա առաջարկեց այդ վերականգնվող փողոցն անվանել «COP17-ի փողոց»՝ փորձելով այդկերպ նշանավորել Հայաստանում անցկացվելիք միջոցառումը։
Հարցի շուրջ հանրային քննարկումների և հիմնավորումների բացակայությունը հաշվի առնելով՝ 168․am-ը գրավոր հարցում ուղարկեց Երևանի քաղաքապետարան՝ հետաքրքրվելով․
Արդյո՞ք հարցը դրվել է քննարկման պատշաճ կերպով։
Կա՞ որոշում, թե խոսքը որ փողոցի անվանակոչության կամ վերանվանման մասին է։
Քաղաքապետարանն արդեն ունի՞ հիմնավորում, թե ինչո՞վ է անհրաժեշտություն առաջացել միջոցառման անունով փողոց անվանակոչել։
Ի պատասխան մեր հարցման՝ Երևանի քաղաքապետարանից հայտնել են.
«Երևանում COP17-ի փողոց ունենալու հարցը քննարկման փուլում է։ Ի թիվս մի շարք այլ փողոցների՝ դիտարկվում է նաև նշված փողոցի անվանափոխության հարցը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի փողոցների անվանափոխությունն իրականացվում է Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ և հաստատվում ավագանու կողմից»։
Նկատենք, սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանի գաղափարները քաղաքապետարանը կյանքի է կոչում․ օրինակներից մեկը Փաշինյանի սիրելի պատմական կերպար «Պապ թագավորի» անունով փողոցը վերանվանելն է։
Ի դեպ, մենք հարց ուղեցինք արհեստական բանականությանը՝ աշխարհում կա՞ որևէ երկիր, մայրաքաղաք, որը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի (COP) անունով փողոց է անվանակոչել:
Պատասխանը հետևյալն էր. «Այո՛։ Սակայն առայժմ հայտնաբերված միակ օրինակը Երևանն է՝ COP17 փողոցով։ 2026թ. օգոստոսի 13-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում առաջարկել է Երևանի քաղաքապետարանին նոր վերականգնվող փողոցն անվանակոչել COP17-ի պատվին։ Խոսքը Հաղթանակի կամուրջը Արշակունյաց պողոտային կապող փողոցի մասին է։ Առաջարկի նպատակը Հայաստանի մայրաքաղաքում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովի անցկացումը խորհրդանշելն է։
Իսկ այլ երկրներում նման նախադեպի վերաբերյալ չհաջողվեց գտնել հաստատված օրինակ, երբ COP15-ը կամ COP16-ը հյուրընկալած քաղաքները փողոց են անվանակոչել այդ համաժողովների անունով»։
Որպես կանոն, փողոցների անունները քաղաքի պատմական հիշողության մասն են։ Դրանք կարող են պահպանել պատմական իրադարձությունների, պետական գործիչների, ազգային հերոսների, մշակույթի և տեղանունների հիշողությունը։ COP17-ը միջազգային, գուցե կարևոր համաժողով է, բայց ի՞նչ իմաստ ունի դրա պատվին փողոց անվանակոչելը, դա ի՞նչ կապ ունի մեր պատմության, մշակույթի ու մեր ազգային հիշողության հետ։ Եվ սա այն դեպքում, երբ նույն այդ Փաշինյանը պատերազմ է հայտարարել մեր պատմությանն ու ինքնությանը, ամեն օր ոչնչացնում, ջնջում է մեր ազգային հերոսների անունները, պատմական տեղանունները, ազգային հիշողությունը…
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Alex Nanijanian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/31/168-%d5%b4%d5%a5%d6%80-%d5%b0%d5%a5%d6%80%d5%b8%d5%bd%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%bb%d5%b6%d5%bb%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%a5%d6%80/