«Զապ» և «Օշականցի Գևորիկ». հիվանդանոցում «ռազբորկայի» գործն ուղարկվել է դատար

Լուսանկարը՝ 1lurer.am

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։


Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։


«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և ապացուցողական գործողութունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Զապ» մականվամբ հայտնի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող Ա․Ս․-ն, 2026 թվականի սեպտեմբերի 21-ին անձի կողմից իրեն դիմելու արդյունքում տեղեկանալով, որ իր նախկին փեսան՝ Է․Մ․-ն թոռան առողջական խնդիրներով պայմանավորված՝ բժշկական կենտրոնում գտնվելու ժամանակ երեխային տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է դստեր և բժշկական անձնակազմի հետ, ձեռնամուխ է եղել պետական իրավական մեխանիզմներից դուրս՝ հեղինակության, ազդեցության, ինչպես նաև ապօրինի ներգործության միջոցների օգտագործմամբ մասնավոր վեճի լուծմանը, որին ներգրավվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող «Օշականցի Գևորիկ» մականվամբ հայտնի Գ․Մ․-ն։


Վերջինս ստանձնելով Ա․Ս․-ին դիմած և վերջինիս կողմից իրեն պատվիրակված անձի մասնավոր հարցերին առնչվող վեճը հարկադրանքի և անօրինական այլ գործողությունների միջոցով լուծելու դերակատարումը՝ անձամբ խմբավորման անդամների հետ նույն օրը այցելել է բժշկական կենտրոն, որտեղ պարտադիր կատարման ենթակա հրահանգների համաձայն և անձամբ տալով այդպիսի հրահանգներ՝ վիճաբանել են Է․Մ․-ի ու նրա հետ գտնվող անձանց հետ:


Է․Մ․-ն, իր հերթին, երեխային տեսակցելու նպատակով 2026 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, գնացել է բժշկական կենտրոն։ Ընդունարանում բժշկական անձնակազմից մերժում ստանալով՝ վերջինս վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ, որի ընթացքում ցուցաբերելով ընդգծված անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք՝ տևական ժամանակ դրսևորել է հակաիրավական վարքագիծ, կիրառել է ֆիզիկական ուժ՝ հրելով բժշկական անձնակազմի ներկայացուցիչներին, հնչեցրել անպարկեշտ ու հայհոյախառն արտահայտություններ՝ այդպիսով բացահայտորեն խախտելով հասարակական կարգը, խաթարելով բժշկական կենտրոնի ընդունարանում գտնվող անձանց ու բուժառուների անդորրը և խոչընդոտել բժշկական հաստատության բնականոն աշխատանքը:


Այնուհետև Է․Մ․ն, մի խումբ անձանց հետ գտնվելով հիշյալ հիվանդանոցի դիմաց, հանդիպել է Ա․Ս․-ի ընկեր Գ․Մ․-ին և նրան ուղեկցող մի խումբ անձանց և վիճաբանել նրանց հետ:


Քրեական վարույթի նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, Ա․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը), Գ․Մ․-ի նկատմամբ՝ 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը), Է․Մ․-ի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը)։


Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։


Նշված 3 մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Garnik Zakarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/28/%d5%a6%d5%a1%d5%ba-%d6%87-%d6%85%d5%b7%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d6%81%d5%ab-%d5%a3%d6%87%d5%b8%d6%80%d5%ab%d5%af-%d5%b0%d5%ab%d5%be%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%b8%d6%81/

Leave a Reply