Հոկտեմբեր 27, 2026
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը, որը չունի բարձրագույն կրթության դիպլոմ, քիթն անընդհատ խոթում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի մեջ և պարտադրում իր մտացածին գաղափարախոսությունները։ Փորձագետը նկատի ունի «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը՝ շեշտելով. «Նորմալ երկրում իշխանության նման պարտադրանքը կորակվեր որպես դիկտատուրա։
Եթե դու կրթության ոլորտում ինչ-որ բան պարտադրում ես, դաստիարակում ու կրթում ես այնպիսի մարդու, որը քաղաքացի է, և որի արժեքները ձևախեղում ես այնպես, որպեսզի կարողանաս ենթարկեցնել քեզ կամ հեշտությամբ կառավարել, ապա սա ինչո՞վ է տարբերվում դիկտատուրայից, որտեղ մեկ տիրող գաղափարախոսություն կա։
Իհարկե, «Իրական Հայաստան» և նման բաներն արհեստական ինչ-որ բաներ են. խորհուրդ եմ տալիս դրան մանրամասն չանդրադառնալ, թե չէ մենք դրան լրացուցիչ կշիռ ենք տալիս։ Չանդրադառնալ՝ չեմ ասում առհասարակ չխոսել, քանի որ նրանք արդեն անցել են գործի, և դրան իսկապես չես կարող որևէ արձագանք չտալ։ Կան բազմաթիվ ուսուցիչներ, որոնք այդ պատճառաբանությամբ կամ կրճատվում են, կամ դուրս են մղվում ոլորտից։ Հիշենք ԵՊՀ բազմաթիվ դասախոսների, որոնք իրենց քաղաքական հայացքների համար ուղղակի հեռացվեցին համալսարանից, այլ բուհերից, Հանրային կառավարման ակադեմիայից, որն անմիջապես ենթակա է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին»,- այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Ատոմ Մխիթարյանը։
Նա հիշեցրեց՝ ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտության տվյալներով՝ դպրոցահասակ 10 երեխայից 1-ը դպրոց չի գնում, և այս թիվը համեմատելի է աֆրիկյան շատ երկրների թվերի հետ։ Հետևաբար, այս վիճակից դուրս գալու մասին պետք է մտածել, իսկ դպրոցի գործառույթն այսօր այն պետք է լինի, որ ձևավորի ազգային արժեքներով դաստիարակված անհատ, որը նաև ակտիվ քաղաքացի է, հասկանում է իր արմատները, գիտի սեփական պատմությունը և այն նպատակակետը, որին պետք է ձգտի։ Ցավոք, այսօր նման սկզբունքով երեխային դաստիարակող ուսուցիչները աստիճանաբար զգուշանում են, որովհետև կարող են կորցնել աշխատանքն ատեստավորման գործընթացի արդյունքում, եթե հանկարծ հանդգնեն, օրինակ, պատմությունը դասավանդել այն դասագրքերով, որոնք եղել են 10 տարի առաջ։
«Քանի որ հստակ նկարագրված չէ, թե ինչ կարող է լինել դպրոցում, եթե աշակերտն «Իրական Հայաստանի» գաղափարախոսության դեմ միտք արտահայտի, ուրեմն շուտով Հայաստանում լինելու է Օրուելի հայտնի ստեղծագործության նման՝ «մտքի ոստիկանություն»։ Եվ մեկը, որն այդ գաղափարախոսության հեղինակն է, ցանկանում է, որ յուրաքանչյուրն ընկալի իր մտքում, մարսի և դրանից ավելի մեծ բաների պատրաստ լինի։ Սա նշանակում է, որ այո՛, եթե Արցախի անունը տան, ուրեմն այդ դպրոց այլևս մուտք չպետք է գործեն, եթե դպրոցի պատին կա Արարատի նկարը, պետք է հանեն։
Ուղիղ պետք է ասենք՝ այս գաղափարախոսությունն այս մարդու մտքում չի առաջացել, դա նրան պարտադրված կամ ներարկված միտք է Թուրքիայից ու Ադրբեջանից։ Նույն բանը մեզ տասնյակ տարիներ ասում էին Թուրքիայից, որ՝ դուք պետք է կորցնեք ձեր ազգային նկարագիրը, ազգային արմատներից պիտի կտրվեք, որպեսզի հեշտությամբ ձեզ կուլ տան»,- հավելեց Ատոմ Մխիթարյանը։
Նրա տվյալներով՝ այսօր դպրոցներում կա մոտ 1000 ուսուցչի թափուր հաստիք, դպրոց չհաճախող երեխաներ և վերջերս հրապարակված հետազոտության արդյունքներով, ըստ էության, կա անգրագետ հասարակություն, որը չի կարող գնահատել ու հասկանալ, որ սրա հետևանքներն ուղղակի աղետալի են լինելու։
«Միշտ ասում եմ՝ կրթության ոլորտում ինչ-որ բան փոխելու համար առաջին հերթին պետք է փոխել կրթության ոլորտում որոշում կայացնողին։ Բացի այդ, պետք է առնվազն կրկնապատկել կրթության ոլորտի ֆինանսավորումը, որը ֆինանսավորվում է մոտ 2,5 տոկոսով։ Իսկ գիտության ֆինանսավորումը նույնիսկ բացարձակ թվերով նվազել է վերջին 2 տարվա ընթացքում։ Երեխային, որը դպրոցում լավ էր սովորում, ասում էին՝ լավ սովորիր, որ գիտնական դառնաս, հիմա ասում են՝ լավ սովորիր, որ լավ ապրես, ինչն ուղղակիորեն առնչվում է որկրամոլության, հարուստ լինելու հետ, բայց երբեք խելքի հետ կապ չունի։
Գիտության ֆինանսավորման համար տարեկան միջինում տրամադրվել է 30 մլրդ դրամ, ընդ որում՝ ոչ մի տարի չի եղել, որ ամբողջ 30 միլիարդը կարողանան օգտագործել։ Տարի է եղել, որ 60 տոկոսով է կատարվել գիտության բյուջեն։ 2018 թվականից այս կողմ Հայաստանում գիտնականների, դասախոսների թիվը կրճատվել է։ Կառավարությունն այսպես է մտածում. եթե մնացորդային ինչ-որ բան մնա, կարելի է տալ գիտնականներին։
Գիտնականները պետք է մեկ շատ կարևոր բան հասկանան՝ Հայաստանում իրավիճակը փոխելու համար պետք է իշխանությունը փոխել»,- նշեց կրթության փորձագետը։
Ատոմ Մխիթարյանը կոչ արեց ազգանպաստ մտքեր ունեցող բոլոր գիտնականներին ինքնակազմակերպվել և բարձրացնել իրենց հարցերը, քանի որ այլ տարբերակ չկա։ Կարող են ԱԺ-ում հարցը բարձրացնել, օրենքի նախագծեր ներկայացնել և փորձել օրենքով ամեն ինչ կարգավորել. հակառակ դեպքում, եթե ամեն ինչ թողնեն Կառավարությանը, ապա վերջինս կարող է անտեսել («իգնոր» անել) և որևէ բան չփոխել։ Ավելին՝ այս ամենի մասին պետք է լուրջ մտածել հատկապես այն ժամանակ, երբ գնում են ընտրությունների, քանի որ ինչ-որ բան փոխելու միակ հնարավորությունը վերջին հաշվով ընտրություններն են։ Ըստ այդմ՝ գիտնականները պետք է կարողանան իշխանության բերել իրենց նման մարդկանց, որպեսզի կարողանան նրանցից ինչ-որ բան պահանջել. եթե իշխանության են բերում անգրագետների, պարզ է, որ արդյունքում ունենալու են անգրագետ հասարակություն։
«Խորհուրդ կտամ՝ այն գումարները, որոնք տրամադրել են գիտնականներին, հետ վերցնեն և նվիրեն իրենց մյուս ցնորական գաղափարին, որը կոչվում է «Ակադեմիական քաղաք»։ Սա երևի «Իրական Հայաստանի» մեջ տեղավորվող ամենավառ, պայծառ գաղափարն է, որին արժե գումար տրամադրել։ Սա, իհարկե, լուրջ չէ, որովհետև որևէ երկրում մինչև հիմա նման գաղափար չի եղել, որ բոլոր բուհերը վերցնեն, հավաքեն ու միավորեն մի տեղում։ Ասեմ, որ այդ գաղափարն արդեն Հայաստանում իրականացել է, և այդ միջավայրը Երևանի կենտրոնն է։
Չեմ պատկերացնում մի քաղաք, որի պատմական կենտրոնում չլինի որևէ գիտական հաստատություն։ Երևանին դրանից զրկել՝ նշանակում է դարձնել արևելյան տիպի հետմնաց մի քաղաք, որը կարող է միայն ծառայություններ մատուցել, քանի որ բուհերի շենքերը կարելի է օգտագործել հյուրանոցների, ռեստորանների, խաղատների համար, որտեղ մեր սերունդը չի լինելու, այլ լինելու են, այսպես ասած, տուրիստները հարևան երկրներից»,- եզրափակեց Ատոմ Մխիթարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Talar Tumanian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/28/%d5%b7%d5%b8%d6%82%d5%bf%d5%b8%d5%be-%d5%b4%d5%bf%d6%84%d5%ab-%d5%b8%d5%bd%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%af%d5%a2%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6/