168: Հիմա ո՞վ է Մեղրին հանձնում, ո՞ւմ էր պետք Հոկտեմբերի 27-ը. Խաղաղության պա

Հոկտեմբեր 27, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • TRIPP-ի գործընթացը մի քանի շերտով պիտի դիտարկենք՝ ինքնիշխանության սահմանափակում, բոլոր ճանապարհների ապաշրջափակում, ճանապարհի կամ Միջանցքի ռեժիմի հետ կապված տարատեսակ հարցեր: Եթե մեր տարածքի նկատմամբ մենք ունենում ենք որոշակի սահմանափակումներ, ուրեմն դա արդեն մեր տարածքը դիտարկվել չի կարող, իսկ սա բացառապես հանրաքվեով լուծվող հարց է:
  • Ադրբեջանն ուղղակիորեն համարում է, որ պատերազմով թե առանց դրա, ինքը պետք է տիրանա Սյունիքին, Վայոց ձորին ու Գեղարքունիքի մարզին, Հայաստանի այլ տարածքներին:
  • Քանի որ գործող իշխանքւթյունների՝ պրոհայկական լինելու վերաբերյալ ես խիստ կասկածներ ունեմ, դժվարանում եմ փորձել տրամաբանական մեկնաբանություն տալ նրանց գործողություններին: Հայաստանը հնարավորություն ուներ և ունի չլինել տեկտոնական շարժերի կիզակետում, բայց այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ գտնվենք հակասությունների կենտրոնում՝ չշահելով ոչ մի բան:
  • Ինչո՞ւ հենց 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության օրն իշխանությունները TRIPP նախագիծը տարան ԱԺ քննարկման: Թող այսօր քննարկեն TRIPP նախագիծը, հենց այսօր քննարկեն և ամեն անգամ, որ կոնսպիրոլոգիական թեմաներ են բարձրացնում հոկտեմբերի 27-ի հարցով, թող այսօր քննարկեն ու տեսնեն՝ Մեղրին ո՞վ էր հանձնում, ո՞ւմ էր հետաքրքիր, որ տեղի ունենա հոկտեմբերի 27-ը, և ո՞ւմ բարեկամներն ու ժառանգներն են այսօր քննարկում Մեղրու հարցը:
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու ոչ մի նախադրյալ չկա: Հայաստանն Ադրբեջանին ե՞րբ է պատերազմ հայտարարել կամ հակառակը, որ խաղաղության պայմանագիր կնքի: Հայաստանի և Ադրբեջանի միջև կան մի քանի չլուծված հարցեր՝ սահմանազատման, պոտենցիալ հումանիտար հարցեր, փոխհատուցումների հարցեր: Եթե ասում եք՝ խաղաղություն է, հիմա որ խաղաղության պայմանագիր չկնքենք, ի՞նչ է լինելու: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր պետք չէ: Միակ հարցը, որը պետք էր բարձրացնել, Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունն է Արցախում, Արցախի հայաթափումն ու օկուպացիան: Սա՛ է միակ չլուծված հարցը: Եթե դուք այս հարցը չեք բարձրացնում, ապա խաղաղության պայմանագիր կնքելը դառնում է ավելորդ: Պետք չէ, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ երբևէ հայտարարված չի եղել: Խաղաղության պայմանագրի նպատակն ինձ համար Կառավարությունում առկա գործակալների կողմից քայլ առ քայլ մի փուլի հասցնելն է, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ:

Կարդացեք նաև

  • Փաշինյանի՝ Հայաստանի «հանցանքի» ընդունումը՝ խաղաղության գործընթացի պայման․ ի՞նչ «պատիժ» է նախատեսել Ալիևը, ի՞նչ գին՝ հաշտության դեպքում
  • Ադրբեջանում իսրայելական հենակետերի լուրը, հիջաբի արգելքն ու իրանական գործոնը․ Ինչի՞ց է վախենում Ալիևի վարչակազմը
  • Թուրքական «ճկուն» և «հիշաչար» հաշվարկներ, կամ՝ Էրդողանի «տակտիկական նահանջը»՝ հանուն մեծ ծրագրերի
  • Պետք է ստեղծել միջկառավարական հանձնաժողով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացիկ հարցերի քննարկման համար, որի նպատակը պետք է լինի հայ-ադրբեջանական չլուծված հարցերի քննարկումը: Խաղաղության պայմանագիր չունենք, բայց Փաշինյանն ու Ալիևը մարդ ա մի 3 հատ խաղաղության մրցանակ ունեն: Հիմա որ պայմանագիր չկնքենք, խաղաղություն չի՞ լինելու, այդ պայմանագի՞րն է մեզ պաշտպանելու:
  • Իլհամի ուզածները հստակ, շոշափելի ու վերջնական չեն: Հիմա ուզում է՝ Սահմանադրություն փոխենք ու ճանապարհ տանք, չէ՞: Եթե իմանայինք՝ ուզածը դա է, ու վե՛րջ, էլ բան չի ուզելու, կարելի էր դա քննարկել, բայց երբ գիտես, որ նրա վերջնական նպատակը Հայաստանի չգոյությունն է, անիմաստ է ինչ-որ բան քննարկելը նրա հետ: Մեր անկախության շրջանում մենք հայկական Նախիջևանի նկատմամբ ոչ մի պահանջ չենք ներկայացրել: Այնինչ Նախիջևանը հայկական քաղաքակրթության բնօրրաններից մեկն է: Հիմա մարդիկ Վանն ավելի շատ են ընկալում հայկական, քան Նախիջևանը, եթե մարդիկ, իհարկե, արմատներով Նախիջևանից չեն: 
  • Հաջիևը որ պահանջում է հայերից ներողություն խնդրել, ո՞նց ենք անելու… մի անգամ Հրապարակում հավաքվենք, ներողություն խնդրենք, կպրծնե՞նք, թե՞ ազգովի շաբաթը մեկ ստատուս պիտի գրենք… (բնականաբար հեգնում է,- Ս.Ս.) Ծիծաղելի անհեթեթություն է նրա ասածը, բանի տեղ չպետք է դնել:
  • Եթե մենք Ադրբեջանից ստանալու բան չունենք, ի՞նչ պայմանագիր ենք կնքում: Անգամ գերիների հարցը սրանք չեն քննարկում: Բացառապես քննարկվում է Հայաստանի հաջորդ զիջումների հարցը, դա էլ ուզում են պայմանագրով ամրագրել:
  • Փաշինյանի դեպքում պետք է, որ անընդհատ լինի վտանգված Հայաստան, որ վախերի վրա շարունակ վերընտրվի: Հիմա նա որ ասում է՝ խաղաղության պայմանագիրը մինչև 2031 թիվ պետք է կնքենք, դա իր ընտրվելու հաջորդ ժամկետն է… Բա ինչո՞վ է գնալու հաջորդ ընտրությանը:
  • Իսկ արդյո՞ք TRIPP-ը պետք է կարգավորվեր միջազգային պայմանագրով, թե՞ կարելի էր պարզապես ներպետական կորպորատիվ փաստաթղթերի շրջանակում հարցը լուծել: Ոչ մի խնդիր ես չէի տեսնում, որ ճանապարհի վրա ներդրում արվեր մաքուր հայկական, ներպետական կարգավորումներով, հայկական իրավասության ներքո: Սա ցույց է տալիս, որ ամերիկացի գործընկերները քեզ չեն վստահում: Եթե երկիրդ ունի կանխատեսելի ներդրումային միջավայր, նորմալ դատարաններ, ներդրողները երբեք հարցը միջազգային դատարաններ չեն տանի: Բայց քանի որ չեն վստահում, գործընթացն իրականացնում են միջազգային պայմանագրի ներքո:

  • Սահմանադրության հարցը շատ կարևոր է։ Բայց որպեսզի կարողանանք քննարկել՝ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ, նախ պետք է հասկանանք՝ ի՞նչ ենք առհասարակ ուզում փոխել։ 

Ոմանք խոսում են գերվարչապետական համակարգի մասին, ասում են՝ պետք է փոխվի Սահմանադրությունը։ Լավ, եկեք վերացական խոսակցություններից անցնենք կոնկրետ առաջարկների։ Ի՞նչ եք ուզում փոխել, ի՞նչ եք ուզում գրել ձեր ասած նոր Սահմանադրության մեջ։ Իրական առաջարկ ներկայացրեք, ասեք՝ կոնկրետ ինչպիսի՞ փոփոխություն եք ուզում։ Ես իմ այս հարցադրումներով խնդրին անդրադառնում եմ ակադեմիական տեսանկյունից։

Քաղաքական առումով իմ դիրքորոշումն այն է, որ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն միանշանակ չկա։ Բայց երբ ակադեմիական քննարկում ենք անցկացնում և վերլուծում՝ գործող կարգավորումներն ավելի լա՞վն են, թե՞ ավելի վատը, պետք է կոնկրետ հասկանանք՝ ի՞նչ եք ուզում փոխել։

Մենք ունենք Սահմանադրություն, որը մեկնաբանում ենք այնպես, ինչպես ուզում ենք, քանդում ու ձևախեղում ենք այն, ոտնահարում ենք, բայց ամենակարևորը՝ տեր չենք կանգնում դրան։ Հիմա, եթե վաղը Սահմանադրությունը փոխենք և դրա մեջ մեկ այլ բան գրենք, ի՞նչն է երաշխավորում, որ նորից նույն կերպ չենք վարվելու։

  • Մի անգամ Սահմանադրության փոփոխություն են կատարել՝ պատճառաբանելով, թե Սահմանադրական դատարանում ճգնաժամ է առաջացել։ Սակայն տեղի ունեցածը, ըստ էության, Սահմանադրական դատարանի վրա վերահսկողություն հաստատելու փորձ էր։ Նման փորձեր եղել են նաև Արգենտինայում և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, որտեղ դրանք երկարաժամկետ բացասական ազդեցություն են ունեցել ժողովրդավարական ինստիտուտների կայունության վրա՝ նպաստելով իշխանության կենտրոնացմանը։ Այդ երկրները հետագայում ստիպված են եղել վերականգնել ինստիտուցիոնալ հավասարակշռությունը։ 
  • Կարծում եմ, որ մենք այսօր նոր Սահմանադրության անհրաժեշտություն չունենք։ Մեզ անհրաժեշտ է գործող սահմանադրական համակարգի բնականոն գործունեությունը։ 
  • Եթե որևէ իշխանության նպատակն այն է, որ իր իշխանությունը չփոխվի, ապա միայն կառավարման համակարգը փոխելով՝ այդ խնդիրը չի լուծվի, չի կարողանա իշխանություն պահել։ Կարելի է նույնիսկ պատկերացնել մի իրավիճակ, երբ իշխանությունը կկենտրոնանա այլ ինստիտուտի՝ նախագահի ձեռքում։

Հետևաբար՝ խնդիրը չպետք է դիտարկել միայն այն տեսանկյունից, թե ինչպես կանխել հեղափոխությունը կամ իշխանափոխությունը։ Կարևորն այն է, որ քաղաքական գործընթացները տեղի ունենան Սահմանադրության շրջանակներում, իսկ իշխանության ձևավորումն ու փոփոխությունը ենթարկվեն իրավական կանոններին։

  • Գործող Սահմանադրությամբ պետության գլուխը նախագահն է, որի լիազորությունները խորհրդարանական համակարգում հիմնականում ներկայացուցչական և արարողակարգային բնույթ ունեն։ Այդ գործառույթներից մեկն էլ պետական ինստիտուտների շարունակականությունն ու պետության ներկայացուցչականությունը խորհրդանշելն է։

Օրինակ՝ երբ վարչապետը գնում է Սահմանադրական դատարան և անձամբ շնորհակալություն է հայտնում դրա նախագահին աշխատանքի համար, առաջանում է ինստիտուցիոնալ սահմանների հարց։ Նման իրավիճակում պետք է հասկանալ՝ ինչո՞ւ է վարչապետը ստանձնում այդ դերը, երբ պետության ներկայացուցչական գործառույթներն իրականացնում է նախագահը։

Սա ոչ միայն արարողակարգի, այլև իշխանության տարանջատման և պետական ինստիտուտների ինքնուրույնության հարց է։

Հետևաբար, հարցը հետևյալն է՝ ի՞նչ պետք է գրենք Սահմանադրության մեջ, որպեսզի նման իրավիճակներ չառաջանան։ Արդյո՞ք անհրաժեշտ է հատուկ սահմանափակում մտցնել, որով վարչապետին կարգելվի նման գործողություն կատարել, թե՞ խնդիրը գործող սահմանադրական նորմերի ճիշտ կիրառման մեջ է։ 

Իմ կարծիքով՝ այստեղ ավելի խորքային խնդիր կա։ Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ մեր Սահմանադրությունն ունի բավական լայն կարգավորումներ, սակայն դրանց առկայությունն ինքնին չի երաշխավորում, որ իշխանությունը չի կենտրոնանա մեկ անձի ձեռքում։ 

  • Արդյո՞ք ընդդիմությունը պետք է մտնի Սահմանադրության փոփոխության քննարկման մեջ: Իմ կարծիքով՝ ընդդիմությունը չպետք է մտնի Սահմանադրության փոփոխության շուրջ քննարկումների մեջ, եթե դրա համար չկա հստակ քաղաքական մանդատ և հիմնավորված անհրաժեշտություն։

Նախ պետք է հասկանանք՝ ընդդիմադիր ուժերն ի՞նչ դիրքորոշում են ունեցել այս հարցի վերաբերյալ ընտրություններից առաջ և ի՞նչ փոփոխություններ են առաջարկել։ Օրինակ՝ «Հայաստան» դաշինքի դեպքում պետք է դիտարկել դաշինքի կազմում ընդգրկված քաղաքական ուժերի դիրքորոշումները։ Հայ հեղափոխական դաշնակցությունը պատմականորեն տարիներ շարունակ հանդես է եկել երկրի խորհրդարանական կառավարման համակարգի օգտին։ Մյուս քաղաքական ուժերի դիրքորոշումները ևս պետք է գնահատել նրանց հրապարակային հայտարարությունների և ծրագրերի հիման վրա։

Եթե քաղաքական ուժը նախապես չի հայտարարել, որ ցանկանում է փոխել կառավարման համակարգը, և դրա վերաբերյալ ընտրողներից մանդատ չի ստացել, ապա հետագայում այդ հարցն օրակարգ բերելը խնդրահարույց է։ Նույնը վերաբերում է նաև այլ քաղաքական ուժերին։ Նրանց մոտեցումները պետք է գնահատել ըստ հրապարակային դիրքորոշումների, այլ ոչ թե ենթադրել, թե ինչ համակարգի կողմնակից կարող են լինել։ 

Խորհրդարանական կառավարման համակարգը կարևոր է նաև տնտեսական հարաբերությունների տեսանկյունից։ Պատմականորեն խորհրդարանների ձևավորման վրա ազդել են տարբեր հասարակական խմբերի, այդ թվում՝ արիստոկրատիայի և գործարար շրջանակների շահերը։ Խորհրդարանական համակարգի կարևոր գործառույթներից մեկն այն է, որ գործադիր իշխանությունը չկարողանա ամբողջ պետական և տնտեսական համակարգը դիտարկել որպես սեփականություն։

Երբ գործադիր իշխանությունը կենտրոնանում է մեկ անձի ձեռքում, առաջանում է պետական ռեսուրսների և տնտեսական հնարավորությունների կենտրոնացման վտանգ։ Խորհրդարանական վերահսկողությունը կարող է հակակշիռ դառնալ այդ գործընթացին։

Այս տեսանկյունից կարելի է դիտարկել նաև հարևան Ադրբեջանի օրինակը, որտեղ իշխանության կենտրոնացման և նախագահական կառավարման համակարգի առանձնահատկությունները կարևոր են քաղաքական զարգացումները հասկանալու համար։ 

  • Եթե ընդդիմադիր ուժերը նախապես հստակ մանդատ չեն ստացել նախագահական համակարգին անցնելու կամ կառավարման համակարգն ամբողջությամբ վերափոխելու համար, ապա Սահմանադրության փոփոխության շուրջ քննարկումների մեջ մտնելն այսօր ժամանակավրեպ է։

Այս պահին նույնիսկ սեղանին չկա այնպիսի հստակ նախագիծ, որի հիման վրա հնարավոր կլիներ մասնագիտական քննարկում իրականացնել։

  • Մեզ այսօր ավելի հրատապ խնդիրներ են հուզում՝ սեփականության իրավունքի պաշտպանություն, անձնական ազատությունների երաշխավորում, մարդու իրավունքների լիարժեք պաշտպանություն և սոցիալական բևեռացման նվազեցում։

Օրինակ՝ եթե սոցիալական անհավասարությունը խորանում է, ապա անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ քաղաքականություններ և իրավական մեխանիզմներ կարող են նպաստել այդ խնդրի լուծմանը։ 

  • Եթե ընդդիմությունը հայտարարի, որ Սահմանադրությունը փոխելու կարիք չկա, ապա դրա հետ մեկտեղ՝ պետք է պահանջի նաև գործող Սահմանադրության լիարժեք պահպանումը։

  • Որտե՞ղ է գրված, որ գործող Սահմանադրությունը թույլ է տալիս խախտել մարդու իրավունքները, ապօրինաբար զրկել մարդուն սեփականությունից կամ ոտնահարել նրա բոլոր ազատությունները։ Որտե՞ղ է գրված, որ պետությունը կարող է առանց իրավական հիմքի զիջել տարածքներ կամ խախտել քաղաքացիների իրավունքները։

Գործող Սահմանադրությունը չի պարունակում նման թույլտվություններ։ Հետևաբար՝ խնդիրը նախևառաջ Սահմանադրության նորմերի պահպանումն ու կիրառումն է։ 

  • Սահմանադրությունը գործող իրավական համակարգի հիմքն է։ Դրանով պետք է առաջնորդվել, այլ ոչ թե այն քննադատել և փոխել ամեն անգամ, երբ որևէ դրույթ դուր չի գալիս։

Հետևաբար՝ իմ կարծիքով, այսօր Սահմանադրության փոփոխության հարցը քաղաքական օրակարգ մտցնելու անհրաժեշտություն չկա։

  • Երբ քաղաքական առաջնորդը պնդում է, որ իր պաշտոնավարումը կամ իր առաջարկած փոփոխություններն անհրաժեշտ են երկրի հարատևությունն ապահովելու համար, առաջանում է մի կարևոր հարց՝ արդյո՞ք պետության շարունակականությունը նույնացվում է մեկ անձի իշխանության շարունակականության հետ։ 
  • Եկեք պատկերացնենք հետևյալ տարբերակը։ Եթե նոր Սահմանադրության անհրաժեշտությունը գործող իշխանությունների կողմից հիմնավորվում է երկրի հարատևությունն ապահովելու պահանջով, ապա կարելի է առաջարկել նաև անցումային դրույթ, որով գործող իշխանության ներկայացուցիչները որոշակի ժամանակահատվածում չեն կարողանա զբաղեցնել պետական պաշտոններ։

Արդյո՞ք նման առաջարկը կընդունվեր իրենց իսկ կողմից։ Եթե ոչ, ապա պետք է հասկանալ՝ քննարկվող փոփոխությունների իրական նպատակը պետության շարունակականությո՞ւնն է, թե՞ գործող իշխանության քաղաքական դիրքերի պահպանումը։ 

  • Եկեք յուրաքանչյուրս մտածենք՝ կա՞ արդյոք որևէ կոնկրետ խնդիր, որը ծագել է հենց Սահմանադրության համապատասխան դրույթի պատճառով և որը հնարավոր չէր լինի լուծել, եթե այդ դրույթը մի փոքր այլ կերպ ձևակերպված լիներ։ Խոսքը ոչ թե առանձին, մասնավոր դեպքերի, այլ համակարգային և էական խնդիրների մասին է։ Օրինակ՝ կա՞ իրավիճակ, երբ դատական գործի ընթացքը, պետական կառավարման գործընթացը կամ որևէ այլ կարևոր հարց անհնար է լուծել գործող Սահմանադրության պատճառով։ Իմ կարծիքով՝ նման խնդիրները պետք է հստակ ներկայացվեն և հիմնավորվեն, այլ ոչ թե պարզապես ընդհանուր հայտարարություններ արվեն Սահմանադրության թերությունների մասին։ 
  • Պետական համակարգը, Սահմանադրությունը փոխելով՝ ինքնաբերաբար չի սկսում ավելի լավ աշխատել։ Այն սկսում է ավելի արդյունավետ գործել, երբ կիրառվում են գործող սահմանադրական մեխանիզմները, լուծվում են դրանց կիրառման ընթացքում առաջացած խնդիրները և վերացվում են ինստիտուցիոնալ հակասությունները։

Միայն այն դեպքում, երբ առաջանում է իսկապես անլուծելի սահմանադրական հակասություն, կարելի է քննարկել փոփոխության անհրաժեշտությունը։ Եթե խնդիրն առաջանում է այն պատճառով, որ գործող օրենքները չեն պահպանվում, պետական մարմինները՝ իշխանությունները, չեն կատարում իրենց պարտականությունները, կամ քաղաքական ուժերը չեն ցանկանում կիրառել իրենց տրամադրված իրավական մեխանիզմները, ապա Սահմանադրությունը փոխելը խնդրի լուծում չէ։

  • Հեծանիվ մի՛ քշիր աշխատանքի ժամին, կրոնական կազմակերպությունների դեմ գործողություններ մի՛ արա, օպոզիցիա մի՛ ձևավորիր… Մենք քեզ դրա համար չենք վճարել: Մենք մեր հարկերից, մեր գրպանից քեզ չենք վճարում, որ դու աշխատանքի ժամին հեծանիվ քշես… Մենք քեզ վճարում ենք Սահմանադրությամբ ամրագրված քո պարտականություններն անելու, այդ թվում՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար:
  • Փաշինյանը նվաստացնում է քննիչներին, դատախազներին, դատավորներին: 
  • Միգուցե Ռոբերտ Քոչարյանից վախեր ունի, դրա համար է կալանքի տակ պահում: Մարտի 1-ի գործով չստացվեց անել, հիմա գնացել են իբր «կոռուպցիայի» բացահայտման ճանապարհով…

  • Բացեք Դատախազության կայքը, տեսե՛ք՝ դա անշարժ գույքի գործակալությա՞ն, թե՞ Դատախազության կայք է: Ամբողջը գույք վերադարձնելու մասին է, որովհետև թեման քաղաքական է:
  • ՀԷՑ-ը կխլի՞, խնդիր չկա՛, ուղղակի պետք է հասկանանք, որ մենք բոլորս դրա կրկնակի գինն ենք վճարելու ձեռնարկատիրոջը: Ցանկացած ապրանք գին ունի: Որևէ մեկը մտածե՞լ է՝ ինչո՞ւ է ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել ՀԷՑ-ում կառավարիչ, ՔՊ-ական Գնել Սանոսյանը՝ հանքարդյունաբերության ոլորտում, մյուսը՝ ԶՊՄԿ-ում, Ռուբեն Ռուբինյանի եղբայրն՝ այլ տեղ… Այս հարցերն այսօր պատասխան չունեն:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Emil Lazarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/28/168-%d5%b0%d5%ab%d5%b4%d5%a1-%d5%b8%d5%9e%d5%be-%d5%a7-%d5%b4%d5%a5%d5%b2%d6%80%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b8%d5%9e%d6%82%d5%b4-%d5%a7%d6%80-%d5%ba%d5%a5%d5%bf/

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS

Leave a Reply