Հոկտեմբեր 23, 2026
Գործազրկության ֆոնին Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ աշխատատեղերի թիվն ավելացել է։ Նկատենք՝ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, սակայն, աճել է ոչ միայն աշխատատեղերի թիվը, այլև՝ գործազրկության ցուցանիշը․ 2026 թվականի 2-րդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 13 տոկոս, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արձանագրել է որոշակի աճ։
«Օգոստոսի համեմատությամբ սեպտեմբերին 15 հազարով աշխատատեղերն ավելացել են, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ՝ 39,751-ով են ավելացել՝ շուրջ 4,9 տոկոսով, ինչպես նաև 28,418 դրամով կամ շուրջ 7 տոկոսով ավելացել է միջին աշխատավարձը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ,- կառավարության հերթական նիստում հերթական «ռեկորդ»-ն է ավետել Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ՊԵԿ-ն ամփոփել է գրանցված աշխատատեղերի ցուցանիշը,- Ընդհանուր առմամբ դա նաև տեսանելի է, վիզուալ էլ երևում է, որ Հայաստանում բավականին լավ տնտեսական ակտիվություն կա»։
Նկատենք՝ նմանատիպ հայտարարություններից հետո տարբեր փորձագետներ նշում են՝ այդ հավելաճի գերակշիռ մասը ստվերից հարկման դաշտ բերված աշխատատեղերն են։
168․am-ի հետ զրույցում տնտեսագետ Հրայր Կամենդատյանն այս հանգամանքին հավելեց նաև մեկ այլ դրվագ․ «Նայեք՝ ի՞նչ են անում հաճախ․ օրինակ, համայնքային սեկտորում ներգրավվածներին աշխատանքի են ընդունում կես դրույքով (եթե ընդունում ես, միանգամից այդ քանակը կրկնապատկում է): Այս դեպքում, ի դեպ, նաև սոցիալական պարտավորություններն են կիսով չափ կատարելու։ Այսինքն՝ նույն քանակի սոցիալական պարտավորություն է կատարվում, բայց ավելի շատ մարդ է երևում ձևակերպված։
Հաջորդը, որն այս ցուցանիշի վրա ազդում է, ռելոկանտների՝ հատկապես հնդիկների, պակիստանցիների՝ ամենացածր աշխատավարձով որևէ աշխատատեղում ձևակերպելու հանգամանքն է»։
Գալով Փաշինյանի ասած «վիզուալ» դրական տնտեսական միտումներին՝ տնտեսագետը նկատեց՝ իշխանությունները չեն անդրադառնում սոցիալական թեմատիկային։
«Անընդհատ ասում են՝ զարգանում է, զարգանում, զարգանում է, բայց երբ մի քանի ցուցանիշ ենք վերցնում, տեսնում ենք՝ այս իշխանությունը հրաժարվում է սոցիալական պարտավորություն կատարելու մտքից․ օրինակ, սոցփաթեթները հունվարի 1-ից հետո վերանում է։ 162.000 քաղաքացու համար «սոցփաթեթները» վերանում են։ Ի՞նչ է նշանակում․ եթե էկոնոմիկան զարգանում է, այդ «սոցփաթեթի» մոտավորապես 9․6 միլիարդ դրամն ո՞ւմ էր խանգարում։ Կամ՝ եթե պետությունը, էկոնոմիկան զարգանում է, մահվան նպաստներն ինչի՞ կտրեցին։
Այսինքն՝ իրենց ասած թվերի ու իրականության մեջ խզում կա»։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Kanayan Tamar. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/24/%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a1%d5%b3%d5%9d-%d5%af%d5%a5%d5%bd-%d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%b5%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%b8%d5%be-%d5%b8/