«ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության կասեցուման հետևանքները». Վահե Դավթյան

Հոկտեմբեր 20, 2026

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է. «ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության կասեցման հետևանքները.

Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցի շուրջ

ԵԱՏՄ անդամ չորս պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած 72-էջանոց զեկույցում (հղումը՝ մեկնաբանություններում) ուղղակիորեն քննարկվում է Հայաստանի անդամակցության կասեցման հնարավորությունը։ Ընդ որում, առաջարկվում է այդ ռեժիմը պահպանել մինչև Հայաստանում ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցով հանրաքվեի անցկացումը։

Ուշագրավ է իրավական հիմնավորումը։ Զեկույցում արձանագրվում է, որ ԵԱՏՄ պայմանագիրը նման կասեցման մեխանիզմ չի նախատեսում։ Ուստի հղում է կատարվում 1969 թ. Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիային, որի շրջանակներում ԵԱՏՄ մյուս անդամները ՛՛իրավունք ունեն քննարկելու ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը ժամանակավորապես կասեցնելու մասին համատեղ որոշման ընդունման հարցը՝ ընդհուպ մինչև ԵԱՏՄ-ին անդամակցությունը պահպանելու կամ ԵՄ-ին միանալու վերաբերյալ Հայաստանում հանրաքվեի անցկացումը՛՛։

Ինչ վերաբերում է տնտեսական հաշվարկներին, ապա այստեղ բավական ծանր պատկեր է ներկայացվում։ Հայաստանի ՀՆԱ-ի հնարավոր անկումը գնահատվում է 15,6% կամ շուրջ 4,6 մլրդ ԱՄՆ դոլար, գնաճի հավելյալ աճը՝ 14,9%, իսկ սպառման կրճատումը՝ 14,6%։

Կանխատեսվում է ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության կրճատում 55,6%-ով, այդ թվում արտահանման՝ 65,8%-ով։ Առավել մեծ հարված կարող են ստանալ գյուղատնտեսությունը, սննդարդյունաբերությունը, ալկոհոլային արտադրանքը և թեթև արդյունաբերությունը։ Սրանք այն ոլորտներն են, որոնց համար ռուսաստանյան շուկան տարիների ընթացքում դարձել է իրացման հիմնական ուղղություններից մեկը։

Առանձին ուշադրության է արժանի էներգետիկ բաղադրիչը։

Զեկույցում դիտարկվում է ռուսական գազի գնի բարձրացում ներկայիս 177,5-ից մինչև 300 ԱՄՆ դոլար՝ 1000 խմ-ի դիմաց։ Գրեթե 69% աճ։ Բնականաբար, նման փոփոխությունը կազդի էլեկտրաէներգիայի արտադրության ծախսերի, արդյունաբերության մրցունակության և ընդհանուր գնաճային միջավայրի վրա։

Սակայն կա էական հանգամանք, որը հաշվի չեն առել զեկույցի հեղինակները: Գազի մատակարարման պայմանները որոշվում են նաև հայ-ռուսական երկկողմ պայմանագրերով։ Հետևաբար ԵԱՏՄ անդամակցության կասեցումն ինքնաբերաբար չի ենթադրում գնի վերանայում։ Ուստի, փաստաթղթում նման սցենարի ներառումը կարելի է գնահատել որպես քաղաքական ազդակ:

Զգայուն է նաև աշխատանքային միգրացիայի խնդիրը։ ԵԱՏՄ երկրներում աշխատող ՀՀ քաղաքացիները կարող են զրկվել գործող արտոնյալ ռեժիմից, բախվել աշխատանքի թույլտվությունների, սոցիալական ապահովության և հարկման նոր պայմանների։ Զեկույցում կանխատեսվում է նաև ԵԱՏՄ երկրներից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների կրճատում շուրջ 3,95-ից մինչև 1,85 մլրդ ԱՄՆ դոլար։

(Այստեղ, սակայն, բանկային փոխանցումների ընդհանուր ծավալը փաստացի կապվում է աշխատանքային միգրացիայի հետ, մինչդեռ փոխանցումների զգալի մասը կարող է ունենալ այլ տնտեսական ծագում։ Ուստի այս գնահատականը նույնպես լրացուցիչ հիմնավորման կարիք ունի):

Եվ, թերևս, փաստաթղթի ամենահետաքրքիր հատվածը վերաբերում է ԵԱՏՄ մյուս անդամների հնարավոր կորուստներին։

Ըստ հաշվարկների՝ Հայաստանի անդամակցության կասեցումը նրանց համար էական տնտեսական խնդիրներ չի առաջացնի։ Ռուսաստանի պարագայում ապրանքների և ծառայությունների ընդհանուր արտահանման ու ներմուծման կանխատեսվող կրճատումը չի գերազանցում 1%-ը։

Այսպիսով, զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է. Հայաստանի նկատմամբ տնտեսական ճնշումը ԵԱՏՄ մյուս անդամների համար գրեթե անցավ կարող է լինել, մինչդեռ Հայաստանի համար՝ ծանր հարված»:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Maral Takmazian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/21/%d5%a5%d5%a1%d5%bf%d5%b4-%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%af/

Leave a Reply