168: Նախկինների աշխատանքով հպարտանալու արվեստը․ Որքա՞ն կորցրեց Հայաստանի տնտե

Հոկտեմբեր 20, 2026

Տարիներ անց, ի վերջո, տրվեց Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը։ Տարիներ շարունակ այսօրվա իշխանություններն իրենք են խոչընդոտել ու խնդիրներ ստեղծել Հայաստանի տնտեսության, ինչպես նաև պետական բյուջեի համար կարևոր նշանակություն ունեցող այս խոշոր ներդրումային ծրագրի իրականացման համար։ Ծրագիրը տարիներ շարունակ գտնվել է կոնսերվացված վիճակում՝ հենց Նիկոլ Փաշինյանի ու իր ղեկավարած կառավարությունների անպատասխանատու գործողությունների հետևանքով։ Այսօր, երբ վերջապես այն գործարկվել է, որոշել են բոլոր դափնիները վերագրել իրենց։

Հանքի շահագործման մեկնարկը հերթական առիթն են դարձրել խոսելու Հայաստանի տնտեսության զարգացման, հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումների, հազարավոր աշխատատեղերի ու պետական բյուջեի սպասվող եկամուտների մասին։ Հիշել են, որ Ամուլսարը կարևոր ներդրումային ծրագիր է Հայաստանի համար։ Բայց մոռացել են, թե իրենց քաղաքական նպատակների համար ինչեր են արել, որ այն կյանքի չկոչվի։

Երբ եկան իշխանության, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագիրը մոտեցել էր եզրագծին, գրեթե 350 մլն դոլարի ներդրումներ էին իրականացվել։ Մոտենում էր հանքի շահագործման մեկնարկը։ Նախատեսվում էր այն սկսել 2018թ. վերջին եռամսյակում։ Բայց ամեն ինչ արեցին, որ այն տապալվի, ծրագրի իրականացումը կանգնեցրին ու հետ գցեցին առնվազն 8 տարով։

2018 թվականի հունիսից, այսինքն՝ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի կողմից վերցնելուց 1-1.5 ամիս հետո, Ամուլսարի հանքի շահագործման շինարարական աշխատանքները փաստացի կանգ առան։ Հանքավայրի շուրջ ծավալված բողոքի գործողությունները, ճանապարհների շրջափակումը, բնապահպանական մտահոգությունները, դրանց շուրջ սկսված քաղաքական ինտրիգները ծրագրի իրականացման երկարատև կանգառի ու անորոշությունների պատճառ դարձան։

Կարդացեք նաև

  • Ասեք՝ ի՞նչ եք անելու, 2027թ. օգոստոսի 2-ը մոտենում է. թե՞ պետք է սպասենք 2031 թվականին. Վլադիմիր Մարտիրոսյան
  • COP17․ Բաքվի հեռավար քաղաքական պահանջներն ու Երևանի ուղիղ լռությունը Շիկահողում կատարվողի մասին․ տարածքը մերը չէ՞
  • Ձև են անում, թե «Ռոսիա մոլը» հետ են վերցնում. Արդարադատություն իշխանական ձևով

Դա բերեց նրան, որ աշխատանքների հետագա վերաթողարկման գինը զգալիորեն բարձրացավ՝ նախկին շուրջ 450 մլն դոլարից հասնելով  750 մլն դոլարի։

Մի կողմից՝ տարիների հարկադիր կանգառը, մյուս կողմից՝ գնաճն ու իրականացվող աշխատանքների, սարքավորումների ու տեխնիկական միջոցների թանկացումը հավելյալ բավական մեծ ներդրումների կատարման կարիք առաջացրին։

Նոր ներդրումներ ներգրավելու նպատակով՝ կառավարությունը ստիպված եղավ պետության կողմից նույնիսկ 150 մլն դոլարի վարկային երաշխիք տրամադրել՝ ծրագրի իրականացումն ավարտին հասցնելու համար։

Մինչդեռ, եթե ամեն ինչ գնար իր հունով՝ այդ հսկայական գումարների կարիքը չէր էլ առաջանա։ Առաջացավ իշխանության մեղքով, որը ոչ միայն պայմաններ չստեղծեց ծրագրի ժամանակին ու անխափան իրականացման համար, այլև ինքը խոչընդոտ դարձավ այդ ճանապարհին։

Այսօր էլ գլուխ են գովում, թե 750 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիր են իրականացրել։ Այն դեպքում, երբ այդ ծրագիրը ոչ թե ՔՊ-ի, այլ նախկին իշխանության շնորհքն է ու աշխատանքի արդյունքը։ Նախկիններն են դրել դրա հիմքերն ու գրեթե մոտեցրել շահագործման մեկնարկին։ Եկան ու ամեն ինչ տապալեցին։ Այսօրվա իշխանությունների մեծագույն առաքելությունն այս ներդրումային ծրագրում եղել է այն, որ տարիներ շարունակ հետ են գցել դրա ընթացքը, ինչի պատճառով երկիրը հսկայական օգուտներ չի ստացել, ավելին՝ մեծապես տուժել է։

Երբևէ Հայաստանում մեկնարկած այս ամենախոշոր ներդրումային ծրագիրը սառեցնելու պատճառով լրջագույն հարված հասցվեց երկրի ներդրումային միջավայրին։ Բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ, որոնք կարող էին գալ Հայաստան ու ներդրումներ անել տնտեսության մեջ, հրաժարվեցին իրենց մտադրություններից։

Այն, ինչ իշխանությունների թողտվությամբ, երբեմն էլ՝ հովանավորությամբ ու մասնակցությամբ տեղ էր ունենում Ամուլսարի շուրջ, բոլորովին էլ մեկ ընկերության հետ չէր կապված։ Դա հարված էր երկրի ամբողջ ներդրումային հեղինակությանը։ Ոչ մեկը չի հաշվարկել, թե դրա հետևանքով ինչքան ներդրումներ չեկան Հայաստան, ինչքանն էլ ուղղակի փախան Հայաստանից։

Ավելի մեծ հարված չի կարող լինել երկրի ներդրումային մթնոլորտին, քան այն, երբ ներդրողը տարիներով միջոցներ է ներդնում, կառուցում արտադրական անհրաժեշտ ենթակառուցվածքներ, իսկ հետո զրկվում է ներդրումային ծրագիրն ավարտին հասցնելու հնարավորությունից ու կանգնում հարյուրավոր միլիոն դոլարների հասնող ներդրումները կորցնելու վտանգի առաջ։ Սրանից ծանր էլ ի՞նչ հականերդրումային հարված կարող էր ստանալ տնտեսությունն իշխանությունների կողմից։

Դա էլ քիչ էր՝ Ամուլսարի ներդրումային ծրագրի հետ կապված հարուցված անհարկի խնդիրների պատճառով, Հայաստանի նկատմամբ այսօր էլ բավական մեծ գումարի հայց է քննարկվում միջազգային արբիտրաժային դատարանում։ 2023թ. «Amulsar Investor Ventures LLC» ընկերության և Հայաստանի Հանրապետության միջև ներդրումային վեճի շրջանակում նախաձեռնվել է միջազգային արբիտրաժային վարույթ։

Վեճը քննվում է Հաագայի արբիտրաժային դատարանում՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ներդրումների պաշտպանության երկկողմ համաձայնագրի շրջանակում։ Ու չի բացառվում, որ այս վեճի շրջանակներում մի օր կանգնենք խոշոր գումարի փոխհատուցում վճարելու փաստի առաջ։ Այդ պարագայում Ամուլսարի օգուտները, որոնց մասին իրար հերթ չտալով՝ խոսում են իշխանությունների ներկայացուցիչները՝ երկրի համար կարող են վերածվել մեծ վնասների։

Այսքանից հետո հպարտանում են, թե ներդրումային ծրագիր են իրականացրել։ Մեկը մյուսին հերթ չտալով՝ ներկայացնում են ծրագրի տնտեսական նշանակությունը՝ փորձելով այն դարձնել կառավարության տնտեսական քաղաքականության հաջողության օրինակ։ Հաշվել են, որ հանքավայրի շահագործումը տարեկան շուրջ 130 միլիոն դոլարի հարկեր, տուրքեր և ռոյալթիներ կապահովի պետական բյուջեի համար։ Երկրի ՀՆԱ-ի վրա ոսկու հանքի շահադրական դրական ազդեցությունը գնահատել են շուրջ 1,5 տոկոս։

Բայց ոչ մեկը չի ուզում պատասխան տալ այն բանի համար, որ եթե այդ ամենն այդքան կարևոր էր, ինչո՞ւ այսքան տարի ձգձգեցին, հետ գցեցին տնտեսական ու ֆինանսական օգուտները։ Ստացվում է, որ տարիների հետաձգման պատճառով փաստացի Հայաստանը զրկված է եղել այն տնտեսական օգուտներից, որոնք ծրագիրը կարող էր ապահովել ավելի վաղ շահագործման դեպքում։

Այդ օգուտները ներառում են ոչ միայն հարկերն ու ռոյալթիները, այլև աշխատավարձերը, արտահանումը, հարակից ծառայությունների զարգացումն ու տնտեսական ակտիվությունը։ Իշխանությունները, երբ խոսում են ծրագրի դրական ազդեցությունների, օգուտների մասին, պիտի պատրաստ լինեն պատասխան տալ նաև այսքան տարի այն հետ գցելու տնտեսական հետևանքների ու երկրին պատճառած վնասների համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Garnik Tadevosian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/20/168-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%af%d5%ab%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84%d5%b8%d5%be-%d5%b0%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ac%d5%b8%d6%82-%d5%a1/

Leave a Reply