««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց

Հոկտեմբեր 20, 2026

Սուրեն Սուրենյանցը գրում է. ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության

Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանի քաղաքական գործընթացի մոդերացիան իրականացնել «ինքնատիպ» մտքերով, որոնք, ի դեպ, դժվար է օրիգինալ համարելը:

ՏԻՄ ընտրությունների ընթացքում հնարավոր ճնշումների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության ամենակարևոր հատվածը ժողովրդավարությունն «օգտագործելով» հակաժողովրդավարության հաստատումը կանխելու մասին ձևակերպումն է: Դա է, ըստ էության, նրա այսօրվա ուղերձի «գաղափարական աղը»:

Եվ այստեղ առաջանում է, թերևս, ամենասկզբուքնային հարցը՝ ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական։

Փաշինյանի խոսքը խիստ վտանգավոր ենթատեքստի մասին է. նա իրեն կամ իր թիմին պատկերացնում է ոչ թե ժողովրդավարական մրցակցության մասնակցի, այլ «արբիտրի», ժողովրդավարության ինքնահռչակ պահապանի դերում:

Ժողովրդավարության հիմնական հատկանիշներից մեկը իշխանության իրական փոփոխելիությունն է։ Եթե իշխանությունը քաղաքական հակառակորդի հնարավոր հաղթանակը նախապես հռչակում է ժողովրդավարության սպառնալիք, ապա առաջանում է ընտրողների կամքը սահմանափակելու վտանգ։

Հենց այսպիսի տպավորություն է ստեղծում Փաշինյանի այսօրվա տեսանյութը:

Ժողովրդավարական և ընտրական ինստիտուտների ճգնաժամը դրսևորվում է այն պահին, երբ իշխանությունը սկսում է որոշել, թե ով իրավունք ունի հաղթելու ընտրություններում, այլ խոսքով՝ ուվագծվում է «բարի» և «չար» ուժերի արհեստական խճանկար:

Պետք է հստակ տարանջատել ժողովրդավարության պաշտպանությունն ու սեփական իշխանության ինքնապաշտպանությունը: Սակայն դա հնարավոր չէ անել այն տրամաբանությամբ, ինչն այսօր գեներացնում է Փաշինյանը՝ քաղաքական մրցակցությունից, պետական ինստիտուտներից վեր կանգնած «արբիտրի» տրամաբանությամբ:

Փաշինյանն այս հարցում ամենևին էլ օրիգինալ չէ։ Նրա հռետորաբանությունը հիշեցնում է եվրոպական լիբերալ քաղաքական մեյնստրիմի այն մոտեցումները, որոնց համաձայն՝ ժողովրդավարությունը երբեմն պետք է պաշտպանել նույնիսկ ավտորտար եղանակներով: Այստեղ առաջանում է ակնհայտ պարադոքս. ժողովրդավարությունը պաշտպանելու նպատակով քաղաքական մրցակցությունը սահմանափակելու գայթակղությունը հակասում է հենց ժողովրդավարության սկզբունքներին։

Գերմանիայում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության շուրջ բանավեճը, իսկ Ֆրանսիայում Մարին Լը Պենի քաղաքական ու դատական խնդիրները բացահայտում են դեմոկրտական ինստիտուտների խորքային ճգնաժամը:

Եվրոպայի լիբերալ վերնախավերը պարտավոր են պատասխանել այն հարցին, թե ինչու են միլիոնավոր քաղաքացիներ երես թեքում իրենցից՝ ժողովրդականություն ձեռք վերող արտահամակարգային ուժերին վտանգավոր համարելու փոխարեն:

Սա է ճգնաժամի հաղթահարման բանալին, իսկ քաղաքական մրցակիցների հնարավոր հաղթանակը կանխելու ձգտումը կարող է խորացնել հենց այն ճգնաժամը, որի դեմ իբրև թե «հերոսաբար» պայքարում են նույն Մերցն ու Մակրոնը:

Ֆրանսիայում, Իտալիայում, Ալբանիայում և եվրոպական այլ երկրներում բողոքի շարժումներն ունեն տարբեր պատճառներ՝ սոցիալական անհավասարություն, տնտեսական անապահովություն, կոռուպցիա, պետական քաղաքականության նկատմամբ անվստահություն, սակայն դրանք հիմքում կարելի է տեսնել մի ընդհանուր խնդիր՝ քաղաքացիների և քաղաքական ինստիտուտների միջև վստահության թուլացումը։ Այլ խոսքով՝ Եվրոպայում հույսի և վստահության ճգնաժամ է:

Եվրոպական քաղաքական վերնախավերի հիմնական, ճակատագրական սխալն այն է, որ նրանք պայքարում են հետևանքի դեմ՝ պատճառները վերացնելու փոխարեն: Արդյունքում՝ մեյնստրիմից, համակարգից դուրս գործող ուժերի վարկանիշը միայն աճում է:

Վերադառնալով Հայաստան՝ պետք է ընդգծել, որ Փաշինյանի հայտարարությունն անհրաժեշտ է գնահատել ոչ թե դրա ժողովրդավարական բառապաշարով, այլև իշխանության իրական գործելակերպով։

Իշխանությունը պետք է երաշխավորի հավասար քաղաքական մրցակցություն, ընդդիմության իրավունքները, իրավապահ մարմինների անաչառությունը և ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը։

Ընդ որում, ՏԻՄ ընտրություններում ճնշումների մասին ահազանգերը պետք է անկախ քննության արժանանան՝ անկախ նրանից, թե ենթադրյալ խախտումն ում քաղաքական շահերին է ծառայել։

Երբ ինստիտուցիոնալ գործիքակազմին փոխարինելու է գալիս Փաշինյանի միջամտությունը, դա ժողովրդավարության իմիտացիա է՝ ավտորիտարիզմ հաստատելու նպատակով:

Ուզո՞ւմ Փաշինյանը դասեր քաղել եվրոպական քաղաքական ճգնաժամից, ուրեմն պետք է գնա ոչ թե քաղաքական մրցակցության սահմանափակման, այլ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ճանապարհով:

Հայաստանի քաղաքական համակարգի գոյությունը չի կարող պայմանավորվել գործող իշխանության անփոխարինելիությամբ:

Ժողովրդավարական արժեքների նկատմամբ ամենավտանգավոր սպառնալիքներից մեկը կարող է առաջանալ հենց այն ժամանակ, երբ այդ արժեքների անունից խոսող քաղաքական վերնախավերը փորձում են մենաշնորհել դրանց մեկնաբանությունն ու պաշտպանությունը:

«Ժողովրդավարության» անունից ժողովրդավարությունը սահմանափակելու գայթակղությունը ժամանակակից քաղաքականության ամենավտանգավոր հակասություններից մեկն է։

Եվրոպական քաղաքական ճգնաժամը ցույց է տալիս, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ հասարակության դժգոհությունը անտեսելը, քաղաքական մրցակցությունը սահմանափակելու փորձերը և սեփական իշխանությունը ժողովրդավարության հետ նույնացնելը։

Փաշինյանն փորձում է Հայաստանում վերարտադրել այդ մտածողության վտանգավոր տարրերը՝ ժողովրդավարության պաշտպանության օրակարգը վերածելով սեփական իշխանության վտանգավոր ինքնապաշտպանության:

Ի վերջո, ժողովրդավարության հակառակորդ կարող է դառնալ ոչ միայն այն ուժը, որը բացահայտ մերժում է այն, այլ առաջին հերթին՝ այն իշխանությունը, որը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ ոչնչացնում է դեմոկրատական և ընտրական ինստիտուտները»:


—

Disclaimer: This article was contributed and translated into English by Tatoyan Vazgen. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/20/%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be%d6%80%d5%a4%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab%d6%81%d5%9d-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a4%d5%a5/

Leave a Reply