Հոկտեմբեր 19, 2026
Կառավարության անցնող նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել էր խաղաղության պայմանագրի մասին, հայտարարելով, որ պետք է նպատակ դնել ու մինչև 2031 թվականը ստորագրել այդ պայմանագիրը։
«Իմ ամենակարևոր անելիքը համարում եմ մինչև 2031 թվականը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը։ Ինքս ինձ համար այդպիսի խնդիր եմ դրել և կոնկրետ ժամանակացույցը՝ մինչև 2031 թվականը հասնել այդ խնդրի լուծմանը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Այս մասին նա Կառավարության նիստից առաջ խոսել էր նաև ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետ կրկին սահմանելով 2031 թվականը։
Կառավարության նիստից հետո էլ լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնելով այս միտքը՝ նա ասել էր.
«Ժամկետի վերաբերյալ նոր ընտրվել եմ վարչապետ, առաջիկա անելիքներս պետք է կոնկրետացնեմ։ Դե որովհետև, եթե այս տրամաբանությամբ նայենք, 2031 թվականին մանդատս ավարտվում է, բա ո՞ր թվի համար ասեմ։ Խորհրդարանի և այս ընտրությունների ժամկետը 5 տարի է, չէ՞, բա ի՞նչ թիվ ասեմ, 2041 թվական ասե՞մ»։
Ի՞նչ նախադրյալներ կան այսօր, որ խաղաղության պայմանագիրը կարող է մինչև 2031 թվականը ստորագրվել, և ի՞նչ երաշխիքներ կան, որ ստորագրումից հետո իսկապես խաղաղություն կլինի։
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը խոսելով այս հարցերի շուրջ, նախ ընդգծեց՝ որևէ երաշխիք չկա։
«Չկա երաշխիք, որ այս պայմանագիրը ստորագրելուց հետո Ադրբեջանը հետևողական է լինելու պայմանագրի կետերի իրագործմանը, քանի դեռ այդ երաշխիքները չկան, Ադրբեջանը պայմանագիրը չի ստորագրում՝ ներկայացնում է նոր պահանջներ։ Ադրբեջանը նոր պահանջներ առաջ քաշելով՝ փորձում է այդ պայմանագիրն իր համար ավելի լավը ու շահավետ դարձնել։
Եթե մինչև այժմ պայմանագիրը չի ստորագրվել և վավերացվել, սա խոսում է այն մասին, որ չկան նման երաշխիքներ, և Ադրբեջանն էլ չի պատրաստվում բավարարվել այդ պայմանագրով և գրված կետերով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Քաղաքագետի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ասած 2031 թվականի կամ ինչ-որ երաշխիքների մասին հայտարարությունները պարզապես դատարկ խոսակցություններ են։ Նա վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանը չէ որոշողը, թե երբ պետք է ստորագրվի այդ պայմանագիրը, կամ թե ինչ պայմաններով պետք է ստորագրվի։ Քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այժմ զբաղված է պարզապես մարդկանց պոպուլիստական թեզերով կերակրելով և պայմանագրի մասին ինչ-որ խոստումներ տալով, թե ամեն ինչ լավ է լինելու։
«Ամեն ինչ լավ լինելու համար այս պահին որևէ հիմք չկա։
Հայաստանի իշխանություններն Ադրբեջանից որևէ պահանջ չունեն և չեն էլ կարող ունենալ, որովհետև կապիտուլյանտների իշխանություն են։ Այս հարաբերություններում Ադրբեջանը պայմաններ թելադրող է, իսկ ՀՀ իշխանությունը՝ կատարող։ Նրանք այդ համարձակությունը չունեն Ադրբեջանից ինչ-որ բան պահանջելու։
Իհարկե, հայկական կողմը պետք է ունենա պահանջներ և բազմաթիվ պահանջներ, սկսած արցախցիների՝ իրենց հայրենիքում հանգիստ ու անվտանգ ապրելու իրավունքից՝ մինչև ադրբեջանական կողմի տարատեսակ ռազմական հանցագործություններ, որոնց համար պետք է հայկական կողմը փոխհատուցումներ պահանջի, նաև մեծացնելու մեր սահմանների անվտանգությունը։ Հայկական կողմն ունի այդ պահանջները, բայց ՀՀ իշխանությունը չունի»,- ընդգծեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Hunanian Jack. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/19/%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6-%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%ac%d5%a1%d5%be-%d5%ac%d5%ab%d5%b6%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80-%d5%a1%d5%b5%d5%bd-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ab%d5%b6-%d5%b8/