Հոկտեմբեր 19, 2026
Դեռևս հոկտեմբերի 1-ին «Արցախ միության» ղեկավար, Արցախի նախկին պետնախարար և ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 1-ին Կառավարությանը փոխանցել էր Բաքվում պահվող հայերին հասցեագրված 1254 նամակ, որոնք գրվել են աշխարհի տարբեր երկրներից։
Նամակները հավաքվել են Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ։ Թեպետ այս օրը Կառավարությունից ասել էին, որ մեկամսյա ժամկետում գրավոր կարձագանքեն, սակայն անցնող Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ Բաքվում պահվող հայերին հասցեագրված նամակները ոչ թե կառավարությանը պետք է փոխանցեն, այլ ուղղակի ուղարկեն փոստային ծառայությունով։
«Չգիտեմ` ինչ որոշում է կայացվել, սակայն, ճիշտն ասած, տարօրինակ է` եթե նամակ կա, ապա ինչո՞ւ փոստով չեն ուղարկում։ Դրա համար կան փոստային ծառայություններ, որ կարող են դա անել… Ինչի՞ համար միջնորդ հանդիսանանք։ Ես, չգիտեմ, մենք քննարկել ու ինչ-որ եզրակացության եկել ենք, թե չէ, սակայն այդտեղ նրբություններ կան. այսինքն, հազար նամակ տալ կառավարությանը, ասել` այս նամակները տարեք, ինչքանո՞վ է դա տրամաբանական։ Ենթադրում եմ, որ այն մարմինը, որին դիմել են, կքննարկի ու կպատասխանի»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Այս ամենին զուգահեռ՝ օրեր առաջ անհետ կորածների և զոհվածների հարազատներն ԱԺ-ում հանդիպել էին «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և խմբակցության այլ պատգամավորների հետ՝ այս զգայուն թեման քննարկելու համար։
Շուշիի պատմության թանգարանի տնօրեն, պատմաբան Աշոտ Հարությունյանը ևս մասնակցել էր այդ հանդիպմանը։ Նա նախաձեռնությունը լավն է համարում, սակայն արդյունավետության տեսակետից վստահ չէ, որ կկարողանան հարց լուծել, քանի որ հարցի լուծման հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է։
Ինչ վերաբերում է Բաքվում ապօրինի պահվող գերիներին հասցեագրված նամակներին, Աշոտ Հարությունյանն ասաց՝ եթե Կառավարությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունենա այդ նամակները փոխանցելու, ապա կփոխանցի։
«Կարծում եմ՝ ցանկության դեպքում կարող են ամեն ինչ անել։ Սակայն ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ նրանք չեն անում, ամբողջ խնդիրը սա է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Հարությունյանը։
Աշոտ Հարությունյանի խոսքով՝ միջազգային ասպարեզում հատկապես վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է գերիների վերադարձի հարցը։ Եթե միջազգային հանրությունը պնդում է, որ Բաքվում ապօրինի պահվող գերիները պետք է վերադառնան հայրենիք, սակայն ՀՀ իշխանությունը դրան չի արձագանքում՝ մարդիկ սկսում են մտածել՝ գուցե գործ ունեն ոչ հայկական իշխանության հետ։
«Կարո՞ղ է մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք մոռացել են, թե Սահմանադրության առջև ինչ երդում են տվել։ Մարդիկ գերեվարվել են, մենք պարտավոր ենք այդ հարցով զբաղվել։ Մեր հայրենակիցներին Բաքվում պահելով՝ Ադրբեջանը թույլ է տալիս միջազգային իրավունքի կոպիտ խախտում»:
Մեր զրուցակիցը հիշեցրեց ադրբեջանական կողմից Արցախում բազմաթիվ առևանգումների դեպքերը, օրինակ՝ 2023 թվականի օգոստոսի 1-ին, երբ առևանգեցին 1962 թվականին ծնված Ռաշիդ Բեգլարյանին, որին օրեր անց ներկայացրեցին որպես «ահաբեկիչ»։
«Այդ մարդուն իրականում ադրբեջանական սպեցնազն առևանգել է, թե չէ այդ մարդը 100 տարի այդ տարածքով քայլել է, տեղանքին ծանոթ է, չէր կարող մոլորվել, մարդուն ուղղակի ստիպել են մոլորվել։ Բայց դուք տեսեք՝ զուգահեռ Հայաստանում ինչպես են խոսում ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինվոր Մուսաևի մասին, ով ակնհայտ հանցագործություն է արել Շաքիում։
Բայց Բեգլարյանին առևանգել ու տարել են, զոռով գլխին ինչ-որ բան են հագցրել, թե բա՝ «ահաբեկիչ» է, բոլորն էլ գիտեն, որ այդ ամենն ադրբեջանական կողմի անիմաստ հաչոցներն էին։ Եթե ադրբեջանական կողմի զինվորականն անցել է մեր դիրքը և հայտնվել գյուղի տարածքում, սա արդեն «չեպե» է։ Սա իհարկե շատ խիստ վերաբերմունքի ու գնահատականի պետք է արժանանա, և այդ զինվորը չպետք է վերադառնա, որովհետև ինքը հանցագործ է»,- ընդգծեց Աշոտ Հարությունյանը։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Chatinian Lara. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/19/%d6%81%d5%a1%d5%b6%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a4%d5%a5%d5%ba%d6%84%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2-%d5%a5%d5%b6-%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6-%d5%ab%d5%b6%d5%b9/