Հավսա՛ր, զգա՛ստ դեպի… բարեփոխո՞ւմ, թե՞ վիզուալ փոփոխություններ․ ո՞ւր ենք տանո

Հոկտեմբեր 17, 2026

2024 թվականի նոյեմբերին հրապարակվել էր բանակի կերպափոխման հայեցակարգը:

Փաստաթղթի հեղինակները բանակի կերպափոխումը հիմնավորել էին այն հանգամանքով, որ ռազմական պլանավորման և պատերազմավարման ներկայումս գործող ձևերի և եղանակների հետագա կիրառման դեպքում ՀՀ զինված ուժերը տեսանելի հեռանկարում չեն կարողանա ապահովել իրենց առջև դրված խնդիրների կատարումը: Ուստի անհրաժեշտ է արմատապես վերանայել զինված ուժերի և դրանց հետագա զարգացման վերաբերյալ մոտեցումները:

Եվ չնայած այս պնդումներին, ինչպես գրել ենք, երբեմնի «Սանձահարում/Զսպում» հայեցակարգից անցանք հակառակորդից պաշտպանվելու հայեցակարգի:

Ավելին, հիմա իշխանության ներկայացուցիչները նույնիսկ իրենց թույլ են տալիս ասելու, թե հայկական բանակը չունի հակառակորդ: Այստեղ բնական հարց է ծագում՝ ումի՞ց ենք պաշտպանվում:

Կարդացեք նաև

  • ԻՍԿ ՎՏԱՆԳԸ ՎԵՐԱՑԵ՞Լ Է… Ալիևին տրված նվերներն անվճար չէին. Թուրքիան և Իսրայելը պահանջում են Արցախում հաղթանակի իրենց փայը. Ռուբեն Մելքոնյան
  • «Իրական Հայաստան»-ով ամրապնդում է պարտությունը. ո՛չ խաղաղություն կունենաս, ո՛չ ապագա․ Վահան Զանոյան
  • «3+3»-ի  փակուղին․ ո՞վ է արգելակում Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցությունը

Վերջերս Նիկոլ Փաշինյանը հիշել էր բանակի կերպափոխման հայեցակարգի մասին, թեև դեռ մոտ մեկ տարի առաջ նկատել ենք, որ նրա վարած քաղաքականությունը հեռացել է նույնիսկ այս փաստաթղթի բովանդակությունից, քանի որ այստեղ խոսվում է պատերազմական ձևերի ու եղանակների (ռազմավարական, մարտավարական, օպերատիվ օղակներում) վերանայման մասին, զորաշարժային մարտական գործողություններ վարելու ունակ կազմավորումների ձևավորման մասին, և այլն:

Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում հստակ նշել էր, որ «Հայաստանի բանակի կերպափոխման գործընթացը որևէ կերպ չի կարող վտանգել խաղաղությունը», այսինքն, ռազմական որևէ սցենար կամ հակասցենար չպետք է դիտարկվի:

«Ի՞նչ, մենք ուզում ենք նորից նույն պատմության մեջ մտնե՞լ։ Ո՛չ, ես համաձայն չեմ դրա հետ։ Խաղաղություն, ինստիտուցիոնալ երկարաժամկետ խաղաղություն, հարևանների միջավայրում ապրելու հմտություն և կարողություն և, իհարկե, նաև պաշտպանունակ բանակ, որի բարեփոխումները մեծ թափով տեղի են ունենում»,- շարունակել է Փաշինյանը:

Ավելին, բանակի կերպափոխման հայեցակարգի ընդունումից շատ չանցած՝ ռազմաքաղաքական խոսույթում արգելվեց «մարտական» բառը և այն փոխարինվեց «պաշտպանունակ»-ով:

Բացի նշված «տակտիկական» փոփոխություններից՝ այս ընթացքում զինված ուժերում փոխվել է ՀՀ զինանշանը, նաև՝ ԶՈւ մարտական դրոշը: Այսօր այն ոչ թե բալերանգ կարմիր է, այլ՝ կապույտ: Թե ինչո՞ւ, ի՞նչ գաղափարական «դետալ» կա այդ փոփոխության հիմքում, մինչև այսօր որևէ պարզաբանում ՀՀ պաշտպանական գերատեսչությունը չի ներկայացրել, թեև պատճառները կռահելի են: Այստեղ կեսկատակ-կեսլուրջ կարելի է մի բան նկատել. մարտական դրոշի գույնը փոխում են, բայց գրեթե նույն գունային լուծմամբ «պարադնի համազգեստ» են հաստատում: Մայիսի 28-ի զորահանդեսին տեսած կլինեք:

ՀՀ զինված ուժերն ունի նոր դաշտային համազգեստ՝ ձմեռային, ամառային, աշնանային, այն դեռ զորային փորձարկումների փուլում է: Դրա գունային լուծումների վերաբերյալ գուցե վերապահումներ լինեն, բայց ասում են՝ հարմարավետ է, թեպետ բոլոր զորատեսակներում դրա փորձարկումը դեռ չի ավարտվել:

Նոր համազգեստը ենթադրում է նաև տարբեր գույների բերետներ, որոնց միջոցով, ըստ էության, կարելի է տարբերակել զորատեսակները կամ ստորաբաժանումները, կամ՝ այն կրողի զինվորական մասնագիտացումը: Այս թեման ևս բավարար չափով չի մանրամասնվել:

Իսկ վերջին օրերին սոցցանցային հարթակում քննարկման առարկա էր դարձել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի համազգեստի թևքի վրայի տարբերանշաններից մեկը, որի վրա գրված է՝ «Ռազմական հետախուզություն»: Այստեղ, թերևս, փորձել են զինվորական մասնագիտացումը նշել:

աշնանային,                    

Բայց զինված ուժերում փորձ է արվել ներմուծել նաև նատօական արարողակարգային կանոններ:

Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անցկացրել է կադրային ընդունելություն, մի խումբ սպաների շնորհել զինվորական հերթական կոչումներ, որի ժամանակ զինծառայողները պատվի են առնում առանց գլխարկի: Սա ևս նորամուծություն է, բայց ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագիրքը չի փոխվել:

Այս բոլորը նատօական բանակներից են ընդօրինակվում, և ՀՀ պաշտպանության նախարարությունը հարկ չի համարել ներկայացնել դրանք, հիմնավորել, թեև այս օրերին մեր կողմից առաջարկվել է դա անել:

Ի վերջո, գործ ունենք պետական ինստիտուտի հետ, և քննարկվող, և առավելևս՝ հաստատված փոփոխությունները պիտի ներկայացվեն առնվազն փորձագիտական կամ լրագրողական հանրությանը:

Ի դեպ, որքանով հնարավոր է եղել նկատել, փոխվել է նաև ազատ հրամանի դեպքում կանգնելու ձևը, և գուցե դեռ այլ փոփոխություններ կան, որոնք դեռ չերևացող են:

Որքանո՞վ են լավ կամ վատ այդ նորամուծությունները հայկական զինված ուժերում, որոշ դրվագների դեպքում կարող ենք տեսակետ հայտնել, բայց դա կանենք կոնկրետ պարզաբանումներից հետո, թեև արդեն իսկ վերապահումներ կան առանց գլխարկի պատվի առնելու հետ կապված, ինչպես նաև՝ մարտական դրոշի գույնի փոփոխության, նոր զինանշանին քարտեզ ավելացնելու վերաբերյալ. քարտեզը խորհրդանիշ չէ:

Այն, որ զինվորի համազգեստը պետք է հարմարավետ լինի, քննարկման ենթակա չէ: Այն, որ զորատեսակների և ստորաբաժանումների դեպքում կարող են լինել տարբերակման լուծումներ, նույնիսկ՝ համաձայն ենք:

Խնդիրն այն է, որ բանակը փորձում են «պոկել» ռուսական կամ խորհրդային բանակի մոդելից, բայց հիմա էլ ընկնում ենք այլ ծայրահեղության մեջ՝ ամեն ինչ ընդօրինակելով ՆԱՏՕ-ական երկրներից: Ընդ որում՝ հաճախ այս ամենն արվում է՝ ելնելով զուտ այս կամ այն պաշտոնյայի անձնական նախասիրություններից, թերևս: Բայց կարևորը՝ խոսում ենք ազգային բանակ ունենալու մասին:

Այս համատեքստում հարկ է հավելել, որ 2020 թվականի սկզբներին թուրքական բանակում որոշեցին վիզուալ փոփոխությունների գնալ և ցամաքային զորքերի զինծառայողները շքերթային համազգեստի կազմում սկսեցին կեպիների փոխարեն բերետներ կրել։ Այդ ժամանակ Թուրքիայի այսօրվա պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ԳՇ պետ էր, և նա նույնպես մի միջոցառման ժամանակ բերետ էր կրում:

Ավելին, այդ ժամանակ թուրքական լրատվամիջոցները պարզել էին, որ դեղնականաչավուն գույնի բերետները կրելու են ցամաքային զորքերի զինծառայողները, սևերը՝ տանկիստները, կապույտները՝ կոմանդոսները, և մուգ կարմիր գույնի բերետները՝ Հատուկ գործողությունների հրամանատարության զինծառայողները։

Բանակը կենդանի օրգանիզմ է, որը պետք է մշտապես զարգանա՝ ընդ որում, համահունչ ժամանակակից աշխարհի պայմաններին և պատերազմի օրենքներին: Զինվորը պետք է ունենա հարմարավետ համազգեստ, բայց վիզուալ և արարողակարգային նորամուծությունները պետք է լինեն տրամաբանական և հիմնավորված, ոչ թե պայմանավորված առանձին պաշտոնյաների նախասիրություններով, կամ՝ իշխանությունների քաղաքական դավանանքով:

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ Հայաստանից դիմորդ չի եղել Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում սովորելու համար: Հարց է՝ ցանկացող չի՞ եղել, թե՞ ռուսական ուղղվածությամբ նախկին համագործակցությունը չկա նաև այս առումով: Այս հարցը ևս պարզաբանման կարիք ունի:

Այսպիսով, բանակի կերպափոխումը չի կարող սահմանափակվել համազգեստի, տարբերանշանների կամ արարողակարգային կանոնների փոփոխությամբ։ Եթե խոսքը զինված ուժերի արմատական վերափոխման մասին է, ապա հասարակությունը պետք է հասկանա՝ ինչ ռազմավարական նպատակների են ծառայում այդ փոփոխությունները, ինչ սկզբունքների վրա է կառուցվում նոր բանակի մոդելը, և ինչպես են դրանք նպաստելու Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանը, հատկապես, երբ Ադրբեջանի հետ խաղաղությունը թեև հաստատված է համարվում, բայց նաև՝ փխրուն: Եվ հետո՝ պաշտպանությունը նաև հարձակողական և հակահարձակողական տարրեր է պարունակում:

Իսկ ազգային և պրոֆեսիոնալ բանակ ունենալը միայն այդ մասին հայտարարություններ անելը չէ․ դա նաև սեփական ռազմական մոդելի, հստակ սկզբունքների և հիմնավորված որոշումների առկայությունն է։ Հակառակ դեպքում բանակի կերպափոխումը կարող է ընկալվել ոչ թե որպես համակարգային բարեփոխում, այլ որպես մի մոդելից հրաժարվելու և մեկ այլ մոդելն առանց բավարար հիմնավորումների ընդօրինակելու փորձ:

Հ.Գ. Հարկ է հավելել, որ նախկին իշխանությունների օրոք նատօական տարբեր բանաձևեր են ներդրվել ՀՀ զինված ուժերում՝ սերժանտական համակարգի ներդրումից մինչև «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» սկզբունք:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Bedik Zaminian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/17/%d5%b0%d5%a1%d5%be%d5%bd%d5%a1%d5%9b%d6%80-%d5%a6%d5%a3%d5%a1%d5%9b%d5%bd%d5%bf-%d5%a4%d5%a5%d5%ba%d5%ab-%d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d6%83%d5%b8%d5%ad%d5%b8%d5%9e%d6%82%d5%b4-%d5%a9%d5%a5/

Leave a Reply