Ալիևը 44-օրյա պատերազմի պատասխանատվությունը դնում է Փաշինյանի վրա․ Ալեն Սիմոն

Հոկտեմբեր 16, 2026

Բաքվում կայացած Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) 7-րդ գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում 2020 թվականի պատերազմի պատասխանատվությունը բարդել է Նիկոլ Փաշինյանի վրա:

«Պատերազմը մեր ընտրությունը չէր, Հայաստանը մեզ ստիպեց պատերազմի մեջ մտնել»,- շեշտել է նա՝ այդպիսով փորձելով արդարացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սկսած պատերազմը և դրա պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։ Մինչդեռ Ալիևի՝ պատերազմից հետո արած հայտարարությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմը ռազմական գործողությունների պլաններ էր մշակել դեռ շատ ավելի վաղ։

Դեռ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Ալիևը մի քանի գաղտնազերծում էր արել և հայտնել, որ «սառեցված հակամարտության» պայմաններում Ադրբեջանը, նախքան 2020 թվականի պատերազմը, տարբեր իրավիճակների համար սցենար և գործողությունների պլան է մշակած ունեցել, և որ, իր տեղեկացմամբ, այդ տարիներին հայկական կողմը ևս գործողությունների պլան է ունեցել՝ հնարավոր պատերազմը հաշվի առնելով:

«2020 թվականի պատերազմի ընթացքում մեր գործողությունների հիմքը մշակվել է պատերազմից շատ ավելի վաղ: Սակայն պատերազմի ընթացքում ռազմական օպերացիաներում մենք փոփոխություններ ենք մտցրել, այդ թվում՝ հաշվի առնելով, որ հակառակորդը կարող է տեղեկություն ունենալ մեր մտադրությունների մասին»,- 44-օրյա պատերազմից հետո «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում, մասնավորապես, ասել էր Ալիևը:

Կարդացեք նաև

  • Երևանում կկայանա անհայտ կորածների հարցերով համաժողով․ պայմանագրի մանրամասները
  • Սիրանուշ Սահակյանը՝ Փաշինյանի՝ «Հայփոստով» գերիներին նամակ ուղարկելու հայտարարության մասին
  • Անկարայի և Բաքվի շահերը բախվո՞ւմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում․ ինչո՞ւ է Թուրքիան վերանայում իր հաշվարկները

168.am-ը գրել է, թե կոնկրետ ո՞ր ուղղությամբ օպերացիաների պլաններն է փոխել Ադրբեջանի ղեկավարը: Եվ հենց այստեղ է, որ անհրաժեշտ է դառնում նաև 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացումը, ինչը հնարավորություն կտա առավել ամբողջական պատկերացում կազմել ոչ միայն հայկական կողմի որոշումների, այլև Ադրբեջանի գործողությունների և դրանց հաջորդականության մասին։

Իսկ Ալիևը փորձել է հիմնավորել, թե ինչով է Հայաստանը և Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իրեն ներքաշել պատերազմի մեջ: Նա նախ հերթական անգամ հիշեցրել է Ստեփանակերտում 2019 թվականի օգոստոսին արած Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», և 2019 թվականի մարտին այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի «սպառնալիքը»՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»:

Այնուհետև ադրբեջանական պետության ղեկավարն Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) 7-րդ գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում 2020 թվականի պատերազմը Հայաստանի գործողություններով պայմանավորելու համար այլ դրվագներ է հիշել:

«2020 թվականին Հայաստանը երկու ռազմական «սադրանք» է իրականացրել՝ հուլիսին և օգոստոսին, ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են զոհվել: Եվ հենց այդտեղ ադրբեջանցի ժողովրդի համբերությունը հատեց և եկավ հատուցման ժամանակը»:

2020 թվականի հուլիսյան մարտերի ընթացքում ադրբեջանական կողմը կորցրել է 12 զինծառայողի, այդ թվում՝ բարձրաստիճան սպաների։ Սա շուրջ երեք անգամ գերազանցում էր հայկական կողմի ռազմական կորուստները։

Մենք գրել ենք, որ Ադրբեջանը հուլիսյան մարտերի ժամանակ, մասնավորապես, կորցրել էր իր երրորդ բանակային կորպուսի շտաբի պետին՝ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովին, ինչպես նաև՝ 3-րդ բանակային կորպուսի հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզաևին և այլ սպաների:

Ավելին, հայտնել ենք, որ հուլիսյան մարտերից հետո ադրբեջանցի գեներալ Փոլադ Հաշիմովի մայրը հայտարարել էր, որ որդու մահվան պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ Քերիմ Վելիևը, որն այդ ժամանակ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն էր, այսինքն, տարբեր շարժառիթներից ելնելով՝ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը Փոլադ Հաշիմովին ուղարկել է մարտական գործողությունների վայր՝ գուցե հաշվարկով, որ նա այնտեղից չի վերադառնա:

Եվ, թերևս, դրա համար է Ալիևի ընտանիքը հատուկ ուշադրության և հոգածության կենտրոնում պահում Հաշիմովի մորը, և իրենց գեներալի համար Բաքուն նույնիսկ պատասխանատվություն էր պահանջում Բաքվի «դատավարության» ժամանակ:

Իսկ դրանից առաջ, ինչպես հայտնել ենք, հուլիսյան մարտերի օրերին այդ ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը սպառնացել էր պատժել Հայաստանին ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականների ոչնչացման համար:

Իսկ Ալիևը «օգտագործեց» Հաշիմովի կերպարը՝ ադրբեջանցի երիտասարդության և հասարակության մեջ ակտիվացնելու հայերի հանդեպ վրեժը, ինչը, կարելի է ասել, որ ստացվել է, հատկապես, երբ Բաքուն «մաքուր» հերոսների անհրաժեշտություն ժամանակ առ ժամանակ ունեցել է:

Ի դեպ, վերջերս ներկայացրել ենք անվտանգության և ռազմավարության հարցերով թուրք մասնագետ Աբդուլլահ Աղարի «գաղտնազերծումը», թե ինչու էր Բաքուն վախեցել հուլիսյան մարտերից և ինչ ռազմավարական նշանակություն ունի Տավուշը:

Ինչ վերաբերում է Ալիևի ասած՝ 2020 թ. «օգոստոսյան սադրանքին», ապա նա, թերևս, նկատի ունի հայ սպա Գուրգեն Ալավերդյանի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքը, ում Բաքուն ներկայացրել էր՝ որպես դիվերսիոն խմբի ղեկավար, և 5 հոդվածներով քրեական գործ հարուցել: Ավելին, Ադրբեջանը կոպտորեն խախտել էր ժնևյան կոնվենցիաները, որոնք երաշխավորում են ռազմագերիների պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, ինչն ապացուցում է այդ օրերին Բաքվի հրապարակած տեսանյութը: Ալավերդյանն, արդեն մի քանի տարի է, վերադարձվել է հայրենիք:

Այստեղ հիշեցնենք մեկ այլ դրվագ. 2019թ. հունիսին vzglyad.az-ը մի հոդված էր հրապարակել ՝ «Տոնոյանը պետք է պատասխան տա Էլշան Խալիլովի սպանության համար»: Խոսքն ադրբեջանցի զինծառայողի մասին էր, որի չեզոքացմանը նախորդել էր հայ զինվորի սպանությունը՝ Սիփան Մելքոնյանի: Եվ հայկական կողմը պատժիչ գործողություններ էր ձեռնարկել: Ավելին, Դավիթ Տոնոյանը պարգևատրել էր գործողության մասնակիցներին: Ո՞վ գիտի՝ միգուցե Բաքուն մի օր նաև իրենց իսկ մեկնաբանմամբ այս դեպքը հիշի, այնպես, ինչպես դեռ նախկին իշխանությունների օրոք Տավուշի հատվածում և արցախյան թևում դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ կատարած ադրբեջանցի զինծառայողների ոչնչացման դեպքերն է ժամանակ առ ժամանակ հիշում:

Իսկ մինչ այդ արդեն երկրորդ անգամ Ալիևը Նիկոլ Փաշինյանին դնում է ՀՀ նախկին նախագահների հետ նույն հարթության մեջ, ևս որոշ դեպքերում համարում «ռազմական հանցագործ», ընդ որում՝ շատ ժամանակ չանցած:

«Հայաստանի նախկին ղեկավարությունը՝ բոլոր երեք նախկին նախագահներն ու նրանց կողմնակիցները՝ այդ «ռազմական հանցագործներն ու մանկասպանները» (չակերտները.- Մ.Պ.), մինչ օրս չեն կրել իրենց արժանի պատիժը։ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը 2018 թվականից շարունակել է իր նախորդների հանցավոր քաղաքականությունը»,- Բաքվում կայացած Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) 7-րդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ալիևը, Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ դատավարությունը և դատավճիռը համարելով «նյուրնբերգյան արդարադատություն»:

Այսինքն, Ալիևը, ում «ձեռքերին» հայ երեխաների արյուն կա, ՀՀ նախկին նախագահներին, և, ըստ էության, Նիկոլ Փաշինյանին համարել է երեխասպան:

Նշենք, որ «Գյանջայի դեպքերն» առնչվում են 44-օրյա պատերազմի հետ, որի հետ կապված Ալիևն ավելի վաղ պնդել է, որ դրա ժամանակ «ադրբեջանցի երեխաներ են սպանվել»:

Բայց Նիկոլ Փաշինյանը և նրա թիմն Ալիևի այս մեղադրանքին դարձյալ չի պատասխանել, համենայնդեպս, հրապարակային:

Փոխարենը՝ ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը Բաքվում պահվող հայերի, Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության վերադարձի մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ նշել է, թե պետք է հասկանանք՝ «էդ մարդկանց ադրբեջանական կողմը քրեական հանցագործությունների մեջ է մեղադրել, և ինքն իր հասարակությանը բացատրելու խնդիր ունի»:

Իսկ Ալիևի մեղադրանքները Փաշինյանին վերը նշվածով չեն ավարտվել, նա հայտարարել է, թե իբր 44-օրյա պատերազմից հետո «Հայաստանն օգտագործել է հրադադարի ռեժիմը՝ իր ռազմական ուժը վերականգնելու և Արևմուտքի իր նոր հովանավորների օգնությամբ կրկին Ադրբեջանի վրա հարձակվելու համար»:

Ալիևի այս պնդումը, բնականաբար, վիճարկելի է։ Հայաստանի՝ Ֆրանսիայից և եվրոպական այլ երկրներից սպառազինություն ձեռք բերելու որոշումները պետք է դիտարկել ըստ դրանց ընդունման ժամանակագրության։ Մասնավորապես, Ֆրանսիան Հայաստանին որոշել է սպառազինություն մատակարարել 2023 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո։

Բացի այս, Փաշինյանը հստակ հայտարարել էր, որ ՊԲ-ն չի ստանալու ՀՀ զինված ուժերի աջակցությունը»՝ ցանկալի է կցել այդ հայտարարության սկզբնաղբյուրը։ Դեռ մի կողմ ենք դնում այն, որ Ադրբեջանն արդեն ՀՀ ինքնիշխան տարածքներից էր հասցրել օկուպացնել, և Հայաստանը ռազմական բավարար միջոցներ չէր ձեռնարկել դա կանխելու համար, նաև՝ հետո ադրբեջանական զորքին հեռացնելու:

Վերջերս Ալիևը խոստովանել է հայ-ադրբեջանական սահմանին ռազմական բախումների հեռահար նպատակը:

Նույն Ալիևն այսօր համարում է, որ Հայաստանի հետ հաստատված խաղաղությունը դեռ փխրուն է: ՀՀ ղեկավարության հայտարարություններից էլ պարզ է դառնում, որ սահմանների ճշգրտման հարցում լուրջ խնդիրներ կան՝ տեխնիկականից մինչև իրավաքաղաքական:

Այս պայմաններում զարգացումների հնարավոր տարբերակները կարող են տարբեր լինել՝ սահմանազատման գործընթացում Հայաստանի համար տարածքային կորուստներից մինչև Ադրբեջանի համար շահավետ պայմանավորվածություններ։

Չի կարելի բացառել նաև լոկալ ռազմական բախման սցենարը, որի դեպքում Բաքուն կարող է փորձել դրա պատասխանատվությունը բարդել Երևանի վրա։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Chakrian Hovsep. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/17/%d5%a1%d5%ac%d5%ab%d6%87%d5%a8-44-%d6%85%d6%80%d5%b5%d5%a1-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a5%d6%80%d5%a1%d5%a6%d5%b4%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ad%d5%a1%d5%b6%d5%a1%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%a9/

Leave a Reply