Իր երեխաներին փրկած Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմել Շաքիի միջադեպից

Լուսանկարը` tert.am

Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով ծանր վիրավորված 39-ամյա Անի Ավետիսյանը Երևանի հիվանդանոցից պատմել է հոկտեմբերի 1-ին իր տանը տեղի ունեցած արյունալի միջադեպի մանրամասները:


Կնոջ խոսքով՝ տուն հասնելով նա հայտնաբերել է, որ անծանոթ տղամարդը զենքն ուղղել է իր երեխաների վրա: Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն արձակել է երեք կրակոց: Առաջինը վրիպել է, իսկ երբ զինվորը փորձել է թիրախավորել որդուն, մայրն իր ձեռքով բռնել է ինքնաձիգի փողը: Այդ արարքի հետևանքով նա կորցրել է ձախ ձեռքի բութ մատը, լրջորեն վնասվել են նաև մյուս մատները, իսկ երրորդ կրակոցը դիպել է նրա ոտքին:


Չնայած ծանր վերքերին՝ Անին դանակով հարվածներ է հասցրել հարձակվողին՝ կանխելով իր և երեխաների հնարավոր սպանությունը։ Նա նշել է, որ պայքարի ընթացքում զինվորը ձայն չի հանել, և ինքը նույնիսկ չի գիտակցել, որ նա ադրբեջանցի է։


Տուժածը, ում ևս երեք վիրահատություն է սպասվում, դժգոհել է իրավապահ մարմինների աշխատանքից, քանի որ տեղի բնակչությունը տեղյակ չի եղել սահմանը հատած դիվերսանտի մասին։ «Եթե զգուշացրած լինեին, երեխաներին դպրոց չէի ուղարկի, Շաքիում չէինք մնա»,- ընդգծել է նա:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին ադրբեջանական զորամասից ինքնակամ հեռացած և Հայաստանի տարածք ներթափանցած Մուսաևը միջադեպից հետո ձերբակալվել է և այժմ գտնվում է երկամսյա կալանքի տակ:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Frangulian Shushan. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/13/%d5%ab%d6%80-%d5%a5%d6%80%d5%a5%d5%ad%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6-%d6%83%d6%80%d5%af%d5%a1%d5%ae-%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%be%d5%a5%d5%bf%d5%ab%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b4%d5%a1/

Leave a Reply