Մեկ ազգ, երկու պետությո՞ւն․ Թուրքիայի և Ադրբեջանի տարաձայնությունները նոր մակ

Հոկտեմբեր 9, 2026

Սեպտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսի (խորհրդարանի) պրոֆիլային հանձնաժողովը բացահայտել է սոցցանցերում մանրակրկիտ ծրագրված հարձակում, որի նպատակը պետական ինստիտուտների նկատմամբ վստահության խաթարումն ու Բաքվի ու Անկարայի միության պառակտումն էր։

Այս սյուժեն լույս է սփռում «մեկ ազգի» ոչ անամպ հարաբերությունների վրա (Հեյդար Ալիևի փոխաբերական արտահայտությամբ) և ուրվագծում հերթական պառակտումների նոր հորիզոններ (հեռանկարներ)։

Եվ այսպես, օրենսդիր իշխանության մի ամբողջ ճյուղ, որն ապրիորի կախված է գործադիր իշխանությունից, հայտարարում է համակարգված տեղեկատվական արշավի մասին, որը ծավալվում է Թուրքիայի տարածքից և այդ երկրի սոցցանցերի օգտագործմամբ։ Համենայնդեպս, Միլի մեջլիսի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների հակազդման ժամանակավոր հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում օգտագործվում են վերը նշված ձևակերպումները:

Հանձնաժողովը պնդում է, որ արշավը կազմակերպվել է «որոշակի կենտրոնների» կողմից և հետապնդում է երեք նպատակ՝ վնասել ադրբեջանա-թուրքական հարաբերություններին, խաթարել քաղաքացիների վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ և խորացնել պառակտումը հասարակության մեջ։ Բաքվի վարկածի համաձայն՝ հարձակումն իրականացվում է իրական և կեղծ հաշիվների միջոցով՝ թիրախավորված գովազդի կիրառմամբ։

Կարդացեք նաև

  • Բրիտանական ընկերությունները ցանկանում են ներդրումներ անել Ղարաբաղում
  • Փաշինյանն ինչո՞ւ է ուզում Երկաթուղին տալ Ղազախստանին․ ինչո՞ւ է Ալիևը շտապում. Վահե Դավթյան
  • Շնորհավորում եմ․ մեր ինքնիշխանությունը հասել է այն վիճակի, որ ադրբեջանցի զինվորն այլևս Փաշինյանի թիմի համար դասալիք է․ իրավապաշտպան

Իմիջիայլոց, նկատենք, որ հարևան ու բարեկամ (գոնե՝ խոսքով և հռչակագրերով) պետության համար, ցանկության դեպքում, բավական դժվար կլիներ «խաթարել» այնպիսի դժվար չափելի բան, ինչպիսին ադրբեջանցիների վստահությունն է սեփական պետական ինստիտուտների նկատմամբ։ Դա մոտավորապես նույնքան դժվար է, որքան մութ սենյակում սև կատու փնտրելը։ Բայց, այնուամենայնիվ, բոլորը խաղում են իրենց դերերը։

«Ցավով պետք է արձանագրենք, որ ադրբեջանական և թուրքական հասարակություններում, որոնք մշտապես հավատարիմ են «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին, այս նենգ արշավին աջակցում են նաև բարի մղումներով գործող մի շարք մարդիկ։ Ընդ որում, չնայած այն հանգամանքին, որ նման գործողություններն իրավական պատասխանատվություն են ենթադրում Թուրքիայի Հանրապետության օրենսդրության համաձայն, արշավը դեռ շարունակվում է»,- նշվում է համապատասխան հայտարարության մեջ։

Արշավի մասնակիցների մասին տեղեկությունները կփոխանցվեն Ադրբեջանի պրոֆիլային պետական մարմիններին։ Հանձնաժողովը երկու երկրների քաղաքացիներին կոչ է արել «ուշադիր լինել, չհավատալ կեղծ տեղեկատվությանը նման զգայուն ժամանակահատվածում»։

Հատկանշական է, որ խորհրդարանական հանձնաժողովի հայտարարությունն ադրբեջանական կողմի առաջին անդրադարձը չէ տեղեկատվական սպառնալիքների թեմային։

Նախագահ Իլհամ Ալիևը, սեպտեմբերի 17-ին ընդունելով Թյուրքական պետությունների կազմակերպության երկրների անվտանգության ծառայությունների ղեկավարներին, մատնանշել է արտասահմանյան մեդիակառույցների աճող ակտիվությունը, որոնք գտնվում են թյուրքական երկրների սահմաններից դուրս, բայց ֆինանսավորում են ստանում «հայտնի կենտրոններից»՝ օտար պատմություններ և արժեքներ սերմանելու համար։ Նա ԹՊԿ անդամ երկրներին կոչ է արել միասնաբար հակազդել նման գաղափարական դիվերսիաներին։

Աներկբա ակնարկն ակնհայտ է։ Դատելով ամենից՝ խոսքը Բաքվի կողմից Անկարայի հասցեին արված մի տեսակ զգուշացման մասին էր՝ մոտավորապես հետևյալ բովանդակությամբ. «Քիթդ ու ձեռքերդ մի խոթիր մեր գործերի մեջ»։ Պետք է ասել, որ նման մեսիջները վերջին շրջանում առատորեն հասցեագրվում են Ադրբեջանի թե մերձավոր, և թե հեռավոր որոշ հարևաններին։

Այստեղ հետաքրքիր է, թե ինչո՞վ կարող էր Ադրբեջանը սպառնալ հենց Թուրքիային տվյալ դեպքում։

Գուցե Անկարայի աշխարհաքաղաքական նախագծերին չմասնակցելով և «Միջին միջանցքից» դուրս գալո՞վ, թե՞ էներգետիկ ոլորտում ներդրումները դադարեցնելով։ Բայց նման հեռանկարը չափազանց ցավոտ կլիներ նաև հենց Ադրբեջանի համար, որն էլ կարող է շահել բացառապես իր ռեսուրսային ներուժի և աշխարհագրորեն շահավետ տարանցիկ դիրքի հաշվին։

Այնուամենայնիվ, հարկ կլիներ նախ պարզել, թե ինչ է իրականում տեղի ունենում՝ զերծ մնալով վերջնական եզրակացություններից: Եթե սա ընդամենը մի «վեճ» է, որտեղ «սիրահարները կռվում, հետո հաշտվում են», ապա պատկերը մեկն է։

Նման բան նախկինում էլ է եղել։ Օրինակ՝ 2015 թվականին թուրքական Turksat արբանյակային օպերատորն ակնհայտորեն դժգոհություն էր հայտնել Բաքվի դեմ, որը մերժել էր ադրբեջանական Azerspace արբանյակի համատեղ շահագործման առաջարկը։ «Թուրքիան միշտ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, բայց նույնը չի ստանում եղբայրական երկրից»,- այդ ժամանակ դժգոհությամբ հայտարարեցին Անկարայում։

Հինգ տարի անց թուրքերն անգնահատելի ռազմական և կազմակերպչական օգնություն ցուցաբերեցին Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի շուրջ 44-օրյա պատերազմի ընթացքում՝ այդ թվում՝ թուրք դիվանագետների՝ միջազգային բոլոր հարթակներում Բաքվի դիրքորոշման լիովին պաշտպանությամբ։

«Ադրբեջանի մոտ արդեն պատերազմի թեժ պահին սկսել էին սպառվել սպառազինության և զինամթերքի պաշարները։ Թուրքիան բեռնատար ինքնաթիռներով զինամթերք էր տեղափոխում՝ ինչպես իր պահեստներից, այնպես էլ՝ դաշնակից որոշ երկրներից, և փոխանցում դրանք։ Մենք զոհաբերում էինք ամեն ինչ, մենք մեր սեփական ԱԹՍ-ներից էլեկտրոնիկան հանում էինք և տալիս Ադրբեջանին, որովհետև նրանք արդեն չէին կարողանում կռվել»,- հենց այդպես են նկարագրում այդ իրադարձությունները թուրք զինվորականները։

«Ինչպես մենք մտանք Ղարաբաղ, ինչպես մենք մտանք Լիբիա, այդպես կվարվենք նաև նրանց (Իսրայելի) հետ։ Չկա մի բան, որ մենք չենք կարող անել»,- Ռեջեփ Էրդողանի այս աղմկահարույց հայտարարությունը՝ իր հարազատ սևծովյան Ռիզե նահանգում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության տարածքային կառույցի նիստում, նույնպես ոչ միանշանակ արձագանք է առաջացրել Բաքվում։

Ճակատագրի հեգնանքն այն է, որ հենց Ղարաբաղն է վերածվել չարաբաստիկ «կռվախնձորի»՝ երկկողմ հարաբերություններում խնդիրներ ծնող ձգանի։ Փորձագիտական և մեդիա հանրության մի ներկայացուցիչ նշել է. «Այդպես հաճախ է լինում գործընկերների, նույնիսկ հարազատների միջև։ Նրանք միասին գործ են արել, բայց հետո շահառուն սկսում է ծանրաբեռնվել իրեն օգնողի հետ շփումներից։ Յուրաքանչյուր բառի մեջ նախատինք է երևում, յուրաքանչյուր գործողության մեջ՝ անշնորհակալության ակնարկ»։

Սկզբունքորեն, իրադարձությունների դիտարկվող զարգացումը ծրագրավորված էր հենց պատմության ընթացքով և միանգամայն բնական էր։ Աջակցելով Ադրբեջանին՝ Թուրքիան Բաքվին դուրս բերեց միջազգային այնպիսի մակարդակ, որը գրավելով՝ ադրբեջանցիները սկսեցին «շարժել» արդեն թուրքական շահերը։

Հարավային Կովկասը, հեքիաթային Բոլիվարի նման, «երկուսին չի տանի»։ Եղբայրության մասին ինչպիսի կախարդանքներ էլ հնչեն հանրության առջև, կոնֆլիկտային ներուժը կանխորոշված է և Թուրքիայի, և Ադրբեջանի տարածաշրջանային հավակնություններով։ Ըստ երևույթին, Թուրքիայում Ռուսաստանի չարակամները «շուտ էին շտապում», երբ անկեղծորեն ուրախանում էին 2025 թվականի ամռանը Մոսկվայի և Բաքվի միջև տեղի ունեցած վիճաբանությամբ։

Փորձագետները պատահական չէ, որ ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ճգնաժամը վերջին երեք տարիներին գրեթե կասկադային փլուզման բնույթ է ստացել՝ համենայն դեպս, մեդիա ոլորտում:

Դա նկատելի է նաև Բաքվի հեռուստատեսության եթերում պարբերաբար տեղի ունեցող փոխհրաձգությունների ժամանակ՝ թուրքական կողմի հասցեին հնչող անաղմուկ կշտամբանքներով։ Ակնհայտ են նաև պատասխան կշտամբանքները Բաքվի հասցեին՝ Իսրայելի հետ նրա սերտ կապերի և ՄԱԿ-ում Նեթանյահուի ռեժիմի բոյկոտը սատարելուց Ադրբեջանի հրաժարվելու համար։

Այն ժամանակ, երբ առանձին փորձագետներ շարունակում են շեփորել «անխախտ եղբայրության» մասին, մեդիատարածությունում փոխհրաձգություններն ու բանավեճերը խամրում են թուրքական «կենտրոններից» Կասպից ծովի ափեր եկող համակարգված տեղեկատվական հարձակման մասին ադրբեջանցի օրենսդիրների վերոհիշյալ հայտարարության համապատկերին։

Դա հակամարտությունը տեղափոխեց որակապես նոր մակարդակ՝ երկու հանրապետությունների ուժային կառույցների ներգրավմամբ, որոնք կոչված են հետևել տեղեկատվական ոլորտին և անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել։

Խոսքը հարաբերությունների՝ «մասնագիտական տոտալ անվստահության մակարդակ» սուզվելու մասին է, ինչպես շատ ճշգրիտ նշել է ինտերնետ-հանրություններից մեկի հեղինակը։ Կարևոր է միայն մեկ բան՝ անվստահությունը «սերմանվում է» քամու նման, որը, հայտնի է, կարող է իսկական փոթորիկ առաջացնել։

Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում հոկտեմբերի 29-30-ին կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության մասնակից պետությունների ղեկավարների հերթական հանդիպման նախաշեմին։ Այսպիսով, շահագրգիռ կողմերի մոտ պանթուրքիստական հռետորաբանության որոշակի մեղմացման թեկուզ փոքր, բայց հնարավորություն ստեղծվեց՝ հարցի նկատմամբ գրագետ և հավասարակշռված մոտեցման պայմանով։

ՅՈՒՐԻ ՄԱՎԱՇԵՎ

fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Anna Tamamian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/10/%d5%b4%d5%a5%d5%af-%d5%a1%d5%a6%d5%a3-%d5%a5%d6%80%d5%af%d5%b8%d6%82-%d5%ba%d5%a5%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d5%9e%d6%82%d5%b6%e2%80%a4-%d5%a9%d5%b8%d6%82%d6%80%d6%84%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab/

Leave a Reply