ՀԱՊԿ-ից բողոքում են, բայց Տոկաևից բարձրագույն պարգև ստանում. դա՞ ոնց հասկանան

Հոկտեմբեր 7, 2026

2021թ. մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների՝ Սև լճի տարածք ներխուժումից հետո Հայաստանի կողմից Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին ուղղված դիմումների իրավական հիմքերն ու քաղաքական հետևանքները շարունակում են մնալ հանրային և քաղաքական քննարկումների կենտրոնում․ Factor TV-ի եթերում լրագրողը ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին ուղղեց հետևյալ հարցադրումը. «2021 թվականի մայիսի 12-ին, երբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժեցին Սև լիճ, Դուք հետո Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեցիք, որ Հայաստանը դիմել է և՛ Ռուսաստանին, և՛ ՀԱՊԿ-ին, այդ դիմումը կա՞ գրավոր, փաստաթուղթն ինչ-որ տեղ հրապարակվա՞ծ է»։

Ի պատասխան՝ նախկին ԱԽՔ-ը վստահեցրեց. «Հրապարակված՝ ոչ, բայց այդ դիմումը կա»։

Լրագրողի ճշգրտմանը՝ «այսինքն, եթե մենք պաշտոնապես դիմենք, կարող ենք ստանալ նաև այդ փաստաթուղթը», Արմեն Գրիգորյանն ինչ-որ անորոշ արձագանք տվեց․ «Դրան կդժվարանամ պատասխան տալ, բայց հարցին՝ գոյություն ունի՞, թե՞ ոչ՝ այո՛, գոյություն ունի․ դիմել ենք և՛ ՀԱՊԿ-ին, և՛ Ռուսաստանին, որովհետև, եթե հիշում եք, այդպիսի կեղծ մեղադրանք էլ կար Հայաստանին, որ իբրև 2020 թ․-ին ճիշտ հոդվածով չենք դիմել․ իբրև թե ուզում էին մեզ օգնեին, բայց մենք ճիշտ հոդվածներով չէինք դիմել… Բայց թղթաբանության մասով ամեն ինչ տեղին էր․ միակ հարցը, որ կարող էր առաջանալ, քաղաքական կամքի մասին է՝ Հայաստանին օգնելու կամ չօգնելու»։

Հարցին էլ, թե ինչո՞ւ ՌԴ-ն չկատարեց իր պարտավորությունները, նա նշեց, թե «ամենայն հավանականությամբ, Հայաստանին օգնելու ցանկություն չի եղել»։

Կարդացեք նաև

  • Ադրբեջանից նավթամթերք առնելը չի երաշխավորում, որ Հայաստանում բենզինի գները չեն թանկանա․ մենք կախված ենք 2 գործոնից․ Հայկ Ֆարմանյան
  • Արցախի վրա հարձակվել են, ռազմական դրություն ես հայտարարել, բա երբ Հայաստանի տարածքների վրա էին հարձակվել, ինչո՞ւ ռազմական դրություն չհայտարարեցիր, Նիկոլ Փաշինյա՛ն. Էդգար Ղազարյան
  • Ովքեր փորձում են Փաշինյանի հետ պայմանավորվել, լավ իմանան՝ նա մեր երկրի թիվ մեկ «գցողն» է․ Մեսրոպ Մանուկյան

168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ անդրադառնալով նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այս հայտարարություններին և հարցին, թե ինչո՞ւ մինչ օրս չեն հրապարակվել այդ գրավոր դիմումները՝ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը նախ հիշեցում-ընդգծում արեց․

«Երբ Հայաստանն ուներ պետականամետ ու ազգային արժեքներ կրող ղեկավար՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, 2016 թվականի աշնանը նույն ՀԱՊԿ-ը՝ նույն ղեկավարներով և Պուտինի գլխավորությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հայտարարություն էր ընդունում, որտեղ ամրագրված էր ինքնորոշման իրավունքը։ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին 50 հազար տոննա ձրի զենք էին տալիս Հայաստանին, «Իսկանդեր» ստրատեգիական զենքն էին տալիս»։

Էդուարդ Շարմազանովը նաև արձանագրեց, որ ճիշտ դիվանագիտության ու պետականամետ առաջնորդի պարագայում տարբեր կառույցների դեպքում՝ լինի ՀԱՊԿ, թե ՄԱԿ, թե ԵԱՀԿ ու ԵՄ, հնարավոր է սեփական երկրի շահերից բխող քաղաքականություն իրականացնել։

Ամփոփելով՝ Շարմազանովը նկատեց․

«Ես չգիտեմ՝ իրենք ինչով են դիմել ՀԱՊԿ-ին, բայց ՀԱՊԿ-ին դիմելուց առաջ՝ իրենք կարող էին դիմել ՌԴ-ին, որովհետև և՛ 1997 թվականի պայմանագրով ՌԴ-ն նման պարտավորություն ուներ, և՛ 2010 թվականի օգոստոսի 20-ի՝ Ռուսական ռազմաբազայի արձանագրության մեջ փոփոխություն կատարելուց հետո, երբ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի արձանագրությամբ՝ Ռուսական ռազմաբազան իրավունք ուներ պաշտպանել ոչ միայն ԽՍՀՄ արտաքին սահմանները, այլև ՀՀ բոլոր սահմանները՝ այդ թվում՝ հայ-ադրբեջանական։ ՀԱՊԿ-ից այդքան բողոքում են, ՀԱՊԿ անդամ Ղազախստանից Նիկոլ Փաշինյանը բարձրագույն պետական պարգև է ստանում․ դա՞ ոնց հասկանանք։

Եվ հաստատ, գոնե իմ՝ Խորհրդարանական վեհաժողովում խորհրդի անդամ լինելու ժամանակ, Ռուսաստանը չէ, որ պրոբլեմներ է ստեղծել․ Ռուսաստանը մեր ժամանակ բոլոր առաջարկներին ՀԱՊԿ-ում կողմ է քվեարկել, նույնը չեմ կարող ասել Ղազախստանի առումով։ Չեմ կարծում, որ Տոկաևը կողմ է եղել, որ ՀԱՊԿ-ը գա, բայց սրանք գնում են, Տոկաևի հետ փայլուն հարաբերություններ են ստեղծում, մի հատ էլ՝ պետական պարգև են ստանում։

Բա եթե ՀԱՊԿ-ում նման լուրջ պրոբլեմ ունեք, անդամակցությունը սառեցնում եք, ՀԱՊԿ անդամ-երկիր Ղազախստանից ո՞ւր ես գնում բարձրագույն պետական պարգև ստանում, ինչի՞ համար, որ Տոկաևը քեզ չի՞ օգնել, թե՞ նպատակն այլ է՝ հակառուսական թեմա առաջ բրթել։ Թե՞ Տոկաևը թուրքական պետություն է, Թուրքական պետությունների Խորհրդարանական վեհաժողովի անդամ է, ու այնտեղ Ալիևին ու Էրդողանին կարող է նեղացնեի՞նք…»։ 

Հիշեցնենք՝ 2021 թվականի այդ դրվագների ժամանակ հայտնի էր դարձել, որ ՀՀ-ն դիմում է ՀԱՊԿ-ին, քանի որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, «ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապաատասխանում է ՀԱՊԿ պայմանագրի հոդված 2-րդի երկրորդ պարբերությանը»:

Պայմանագրի նշված կետը սահմանում է․ «Մասնակից պետությունները միմյանց հետ խորհրդակցելու են բոլոր կարևոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են միջազգային անվտանգությանը, պետությունների շահերին և համաձայնեցնելու են նշված հարցերով իրենց տեսակետները։

Մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգության, տարածքային ամբողջականությանը կամ ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում, մասնակից պետություններն անհապաղ կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»։

Երբ հայկական կողմից հնչում էին քննադատություններ, որ ՀԱՊԿ-ը գործուն քայլեր չի ձեռնարկում, հակադարձումներ էին հնչում՝ այդ թվում՝ ռուսական կողմից, որոնք մատնանշում էին, թե Երևանն ինքն է ընտրել պայմանագրի 2-րդ հոդվածը (որը նախատեսում է միայն «խորհրդակցություններ» և դիրքորոշումների համակարգում), հետևաբար՝ ռազմական կամ ուժային միջամտություն ակնկալելն այդ իրավական հիմքով անհնար էր:

Հայաստանի դիմումից շուրջ երկու ամիս անց՝ հուլիսի 3-ին, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ է», և ՀԱՊԿ-ի «ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի դեպքում»։ Զասը նաև հայտնել էր, որ Հայաստանի դիմումից հետո կազմակերպությունը խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի շուրջ՝ պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով։

Արդեն օգոստոսի 10-ին Զասն այցելել էր Երևան և Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել՝ հայ-ադրբեջանական սահմանի «միջադեպերը վտանգ են ներկայացնում Հայաստանի անվտանգության համար»։

Հետագայում Մարիա Զախարովան և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տարբեր հարթակներում հայտարարել էին, որ ՀԱՊԿ-ը պատրաստ էր դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստանի սահմանամերձ շրջաններ իրավիճակը կայունացնելու համար:

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Baghdasarian Karlen. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/07/%d5%b0%d5%a1%d5%ba%d5%af-%d5%ab%d6%81-%d5%a2%d5%b8%d5%b2%d5%b8%d6%84%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%a2%d5%a1%d5%b5%d6%81-%d5%bf%d5%b8%d5%af%d5%a1%d6%87%d5%ab%d6%81-%d5%a2%d5%a1%d6%80%d5%b1%d6%80/

Leave a Reply