168: Մեծ Գլխացավանք. Իրանը չի թողնի, ռուսները կուլ չեն տա. իսկ չեղարկել TRIPP

Հոկտեմբեր 7, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը APRI Armenia վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանն է։

Ռուսաստանի մոտեցումները հայ-ադրբեջանական կարգավորման հարցում մնում են անփոփոխ, անվտանգության ապահովման և Հարավային Կովկասի զարգացման օգտին. երեկ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը։ Նա նշել է, որ Ռուսաստանի մասնակցությամբ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ ձևաչափն ի սկզբանե ուղղված էր բոլոր կողմերի շահերը հաշվի առնող փոխընդունելի լուծումների որոնմանը։ Ըստ նրա՝ 2020–2022 թվականներին Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններն ու մշակումները պահպանում են արդիականությունը։

Կալուգինը հատուկ ուշադրություն է դարձրել տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի աշխատանքին, որը ղեկավարում էին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները։ Ըստ նրա՝ մինչև 2023 թվականը կողմերը մոտ էին կոնկրետ որոշումների ընդունմանը։

Մասնավորապես, խոսքը վերաբերում էր Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև հաղորդակցության վերականգնմանը Հայաստանի Սյունիքի մարզով, ինչպես նաև հայկական երկաթուղային ենթակառուցվածքի ապաշրջափակմանը՝ դեպի Թուրքիա, Իրան և Ռուսաստան ելքով։ «Եթե Երևանը չհրաժարվեր համատեղ աշխատանքից, ապա այս պայմանավորվածությունների իրականացման կոնկրետ արդյունքները տեղում՝ տարածաշրջանում կառուցված և վերականգնված հաղորդակցությունների տեսքով, մենք կարող էինք տեսնել արդեն 2027 թվականին»,- հայտարարել է Կալուգինը։

Կարդացեք նաև

  • Մինչև 399.000 եվրո․ Հայաստանը 2025 թվականին ևս կլորիկ գումար է վճարել «Rasmussen Global»-ի խորհրդատվական ծառայությունների դիմաց
  • Ձեզ խաբում են, ոչ ոք չի գալու օգնության. գործիք մի դարձեք Թրամփի ձեռքին. Զեֆրի Սաքսի ուղերձը
  • Կվախենա… դա կլինի իր իշխանության վերջին օրը. կա՛մ պիտի հանձնվի Ռուսաստանին, կա՛մ ԵՄ-ին. Ավետիք Չալաբյան

Բենիամին Պողոսյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ռուսաստանի համար Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը միշտ էլ իր արդիականությունը պահպանել է, հատկապես՝ նախորդ տարվա օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում ստորագրված TRIPP-ի փաստաթղթից հետո: Երկու փաստաթղթերում էլ նշվում է, որ պետք է բացվեն բոլոր կոմունիկացիաները, պետք է Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ կապ լինի: Բայց եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթում Հայաստանով՝ Սյունիքով անցնող ճանապարհը պետք է գտնվեր Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության վերահսկողության ներքո, ապա օգոստոսի 8-ի փաստաթղթում դրա գլխին ամերիկացիները պետք է կանգնած լինեն: Պարզ է, որ ռուսները սա հեշտությամբ կուլ չեն տա և բոլորովին հիացած չեն TRIPP-ի գաղափարով, և պարզ է, որ կցանկանան, որ այն չիրագործվի՝ հույս ունենալով, որ այդտեղ Իրանը ևս իր դերակատարումը կունենա: Իրանն էլ իր հերթին՝ ասում է՝ հավատում ենք Հայաստանի կառավարությանը, բայց չենք վստահում ԱՄՆ-ին, և դրա համար մեզ հստակ երաշխիքներ են պետք, որ դա Իրանի դեմ ուղղված չէ: Եվ եթե TRIPP-ը չիրականանա, ռուսները նորից կվերադառնան նոյեմբերի 9-ի փաստաթղթին՝ 2020թ. նոյեմբեր: Ռուսները, համենայն դեպս, այդ հույսն ունեն:
  • Աշխարհաքաղաքականության մեջ ազնիվ մղումներ առհասարակ գոյություն չունեն: Կան շահեր: Իմ գնահատմամբ՝ ТRIPP-ը և՛ աշխարհաքաղաքական, և՛ տնտեսական պրոյեկտ է: Եթե այդ փաստաթուղթը հաստատվի ԱԺ-ում, ամերիկացիներն առնվազն 49 տարով ներկայություն են ունենալու այստեղ՝ մի տարածաշրջան, որն ավանդաբար ռուսական ազդեցության գոտի է եղել: Եվ միայն սա բավական է, որ այն ունենա աշխարհաքաղաքական կոմպոնենտ:
  • Միայն TRIPP-ը բավարար չէ. պետք է բացվեն բոլոր ճանապարհները, ընդ որում, դրանք պետք է բացվեն միաժամանակ, այլապես Հայաստանի տնտեսական օգուտները շատ չնչին կլինեն: Եթե որևէ օր գնացքը Հայաստանի տարածքով մտնի Նախիջևան, ապա նույն օրը Հայաստանից Թուրքիա և Իրան երկաթուղային ճանապարհները նույնպես պետք է բաց լինեն, այլապես վտանգ կա, որ դրանք առհասարակ չեն բացվի: Հարավային Կովկասի երկու երկրները՝ Ռուսաստանն ու Իրանը, այս տեսքով TRIPP-ին դեմ են, հետևաբար՝ ես չեմ կարող ասել՝ այս պայմաններում այն երբևէ կիրականանա՞, թե՞ չէ:
  • Այո, Հայաստանը որևէ կերպ չպետք է դառնա գործիք Իրանի դեմ: Դա հասկանալու համար անգամ ավագ դպրոցի գիտելիքն է բավարար: 
  • Նորից հայտնվեցինք ծանր իրավիճակում… Իշխանությունը չի կարող ԹՐԻՓՓ-ը չեղարկել՝ այն էլ Թրամփի անունով այդ նախագիծը։ Չեղարկելու դեպքում կստացվի՝ գնալ և ապտակել Թրամփին, ո՞նց ենք դա պատկերացնում։ Նույնիսկ Չինաստանն իրեն նման բան թույլ չի տալիս, Հայաստանն ինչպե՞ս կարող է թույլ տալ։ Մյուս կողմից էլ, եթե դա չենք չեղարկում, անընդհատ Իրանն է ասում, որ այս տեսքով ինքը դեմ է, ու ինչ-որ անհասկանալի, անլուծելի վիճակ է ստեղծվել մեր երկրի համար։

  • Եթե հենց հիմա Հայաստանը հետ կանգնի TRIPP-ից, դա նշանակում է ձեռնոց նետել ԱՄՆ-ին, որը Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ: Վաշինգտոնյան հռչակագրի ու TRIPP-ի համաձայնագրի ստորագրումից հետո, այն ԱԺ գնալուց հետո եթե իշխող խմբակցությունը չվավերացնի, դա կնշանակի սառը պատերազմ ԱՄՆ-ի դեմ: Իսկ դա հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ տեսել ենք՝ նման դեպքում ինչ է լինում այլ, շատ ավելի հզոր պետությունների հետ: Շինարարությունն ընթանում է, և ճանապարհի ճակատագիրը կորոշվի կա՛մ ԱՄՆ-Ռուսաստան, կա՛մ ԱՄՆ-Իրան բանակցություններում: Բայց եթե հանկարծ Իրանի տարածքից մի երկու դրոն ընկավ շինարարության տարածքում, ոչ ոք չի մնա այդտեղ, ու շինարարությունը չի շարունակվի:
  • Չինաստանի տեսակետից, եթե լինի ևս մի այլընտրանքային ճանապարհ, որով Հարավային Կովկասի տարածաշրջանով կանցնեն չինական բեռները, դժվար ինքը դեմ լինի, բայց չինացիները Հարավային Կովկասը դիտարկում են ռուսական ազդեցության տարածք, դրա համար այս տարածքում ուղիղ քայլեր, ակտիվացում չի լինի, որովհետև իրենք գիտեն՝ դա ռուսներին դուր չի գա:
  • Քանի դեռ Իրանն ու ԱՄՆ-ը պայմանավորվածության չեն եկել, իսկ ես մտավախություն ունեմ, որ առաջիկա տասնամյակների ընթացքում դրանք չեն էլ լինի, Հնդկաստանն էլ հասկանում է, որ Իրանի տարածքով բեռներ չի կարող տեղափոխել դեպի Եվրոպա, Ռուսաստանի տարածքով՝ միգուցե: Աշխարհաքաղաքական առումով Հայաստանը Հնդկաստանին կարող է հտաքրքրել՝ իբրև Թուրքիային ևս մեկ հակակշիռ: Բայց քանի որ Հայաստանի իշխանությունները Թուրքիային դիտարկում են որպես գործընկեր, այս առումով դա հնարավոր չէ, հետևաբար՝ Հայաստանը Հնդկաստանի համար մնում է միայն որպես զենքի գնորդ գործընկեր:
  • Հայ-ռուսական հարաբերություններում, TRIPP-ից բացի, այլ զգայուն կետեր էլ կան: Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանում տեղի չունենա ռուսական տնտեսական ու ռազմական ներուժի դերի նվազում: Ռուսական սահմանապահների թիվը Հայաստանում գնալով նվազում է, միգուցե ձգտի 0-ի, կա նաև ՀԷՑ-ի, ատոմակայանի և Հարավկովկասյան երկաթուղիների խնդիրը և Հայաստանի՝ Եվրոպայի հետ հարաբերությունների խորացման հարցերը: Այս զգայուն հարցերն են, որ հայ-ռուսական հարաբերություններում ավելի կարևոր են, քան TRIPP-ի հարցը: Եվ եթե այս հարցերում Հայաստանը դեմարշ չանի, TRIPP-ն ավելի շատ կլինի ոչ թե հայ-ռուսական, այլ հայ-իրանական գլխացավանք: Ռուսաստանը դեռ սանկցիաներ չի էլ կիրառել. այն, ինչ կա, միայն ծաղիկներ են: Կարծում եմ՝ իշխանություններն էլ շահագրգռված չպիտի լինեն ռուսական կարմիր գծերն անցնել, որովհետև եթե Ռուսաստանն իրոք տնտեսական պատերազմ հայտարարի Հայաստանին (իսկ այն սահմանափակումները, որոնք կան և մտցվել են 2026 թվականի մայիս-հունիսին, տնտեսական պատերազմ չեն, դրանք դեռ ծաղիկներ են), ապա իրական տնտեսական պատերազմի դեպքում ակնհայտ է, որ Հայաստանի բնակչության մի զգալի հատվածի համար դա շատ զգալի կլինի։ Ինչպես ասում են, մարդիկ դա անմիջապես կզգան իրենց գրպանի և սառնարանի պարունակության վրա, ինչը կարող է տնտեսական ճգնաժամից հետո վերածվել նաև քաղաքական ճգնաժամի։
  • Ալընտրանքը ոչ թե ԵՄ-ԵԱՏՄ է, այլ ԵԱՏՄ, թե՞ ԵԱՏՄ-ից դուրս, որովհետև ԵՄ անդամակցությունը շատ մշուշոտ է տասնամյակների հեռանկարով, իսկ քաղաքացուն հետաքրքրում է՝ ինչքան է ինքը վճարելու գազի, հացի, տրանսպորտի ու այլ կենցաղային ծախսերի համար: 
  • Ինձ համար տարօրինակ էր՝ ինչո՞ւ ՀՀ ԱԺ-ում ընդունվեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, երբ հստակ էր, որ դա Ռուսաստանին հաստատ դուր չի գա ու կարժանանա կոշտ դիրքորոշման: Այդ օրենքի պատճառով մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Ռուսաստանն ասում է՝ ԵԱՏՄ, թե՞ ԵՄ, Եվրամիությունն ասում է՝ մենք այնպես կանենք, որ դուք ցավը թեթև զգաք, և ինչքան շատ են ասում՝ Ռուսաստանն ավելի կոշտ է արձագանքում, որովհետև դա իրենք համեմատում են Ուկրաինայի և Մոլդովայի վերաբերյալ ԵՄ-ի հայտարարությունների հետ: Իսկ այդ երկրների նկատմամբ նույնական հայտարարություններ էին արվում: Հիմա Ուկրաինայում աղետ է, Մոլդովայում տնտեսական աճի ցուցանիշը գրեթե զրո է, Հայաստանի դեպքում էլ Ռուսաստանն ասում է՝ կա՛մ այդ քո ընդունած ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը չեղարկիր, կա՛մ արա հանրաքվե: ՀՀ իշխանությունն էլ ասում է՝ ի՞նչ հանրաքվե, եթե մենք ԵՄ չենք գնում:

Ակնհայտ էր, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացը տևելու է տասնյակ տարիներ։ Օրինակ՝ ինչո՞ւ չէր կարելի օրենքն ընդունել 2036 թվականին, երբ գոնե 10 տարին արդեն անցած կլիներ։ Ես այդ հարցի պատասխանը չունեմ, բայց ակնհայտ է, որ այդ օրենքի ընդունումը Հայաստանի, պետության և նաև կառավարության համար դարձել է գլխացավանք։ Ռուսները բռնել են այդ՝ այսպես ասած, օրենքի ընդունման փաստից և ասում են՝ մեզ համար կապ չունի՝ երբևէ կլինե՞ս ԵՄ անդամ, թե՞ ոչ, դուք այդ օրենքով հայտարարել եք, որ, այո՛, ցանկանում եք աստիճանաբար մոտենալ մեր թշնամուն… Մյուս կողմից՝ Փաշինյանի կողմից օրենքի չեղարկումն էլ հիացական չի ընկալվելու մեր եվրոպացի գործընկերների կողմից:

  • Մեզ համար լավագույն լուծումը կարող էր լինել, եթե առաջիկա 1-1.5 տարվա ընթացքում ԱՄՆ-Ռուսաստան-Եվրամիություն պայմանավորվածություններ լինեն ընդհանուր եվրոպական անվտանգային ճարտարապետության վերաբերյալ: Եթե նման իրավիճակ լիներ՝ պարզ է, որ դրանք կներառեին նաև Հարավային Կովկասը, և Ադրբեջանին, Հայաստանին ու Վրաստանին կասեին՝ ով ինչ պետք է անի, բայց դա այս պահին գրեթե անհնար է: Բացի դրանից, այդտեղ Հայաստանից ոչինչ կախված չէ: Մենք ընդամենը կարող ենք հույս ունենալ և սպասել:
  • Եվրոպացի փորձագետներն ասում են՝ ոչ ոք Եվրոպայից չի ստիպել Հայաստանին ընդունել այդ օրենքը, հետևաբար՝ դուք հասկանում եք դրա հետևանքները, գիտակցում եք, որ ծանր, ցուրտ ձմեռներ եք ունենալու, դա ձեր ինքնիշխան որոշումն է եղել, մենք պարզապես կօգնենք, որ մի քիչ թեթև տանեք: 
  • Ինչպես շատ եվրոպացի փորձագետներ են ասում, ոչ ոք շահագրգռված չէ ունենալ երկրորդ Կիպրոս։ Ի՞նչ նկատի ունեն. գիտենք, որ Կիպրոսը Եվրամիության անդամ է, որի տարածքի 30 տոկոսի վրա ստեղծվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ Ի դեպ, դա վերաբերում է նաև Մոլդովային, որը չի վերահսկում Մերձդնեստրը։ Բոլորն էլ ասում են, որ Եվրամիությունը զրո շահագրգռվածություն ունի՝ ունենալ երկրորդ Կիպրոս, ունենալ երրորդ Կիպրոս՝ հանձին Ուկրաինայի կամ Մոլդովայի։ Քանի որ բոլորս էլ հասկանում ենք, որ Ուկրաինայի վերադարձը 1991 թվականի սահմաններին այս պահի դրությամբ գիտաֆանտաստիկայի ժանրից է։ Դա նշանակում է նաև, որ Ուկրաինայի ամբողջական անդամակցությունը Եվրամիությանը գիտաֆանտաստիկայի ժանրից է։ Հիմա՝ դա ինչպես կփաթեթավորվի՝ 15 տարի անցումային շրջան, 30 տարի կիսաանցումային շրջան և այլն, դա արդեն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է:

Ուկրաինայի համար, իհարկե, կարելի է ասել՝ ազգային ամենածանր, այո՛, ամենածանր աղետներն են, բայց որի մասին զգուշացրել էին։ 

Բժեզինսկին ժամանակին՝ 1997թ., մի գիրք հրապարակեց՝ «Շախմատային մեծ տախտակը», որտեղ ասվում էր՝ Խորհրդային Միության փլուզումը ծանր հարված էր Ռուսաստանին կամ Ռուսական կայսրությանը, բայց ամենայն հավանականությամբ Ռուսաստանը կփորձի ոտքի կանգնել և վերականգնել կայսրությունը՝ նույնիսկ կարևոր չէ, թե ինչ անվան տակ։ Ռուսական կայսրությունը, սակայն, չի կարող վերականգնվել, եթե այն չի վերահսկում Ուկրաինան։ Հետևաբար, Միացյալ Նահանգների կամ կոլեկտիվ Արևմուտքի հիմնական խնդիրն է՝ անել ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը նորից չվերահսկի Ուկրաինան։ Որովհետև առանց Ուկրաինայի՝ չկա Ռուսական կայսրություն, իսկ առանց Ռուսական կայսրության՝ Ռուսաստանը չի կարող հավակնել հավասարը հավասարի պես խոսել Միացյալ Նահանգների կամ Չինաստանի հետ։ Հետևաբար, այն գաղափարը, որ Ուկրաինան չպետք է լինի ռուսական ազդեցության ներքո, էսպես, անկյունաքարային գաղափար է, որը ամերիկյան ստրատեգների հաշվարկներում կար դեռ 30 տարի առաջ։

Հիշեցնենք. Զբիգնև Բժեզինսկին՝ 1997 թվականին լույս տեսած «Շախմատային մեծ տախտակը» (The Grand Chessboard) հանրահայտ գրքում գրել էր, որ առանց Ուկրաինայի՝ Ռուսաստանը դադարում է կայսրություն լինել: Ըստ նրա՝ անջատվելով Ուկրաինայից՝ Ռուսաստանը կորցնում է իր եվրոպական ազդեցության հիմնական հենարանը և վերածվում գերազանցապես ասիական/եվրասիական պետության, որն ավելի շատ ներքաշվելու է Կենտրոնական Ասիայի և Կովկասի հակամարտությունների մեջ:

Իսկ Ուկրաինայով Ռուսաստանն ավտոմատ վերականգնում է կայսերական կարգավիճակը. Եթե Մոսկվային հաջողվի որևէ ձևով (տնտեսական, քաղաքական կամ ռազմական) իր վերահսկողությունը հաստատել Ուկրաինայի նկատմամբ (որն ունի 50 միլիոնանոց բնակչություն, հարուստ ռեսուրսներ և ելք դեպի Սև ծով), Ռուսաստանն ավտոմատ կերպով կրկին կստանա հզոր եվրոպական կայսրություն դառնալու բոլոր անհրաժեշտ նախադրյալները:

Ըստ հեղինակի՝ ԱՄՆ-ի և Արևմուտքի գլխավոր նպատակը պետք է լիներ թույլ չտալը, որ Եվրասիայում հայտնվի մի այնպիսի գերիշխող ուժ (տվյալ դեպքում՝ Ռուսաստանը), որը կարող է մարտահրավեր նետել ամերիկյան առաջնորդությանը: Այդ պատճառով Ուկրաինայի անկախության պահպանումն ու նրա աստիճանական ինտեգրումը եվրոպական կառույցներին համարվում էր Արևմուտքի անվտանգության կարևորագույն երաշխիքը:

  • Միշտ ասել եմ՝ Ադրբեջանը զրո ցանկություն ունի ստորագրել խաղաղության պայմանագիրը: Սահմանադրության փոփոխության պահանջը սոսկ պատրվակ է դրա ստորագրումը հետաձգելու համար: Մյուս կողմից՝ Ադրբեջանը երբեք թույլ չի տալու, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն: Ադրբեջանի ռազմավարական նպատակն է՝ ամեն ինչ անել, որ մինիմում 20-30 տարի Հայաստանը լինի թույլ, թուլացած պետություն: 
  • Նախիջևանից վերջին հայերը դուրս են եկել 1988 թվականի սկզբին, այսինքն՝ 40 տարի առաջ, և հիմա բոլորս էլ հասկանում ենք, որ հանրային ընկալման մեջ Նախիջևանն ու Արցախը նույն ձևով չեն ընկալվում։ Որովհետև Արցախում հայաթափումը և էթնիկ զտումը տեղի են ունեցել ընդամենը 3 տարի առաջ։

Ադրբեջանը մտածում է, որ 30-35 տարի է պետք, որպեսզի հայ հասարակության լայն զանգվածների շրջանակում՝ ենթագիտակցորեն (չեմ ասում՝ բոլորի մոտ, շեշտում եմ՝ լայն զանգվածների,- Բ.Պ.), Արցախն արդեն դառնա Նախիջևան։ Այսինքն՝ ինչ-որ հուշ, որ, այո՛, այնտեղ հայեր ապրում էին, հիմա հայեր չկան, ցավալի էր, որ 2005 թվականին հազարավոր խաչքարեր տրակտորներով ոչնչացվեցին, բայց դա արդեն ինչ-որ հին մի պատմություն է…

Սակայն դրա համար ժամանակ է պետք, այսինքն՝ պետք է անցնի առնվազն 2 սերունդ, 30-40 տարի… Հետևաբար, քանի դեռ այդ 30-40 տարին չի անցել, ըստ ադրբեջանցիների կամ Ադրբեջանի՝ հայ հասարակության լայն զանգվածի մոտ միշտ մնալու է այն ընկալումը, որ հնարավորության դեպքում մենք պետք է փորձենք փոխել այն, ինչ տեղի ունեցավ 2020-2023 թվականներին։ Եթե Հայաստանը թույլ չի կամ եթե Հայաստանը սկսում է ուժեղանալ, իսկ Ադրբեջանը՝ թուլանալ, ապա վտանգ  է առաջանում, որ Հայաստանը կարող է ասել. «Շատ լավ, 2020-2023 թվականներին (նույնիսկ կարևոր չէ, թե ինչ պատճառներով՝ արտաքին, ներքին սխալներ և այլն, թողնում ենք մի կողմ,- Բ.Պ.), հիմա մենք, օրինակ, 2050 թվականում ենք, կա լրիվ նոր սերունդ, նոր ղեկավարներ, և այլն, հետևաբար՝ եղբա՛յր, մենք չենք մոռացել այն, ինչ դուք մեզ հետ արեցիք 2020-2023 թվականներին»։ 

Հիմա, որպեսզի Արցախը հանրային ընկալման մեջ դառնա Նախիջևան, պետք է առնվազն 30 տարի։ Հետևաբար, նրանք ամեն ինչ անում են, որպեսզի առաջիկա 30 տարիներին Հայաստանը լինի թույլ, որպեսզի նույնիսկ մտքի ծայրով չկարողանա մտածել 2020-2023 թվականներին տեղի ունեցածի թեկուզ մասնակի հետշարժման մասին։

  • Տեսականորեն չեմ բացառում, որ հարմար պահի Ադրբեջանը պատերազմ կսկսի Հայաստանի դեմ՝ զենքի ուժով բացելով իր ուզած ճանապարհը: Այստեղ կարևոր կլինի Իրանի գործոնը: Բայց Ադրբեջանը հիմա է ուզում հարցերը լուծել, որ հանկարծ տեսականորեն 2034թ. Հայաստանում եկող նոր իշխանությունը չփորձի ինչ-որ բան փոխել: Դրա համար են հիմա ուզում Հայաստանն այնպես թուլացնել, որ առաջիկա 20-30 տարում Հայաստանի որևէ ղեկավար չփորձի անել այնպիսի քայլեր, որ իրենց համար խնդիր լինի, այլ այնպիսի Հայաստան լինի, որ վախենա Ադրբեջանի երկաթե բռունցքից:
  • Թուրքիան աշխարհի 10 զենք արտահանող պետությունների ցանկում է: Անցյալ տարի 10 միլիարդ դոլարի զենք է արտահանել: Եվ քանի որ Եվրոպան վախենում է Ռուսաստանի հետ բախումից, ուզում են օգտվել թուրքական ռազմարդյունաբերությունից, տեխնոլոգիաներից ու զենքերից: Միայն Ֆրանսիան չէ, վերջերս նաև Լեհաստանի վարչապետն էր այդ խնդրով Թուրքիայում և գովեստներ էր շռայլում Էրդողանի հասցեին:

Հիշեցնենք. Ֆրանսիան Թուրքիայի հետ հոկտեմբերի 2-ին ստորագրել է պաշտպանական գործակցության աննախադեպ համաձայնագիր՝ ճանապարհային քարտեզ, որը ենթադրում է գործակցության խորացում ռազմաարդյունաբերական տեխնոլոգիաների և ռազմատեխնիկական մատակարարումների շրջանակում։

  • Հարավային Կովկասը միշտ էլ թուրք-ռուսական մրցակցության գոտի է լինելու, այլ բան է, որ Թուրքիան և Ռուսաստանը կարող են պայմանավորվել կառավարել այդ մրցակցությունը: Ինչքան Թուրքիայի ազդեցությունը մեծանում է, այնքան դա Հայաստանի համար դրական զարգացում համարվել չի կարող:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

Disclaimer: This article was contributed and translated into English by Alex Jidarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/07/168-%d5%b4%d5%a5%d5%ae-%d5%a3%d5%ac%d5%ad%d5%a1%d6%81%d5%a1%d5%be%d5%a1%d5%b6%d6%84-%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b9%d5%ab-%d5%a9%d5%b8%d5%b2%d5%b6%d5%ab-%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%b6%d5%a5/

Leave a Reply