Մսի և ձվի գնաճ․ պարենային ապրանքները ՀՀ-ում մեկ տարում թանկացել են 6,2%-ով

Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2026 թ.-ի սեպտեմբերին 2025 թ.-ի սեպտեմբերի համեմատ աճել են 6,2%-ով, իսկ ընթացիկ տարվա օգոստոսի համեմատ՝ 0,1%-ով։


Այս մասին են վկայում Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալները։


Հացաբուլկեղենը և ձավարեղենը սեպտեմբերին տարեկան կտրվածքով թանկացել են 2,7%-ով, իսկ մեկ ամսում՝ 0,5%-ով։


Բրինձն էժանացել է 3,9%-ով 2025 թ.-ի սեպտեմբերի համեմատ, իսկ օգոստոսի համեմատ թանկացել է 0,8%-ով։ Ցորենի ձավարը թանկացել է 12,4%-ով տարվա ընթացքում և 0,8%-ով՝ ամսվա ընթացքում, հնդկաձավարը՝ համապատասխանաբար 10,6%-ով և 1,2%-ով, ալյուրը՝ 2%-ով և 0,2%-ով, հացը՝ 2,2%-ով և 0,5%-ով։


Մակարոնեղենը տարեկան կտրվածքով թանկացել է 6,7%-ով, սակայն մեկ ամսում էժանացել է 0,5%-ով։ Լոբին էժանացել է 4,1%-ով տարվա ընթացքում և 0,3%-ով՝ ամսվա ընթացքում, ոսպը՝ համապատասխանաբար 3,7%-ով և 0,5%-ով, իսկ սիսեռը թանկացել է 1,6%-ով տարվա ընթացքում և 0,3%-ով՝ ամսվա ընթացքում։


Միսը սեպտեմբերին տարեկան կտրվածքով թանկացել է 10,5%-ով, իսկ օգոստոսի համեմատ՝ 0,5%-ով։


Տավարի միսը թանկացել է 21,5%-ով տարվա ընթացքում և 0,5%-ով՝ ամսվա ընթացքում։ Խոզի միսն էժանացել է 0,9%-ով տարեկան կտրվածքով և 0,7%-ով՝ մեկ ամսում։ Ոչխարի և գառան միսը թանկացել են 15,6%-ով տարվա ընթացքում և 1,2%-ով՝ ամսվա ընթացքում, թռչնամիսը՝ համապատասխանաբար 4,8%-ով և 1,6%-ով։


Ձկան և ծովամթերքի գները 2026 թ.-ի սեպտեմբերին 2025 թ.-ի սեպտեմբերի համեմատ նվազել են 13,9%-ով, իսկ օգոստոսի համեմատ՝ 5,7%-ով։ Թարմ իշխանն էժանացել է 18,1%-ով տարվա ընթացքում և 6,5%-ով՝ ամսվա ընթացքում։


«Կաթնամթերք, պանիր և ձու» խմբում գները սեպտեմբերին տարեկան կտրվածքով աճել են 11%-ով, իսկ մեկ ամսում՝ 0,2%-ով։


Պանիրը թանկացել է 7%-ով տարվա ընթացքում և 0,5%-ով՝ ամսվա ընթացքում, պաստերիզացված կաթը՝ համապատասխանաբար 8%-ով և 0,3%-ով, թթվասերը՝ 8,8%-ով տարվա ընթացքում, ընդ որում մեկ ամսում գները չեն փոխվել։ Տնական պանիրը/կաթնաշոռը թանկացել է 6,7%-ով տարվա ընթացքում և 0,1%-ով՝ ամսվա ընթացքում, ձուն՝ համապատասխանաբար 23,8%-ով և 0,2%-ով։


«Յուղեր և ճարպեր» խմբի ապրանքները տարեկան կտրվածքով թանկացել են 2%-ով, իսկ օգոստոսի համեմատ՝ 0,4%-ով։ Կարագն էժանացել է 3,5%-ով տարվա ընթացքում և 0,3%-ով՝ ամսվա ընթացքում, բուսական արևածաղկի ձեթը տարեկան կտրվածքով թանկացել է 9,5%-ով, իսկ մեկ ամսում՝ 1%-ով։


Միրգը սեպտեմբերին տարեկան կտրվածքով թանկացել է 7,3%-ով, իսկ օգոստոսի համեմատ էժանացել է 6,9%-ով։


«Բանջարեղեն» խմբում գները տարեկան կտրվածքով աճել են 3,9%-ով, իսկ օգոստոսի համեմատ՝ 5,1%-ով։


«Շաքար, մրգախյուս, մեղր, օշարակներ, շոկոլադ և շաքարային հրուշակեղեն» խմբում սեպտեմբերին գների աճը տարեկան կտրվածքով կազմել է 5,2%, իսկ մեկ ամսում՝ 0,4%։ Շաքարավազը և շաքարը թանկացել են 4,5%-ով տարվա ընթացքում և 1%-ով՝ ամսվա ընթացքում, շոկոլադը՝ 6,3%-ով տարեկան կտրվածքով, ընդ որում մեկ ամսում գները չեն փոխվել։


«Սուրճ, թեյ և կակաո» խմբում ընթացիկ տարվա սեպտեմբերին անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ գներն աճել են 4,7%-ով, իսկ օգոստոսի համեմատ՝ 0,1%-ով։ Սուրճը թանկացել է 4,3%-ով տարվա ընթացքում և 0,1%-ով՝ ամսվա ընթացքում, թեյը՝ 5%-ով տարվա ընթացքում, ընդ որում մեկ ամսում գները չեն փոխվել։ Կակաոն տարեկան կտրվածքով թանկացել է 16,8%-ով, սակայն մեկ ամսում էժանացել է 0,8%-ով։


Հանքային կամ աղբյուրի, ինչպես նաև շշալցված խմելու ջրի գները սեպտեմբերին տարեկան կտրվածքով աճել են 3,2%-ով, իսկ մեկ ամսում՝ 0,1%-ով։


Ալկոհոլային արտադրանքից սեպտեմբերին օղին տարեկան կտրվածքով թանկացել է 10,8%-ով և 0,6%-ով՝ մեկ ամսում, գինին՝ համապատասխանաբար 1%-ով տարվա ընթացքում և 0,2%-ով՝ ամսվա ընթացքում, իսկ գարեջուրը՝ 5%-ով և 0,7%-ով։


Ծխախոտային արտադրանքը սեպտեմբերին տարեկան կտրվածքով թանկացել է 6,9%-ով, ընդ որում մեկ ամսում գները չեն փոխվել։


Այլ խմբերում չներառված սննդամթերքը 2026 թ.-ի սեպտեմբերին 2025 թ.-ի սեպտեմբերի համեմատ թանկացել է 4,6%-ով, իսկ ընթացիկ տարվա օգոստոսի համեմատ՝ 0,5%-ով։


Միևնույն ժամանակ, ոչ պարենային ապրանքների շուկայում 2026 թ.-ի սեպտեմբերին 2025 թ.-ի սեպտեմբերի համեմատ գնաճը կազմել է 2,4%, իսկ օգոստոսի համեմատ գներն աճել են 0,3%-ով։


Հայաստանում 2026 թ.-ի սեպտեմբերին 2025 թ.-ի սեպտեմբերի համեմատ գրանցվել է 4,3% գնաճ, իսկ ընթացիկ տարվա օգոստոսի համեմատ գներն աճել են 0,2%-ով։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Maral Chavushian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/07/%d5%b4%d5%bd%d5%ab-%d6%87-%d5%b1%d5%be%d5%ab-%d5%a3%d5%b6%d5%a1%d5%b3%e2%80%a4-%d5%ba%d5%a1%d6%80%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%ba%d6%80%d5%a1%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/

Leave a Reply