Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարվել

Լիտվայի խորհրդարանը քվեարկել է երկրի տարածքում միջուկային զենք տեղակայելու արգելքից հրաժարվելու օգտին։ Որոշումն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է երկրորդ քվեարկություն, որը տեղի կունենա երեք ամիս անց։


Լիտվայում միջուկային զենքի տեղաբաշխումն արգելող սահմանադրական հոդվածի չեղարկմանը լիագումար նիստում կողմ է քվեարկել 106 պատգամավոր, 6-ը ձեռնպահ են մնացել, իսկ 18-ը՝ դեմ։


«Միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարվելը վերացնում է անվտանգության ոլորտի այն իրավական սահմանափակումները, որոնք մեզ տարբերում էին ԵՄ և ՆԱՏՕ-ի մյուս երկրներից»,— հայտարարել է Սեյմի նախագահ Յուոզաս Օլեկասը։


Սեյմի որոշմամբ նախատեսվում է Սահմանադրությունից հանել 137-րդ հոդվածը, որն արգելում է Լիտվայի տարածքում զանգվածային ոչնչացման, այդ թվում՝ միջուկային զենքի տեղակայումը։ Նույն հոդվածով արգելվում է նաև օտարերկրյա ռազմաբազաների առկայությունը։ Մինչդեռ Վիլնյուսն այժմ փորձում է հասնել նրան, որ ԱՄՆ-ն իր տարածքում նման ռազմաբազա տեղակայի։


Սահմանադրական փոփոխություններն ընդունելու համար Սեյմը պետք է քվեարկի երկու անգամ՝ երեքամսյա ընդմիջումով։ Նորամուծությունը պետք է ստանա որակյալ մեծամասնության աջակցությունը (141 պատգամավորից առնվազն 94-ի կողմ ձայնը)։ Երկրորդ քվեարկությունը նախատեսված է հունվարի 12-ին։

—

Disclaimer: This article was contributed and translated into English by Chatinian Lara. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.

Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/07/%d5%ac%d5%ab%d5%bf%d5%be%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d6%80%d5%a4%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%a8-%d6%84%d5%be%d5%a5%d5%a1%d6%80%d5%af%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%b8%d6%82/

Leave a Reply