Հոկտեմբեր 6, 2026
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն տեղի ունեցավ տարածաշրջանային բարդ և բարձր լարվածության պայմաններում:
Այցի շրջանակներում Միրզոյանը հանդիպումներ ունեցավ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Բանակցությունների առանցքում էին երկկողմ տնտեսական, տրանսպորտային ու էներգետիկ համագործակցության խորացումը, տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները և հաղորդակցական ուղիների ապաշրջափակման հարցերը:
Մասնավորապես, քննարկվեցին Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամրջի կառուցման, էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ավարտի և բեռնափոխադրումների դյուրացման գործնական քայլերը:
Հատկանշական է, որ բոլոր բարձրաստիճան հանդիպումներում իրանցի պաշտոնյաների հռետորաբանության կարմիր թելը Միացյալ Նահանգների գործողությունների, սպառնալիքների և ռազմավարական հավակնությունների քննադատությունն էր: Իրանի ղեկավարությունը հանգամանորեն անդրադարձել է Վաշինգտոնի կողմից վարվող քաղաքականությանը, միջուկային գործունեության շուրջ ստեղծված ճնշումներին և երկրի դեմ իրականացված հարձակումներին՝ ընդգծելով, որ ամերիկյան կողմի հետ բանակցություններն այլևս իմաստ չունեն, քանի որ դրանց անմիջապես հաջորդում են պատերազմներն ու պատժամիջոցները:
Այս շեշտադրումները պատահական չէին. Թեհրանն իր հարևանների միջոցով փորձում է հստակորեն գիծ գծել և արձանագրել իր կարմիր գծերը՝ կապված արտաքին ուժերի ռեգիոն, այսպես կոչված, ներթափանցման հետ:
Իրանական կողմի նման կենտրոնացումն ԱՄՆ-ի գործոնի վրա ուղղակիորեն պայմանավորված է Հայաստանի վարած արտաքին քաղաքականությամբ, մասնավորապես՝ ԵՄ ինտեգրման միտումներով և ՀՀ տարածքում ձևավորվող «Թրամփի ուղի» կամ ԹՐԻՓՓ նախագծով: Թեհրանում խիստ զգայունությամբ են հետևում Հայաստանի արևմտյան վեկտորի խորացմանը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Վաշինգտոնը Հարավային Կովկասը դիտարկում է՝ որպես Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունը թուլացնելու համար օգտագործվող գոտի։
Հետևաբար, իրանցի պաշտոնյաների հայտարարություններում Միացյալ Նահանգների շեշտադրումն ազդանշան է առ այն, որ Թեհրանն ուշադիր հետևում է իր անմիջական հարևանությամբ անվտանգային ռիսկերին:
Այս համատեքստում չափազանց բնութագրական է Արարատ Միրզոյանի տված հավաստիացումն Իրանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, այն է՝ Հայաստանը թույլ չի տա, որպեսզի իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ որևէ գործողություն իրականացնելու համար: Սա՝ ըստ իրանական կողմի տարածած մամուլի հաղորդագրության։ Այս ձևակերպումը միտված է փարատելու Թեհրանի մտահոգությունները, որոնք կապված են Հայաստանում ամերիկյան կամ արևմտյան հնարավոր ենթակառուցվածքների, ներկայության ամրապնդման հետ:
Այցի իրական նպատակն էր կարծես փորձել համաձայնության գալ և երաշխիքներ տրամադրել Թեհրանին՝ հաշվի առնելով Թրամփի վարչակարգի կողմից նախաձեռնվող և հայկական տարածքով անցնող տրանսպորտային նախագծերի շուրջ առկա կոշտ նախապայմանները: Իրանը պահանջում է անվտանգային երաշխիքներ և բացառում է սահմանների փոփոխելիության կամ արտաքին վերահսկողության տակ գտնվող միջանցքների տրամաբանությունը, որոնք կարող են կտրել Հայաստանն Իրանից կամ ծառայել որպես հակաիրանական պլացդարմ:
Վերլուծելով ստեղծված աշխարհաքաղաքական հանգույցը՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի արևմտյան կողմնորոշումն ու տնտեսական դիվերսիֆիկացման ցանկությունը բախվում են Իրանի կոշտ տարածաշրջանային շահերի հետ: Մինչ հայկական իշխանությունները հույսեր են կապում միջազգային նախագծերի և արևմտյան գործընկերության հետ, Թեհրանը հստակեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ապաշրջափակումը և տրանսպորտային ուղիների բացումը չպետք է սպառնան Իրանի տարածքային ամբողջականությանը և աշխարհաքաղաքական կայունությանը։
Այս առումով, «Թրամփի ուղի» նախագծի շուրջ պտտվող աշխարհաքաղաքական սակարկությունները Հայաստանի համար դառնում են լրջագույն փորձություն։
Այսպիսով, Միրզոյանի այցը Թեհրան հերթական վկայումն է այն մասին, որ Հայաստանը ստիպված է անընդհատ բալանսավորել արևմտյան նախագծերի և տարածաշրջանային անխուսափելի իրողությունների միջև: Իրանի հետ հարաբերությունների խորացումը և հարևանների հետ դիվանագիտությունը կենսական անհրաժեշտություն են Հայաստանի համար՝ զերծ մնալու համար խոշոր տերությունների հակամարտությունների բացասական հետևանքներից:
Հայաստանի արևմտյան վեկտորն ու եվրաինտեգրման հավակնություններն անխուսափելիորեն և սուր կերպով մտնում են հակասության մեջ տարածաշրջանային իրանական շահերի ու կարմիր գծերի հետ: Մինչ հայկական իշխանությունները ձգտում են դիվերսիֆիկացնել անվտանգությունն ու տնտեսությունն Արևմուտքի հետ սերտացման միջոցով, Թեհրանը հստակեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ապաշրջափակումն ու արտաքին ուժերի հովանու ներքո առաջ մղվող տրանսպորտային նախագծերը սպառնում են Իրանի անվտանգությանը:
Հայաստանը հայտնվել է մի վիճակում, որտեղ արևմտյան այս կողմնորոշումը և տարածաշրջանային կոշտ իրողությունները բացառիկ լարվածություն են ստեղծում, և Հայաստանը ստիպված է անընդհատ ու ցավագին այս խնդիրների, հակասող շահերի բախման ու մշտական վտանգների միջով անցնել։ Արդյո՞ք այս անգամ Միրզոյանի բանավոր հավաստիացումները բավարար են իրանական կողմի համար, ցույց կտա ժամանակը։
—
Disclaimer: This article was contributed and translated into English by Babken Chilingarian. While we strive for quality, the views and accuracy of the content remain the responsibility of the contributor. Please verify all facts independently before reposting or citing.
Direct link to this article: https://www.armenianclub.com/2026/10/06/%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%a1%d5%b4%d5%a5%d6%80%d5%ab%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6-%d6%85%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%a8-%d5%a9%d6%80%d5%a1%d5%b4%d6%83%d5%ab-%d5%b8%d6%82%d5%b2%d5%ab%d5%b6/